Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել կուսակցության երկրորդ համագումարի առիթով:
ՌԱԿ ներկայացուցիչ Հակոբ Ավետիքյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Երևանում ընթացող համագումարի աշխատանքների ընթացքը` նշելով, որ համախմբման նպատակն է լուծումներ գտնել կուսակցության ներսում առաջացած խնդիրների հաղթահարման համար և հաստատել վերջնական միասնականություն: Նա ընդգծեց կուսակցության բոլոր անդամների անմնացորդ նվիրվածությունն ու սերը Հայրենիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր գահակալի հանդեպ` ուրախություն հայտնելով, որ համայն հայության հոգևոր կենտրոնը Հայոց Հայրապետի իմաստուն և ազգաշեն գործունեության շնորհիվ օրեցօր զորանում և բարգավաճում է:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով ՌԱԿ ներկայացուցիչների այցը Ս. Էջմիածին, կարևորեց կուսակցության պատմական առաքելությունն աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում և նրանց անսակարկ նվիրումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ: Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՌԱԿ անդամներին, որ մշտապես զորավիգ և աջակից են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին իր առաքելության իրականացման գործում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Արցախ կատարած իրենց այցին` ընդգծելով, որ ականատես եղան հայոց բանակի մարտիկների քաջությանն ու սխրանքներին և մեր ժողովրդի միասնականության ոգու դրսևորմանը: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նույն միասնականությունը մաղթեց նաև ՌԱԿ անդամներին` հույս հայտնելով, որ ազգային կուսակցությունն իր մեջ ուժ կգտնի միավորվելու և առկա խնդիրները լուծելու հարցում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: