«ԱՅՍՏԵՂ ՏԱՃԱՐԻՑ ՄԵԾ ՄԵԿԸ ԿԱ» (ՄԱՏԹ. 12:6):
Այս խոսքերով Հիսուս Ինքնիրեն ներկայացնում է մեզ: Այդքան էլ սովորական մի բան չէր ներկայացնել Ինքնիրեն և կամ հիշեցնել Իր մասին: Նա հաճախ ներկայանում էր իբրև խոնարհ ու համեստ մեկը, սակայն, երբ առիթը լինում էր, չէր վախենում, այլ Ինքն իր մասին վկայություն էր տալիս:
Այս անգամ էլ նույնն է պատահում: Երբ շաբաթ օրով Հիսուս անցնում էր ցորենի արտերի միջով, առաք-յալները սոված լինելով՝ քաղում և ուտում են ցորենի հասկերը: Ահա այս երևույթն էր, որ բարկացրել էր օրենքի պահապաններին` փարիսեցիներին, քանի որ Հիսուսի աշակերտները անում էին մի բան, որը ըստ հրեական օրենքի արգելված էր անել շաբաթ օրով:
Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ հասկանալ, թե Հիսուս ի՞նչ պայմաններում այս խոսքը արտասանեց, մեջ եմ բերում Մատթոսի Ավետարանի 12-րդ գլխի 1-6 համարներն ամբողջությամբ.
«Հիսուս, շաբաթ օրով, անցավ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել: Փարիսեցիները երբ այս տեսան, Հիսուսին ասացին. ,Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէե: Եվ նա նրանց ասաց. ,Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին: Թե ինչպես մտավ Աստծու տունը և կերավ առաջավորության հացը, որն ուտել օրենք չէր ո՚չ նրա և ո՚չ էլ նրա հետ եղողների հա-մար: Կամ թե Օրենքում չե՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են: Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա» (Մատթ. 12:1-6):
Ահա այս պահը և փարիսեցիների առարկությունը մեզ այսօր մտածելու առիթ են տալիս: «Ի՞նչ էր Աստծու Մարդեղացման նպատակը: Ի՞նչ կարիք կար, որ Հիսուս աշխարհ գար իբրև Մարդ, երբ արդեն իսկ աշխարհում աստվածային օրենքներ գոյություն ունեին և մարդկությունը դրանք կատարում էր»:
Իրապես, ինչո՞ւ: Այս հարցին պատասխան տալուց առաջ, եկեք տեսնենք, թե ի՞նչ վիճակ էր տիրում աշխարհում սրանից երկու հազար տարի առաջ: Օրենքը այնքան էր նյութականացել, որ մարդկանց վզին լուծ էր դարձել, նույնիսկ այնպիսի մի բարձրության էր հասել, որ նրանք սկսել էին օրենքը երկրպագել Աստծու փոխարեն: Ահա Հիսուսի աշխարհ գալու նպատակներից մեկը: Երբ նա ասում է. «Այստեղ Տաճարից մեծ մեկը կա», ուզում է շեշտել Իր աստվածային ներկայությունը, այսինքն այս ձևով օրենքից այն կողմ մարդու արժեքը ավելի վեր է դասում: Մարդը արժևորվում է Աստծու ներկայությամբ, որովհետև օրենքները դրվում են մարդկանց գործածության համար և ոչ թե մարդը դառնում է օրենքի գերի: Բոլորս էլ լավ գիտենք, թե օրենքը մի միջոց է մարդու համար և ոչ թե նպատակ: Սակայն օրենքը միայն բավարար չէ: Աստծու պարգևած շնորհքն է հիմնականը, որը մեզ դարձնում է Աստծու որդիներ և ոչ թե օրենքի ծառաներ:
Քրիստոնեական վարդապետության մեջ շեշտված է Աստծու Որդի լինելու գաղափարը, որովհետև Պողոս Առաքյալը հիշեցնում է, թե` «Ծառա չենք, այլ` որդի»: Ծառան և որդին տարբեր հասկացություններ են: «Որդին ժառանգակիցն է» (Հռոմգ 8:15-17),- ասում է Պողոս Առաքյալը և մենք երբ Սուրբ Ավազանից սուրբ մկրտությամբ վերստին ենք ծնվում, դառնում ենք Քրիստոսին ժառանգակից:
Ահա, այս պարզ նպատակով, ամեն նոր օրը մեզ համար դառնում է սկիզբ և ոչ թե վերջ, առիթ` Աստծու շնորհքը ըմբռնելու և ընդունելու: Քրիստոնեական Վարդապետության խտացումն է` Աստծու լուսավոր որդիներ դառնալը, ժառանգությունից մաս և բաժին ունենալը ու հավիտենական կյանքը ընդունելը, որոնք կարող ենք ունենալ միայն Հիսուսին հավատալով և գործնապես դրանք ապրելով այս աշխարհում: Ահա թե ինչո՞ւ Քրիստոս մարդացավ, որպեսզի մեզ մեր մեղքերից սրբի և հավիտենական կյանքին արժանի դարձնի:
Մովսես մարգարեի օրենքը Հիսուսի բերած շնորհքով և ճշմարտությամբ վերջացավ, որովհետև մինչև Հով-հաննես Մկրտչի ժամանակ էր այդ: Իսկ մարգարեության և օրենքի վերջակետը հանդիսացավ Ինքը` մեր Տերը և մեզ բոլորիս այդ շնորհների ճանա-պարհով դարձրեց Հայր Աստծու որդեգիրները:
ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ» ԳՐՔԻՑ: