«Որ պարծին, ի Տէր պարծեսցի» «Ով պարծենում է, թող պարծենա Հիսուս Քրիստոսով» (Ա Կորնթ. Ա 31)
Պողոս առաքյալն է այսօր խոսում մեզ հետ այս Սուրբ Պատարագի ընթացքին՝ իր փորձից և իր ապրած կյանքից օրինակ բերելով, թե Աստծո իմաստությունը այս աշխարհի վրա հիմարություն է համարվում, Աստծո իմաստությունը գայթակղու-թյուն է այս աշխարհի վրա և այդ պատճառով Աստծո հիմարն է, որ իմաստուններից էլ իմաստուն է: Եվ եզրակացնում է սուրբ առաքյալը, թե ով պարծենալիք ունի, թող պարծենա Աստծո այս իմաստության մեջ: Ով պարծենալիք ունի, թող պարծենա միայն Քրիստոսի Խաչով:
Այսօրվա մեր ընտրած բնաբանն առաջին հայացքից շատ տարօրինակ և, ինչու չէ՝ նաև խրթնեցնող է: Որպես մարդ արարածներ ամեն մեկիս համար Աստծո գոյությունը երբեմն շատ տարակուսելի է, Աստծո ներկայությունը՝ երբեմն ոչ զգալի, և մենք՝ մարդ արարածներս, կամաց-կամաց, հետևողականորեն սկսում ենք դառնալ ինքներս մեր կենտրոնը, սկսում ենք դառնալ մարդակենտրոն, և այստեղ է, որ Պողոս առաքյալի խոսքը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, թե Աստծո իմաստությունը մարդկանց համար դառնում է հիմարություն, այստեղ է, որ մենք Աստծո գոյությունը կամ Աստծո ցույց տված այս սքանչելի աշխարհը, այս պատկերները համարում ենք հիմարություն, որովհետև իմքնահայտնագործությամբ ինքներս մեր մեջ իջնելու այդ ցանկությունը չունենք, որ տեսնենք Աստծո իմաստությունը, իրական իմաստությունը, որ «հիմարություն» է այս աշխարհի համար:
Այսօր երես առ երես կանգնած ենք զրույցի՝ առարկայական, զգալի, շոշափելի, միմյանց հետ լինելու այս Պատարագի ընթացքին, հաղորդվելու այս Պատարագի ընթացքով: Էականը մեր հոգու լարերով, մեր հոգու բաբախումներով զգալն է մեր Տիրոջ ամենօրյա զոհաբերությունը, մեր Տիրոջ հավիտենական զոհաբերությունը, որ այս աշխարհի համար հիմարություն է համարվում: «Քաւ լիցի ինձ պարծել, բայց միայն ի խաչն Քրիստոսի»: Ի՞նչ է ուզում ասել առաքյալը: Սնված լինելով, ուսուցված լինելով հույն իմաստության աղբյուրից, ինչպես նաև որպես հրեա ռաբբի, հրեա վարդապետ, սնված լինելով օրենքի աղբյուրով, հրեականության աղբյուրից ինքնահայտնագործության և Աստծո անմիջական թելադրանքով, Աստծո հավիտենական հայտնության միջոցով Պողոս առաքյալը՝ այս մեծ և սուրբ առաքյալը, վերջապես հասկացել էր, որ աշխարհում չկա մի հավիտենական բան, որի վրա մարդ կարող է հույս դնել, և այդ հույսը վերջում արդարացված կլինի: Այս պատճառով է, որ իր թղթերից մեկում ևս առավել շեշտում է, թե հույսն է, որ չի ամաչեցնում, բայց այն հույսը, որ այս աշխարհի վրա չէ, այլ Աստծո վրա է: Եվ այդ թուղթը, գրված հռոմեացիներին, կամ կորնթացիներին, կամ այլ ժողովուրդների, դուրս է գալիս Ավետարանի պատմության շրջանակից և գալիս-խառնվում է այսօրվա մեր կյանքին: «Քաւ լիցի ինձ պարծել, բայց միայն ի խաչն Քրիստոսի»: Հազար անգամ ասվել է, և նորից եմ ուզում կրկնել, որ մենք, որպես ժողովուրդ կամ հավաքականություն, արտահայտվել կամ չենք արտահայտվել, գիտակցությամբ կամ ենթագիտակցությամբ ասել ենք, թե «քավ լիցի մեզ պարծել», բայց միայն Քրիստոսի խաչով: Թող որ մենք չպարծենանք, բայց միայն մեր պարծանքը լինի Քրիստոսի Խաչը, բայց այսօր, սիրելիներ, կարծես թե ճկվում ենք, որպես մարդ անհատներ և որպես հավաքականություն, ամենապարզ արհեստավորից, ամենապարզ աշխատավորից մինչև ամենավերին ատյաններում գտնվողները, մեր երկրի տերերը, որ մենք ենք՝ ամեն մեկս, կարծես թե ճկվում ենք, կարծես թե մոռացել ենք այդ Խաչով պարծենալու, Քրիստոսի