Գերմանիայի Հայոց Թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ ողջ հոգեւորականաց դասը խստօրէն դատապարտում են մայիսի 28-ին, հայոց պետականութեան վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամեակի օրը, Սարդարապատի յուշահամալիրի մօտ տեղի ունեցած բացարձակապէս անթոյլատրելի ու ամօթալի ոստիկանական գործողութիւնները, որով փորձ է արուել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականաց դասի մուտքը յուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ ճակատամարտի հերոս նահատակների հոգիների համար հոգեհանգստեան պաշտօն կատարելու նպատակով։
Սարդարապատի հերոսամարտի իրական կերտողն ու հերոսամարտի ոգեկոչումը վառ պահող ջահակիրը եղել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան գլխաւորութեամբ։ Դեռեւս խորհրդային ժամանակներում, 1972 թ. սեպտեմբերի 3-ի թուակիր կոնդակով, երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչման օր, եւ ամէն տարի եկեղեցիներում եւ յուշահամալիրի մօտ կատարուել ու կատարւում է յատուկ հոգեհանգստեան կարգ` «ի յիշատակ աշխարհազօրաց եւ զօրավարացն հայոց, որք կատարեցան ի հերոսամարտին Սարդարապատի 1918 ամի` վասն հաւատոյ եւ հայրենեաց»։ Ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ էլ անկախութեան տարիներին, մենք չենք յիշում եւ չկա՛յ մի այդպիսի դէպք, երբ որեւէ մէկ անհեթեթ պատճառաբանութեամբ արգելուի Հայոց Կաթողիկոսի մուտքը յուշահամալիր։
Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հասարակարգեր կարող են փոխուել, իշխանութիւններ կը գան ու կը գնան, Հայոց Եկեղեցու առաքելութիւնն է լինել իր ժողովրդի ու ազգային պետականութեան կողքին, ինչպէս եղել է անցեալում, այնպէս էլ 1918 թուականին եւ առ այսօր։ Մեզ ոչ ոք այդ առաքելութիւնից չի կարող ետ կանգնեցնել, քանի որ ունենք նահատակ ու անձնուրաց հայրերի կեանքի վկայութիւնները։
Մեր արդար սպասումն է, որ հանգամանօրէն քննուի այս ամօթալի եւ մերժելի պատահարը, եւ մեղաւորներն ու պատասխանատուները ներողութիւն խնդրեն Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ Պատկան իշխանութիւնները պէտք է տնօրինեն անհրաժեշտը` բացառելու համար նման անընդունելի պատահարի կրկնութիւնը։
«Տէ՛ր, անսասան պահի՛ր Դու միշտ, քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
▪️Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան,
▪️Եղիշէ վարդապետ Աւետիսեան,
▪️Յակոբ քահանայ Յակոբեան,
▪️Տիրատուր քահանայ Սարդարեան,
▪️Գնել քահանայ Գաբրիէլեան,
▪️Այգիկ քահանայ Յովհաննիսեան,
▪️Հրաչ քահանայ Բիլիջեան,
▪️Վահրիճ քահանայ Բաղդասարեան