«Եթե մոռացայց զքեզ, Երուսաղէմ մոռասցի զիս աջ իմ: Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ ` թէ ոչ յիշեցից զքեզ» Եթե քեզ մոռանամ, Երուսաղեմ, թող չորանա իմ աջը, եթե քեզ մոռանամ, թող պապանձվի իմ լեզուն, քող իմ լեզուն կպչի իմ քիմքին:
Սաղմոսերգուն այս բառերով հիշում է Երուսաղեմը հեռավոր Բաբելոնում իր գերության մեջ: Եվ գուցե զարմանանք թե ինչու՞ այսքան խիստ խոսքերով է արտահայտվում սազմոսերգուն: Ի հարկե իր հայրենի քաղաքը, իր հայրենի տունը սիրելի է նրան, և հեռու ու պանդուխտ լինել այդ տնից` ցավալի երևույթ է: Սակայն սաղմոսերգուի համար Երուսաղեմը առաջին հերթին Աստծու տունն էր տաճարը, որ գոյություն ուներ Երուսաղեմի մեջ իր սրբություն սրբոցով` Աստծո և մարդու միացման վայրը աղոթքի միջոցով:
Սաղմոսներում Երուսաղեմը բազմիցս հիշատավում է և տարբեր իմաստներով. Տիրոջ Հաճությունն ունեցող (Սղմ 127-5), Տիրոջ օրհնելու սրբավայր (Սղմ 133), Տիրոջ բնակավայր (Սղմ 134-21), Ամենապաշտելի (Սղմ 136-5:6), Քաղաք, որ կառուցվում է Տիրոջ կողմից (Սղմ 146-2): Ահա տեսնում ենք թե ինչ կարևորագույն մակդիրներով է նկարագրվում Երուսաղեմը, և այս պահին մենք այս սուրբ քաղաքում ենք, և ի տարբերություն սաղմոսերգուի, ոչ թե հեռավոր գերությունում, այլ այստեղ պետք է հիմա ասենք .«Եթե քեզ մոռանամ, Երուսաղեմ, թող չորանա իմ աջը, եթե քեզ մոռանամ, թող պապանձվի իմ լեզուն, քող իմ լեզուն կպչի իմ քիմքին:
Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր մեր ուխտագնացությունն էլ ավելի է իմաստավորվել, քանզի այստեղ ենք Սուրբ Հարության տոնակատարության օրերին: Կարծեք երեկ լիներ, երբ տոնեցինք մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության տոնը և այսօր արդեն գտնվում ենք Մեծ Պահքի վերջին հանգրվանում և Սուրբ Հարության տոնակատարության սկզբում: Մեծ Պահքի ընթացքում կատարված Սուրբ Գրային բոլոր ընթերցումները հիմնովին նույն նյութն շոշափեցին `Ադամի և Եվայի դրախտային երանավետ կյանքը և վտարվելը: Մեծ Պահքի ընթացքում Բուն Բարեկենդանի կիրակիից մինչև Գալստյան կիրակին Աստվածաշնչից ընթերցվածները մեզ հիշեցրեցին կյանքի նպատակը, մեր ազատ կամքով ընտրած ճանապարհը և նրա հետևանքով մեր ստացած երանությունը, վարձատրությունը կամ դատապարտությունը: Աստվածաշունչ ընթերցելիս հիշում ենք մարդու անկումը, Աստծուց հեռանալը և մարդու կյանքի պայքարը` վերագտնելու կորցրածը` այդ երանական կյանքը: Եվ սա մեզանից ամեն մեկի կյանքն է: Մեզանից շատերի կյանքում պահքը տարբեր արդյունքներ է տալիս դրական փոփոխություն մտցնում մարդու կյանքում:
Մեծատաղանդ գրականագետ Միքայել Կյուրճյանը Մեծ Պահքի ժամանակ մի օր շուկա է գնում ձուկ առնելու: Մտնում է ձկնավաճառի խանութը և սեղաններին դրված ձկները շուռ ու մուռ տալով մեկ առ մեկ հոտոտում ու տեղն է դնում: Ձկնավաճառը, որ ուշադիր հետևում էր հաճախորդի շարժումներին, նկատում է, որ նա` ձկները փոխանակ գլխից հոտոտի, պոչերից է հոտոտում: Ձկնավաճառը մոտենում է Միքաելին ու ասում ,- Բարեկամս, եթե ուզում ես ձկան թարմությունն ստուգել, պետք է գլուխը հոտոտես, ոչ թե պոչը: Ես,- պատասխանում է Կյուրճյանը,- գլուխը չեմ հոտոտում, որովհետև գիտեմ, այն արդեն հոտած է, պոչն եմ հոտոտում, ստուգելու համար, թե գարշահոտութոյւնը մինև պոչ հաել է , թե ոչ: Սա օրինակ է նրա, որ մարդկային գործերի մեծ մասն արդեն գլխից է հոտել փոխաբերական իմաստով, և ժամանակն է, որ ուշքի գա մարդկությունը մեղքերից հրաժարվի:
Այս պահին հիշեցի նաև ռուս մեծանուն գրող Չեխովի մի շատ ինքնատիպ պատմությունը, որը համանուն է այսօրվա մեր մտածումներին: Նա նկարագրում է, որ երկու ավազակներ մի օր անտառում ճամփորդի վրա են հարձակվում կողոպտում են ու սպանում: Սկսում են սպանվածի պայուսակը զննել և հանկարծ ավազակը մսի մի կտոր է գտնում և մյուսին առաջարկում ուտել: Երկրորդ ավազակը զարմանում է ու ասում .«Դու Աստծուց չես վախենու՞մ, ինչպես կարող ես պահքի օրով միս ուտել»: Եվ նրանք հաշտվելով անտառից դուրս են գալիս խիղճները հանգիստ, քանի որ պահքի օրով միս չկերան: Մարդիկ ևս այս ավազակներին են նմանվում գործում ենք հանցանքներ և հավատում, որ պահք պահելով պիտի արդարանան Տիրոջ առջև:
Մարդու կյանքն իր ամբողջկան իմաստի մեջ, նյութկան կերակուրի, հագուստ- կապուստի, հաճույք-վայելքի հանդիսություն չէ: Ներկա դարում, երբ աշխարհը այսքան գրավիչ զորությամբ պատկերվում է մարդու առաջ և ներգործվում է մարդու կյանքի մեջ, երբ, մարդ հաճախ առաջնորդվում է դեպի ինքնախաբեությամբ և ամենաբավության զգացումի փորձությանը, այն աստիճան, որ կարծես թե մարդու կյանքի մեջ էլ անհրաժեշտ չի դառնում Աստված, և նույնսիկ Նրա ներկայության զգացումը դառնում է մարդուն խանգարող հանգամանք:
Քառասնօրյա պահոց վերջին հանգրվանում ենք և պատշաճ է ինքնաքննադատ մոտեցմամբ հարց տալ մեզ ` կկարողացանք արդյոք Քրիստոսով վերագտնել ներքին խաղաղությունը, արդյոք մեր մտածումների և զգացումների խաչմերուկներում ««Ողորմութիւն և ճշմարտութիւն պտտահեսցին, արդարութիւն և խաղաղութիւն համբուրեսցին» (Սղմ. Ձե 10): Այս Ավագ Շաբաթվա ընթացքում կատարվող բոլոր եկեղեցական արարողություններն արդեն իսկ վկայում են, որ այս Շաբաթը կարևորագույն է ու իր խորհուրդների իմաստով, Ավետարանական առակների ներկայությամբ, Ոտնլվայի արարողոթւյամբ, Մատնության, Խաչելության իրողություններով լավագուն դասերն են, որ կարող ենք ստանալով ամփոփել Պահքի խորհրդի և շրջանի իմաստը:
Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր կարևոր է նաև նրանով, որ այստեղ ներկա են ուխտավորներ հայոց հաղթական բանակի, բանակ որ իր սպաների և զինվորների սրի ծայրով այսօր արձանգրում է ու գրում մեր նոր վերածնված հայրենիքի պատմության նոր էջը` ապահովություն փոխանցելով ինչպես հայրենիքի զավակներին, այնպես էլ ի սփյուռս ապրող ժողովրդին, որի հոգին ալեկոծվում է, երբ Հայրենիքում ինչ որ անհանգստության նշաններ են երևում: Մեր դժվարին պատմության վճռական պահերին հայոց բանակը միշտ էլ դրսևորել է ազատատենչ ու քաջակորով ոգի և մեծ հաղթանակների հասել առ Աստված հավատքով, ամենահաղթ արիությամբ ու խիզախությամբ: Այսօր մենք մեր մեջ ունենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զորավարների ու անմահ հերոսների ներկայացուցիչներին` մեր սիրելի գեներալներին, սպաներին ովքեր մեծ սիրով եկան Սուրբ Քաղք ուխտագնացության: Նրանք ևս իրենց կյանքը նվիրել են հայրենիքի ազատության ու անկախության վեհ և նվիրական գործին: Այս օրերին շատերը մտածում են, որ Մեծ Պահքը, Ավագ Շաբաթը, Հարության տոնը մի միայն կրոնական իմաստ ու երանգ ունեն, բայց չեն մտածում, որ այդ տոների ու խորհուրդների միջոցով են աշխարհի երեսից անհետենում տառապնքն ու դժվարությունները, պատերազմն ու փորձությունները: Այսօր «Պատերազմ և Խաղաղույթունն» այլևս վեպ չէ արդի մարդու համար: Առօրյա իր հացի հետ խառնված խնդիր, իր ամենօրյա ապրումներում` ուրախություններին ու տրտմություններին ընդելուզված տագնապ. ձգտում. հուսախաբություն և սպասում:
