Ինչ չափով որ կրթուած դասն ու իշխանութիւնը ուշադրութիւն են սկսում դարձնել տարօրինակ երևոյթի վրայ, նոյն չափով հանդէս է գալիս քրիստոնէութիւնը պաշտպանելու կամ նրա էութիւնն հասկացնելու կարիքը: Քրիստոնէութիւնն ասենք ամենաազդու կերպով ինքն իրեն պաշտպանում էր շնորհիւ իսկական խոստովանութեան և նահատակութեան՝ քրիստոնէական հաւատի համար: Ամենաբարձր պահանջը կատարւում էր. մարդիկ մեռնում էին քրիստոնէութեան համար: Մարտիրոսների արիւնը դարձաւ եկեղեցու սերմը, ասում է Տերտուլիանոսը: Միւս կողմից քրիստոնէութիւնն հանդէս է գալիս իբրև մի բարոյական յեղաշրջիչ զօրութիւն և այդ նկատում են նաև հեթանոսները: Օրիգենէսն ասում է. «Մեր փրկիչը լուռ մնաց, երբ նրան դատաստանի մատնեցին. մի՞թէ մեր կրօնն ինքն իրեն չպիտի կարողանայ պաշտպանել. մի՞թէ Յիսուսի աշակերտների օրինակելի կենցաղը չպիտի ոչնչացնէ ամեն հայհոյանք նոցա դէմ»:
Բանն այն էր սակայն, որ էապէս ոչ ամեն մեղադրանք ոչնչանում էր դրանով և մինչև անգամ վկաների անյողդյողդութիւնը բացատրւում էր իբրև կուրութիւն և յամառութիւն: Բնական էր որ քանի այնպիսի մարդիկ մտան քրիստոնէութեան մէջ, որոնք ժամանակակից հեթանոսական գիտութեանը տիրապետում էին, պահանջ յառաջ գար նաև չսպասելու դատաւորների վճռին, այլ քրիստոնէութիւնը գրաւոր կերպով ամբողջ հեթանոս աշխարհի առաջ, այլ և հրէաների դէմ, պաշտպանելու: Այս գործը յանձն են առնում քրիստոնեայ դարձած շրջիկ փիլիսոփաներն ու հռետորները, որոնք այդպիսով դառնում են ոչ միայն քրիստոնէութեան հագևոր բանավարները, այլև քրիստոնէական եկեղեցու առաջին հայրերը: Սոքա սկզբում նման էին նախնի եկեղեցու շրջիկ աւետարանիչներին և մարգարէներին, բայց ժամանակի ընթացքում, ազատ շնորհաց յետ մղուելու հետ միասին Բ. դարու ներքին ճգնաժամի պատճառով, սոքա ևս իրենց գործը ստիպուած են լինում յանձնել եկեղեցու ընտրեալ հովիւներին: Քրիստոնէութեան այս պաշտպանների կամ ջատագովների շարքը սկսում է մի անձնաւորութիւն, որը թերևս մարգարէ էր նախնի քրիստոնէութեան իմաստով, բայց Մարկոս Աւրելիոսի ժամանակ ջատագովները մեծ մասամբ եպիսկոպոսներ են:
Նշանաւոր ջատագովները հետևեալներն են.
1. Քուադրատոս կամ Կոդրատոս (ըստ Եւսեբիոսի Եկ. պատմ. IV,1. 124/6թ. Ադրիանոս կայսերն Աթենքում ի պաշտպանութիւն քրիստոնէութեան մի գրուածք է ներկայացրել, որի մէջ նա Քրիստոսի հրաշքները ապացուցանում է դեռևս իր ժամանակ բժշկուածներով ու յարութիւն առած մարդկանցով):
2. Մարկիանոս Արիստիդէս նոյնպէս Աթենքում Ադրիանոս կայսեր ներկայացրել է իւր ջատագովութիւնը, որից սկզբում միայն մի հայերէն հատուած կար (Վենետիկ 1878), ապա գտնուեց ամբողջական ասորերէն թարգմանութիւնը և վերջապէս մի յունարէն բարեփոխութիւն: Այս ջատագովութեան բովանդակութիւնը հետևեալն է: Արդէն բնութիւնը դիտելով միայն մարդ կարող է ճանաչել «աշխարհը շարժողին», անանուանելի և ամենաբարձրեալ Աստծուն, որին մարդկութեան 4 ցեղերը` բարբարոսներ, հելլեններ, հրէաներ և քրիստոնեաներ, բոլորովին տարբեր տեսակ պաշտում են: Բոլոր միւսները, մինչև իսկ հրէաները մոլորուած են. միայն քրիստոնեաներն են, որ ճշմարիտ աստուծպաշտութիւն ունին: Այդ աստուածպաշտութեան բովանդակութիւնն է մի խիստ բարոյականութիւն ու նրա համեմատ կեանք այս աշխարհում, որը բոլոր բամբասանքները ոչնչացնում է և քրիստոնեաներին յաւիտենական վարձատրութեան յոյսն է ներշնչում, իսկ նրանց թշնամիներին դատաստանը բաժին տալիս:
3. Յուստինոս փիլիսոփայ և վկայ: Սա ամենանշանաւորն է կաթոլիկ եկեղեցու աստուածաբանութեան տեսակէտից և մեզ համար էլ ամենապարզ անձնաւորութիւնն է. սա մօտ 100 թուականին ծնուել է Ֆլաւիա Նէապոլսում (հին Սիւքէմ` Սամարիայում) հելլենական ծնողներից: Փիլիսոփայական հռետորական կրթութիւն ստացած, իւր կրօնական պահանջներին բաւականութիւն տալ աշխատեց սկզբում, թէև անյաջող, ժամանակի պլատոնական և ստոյիկեան փիլիսոփայութիւններով: Մի քրիստոնեայ ծերունու հետ ունեցած խօսակցութիւնը, որ նրա ուշքը Հին Կտակարանի, գլխաւորապէս մարգարէութիւնների վրայ դարձրեց և համոզեց յայտնութեան կարևորութիւնը, նրան քրիստոնեայ դարձրեց, և այնուհետև նա մնաց իբրև քրիստոնեայ շրջիկ փիլիսոփայ և հռետոր, գրեց Հռովմում իւր ջատագովութիւնները հաւանօրէն 150-ին, թշնամանքի ենթարկուելով Կրեսցենս կիւնիկ փիլիսոփայի կողմից և 165 թուականին մարտիրոսական մահով մեռաւ Հռովմում: Նրա ջատագովութիւնների բովանդակութիւնը հետևեալն է: Ամենից առաջ ցոյց է տալիս պաշտօնեաների վարմունքի անմտութիւնը, որովհետև նոքա ոչ թէ գործ են փնտրում, այլ ընկած են անուան յետևից. ապա մերժում է սովորական բարոյական և քաղաքական բամբասանքները քրիստոնէութեան մասին և վերջապէս անցնում է պարզելու իւր սեպհական քրիստոնէական վարդապետութիւնը, որի կենդրոնը Քրիստոսն է, քրիստոնեաների վարդապետը, Աստուծոյ Որդին և Լոգոսը, որն իբրև այդպիսի ապացուցուած է Հին Կտակարանի խոստումների նրանով կատարուելով: Քրիստոնեաների ծէսերը ոչ մի կասկածելի բան չեն ներկայացնում, ընդհակառակն պարզում են նրանց քաղաքական անմեղութիւնն ու մտաւոր բարձրութիւնը: «Մահուան պատիժ տուէք ուրեմն իբրև պետութեան թշնամիների այնպիսի մարդկանց, որոնք ոչ մի յանցանք չեն գործել. մենք սկզբից կասենք ձեզ, որ եթէ դուք ձեր այդ անարդարութեան մէջ մնաք, գալիք դատաստանից չէք պրծնի, իսկ մենք կգոչենք միշտ` ինչ որ Աստուած կամենում է, թող այն լինի», ասում է Յուստինիանոսը: Տրիփոն անունով մի հրէայի դէմ ևս նա աշխատում է առանձին գրուածքով քրիստոնէութիւնը պաշտպանել: Եւ նա այնքան մեծ նշանակութիւն է ունեցել եկեղեցու համար, որ յետագայում էլ նրա անունով շատ կեղծ գրուածքներ են թողել մեզ:
4. Մեզ յայտնի Դիատեսսարոնի հեղինակ Տատիանոսն ևս 155-ին մի ջատագովութիւն է գրել «Բան ընդդէմ Հելլենաց» վերնագրով, որտեղ նա ընդդէմ հեթանոսական բազմաստուածութեան աշխատել է ցոյց տալ քրիստոնէութեան բարոյապէս փրկող միաստուածութեան առաւելութիւնը թէ գիտունի և թէ հասարակ մարդու համար:
Մարկոս Աւրելիոս կայսեր ժամանակ նորից հանդէս է գալիս Փոքր Ասիայի եկեղեցին յանձին մի քանի ջատագովների, իբրև նշանաւոր եկեղեցի: Այդ ջատագովներն են. 5. Միլտիադէս, 6. Կլաւդիոս Ապոլլինարիս Լաօդիկիացի, 7. Թէոփիլոս Անտիոքի եպիսկոպոս, 8. Աթենագորաս, թերևս Աթէնացի. և վերջապէս ամենանշանաւորը սոցանից իւր սուրբ վարքով ու խիստ արդիւնաւոր գրական աշխատանքներով`
10. Սարդէսի եպիսկոպոս Մելիտոնը, մեռած 190-ից առաջ: Սա Փոքր Ասիայի եկեղեցու մէջ ամենամեծ դերն է խաղացել և Պոլիկրատէս Եփեսացու (մօտ 190-ին) տուած տեղեկութեան համաձայն եղել է Ասիայի մեծ լուսաւորներից վերջինը (Եւս. V, 24): Իրենիոսի հետ միասին նա քրիստոնէական եկեղեցու առաջին մեծ հայրերից է: Սա իւր ջատագովութիւնը ներկայացրել է Մարկոս Աւրելիոսին 169-176-ի մէջ, հաւանօրէն 171-ին: Սրա գրուածքների մէջ առաջին անգամ պատահում ենք «Հին Կտակարան» խօսքի գործածութեանը, որը միանգամայն ցոյց է տալիս, թէ նրա ժամանակ արդէն գոյութիւն ունէր մի ժողովածու «Նոր Կտակարանի» գրքերի:
Այս ամբողջ ջատագովական գրականութեան նպատակն է ապացուցանել, որ ամենից առաջ քրիստոնէութիւնը քաղաքականապէս բոլորովին անվտանգ մի կրօն է և պետութեան հանած հալածանքները նորա դէմ միանգամայն անարդար են և անտեղի, որովհետև քրիստոնէութիւնը ոչ թէ թշնամի է պետութեան, այլ ընդհակառակը քարոզում է հնազանդութիւն իշխանութեան. և այդ ամենալաւ կերպով երևում է քրիստոնեաների համբերութեան մէջ, որով նրանք առանց իշխանութեան դէմ գնալու մեռնում են: Կայսրութիւնն ու քրիստոնէութիւնն իսկապէս միմեանց համար են ստեղծուած, միևնոյն ժամանակ հանդէս եկած և Օգոստոս կայսրից սկսած փառաւոր կերպով միասին զարգացած (Մելիտոն Սարդէսցի): Ջատագովները արդար զայրոյթով հերքում են քրիստոնէութեան մասին տարածուած զզուելի առասպելները և դրա տեղ շեշտում են, թէ ինչպէս քրիստոնեայ դարձողները ընդհակառակն սուրբ կեանք են սկսում վարել (Արիստիդէս): Յուստինոս փիլիսոփան քրիստոնէութեան ճշմարտութիւնն ու աստուածային լինելն ապացուցուած է տեսնում Հին Կտակարանի գուշակութիւնների կատարումը նրա մէջ տեսնելով: Հին Կտակարանը ոչ թէ հրէից է պատկանում, այլ իսկապէս քրիստոնեաներին, որովհետև նրանք են ճշմարիտ Իսրայէլը: Այսպիսով հերքուած էր նաև այն կարծիքը, թէ քրիստոնէութիւնը մի նորամուծութիւն է. ընդհակառակը այս կրօնի հիմքերը շատ հին են, որովհետև Հին Կտակարանը աւելի հին է, քան բոլոր յունական իմաստութիւնը:
Սխալ է այն առարկութիւնը, թէ քրիստոնեաները իրենց հայրենի կրօնը թողում են մի նոր կրօնի համար, որովհետև կրօնի մէջ ոչ թէ աւանդութիւնն է վճռական դեր կատարում, այլ ճշմարտութիւնը: Կրօնը անձնական համոզման խնդիր է և նրա դէմ անզօր են բոլոր բռնի միջոցները: Աստծուն աւելի պէտք է հնազանդուել, քան թէ մարդկանց: Այստեղ ուրեմն մէջ տեղ է գալիս խղճի ազատութեան, ճանաչած ճշմարտութեան իրաւունքը: Քրիստոնէութիւնն է ճշմարտութիւնը, այն ինչ հեթանոսական աստուածների հաւատը յիմարութիւն է, իսկ փիլիսոփայութիւնը անգոհացուցիչ: Այստեղ մինչև անգամ պաշտպանութիւնը յարձակման է փոխւում, իսկ ջատագովութիւնը դառնում է պրոպագանդա: Հեթանոսական առասպելաբանութիւնը գայթակղեցուցիչ է և հեթանոս իմաստունները իրենք ամաչում են դրա պատճառով (Յուստին): Այս վիճաբանութեան հիմքն է կազմում այն խորին և ճշմարիտ զգացմունքը, թէ կրօնական գիտակցութիւնը մի, կենդանի, յայտնագործուած Աստուծոյ գաղափարի շնորհիւ մաքրուել է և ազատուել աւելորդ հեթանոսական սնապաշտութիւնից:
Փիլիսոփայութեան դէմ ևս ելնում են յունական փիլիսոփայութեամբ սնուած ջատագովները և յայտարարում, որ իրենցն է թէ միակ ուղիղ կրօնը և թէ փիլիսոփայութիւնը: Սակայն նոքա կամաւոր կերպով ընդունում են, որ հեթանոսական հողի վրայ ևս ճշմարտութեան որոշ նշոյլներ կան և որ այնտեղ կարելի է գուշակութեան նման բաներ գտնել, որոնք իսկական ճշմարիտ կրօնի գալն են նախօրօք ցոյց տալիս: Այն հեթանոսական փիլիսոփայութեան մէջ, որով կրթուել էին, ջատագովները գտնում են միայն ճշմարտութեան սերմեր (բացի Տատիանոսից), որոնք սերմանել է աստուածային Լոգոսը նատ հեթանոսական աշխարհում (logos spermatikoz): Եւ այդ հեթանոսական աշխարհում կիսատ կերպով յայտնուած ճշմարտութեան կատարելագոյն յայտնութիւնն է, որ եղել է Յիսուսի միջոցով քրիստոնէութեան մէջ: Այսպիսով հանդէս է գալիս այն գաղափարը, թէ իսկական ճշմարիտ կրօնը աստիճանական զարգացմամբ է յառաջ եկել. և Աստուած է, որ այդ միջոցով կամենում է մարդկային ազգը կրթել:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