մեջ ապրելով պարծենալու իրականությունը: Եվ եթե ամեն մեկիս կյանքում փորձառությունը ցույց է տվել, որ հավիտենական ոչինչ չկա՝ ո՜չ հարստությունը, ո՜չ դրամը, ո՜չ փառքը, ո՜չ տիտղոսները, ոչի՜նչ: Աշխարհը շարժվում է, Աստծո ստեղծագործությունը առաջ է գնում, հոսում է, և այդ ճանապարհի մեջ է նաև, որ և՜ մարդը, և՜ այս աշխարհը, և՜ ստեղծագործությունն անընդհատ մաքրվում են: Այդ մաքրման ճանապարհի մեջ է, որ այն հեռուհեռավոր բարձունքում, մի բարձր լեռան վրա է կանգնած Աստծո Խաչը, Աստծո սիրո արտահայտության նշանը, և որպես Տիրոջ ձեռքի ստեղծագործությունը՝ մենք, որ ապրում ենք այս աշխարհի վրա, ոտքներս դնելով այս հողի վրա, մեր ամենօրյա կյանքի մեջ արդյոք հարց տալի՞ս ենք, թե ինչ է մեր պարծանքի առարկան՝ մեր ունեցածը, մեր դրա՞մը, մեր փա՞ռքը, մեր տիտղո՞սը, մեր ժամանակավորապես գրաված պաշտո՞նը, որ մեր կյանքի վերջին մեզ հետ միասին հող է դառնալու. ո՜չ երբեք: Եթե հույսներս դրել ենք սրանց վրա, ուրեմն ավա՛ղ մեզ: Բայց վստահաբար գիտենք, ամեն մեկս էլ իր առանձնության մեջ հայտնագործում է այդ իր ներքին խաչը, հայտնագործում է Տիրոջը տեսնելու, հանդիպելու և խոսելու այդ գեղեցկությունն ու հաճույքը: Այստեղ է, որ մեր քրիստոնյա լինելու կոչումը արդարացվում է: Այստեղ է, որ որպես անհատներ և որպես ազգ գալիս ենք թաթախվելու Տիրոջ այդ սրբացնող ավազանի մեջ, և այսօրվա մեր կյանքը երբեք էլ չի լավանալու ո՜չ տնտեսապես, ո՜չ սոցիալական իմաստներով, որովհետև ունենք վերևից ներքև դժգոհների մի ամբոխ, ոչ թե ժողովուրդ, ոչ թե Սուրբ Գրքում եղող անապատով անցնող, տառապանքի և ցավի միջից անցնող մի ժողովուրդ, որի շուրթերին նորից անեծքն էր, ոչ թե այդ սրբության ցանկությամբ շարժվող, գետի պես հոսող ժողովուրդ, այլ ունենք դժգոհների և անիծողների մի ամբոխ, և այդ անեծքի ու դժգոհության մեջ մեր պարծանքի առարկան երբեք էլ Խաչը չէ, մեր պարծանքի առարկան, ցավոք սրտի, փորձում ենք դառնալ ամեն մեկս, որովհետև այդ դժգոհության և անիծելու մեջ ամեն մեկս մեզանից հեռու ենք տանում այդ անեծքը, մեզ՝ յուրաքանչյուրիս չի վերաբերում, այլ մեր դիմացինին, մեր ընկերոջը: Բայց այդպես չէ Աստծո սերը, այդպես չէ Աստծո խաչը:
Հավատում ենք կամ չենք հավատում Սուրբ Գրքի պատմություններին, Հին Կտակարանի պատրաստության խորհուրդը, որ եկավ և իր կատարումը գտավ մեր Տիրոջ մարդանալու մեջ, մեր Տիրոջ՝ մեր մեջ քայլելու մեջ, ցույց է տալիս Աստծո ինքնահայտնության մեծագույն և խորին խորհուրդը, Աստծո՝ մարդկանց հետ լինելու ցանկությունը, և մենք հավատում ենք, որ մեր Աստված ոչ թե վերացական երկինքներում Աթոռների վրա բազմած Աստված է, այլ մեր Աստված անհատապես մեզ հետ ապրող, մեզ հետ շնչող Աստված է, այստեղ մեր Տեր Աստվածը և՜ այս տաճարի, և՜ մյուս տաճարների մեջ, և՜ մեր առօրյայում ապրում է մեզ հետ, գործում է մեզ հետ, և այստեղ միայն մնում է մեզ, յուրաքանչյուրիս, և՜ անհատ, և՜ հավաքականություն, թե թո՞ւյլ ենք տալիս, որ Աստված բնակվի մեր մեջ, և մեր մեջ բնակվելով կարողանո՞ւմ ենք հպարտորեն, պարծանքով ասել, որ իմ պարծանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իմ անձնական, անհատական և գործող Աստվածը: Եթե ոչ այն Աստված, որ եկավ և ինձ՝ մեղավորիս համար Իր արյունը թափեց, որ եկավ և սիրո խորհուրդը բերեց մեզ, որ եկավ ջնջելու անեծքը մեր շուրթերից և անեծքը մեր վրայից, որ մեր առաջին հայրերը գործել էին և այդպիսով անկման մեջ էին ընկել: Այսօր մենք ենք ժառանգել այդ անկումը, այդ ցավը, այդ տառապանքը, այդ տանջանքը, դժգոհությունը, բողոքը և ամեն ինչ:
Տիրոջ մարդանալու խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո խելահեղ սերը Իր ստեղծագործության նկատմամբ՝ մեր նկատմամբ: Նա անընդհատ ցույց է տալիս Իր դեմքը, Նա անընդհատ ցույց է տալիս Իր ինքնությունը և քայլը թողնում է մեզ, յուրաքանչյուրիս՝ մեր ընկերոջ ճանապարհով, ամեն մեկս մյուսի հետ աչք առ աչք, երես առ երես հաղորդվելու ճանապարհով կարողանալու հայտնագործել մեր Տիրոջը և այնժամ ասել, թե՝ Քավ լիցի ինձ պարծել, բայց միայն Տիրոջ Խաչով:
Սիրելիներ. արևելյան ավանդության մեջ մի շատ գեղեցիկ պատմություն կա: Ասվում է, թե Խոջա Նասրեդինը, որի մասին տեղյակ եք դուք, օրերից մի օր մահճակալի տակ ինչ-որ բան էր փնտրում: Իր հարևաններից մեկը մոտենում է՝ ասելով, թե՝ Սիրելիս, ինչ ես փնտրում այս մահճակալի տակ: Նասրեդինը պատասխանում է, թե՝ Բանալիս եմ փնտրում, և սկսում են երկուսով փնտրել: Երկար փնտրտուքից հետո վերջապես ընկերը չի դիմանում և ասում է. Ուր ես կորցրել քո բանալին: Նասրեդինը պատասխանում է. Իմ բանալին տանն եմ կորցրել: Այնժամ ընկերն ասում է. Բարի Աստված, այդ դեպքում ինչո՞ւ ես այստեղ փնտրում: Պատասխանը հետևյալն է լինում. Որովհետև այստեղ ավելի շատ լույս կա:
Հետևյալն է միտք բանին, թե որքան էլ որ լույսի մեջ կամ թվացյալ լույսի մեջ ապրելիս լինենք, եթե չկա մեր փնտրելիքը այդ լույսի մեջ, ուրեմն լույսի գոյությունը ոչնչով օգուտ չի տալիս մեզ: Այս աշխարհը, Հայաստան աշխարհը ժամանակներ և ժամանակներ շարունակ այդ լույսի ներկայության և գոյության մեջ է ապրել, բայց ցավոք սրտի բանալին, այդ շատ փնտրտելիք բանալին կորցրել ենք ուրիշ տեղ, և Աստծո ներկայության այդ լույսը ոչնչով օգուտ չի տալու մեզ, եթե մենք սխալ տեղ ենք փնտրում այդ բանալին, եթե չենք ուզում միանալ Նրա աչքերին, Նրա ձեռքերին, Նրա կրծքի մեջ ապրելով: Ինչպես է դա լինում. ինչպես ավետարանիչն է ասում՝ Եթե ասում ես, որ սիրում ես Աստծուն, բայց չես սիրում ընկերոջդ, ուրեմն ստախոս ես: Եթե ուզում ես սիրել Աստծուն, նախ պիտի սիրես ընկերոջդ: Այսօրվա մեր հավաքական կյանքի մեջ ազնիվ գտնվելով քանի՞սս ենք, որպես մարդ արարծներ, սիրում մեր ընկերոջը:
Թող որ Աստվածածնի բարեկենդանի շեմին կանգնած լինելով այսօրվա խոր-հուրդը, թե «քավ լիցի պարծել, բայց միայն Տիրոջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչի խորհրդի մեջ», որպես հարցադրում դառնա, թե արդյո՞ք ես սիրում եմ իմ ընկերոջը, արդյո՞ք կարողանում եմ նրա սիրո միջից, կամ փորձում եմ նրա սիրո միջից Աստծուն գտնել, իմ ստեղծիչին, իմ ստեղծագործողին գտնել, և այսօր դուրս գանք այս տաճարից պարծանքի զգացումով, որ ունենք պարծենալիք միայն մի բան՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչը, ո՜չ դրամ, ո՜չ փառք, ո՜չ տիտղոս և ո՜չ մի այլ դժվարություն չի կարող մեզ ընկճել, չի կարող մեզ ծունկի բերել, ճկել այն ծանրության տակ, որով փարատվում է ամեն ցավ և տանջանք, որ է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչը:
Թող Աստված լույս իջեցնի այս երկրի վրա, Սուրբ Աստվածածնի վերափոխմամբ ամեն մեկս անհատապես կարողանանք ևս առավել վերափոխվել և մտնել Տիրոջ հետ խաչելության խորհրդի մեջ, Տիրոջ այդ Գողգոթայի բարձունքից նայող սիրո մեջ:
Թող Աստծո սերը, շնորհը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության խորհուրդը և Սուրբ Հոգու համբույրի ողջույնը լինեն մեզ բոլորիս հետ. ամեն:
Տ. ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Աղբյուր՝ «Էջմիածին» Ամսագիր