Մեր հայրենիքն այսօր պետք ունի իր բոլոր զավակների միացյալ ու միասիրտ զոհողությանը, որ կարողանա քաջությամբ հաղթահարել ներքին և արտաքին դժվարությունները: Ժամանակն է , որ դրսևորենք մեր հայի հոգու սրբազան պարունակությունը: Եկեք հիշենք, որ հայ ժողովրդի մարտիրոսական կյանքի պատմությունը եղել է զոհողության, խաչելության և աննկարագրելի տառապանքների չարչարալից ուղևորություն:
Այսօր ամեն բանի մասին կարելի է տարակուսանք լինել և վիճել. սակայն խաղաղության հրամայականը վեր պետք է լինի ամեն վեճից և դառանա բոլորի համար մտածելու ու գործելու գերագույն կանոն` ամեն հարցեր լուծելու: Երկյուղի և անստուգության մեջ տառապող այսօրվա մարդկությանը պարտավոր ենք, մանավանդ մենք հոգևորականներս և զինվորականներս, ցույց տալու խաղաղության և ամբողջական զինաթափման ճանապարհը: Այստեղ ուզում եմ մի կարևոր բան հիշեցնել, որ Երուսաղեմում ծառայող միաբանները պակաս չեն հայրենիքը պահպանող զինվորականներից, քանի որ նրանք էլ, այստեղ են հսկում զօր ու գիշեր Սուրբ վայրերը բարբարոսներից:
Անկախ քաղաքական-ընկերային վարչակարգերից ի վեր այդ բոլորից, մարդիկ այսօր պահանջում են` խաղաղ ապրելու իրավունք, աշխատանքի իրավունք: Առանց այս հիմնական իրավունքների կենսագործման, հիմնապես վտանգված կլինեն նաև մարդկային ազատությունները:
Այսօր աշխարհի խաղաղության ետեևում արգելափակված է պատերազմը, վանդակում արգելափակված վայրի գազանի նման, որի վնասակրությունից մարդիկ զերծ են այքան ժամանակ` մինչև գազանը վանդակում է: Եվ խիստ մտահոգ վանդակի ամրությամբ և ապահովությամբ` մարդիկ ապրում են մնայուն վախի մեջ, թե չլինի հանկարծ մի պատահական սխալով գազանն այդ դուրս պրծնի և իր ավերը գործի աշխարհում: Սակայն Քրիստոս վստահեցնում է .«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. ԺԴ 27):
Ուրեմն եկեք տեսնենք թե ինչի համար ենք այսօր ուխտաբար եկել այս Սուրբ քաղաքը: Հիշենք քիչ առաջ պատմված պատմությունները Ձկան պոչից հոտոտելու և ավազակների մասին հայտնի պատմվածքը: Մենք էլ հայտնի գրականագետի նման գոնե մեր կյանքի կարևոր գործերը սկսենք քննել, զննել` տեսնելու արդյոք այս վիճակում դրանք ԱՌՈՂՋ են թե «հոտած»: Կամ մեր ջանասիրությամբ կատարած գործերը բարի են թե պարզապես ձևականություններ են: Իսկ պահքը պահելով հանդերձ և միս չուտելով կերել ե՞նք մարդկանց «միսը»: Եվ վերջին պատգամը սա է, որ այսօր գիտակցենք. հայրենիքի և եկեղեցու խաղաղությունը գալու է հենց Քրիստոսի Հարության պարգևած խաղաղության միջոցով: Եկեք բոլորս միաբան աղոթենք և գիտակցենք, որ ուր էլ ապրենք փոխանցենք մեր սերունդներին Արարատի նվիրական պատկերը, Լուսավորչի անմար կանթեղը, հայրենի մեր հողն ու երկինքը միավորող Սուրբ Էջմիածնի հավերժական խորհուրդը: ՈՒր էլ ապրենք համակ նվիրումով տեր կանգնենք մեր ազգային իզձերին ու ձգտումներին: Զորավիգ լինենք այս Սուրբ հողում ապրող մեր եղբայրներին, ովքեր արթուն պահակի պես հսկում են սրբավայրերը: Պաշտպանենք Արցախի ազատության իրավունքը, Հայոց Ցեղասպանության արդար դատը: Միասնական ուժերով կառուցենք նոր կյանքը Հայաստանի ու Արցախի և հայրենի հողից առած ավյունով զորացյալ ու ծաղկուն պահպանենք Հայ Սփյուռքը և աղոթելով սաղմոսերգուի նման ասենք « Եթե քեզ մոռանամ Երուսաղեմ, թող չորանա իմ աջը, եթե քեզ մոռնամ, թող պապանձվի իմ լեզուն, քող իմ լեզուն կպչի իմ քիմքին և խոստանանք, որ ամեն մի հնարավորության դեպքում այցելելու ենք Երուսաղեմ և մեր հարգանքն ու խոնարահումը բերելու ենք Փրկչի գերեզմանին, ում Փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան