Գ Թագաւորաց 18.29-46։ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ 2.1-15։ Յակոբոս 5.16-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.25-30։
Գ Թագաւորաց
29Երբ երեկոն մօտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչեւ զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։ 30Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան։ 31Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան՝ «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»։ 32Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ։ 34Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»։ Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»։ Նրանք նոյն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։ 35Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով։ 36Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ։ Ես արեցի այս գործերը։ 37Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։ 38Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։ 39Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»։ 40Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։ 41Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»։ 42Աքաաբն ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լերան գագաթը։ Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»։ Եղիան ասաց. «Դու եօթն անգամ արա՛ դա»։ 44Ծառան եօթն անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ, եօթներորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ «Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես»։ 45Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ։ 46Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից մինչեւ որ մտաւ Յեզրայէլ։
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ
2 Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա։ 2Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթէլ։ 3Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ 4Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 5Նրանք եկան Երիքով։ Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»։ 6Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 7Եւ նրանք երկուսով գնացին։ Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին։ 8Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով։ 9Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»։ Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»։ 10Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»։ 11Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ։ 12Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»։ Եւ այլեւս չտեսաւ նրան։ Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց։ 13Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ։ Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, 14վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ։ 15Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»։ Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան:
Յակոբոս
16Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ 17Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։ 18Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ 19Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
25Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ 26Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ 27Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։ 30Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։
Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը