Այստեղ ամենից առաջ պէտք է ուշադրութիւն դարձնել նախնական եկեղեցու կազմակերպութեան վրայ. արդէն համայնքի ամենաոգևորուած շրջանում իսկ կարիք է զգացուել հաստատուն կազմակերպութեան և մի քանի պաշտօնների, մանաւանդ գործնական խնդիրները լուծելու համար: Այսպէս մենք տեսնում ենք, որ Յակովբոսի երևան գալու հետ միասին հանդէս են գալիս նաև երէցները (Գործք Առաք. ԺԱ. 30, ԺԵ. 2. 4, 6, 22. ԻԱ. 18): Երէց անունը գործածական էր հրէական համայնքների կազմակերպութեան մէջ և այստեղ երէցները իսկապէս համայնքի ծերագոյն անդամներն էին, որոնք և ամբողջ համայնքի կառավարիչներն էին, թէ օրէնսդրական և թէ վարչական տեսակէտներից: Սոքա կազմում էին իւրաքանչիւր համայնքի Սիւնեդրիումը=ծերակոյտը, (Jos. Boulh, gerousia), բաղկացած էին 7 անդամներից և համարւում էին Մովսիսի միջոցով հաստատուած մի հիմնարկութիւն (Jos. Antiqq. IV. 8., Bell. Jud. II.20): Նոքա ժողովւում էին Սինագոգներում և այդ հրէական ժողովարանների պաշտամունքների ժամանակ ևս իրենց պատուաւոր տեղն ունէին, prwtokaqedriai (հմմտ. Ղուկաս Ի. 46. Մատթ. ԻԳ. 6. շար.): Սակայն հրէից ժողովարաններում կրօնական գումարումների ղեկավարութիւնը ոչ թէ երէցների ձեռքն էր, այլ մի յատուկ Սինագոգի նախագահի, որը սակայն յաճախ նոյն երէցներից էր ընտրուած լինում (arcisunagwgoz Ղուկ. ԺԳ. 14. Գործք ԺԳ. 15). կար նաև մի Սինագոգի սպասաւոր` ստորին ծառայութիւնների համար (Ղուկ. Դ. 20) և մի ողորմութիւններ հաւաքող աղքատների համար, որը թէև աշխարհիկ պաշտօնեայ էր աւելի, բայց իւր գործը մեծ մասամբ Սինագոգումն էր տեսնում: Որովհետև հրէաները շատ կանուխ սկսեցին քրիստոնեաների հետ իբրև հայրենի կրօնից ընկածների և ուրացողների հետ վարուել, ուստի շատ կանուխ պահանջ պիտի զգացուէր քրիստոնեաների մէջ մի առանձին ու անկախ համայնք կազմակերպել և շատ բնական է, որ այս նոր համայնքի կազմակերպութիւնը միանգամայն նման լինէր իւր օրինակին` հրէական համայնքի կազմակերպութեանը: Այդպէս արդէն Գործք Առաքելոցը խօսում է նախնական համայնքի երէցների մասին. սակայն նոցա իրաւունքը միայն կարգապահութեանն ու համայնքի ներքին կարիքներին էր վերաբերում. նոքա կարող էին նաև վարդապետութեան համար կարևոր նշանակութիւն ունեցող խնդիրներում առաքեալների և վարդապետների հետ միասին ձայն տալ և վճիռ կայացնել (Գործք. ԺԵ), բայց զուտ վարդապետական խնդիրներում նոքա այլ ևս գործ չունին. այդ վերաբերում է միայն ընտրեալ առաքեալներին ու մարգարէներին (Գործք ԺԳ):
Հարց է թէ արդեօք հեթանոս-քրիստոնէական համայնքների կազմակերպութիւնն էլ ազդեցութիւն կրե՞լ է հրէական համայնքների կազմակերպութիւնից: Ըստ Գործք Առաք. ԺԴ. 23-ի Պօղոսն ու Բառնաբասը իրենց Ա. ճանապարհորդութեան ժամանակ Լիւստրայում, Դերբէում, Իկոնիումում ամեն համայնքի համար բազմաթիւ երէցներ են կարգել. այս հանգամանքը ցոյց է տալիս, որ հրէական համայնքի կազմակերպութիւնը ազդել է անշուշտ նաև հեթանոսական քրիստոնէական համայնքների, այլ ոչ թէ միայն հրէայ քրիստոնէական համայնքների վրայ: Աւելի հաւանական է, որ հրէական Դիասպորայի համայնքների կազմակերպութիւնն օրինակ դարձած լինի հեթանոս քրիստոնէական համայնքների համար: Սոքա ամբողջ պետութեան մէջ ձգտել էին և յաջողուել էր նրանց ձեռք բերել առանձին դատաւարութիւն և ներքին կատարեալ անկախութիւն: Օրինակ Աղէքսանդրիայում նոքա իրենց Էտնարխն ունէին իբրև գլուխ բոլոր համայնքների, բայց համայնքներն առանձին առանձին վերցրած վարչական տեսակէտից անկախ էին բոլորովին: Այս համայնքների գլուխն ևս ծերակոյտն էր կանգնած, բայց սորա անդամների համար երէց անունն Հռովմի արձանագրութիւնների մէջ գործ չէ ածուած, որչափ մինչև այժմ յայտնի է, այն ինչ գտնում ենք այն Վենոզայի կատակոմբաներում: Հռովմում հրէական համայնքի գլխաւորները կոչւում էին Արխոնտներ, որ ամենայն հաւանականութեամբ հաւասար պիտի լինի Գործք Առաքելոցի Գլխաւորներին=Prwtoi (ԻԸ. 17):
Ամենաբարձր հեղինակութիւնն համայնքների մէջ ի հարկէ առաքելական իշխանութիւնն է. նա պիտի ճանաչուէր բոլորի կողմից, որոնք առաքեալի քարոզութեամբ քրիստոնեայ էին դարձել. որովհետև առաքեալը իւր կոչումն ստացել է ոչ թէ մարդկանցից, այլ Աստծուց. (Գաղ. Ա. 11 շար. Հմմտ. 9): Այնուհետև օրինակ Պօղոս Առաքեալը իւր անձնական կարծիքները պարտաւորական է դարձնում, իբրև հոգևոր հայր խրատելով, զգուշացնելով ու պահանջելով, որ իւր քարոզութեան մէջ համայնքը Տիրոջ հոգին ճանաչէ ու ընդունէ (Ա. Կորնթ. Դ. 14 շար. Է. 25. 40. Հռովմ. Ա. 11 շար.): Բացի գլխաւոր առաքեալից, որ այս դէպքում ի հարկէ Պօղոսն է, տեսնում ենք նաև ուրիշ առաքեալներ ու քարոզիչներ, ինչպէս օրինակ Ապոլլոս (Ա. Կորնթ. Գ. 4 շար. 22. Դ. 6), առաքեալների օգնականներ, ինչպէս Տիտոս, Տիմոթէոս, Շիղա. սոքա բոլորը Բանի շնորհքով օժտուած առաքեալները, մարգարէներն ու ուսուցիչներն են (Ա. Կորնթ. ԺԲ. 28), որոնք որ և իցէ համայնքի հետ օրգանական կապակցութեան մէջ չեն, այսինքն որև է մի տեղ պաշտօն չունին, այլ միանգամայն ազատ են ամեն տեղ Տիրոջ խօսքը վարդապետելու: Սակայն առաքեալը երկու շնորհքն էլ պիտի ունենայ, այն է մարգարեականն ու վարդապետականը (Ա. Կորնթ. ԺԲ. 29. ԺԳ. 2. ԺԴ. 6. 18.), և առաքեալը իրաւունք ունի համայնքներից պահանջելու, որ նրան պահեն, թէև Պօղոս առաքեալն ինքն իւր կողմից հրաժարւում է այդ օգնութիւնից (Ա. Կորնթ. Թ. 6 շար.): Յամենայն դէպս առաքելութիւնը կոչումն է, բայց ոչ թէ պաշտօն:
Բացի վարդապետական շնորհքից Պօղոս առաքեալն յիշում է նաև համայնքի մէջ կարևոր ծառայութիւնների շնորհքները (Ա. Կորնթ. ԺԲ. 28. Հմմտ. Հռովմ. ԺԲ. 6-8): Այսպիսի շնորհք ունեցողներին է վերապահուած աղքատների խնամատարութեան ու համայնքի այլ կարիքների հոգացողութեան գործը: Պէտք է նկատել սակայն, որ սոքա ևս նախնական ժամանակներում դեռ ևս հաստատուն պաշտօն չեն դարձել համայնքի մէջ: Սակայն այս նախնական վիճակը, որ մենք Պօղոս առաքեալի թղթերի մէջ տեսնում ենք, երկար տևել չէր կարող և բնական էր, որ քրիստոնէական համայնքի կազմակերպութիւնը քանի գնար օրինակ առնէր ուրիշ նման երևոյթներից. և յիրաւի շուտով մենք տեսնում ենք, որ այն շնորհները, որոնք Պօղոս առաքեալի ա. թղթերի մէջ իբրև իրար հաւասար գործեր են կարգուած և միանգամայն ազատ բնաւորութիւն են կրում, կամաց կամաց բաժանւում են բարձր և ստորին ծառայութիւնների և այդ ծառայութիւններն յանձն առնողը պիտի ունենայ նախապէս համայնքի յանձնարարութիւնը. ուրիշ խօսքով սկսւում է հաստատուն պաշտօնէութիւն համայնքի մէջ: Արդէն Պօղոս առաքեալի Փիլիպպեցոց թղթի մէջ (Ա. 1) տեսնում ենք, որ եպիսկոպոսն ու դիակոնը որոշ կերպով տարբերւում են միմեանցից: Մութն է մնում այնտեղ, թէ արդեօք սոքա ընտրւում են համայնքի կողմից, թէ նշանակւում առաքեալներից: ‘Episkopoz անունը, որ վերակացու կամ վերատեսուչ է նշանակում, շատ ընդհանուր է, և թոյլ է տալիս շատ տեսակի մեկնութիւններ: Գործք Առ. Ի. 17 շար. 28 յիշւում են Եփեսոսի երէցները, որոնք Տիրոջ արեամբ գնուած հօտը յափշտակող գայլերից, այսինքն մոլորեցնողներից պիտի պաշտպանեն և առաջնորդեն: Պօղոս առաքեալը նրանց վրայ պարտականութիւն է դնում իրեն հետևել, սեպհական աշխատանքով ապրել, առանց համայնքի վրայ բեռ դառնալու, թոյլերին պաշտպանել և Յիսուսի խօսքերը մտաբերել, թէ լաւ է տալը քան թէ առնելը: Այստեղ արդէն տեսնում ենք, որ երէցները կառավարչական գործունէութիւն ունին և կոչւում են նաև episkopoz. նոյնն է Ա. Պետրոս Ե. 1 շար., Յայտնութիւն Դ. 4. 10. Ե. 6. 8 շար.:
Յիշած տեղերից պարզ չէ, թէ արդեօք եպիսկոպոսների, երէցների ու հովիւների (Presbuteroi, episkopoi, poimenez) պաշտօնների հետ նաև վարդապետութեան գործը կապուած էր թէ ոչ: Եբր. ԺԳ. 7 վարդապետները (Lalountez ton logon) միայն ընդհանուր կերպով Առաջնորդներ=hgoumenoi են կոչւում. սակայն բնական է և հաւանական, որ առաջնորդութիւնն ու վարդապետութիւնը յաճախ մի անձնաւորութեան ձեռքին կենդրոնանար: Կամաց կամաց համայնքի մէջ պահանջ պիտի յառաջ գար վարդապետութիւնը շնորհալից պատահական մարդկանց չթողնել, այլ այն էլ մի հաստատուն պաշտօնէութիւն դարձնել. և այս դէպքում ի հարկէ համայնքի աստուածպաշտութեան վարիչները պիտի լինէն նաև վարդապետութեան ներկայացուցիչները© իսկ որովհետև աստուածպաշտութեան գլխաւորը փորձուած երէցներից էր ընտրւում սովորաբար, ուստի պարզ է, թէ ինչ ճանապարհով երէցների ձեռքն է անցնում նաև վարդապետութիւնը: Արդեօք վարդապետութեան ներկայացուցիչ երէցներն առանձնապէս episkopoz տիտղոսն էին կրում թէ ոչ, դժուար է ասել:
Հռովմի համայնքի կազմակերպութեան մասին տեղեկութիւն ունինք մենք Կղեմէսի թղթից առ Կորնթացիս: Ինչպէս երևում է, Կորնթոսի համայնքը պաշտօնազուրկ էր արել մի քանի երէցների, և այժմ Կղեմէսը նրանց գրում է, թէ այդ կարգերը առաքելական են, առաքեալների կողմից հաստատուած, որոնք միայն համայնքի անդրանիկ անդամներին են եպիսկոպոս և դիակոն կարգել. այդպիսի առաքեալների կամ այլ հեղինակաւոր անձնաւորութեանց կողմից ամբողջ համայնքի համաձայնութեամբ ընտրուած պաշտօնեաներին զրկել իրենց պաշտօններից, առանց նոցա յանցաւորութեան, մեղք է և տեղի պիտի չունենայ քրիստոնեայ համայնքների մէջ: Այսպիսով տեսնում ենք, որ սկսում է յառաջ գալ մի պաշտօնէութիւն, որ ցմահ է տևում: Այսպէս էր անշուշտ կազմակերպութիւնն Հռովմում, և Կղեմէս ցանկանում է, որ նոյն կերպ լինէր նաև Կորնթոսում:
Համայնքի մէջ եղած այս պաշտօնը Կղեմէս մի անգամ presbuteroi է անուանում, սակայն միևնոյն ժամանակ բաժանում է նաև այն երկու մասի. այն է episkopoi և diakonoi© Ուրիշ խօսքով presbuteroi հաւասար է episkopoi kai diakonoi. ըստ Կղեմէսի սոքա առաքելական յաջորդներն են, և եպիսկոպոսների ձեռքին է պաշտամունքի ղեկավարութիւնը:
Մի քիչ աւելի յառաջ են տանում մեզ Հովուական թղթերը, որոնց մէջ մենք եպիսկոպոսների և երէցների նոյնպիսի յարաբերութիւն ենք գտնում (Տիտոս Ա. 5. 7., Ա. Տիմոթ. Գ. 1., Դ. 14, Ե. 17, 19). բայց ըստ Ա. Տիմ. Ե. 17-ի վարդապետութեան իրաւունքն ևս նրանց է պատկանում: Կղեմէսի մօտ տեսանք առաքելական յաջորդութեան գաղափարի սկզբնաւորութիւնը, իսկ այստեղ խօսք է լինում արդէն ձեռնադրութեան մասին (Ա. Տիմ. Դ. 14):
Ա© դարու վերջում եկեղեցին այլ ևս միայն մի իդէալական մեծութիւն չէր. արդէն յառաջ էին եկել տեղական համայնքները, թէև ամէն բան դեռ անկայուն էր և անհաստատ, և նոյն իսկ առանձին համայնքների մէջ կապ պահպանելու միջոցները չէին ստեղծուած: Այդպիսի յարաբերութիւն պահպանելու միջոցներից մէկն էր օրինակ Կղեմէսի զգուշացնող թուղթը Կորնթացիներին. ըստ ինքեան մի իդէալական ձև` կապ պահպանելու համար: Համայնքների ընդհանուր ներքին կապը սակայն ամբողջ քրիստոնէութեան ընդհանուր կրօնական կեանքի արտայայտութիւններն էին. այն է` աստուածպաշտութիւնն ու քրիստոնէական սովորութիւնը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