Առ 27.1-6։ Ես 43.16-21։ Բ Կր 11.21-29։ Մր 6.45-56։
ԱՌԱԿՆԵՐ
27 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 2Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը։ 3Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը։ 4Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։ 5Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։ 6Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։
Եսայի
16Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազմահամար զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ։ 18«Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։ 20Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին։ 21Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։
Բ Կորնթացիներ
21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ 22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։ 26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։ 27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ 28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
45Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին։ 46Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր։