Եկեղեցական վարչութիւնն էլ հետզհետէ նուիրապետութիւն է դառնում շնորհիւ Գ. դարու առաջին կիսի (200-250) պայքարների աստուածաբանութեան ու եկեղեցական կարգ ու կանոնի համար: Վիկտորի, Կալլիստոսի, Տերտուլիանոսի, Կիպրիանոսի և շատ ուրիշների եռանդուն գործունէութեան շնորհիւ եպիսկոպոսները դառնում են իբրև առաքեալների ժառանգներ եկեղեցու վարդապետները, դատաւորները և սրբազնագործ պաշտօնեաները: Առանձին կարևորութիւն են ստանում Տիրոջ այն խօսքերը՝ թէ «Ով ձեզ է լսում, լսում է ինձ»: Եպիսկոպոսները հետզհետէ դառնում են նաև սրբազնագործ պաշտօնէութեան գլուխը. երէցները կոչւում են sacerdotes, եպիսկոպոսը summus sacerdos (Տերտուլիանոս` De bapt. 17), իսկ սարկաւագները հաւասար են Ղևտացիներին: «Եպիսկոպոսը Աստուծոյ և ձեր միջնորդն է, ձեր վարդապետը և Աստծուց յետոյ ձեր հայրը, որ վերստին ծնել է ձեզ ջրի միջոցով. նա միևնոյն ժամանակ ձեր պետն ու իշխանն է, մի հզօր թագաւոր, որ վճիռներ է տալիս Ամենակարողի փոխարէն և այդ պատճառով էլ միևնոյն պատիւը պիտի վայելէ, ինչ որ Աստուած»: Նա աւելի է, քան թէ մի երկրաւոր թագաւոր, որովհետև վերջինը «Կարող է միայն մարմինը կապել ու արձակել երկրի վրայ, իսկ եպիսկոպոսը իշխան է մարմնի և հոգու վրայ» (Վարդապետութիւն առաքելոց. Թ): Ով արժանանում է այդ պաշտօնին, նա ձեռնադրութեամբ անձեռմխելի է դառնում (Կալլիստոս) և ընդունում է Սուրբ Հոգին. Նա Քրիստոսի փոխանորդն է (vicarius) և ով նրան հակառակ է, հակառակ է Աստծուն (Կիպրիանոս՝ նամակ. 66, de unit. 17): Նոցա վրայ է հիմնուած եկեղեցին և նրանցով է այդ եկեղեցին մի, սուրբ, ընդհանրական և կաթուղիկէ: Այդպիսով աստուածպետութեան հիմքը դրուած էր երկրի վրայ (Civitas Dei):
Ամբողջ հոգևորականութիւնը բաժանւում էր երկու մասի. բարձր հոգևորականութիւն և եկեղեցական ստորին պաշտօնէութիւն: Առաջին դասին են պատկանում եպիսկոպոսները, երէցները և սարկաւագները: Երբ որ եպիսկոպոս չկայ, համայնքի ղեկավարութիւնն անցնում է երէցների կոլլեգեայի (պրեսբիւտերիում) ձեռքը: Նոր եպիսկոպոսի ընտրութեանը անպայման մասնակից պիտի լինի համայնքը և քննէ նրա արժանիքները: Բայց շրջակայքի եպիսկոպոսներն էլ իրենց համաձայնութիւնը պէտք է տային. իսկ առաքելական յաջորդութեան գաղափարը պահանջում էր, որ ընտրուածը իւր ձեռնադրութիւնն ստանար մի ուրիշ եպիսկոպոսից: Եկեղեցու կառավարութեան գործում երէցները խորհրդատու են եպիսկոպոսին. նոքա իրաւունք ունին նաև սրբազան խորհուրդները կատարել, բայց եպիսկոպոսի հաճութեամբ ու յանձնարարութեամբ: Բացառապէս եպիսկոպոսների իշխանութեանն էր ենթարկուած եկեղեցական կալուածքների կառավարութիւնը: Այդ գործում նրան օգնում են սարկաւագները, որոնք հէնց այդ պատճառով էլ աւելի մեծ դիրք ու ազդեցութիւն են ձեռք բերում համայնքների մէջ, քան թէ երէցները, թէև նոքա իրաւունք չունէին սրբազան խորհուրդները կատարելու: Սոցա սիրով համեմատում են Ղևտացիների հետ:
Ստորին պաշտօնէութիւնը (clerus minor) նոյնպէս մի քանի մասի է բաժանւում, և այդ բաժանումներով պատրաստ է արդէն Գ. դարու սկզբից: Հռովմի Կոռնելիոս եպիսկոպոսի նամակում, գրուած Անտիոքի Ֆաբիոս եպիսկոպոսին (Եւս. Եկ. Պատմ. VI, 43), յիշւում են բացի 46 երէցներից ու 7 սարկաւագներից.-7 կիսասարկաւագ, 42 ջահնկալ, 52 երդմնեցուցիչ, ընթերցող ու դռնապան: Կին-սարկաւագներն էլ հետզհետէ պաշտօնէութեան մէջ են մտնում և հոգևորականութեան շարքն են դասւում. այս սարկաւագուհիները սկզբում կարող էին նաև ամուսնացած կանանցից և այրիներից լինել: Միայն յետոյ, երբ կուսութեան արժէքը շատ բարձրանալ է սկսում, կոյս սարկաւագուհիներին առաւելութիւն է տրւում:
Բնական է, որ մի այդպիսի մեծ կազմակերպութիւն իւր նպատակներն իրագործելու համար նաև շատ մեծ եկամուտների կարիք ունենար: Ի՞նչ միջոցներով պէտք էր եկեղեցիների, գերեզմանոցների տեղերը գնել և շէնքերը կառուցանել: Պէտք չէ մոռանալ, որ Գ. դարու վերջին Հռովմի համայնքը մօտ քառասուն (40) եկեղեցի և քսան (20) գերեզմանոց ունէր, որոնց մէջ 150-ից աւելի մարդիկ պաշտօն ունէին. դրանց պէտք էր վարձատրել: Իսկ աղքատների խնամատարութեան գործը ո՞րքան նիւթական միջոցներ էր պահանջում ամեն մի համայնքից: Եկեղեցու եկամուտները երկու տեսակ էին՝ կանոնաւոր և պատահական: Կանոնաւոր եկամուտներն էին. ա. բնական բերքեր, որոնք նուիրւում էին հաղորդութեան և սիրոյ ճաշերի ժամանակ զամբիւղներով. մեզ հասած տեղեկութիւններից եզրակացնել կարելի է, որ այդ նուէրները եղել են շատ մեծ քանակութեամբ. բ. դրա վրայ աւելանում էին կանոնաւոր ամսավճարներ փողով: Այս երկու տեսակ եկամուտներով եպիսկոպոսը պէտք է կառավարէր համայնքի բոլոր հաստատութիւնները և միևնոյն ժամանակ վարձատրէր հոգևորականներին, որոնց ապրուստի աղբիւրն այդ էր: Իսկ պատահական եկամուտները գոյանում էին գլխաւորապէս ազատ նուիրաբերութիւններից և կտակներից: Եթէ այս յիշուած եկամուտները չբաւականացնէին, եպիսկոպոսին մնում էր դիմելու հանգանակութեան արտակարգ միջոցին:
Եկեղեցու վարչական կազմակերպութիւնն էլ բոլորովին յարմարւում է պետական կազմակերպութեանը: Եպիսկոպոսական համայնքն է անկախ եկեղեցական միութիւնը: Իսկ որովհետև ամբողջ Հռովմէական պետութեան մէջ էլ տիրող էր քաղաքային վարչութիւնների սիստեմը, և քրիստոնէական քարոզչութիւնն էլ ամենից առաջ հաստատուն հող էր գտել քաղաքներում, այդ պատճառով գլխաւորապէս քաղաքներն են դառնում եպիսկոպոսանիստ աթոռները: Ինչքան էլ մեծ լինէր քաղաքը, այնուամենայնիւ պահպանւում էր եկեղեցու միութիւնը. իւրաքանչիւր քաղաք կարող էր միայն մի եպիսկոպոս ունենալ: Բայց ի հարկէ հետզհետէ կարիք է յառաջ գալիս, մեծ քաղաքներում մանաւանդ, որոշ բաժանումներ անել համայնքի մէջ: Այս դէպքում էլ հետևում են քաղաքի ոստիկանական բաժանմանը: Մենք տեսանք արդէն, որ Հռովմում այս շրջանում եղել են 7 սարկաւագներ և 7 կիսասարկաւագներ. (Կոռնելիոսի թուղթ, Եւս. Եկ. պատմ. VI, 43). այդ բաժանումը յարմարեցրած է անշուշտ այն կարգադրութեանը, որով Աղէքսանդր Սեւերոսը Հռովմը 14 ոստիկանական շրջան էր դարձրել: Եթէ ի նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ մեծ քաղաքներում բազմաթիւ աղօթատներ կային, ինչպէս օրինակ Հռովմում 40 հատ, 150 հոգևորականներով, որոնցից 46 երէց, անշուշտ հասկանալի կլինի, որ հետզհետէ սովորութիւն է դառնում այդ կղերականներից որոշ մասին, յատկապէս երէցներին հաստատուն կերպով կապել որ և է եկեղեցու հետ: Այդպիսով սկիզբն է դրւում ծխական բաժանմանը մի քաղաքի մէջ:
Բայց քաղաքի ազդեցութեան տակ է նրա շրջակայքը. այստեղ ևս առաջ են գալիս քրիստոնէական համայնքներ, որոնք ամեն բանում ենթարկւում են քաղաքի եպիսկոպոսի իշխանութեանը: Երբեմն քաղաքի եկեղեցու իշխանութեան տակ գտնուած այդ համայնքները շատ բազմաթիւ են լինում և տասն կամ աւելի մեծամեծ գիւղեր մի երէցի ղեկավարութեան ներքոյ. այնպէս որ մի եպիսկոպոսի իշխանութիւնը սկսում է տարածուել ամբողջ գաւառի կամ նահանգի վրայ. առաջ է գալիս թեմը:
Բայց շատ անգամ այդ գիւղական համայնքները ենթարկուած չէին լինում անհրաժեշտաբար քաղաքի գերիշխանութիւնը, այլ անկախ էին, ինչպէս օրինակ Ասորիքում (Եւս. Եկ. պատմ. VII. 30): Նոյնն է եղել դրութիւնը անշուշտ նաև հիւսիսային Աֆրիկայում, ուր շատ բազմաթիւ էին եպիսկոպոսները: Բայց այս քորեպիսկոպոսները (episkopoi twn agrwn կամ cwrepiskopoi) սկզբից և եթե աւելի պակաս հեղինակութիւն և վարկ ունէին, քան թէ քաղաքների եպիսկոպոսները:
Բայց եկեղեցու միութեան գաղափարը ստիպում է հետզհետէ աւելի և աւելի մօտենալ բացարձակ միապետականութեան: Այստեղ էլ պետութեան քաղաքական կազմակերպութիւնն է օրինակ ծառայում, թէև քանի դեռ քրիստոնէութիւնը արգելուած կրօն էր և հալածանքի էր ենթարկւում պետութեան կողմից, դժուարանում էր այդ գործը:
Միևնոյն նահանգի եպիսկոպոսները փոխադարձ շահերով սերտ կերպով կապուած էին միմեանց հետ: Արդէն Բ. դարու վերջին Մոնտանիստների խնդրի և զատկական վէճերի առթիւ լսում ենք Փոքր Ասիական, Պաղէստինական, Պոնտական, Օզրոէնական, նաև Գալլիական և Հռովմէական ժողովների մասին (Եւս. Եկ. պատմ. V. 23 շար.): Իսկ Դ. դարում նահանգական ժողովները հաստատուն ինստիտուտ են:
Նահանգի մայրաքաղաքում էր հաւաքւում նահանգական խորհուրդը (koinon): Բնական էր, որ եկեղեցական ժողովներն էլ նահանգի Մետրոպոլսում լինէին, և այնտեղի եպիսկոպոսը սկսէր նոյն արտօնութիւններն ու իրաւունքները վայելել, ինչ որ նահանգի քահանայապետը: Թէև այս շրջանում դեռ ևս պարզ կերպով որոշուած չեն մետրոպոլիտի պարտականութիւններն ու իրաւունքները, բայց բնականաբար նրա անմիջական գործն էր դառնում ժողովներ հրաւիրելն ու ղեկաւարելը, այլ և վճիռները ժողովական նամակներով հրատարակելը: Իսկ երբ կարևոր համարուեց թափուր մնացած աթոռների համար եպիսկոպոս ընտրելու գործում հարևան եպիսկոպոսների մասնակցութիւնը, մետրոպոլիտն էլ առանձին կարևոր դիրք ստացաւ այդ գործի մէջ և նրան վերապահուեց նոր ընտրեալի ձեռնադրութիւնը:
Այս զարգացումը Արևելքում առհասարակ շատ աւելի արագ է կատարուել, քան թէ Ար—մուտքում: Միայն Պոնտոսում աւագագոյն եպիսկոպոսինն էր բարոյական իշխանութիւնը (Եւս. V. 23): Եգիպտոսում Աղէքսանդրիան և Արևմուտքում Հռովմը այնպիսի կենդրոնական դիրք ու հեղինակութիւն են ձեռք բերում, որ այն տեղերը անհնարին է դառնում մետրոպոլիտական իշխանութեան զարգացումը: Եգիպտոսի միակ մետրոպոլիտը, եթէ այդպէս կարելի է անուանել նրան, Աղէքսանդրիայի եպիսկոպոսն է, իսկ Արևմուտքինը՝ Հռովմի: Կարթագենը դառնում է ո՛չ միայն Պրոկոնսուլարական նահանգի, այլ և Նումիդիայի և Մաւրետանիայի կենդրոնը: Բայց այստեղ էլ, երբ որ մետրոպոլիտական բաժանումներն սկսուեցին, հեղինակաւոր դիրք ստացան սկզբում ո՛չ թէ մետրոպոլիսների եպիսկոպոսները, այլ նահանգի աւագագոյն եպիսկոպոսը: Միայն Գալլիայում և Սպանիայում դեռ ևս մետրոպոլտակամ բաժանում չկար այս շրջանում:
Բայց Արևելքում որոշ մետրոպոլիտական աթոռներ սկսում են անմիջապէս աւելի բարձր հեղինակութիւն վայելել, քան թէ միւսները և այդպիսով իրենց իշխանութեանն են ենթարկում մի քանի մետրոպոլիտութիւններ. այդպիսի նշանակութիւն են ստանում ամբողջ առաջաւոր Ասիայի համար Անտիոքը. Արևմտեան Փոքր Ասիայի համար՝ Եփեսոսը, Արևելեանի համար Կապադովկիայի Կեսարիան, Թրակիայի համար Հերակլէան: Կարևոր խնդիրների համար գումարուած ժողովներում էլ սկսում են մասնակցել ո՛չ միայն նահանգի եպիսկոպոսները, այլ և շրջականերինը: Վճռահատութեան ժամանակ ձայն են տալիս միայն եպիսկոպոսները, բայց սովորաբար ներկայ են լինում նաև երէցներ, սարկաւագներ և ժողովուրդ, որոնցից միայն երէցները իբրև խորհրդատու իրենց եպիսկոպոսների, նստելու իրաւունք ունէին: Ժողովական վճիռներն էլ սկսում են կար—որութիւն ստանալ և ամբողջ եկեղեցում տարածուել «ժողովական նամակներ»ի շնորհիւ, որով յայտնւում էին միւս եկեղեցիներին ժողովի վճիռները: Այդպիսով հետզհետէ նիւթ էր հաւաքւում նաև ընդհանուր եկեղեցական օրէնսդրութեան համար: Նշանակութիւն են ստանում այդ տեսակէտից նաև «Կանոնական նամակ» կոչուածները, որ հեղինակաւոր եպիսկոպոսները գրում էին քրիստոնէական կարգ ու կանոնի և բարքի համար, և որոնք ընդունելութիւն էին գտնում շատ տեղեր:
Մենք տեսանք, որ քրիստոնէական եկեղեցու միութեան գաղափարը յառաջ բերեց Կաթուղիկէ Եկեղեցին, որի ներկայացուցիչներն էին եպիսկոպոսները՝ աւանդութեան ու միութեան պահապանները. episcopatus unus est, ասում է Կիպրիանոսը (de unit. eccl. 5): Տեսանք նաև, թէ ինչպէս եպիսկոպոսներից ոմանք սկսեցին աւելի և աւելի հեղինակութիւն վայելել և իրենց իշխանութեան ներքոյ առնել մօտիկ և հեռաւոր շրջակայքը (Աղէքսանդրիա, Անտիոք, Հռովմ, Կարթագեն): Այդ եպիսկոպոսական աթոռներից մանաւանդ մէկի դիրքը բացառիկ էր, որովհետև Ս. Գրքի զանազան խօսքեր նրան էին վերագրւում:
Ամբողջ նուիրապետական Թէորիան հիմնուած է Տիրոջ խօսքերի վրայ, որ ասել է իւր առաքեալներին, ուրեմն նաև նրանց յաջորդներին՝ եպիսկոպոսներին (Մատթ. ԺԶ. 18 շար., ԺԸ. 18., հմմտ. Յովհ. Ի. 22 շար.): Մատթ. ԺԶ. 18 շար. բոլորովին առանձին դիրք է տալիս Պետրոս առաքեալին և մի զօրեղ արտայայտութեամբ նրան համարում է եկեղեցու վէմը: Արդէն Տերտուլիանոսը այդ խօսքերը միայն Պետրոսին է վերագրում, այն ինչ Օրիգենէսը բոլոր այնպիսիների համար է ասուած համարում, որոնք Պետրոսի պէս ժայռի նման հաստատուն հաւատ ունին. իսկ Կիպրիանոսը կարծում է, թէ Տէրը մի Պետրոսի վրայ իւր եկեղեցին հիմնել ցանկանալով, կամեցել է ասել, որ եկեղեցին մի պէտք է լինի: «Թէև միւս առաքեալներն էլ նոյնն էին, ինչ որ Պետրոսը, հաւասարապատիւ և նոյն իշխանութիւնն ունեցող, բայց սկիզբը մի միութիւնից՝ Պետրոսից է, որպէսզի Քրիստոսի եկեղեցին ապացուցուի իբրև մի» (de unit. eccl. 4): Այդ պատճառով էլ Պետրոսի աթոռը՝ (cathedra, locus) Հռովմի եկեղեցին, որից առաջ է եկել քահանայական միութիւնը (իմա՛ եպիսկոպոսների), ամենագլխաւոր եկեղեցին է (ecclesia principialis. Կիպրիանոսի Նամականի 59): Բայց Կպրիանոսը դրանով չի կամենում Հռովմի ժամանակակից եպիսկոպոսներին աւելի իրաւունքներ տալ, քան թէ միւս աթոռների եպիսկոպոսներին: Հռովմի եպիսկոպոսը միայն «Պատուոյ առաւելութիւն» պէտք է վայելէ, քան միւսները:
Բայց հնարաւոր էր նաև մի այլ հասկացողութիւն. կարելի էր եկեղեցու միութիւնը շեշտել նաև նրանով, որ կար—որ համարուէր մի տեսանելի գլուխ իբրև ներկայացուցիչ եկեղեցու ընդհանրութեան — կաթոլիկութեան: Այդ Հռովմի հասկացողութիւնն էր: Շատ հանգամանքներ նպաստել էին, որ այդ ըմբռնումը յառաջ գար և ի վերջոյ Հռովմի եպիսկոպոսների ծրագիրն ու ուղեցոյցը դառնար: Հռովմը պետութեան մայրաքաղաքն էր և ամբողջ Արևմուտքի միակ ապացուցանելի Առաքելանիստը (Sedes apostolica), կարելի է ասել միակը՝ իւր փառաւոր եկեղեցական աւանդութեամբ: Պօղոս Առաքեալից մինչև Մարկիոն և Վալենտին, Պօղիկարպոսից մինչև Օրիգենէս Հռովմը ամբողջ քրիստոնէութեան սիրտն էր: Նա ինքն էլ զգում էր իւր այդ դրութիւնը և կարողութիւն ունէր օգտուելու դրանից: Հռովմում և այնտեղի եպիսկոպոսների վճիռներով յաղթահարուեց մեծ գնոստիկեան ճգնաժամը: Արդէն Իգնատիոս Անտիոքացին նրան առաջնակարգ տեղ էր տուել բարոյական մեծութեան և սիրոյ գործունէութեան մէջ. իսկ Իրենիոսը Հռովմի եկեղեցին անուանում է «Ամենամեծ, ամենահին, բոլորին յայտնի, Պետրոսի և Պօղոսի հիմնած Հռովմի համայնքը», ուր կենդրոնացած է և պահպանւում է ճշմարիտ առաքելական աւանդութիւնը (Իրեն. Ընդդէմ Հերձ. III, 3):
Բայց Հռովմի համայնքի այդպիսի հեղինակութիւնն ու հռչակը վերաբերում է նաև նրա եպիսկոպոսին ու բարձրացնում է նրա հեղինակութիւնը: Համայնական եկեղեցու զարգացումը դէպի քահանայական եկեղեցի շատ արագ ու զարմանալի գիտակցօրէն է կատարւում Հռովմում: Վիկտորի նման զօրեղ անձնաւորութիւններն ու Կալլիստոսի նման խելօք գործնական քաղաքագէտները Հռովմի համայնքի տեղ իրապէս դնում են Հռովմի եպիսկոպոսներին: Նոքա են վճիռ կայացնում կարգ ու կանոնի (զատկական վէճեր), վարդապետութեան (Միապետականութիւն), դիսցիպլինայի (Մոնտանականութիւն) և այլ խնդիրների վերաբերութեամբ: Նոքա են որոշում, թէ ինչն է կաթոլիկական, հակառակ մի Իրենիոսի, Տերտուլիանոսի և Հիպպոլիտի ընդդիմադրութեան: Վիկտորն և Կալլիստոսն արդէն իրենց իրաւունքն են համարում վճռական կոնդակներով որոշել խնդիրները ամբողջ եկեղեցու համար. իսկ Ստեփանոս եպիսկոպոսն յայտարարում է, որ իրեն վճռին հնազանդուել պարտաւոր են նաև եպիսկոպոսները (Կիպրիանոսի Նամականի 71): Այդ պահանջը մի դատարկ խօսք չէր. Իտալիայի, Գալլիայի և Սպանիայի որոշ եկեղեցիների վրայ Հռովմի եպիսկոպոսներն իրաւունքներ էին բանեցնում (Կիպր. Նամ. 67, 68. Եւս. Եկ. պատմ. VI, 43): Վէճի ժամանակ մինչև անգամ Աղէքսանդրացիք ու Կարթագենացիք էլ Հռովմ են դիմում՝ որոշում խնդրելու համար (Կիպր. Նամ. 59): Պետութիւնն էլ հետզհետէ սկսում է այդ դրութիւնը օրինաւոր ճանաչել. տեսանք թէ ինչպէս Աւրելիանոսը առաջին անգամ Անտիոքի եպիսկոպոսական աթոռի վէճը վճռել վերապահեց Հռովմի եպիսկոպոսին: Հռովմն արդէն այնպէս զօրեղ կերպով էր շեշտում ու գործադրում իւր աւանդութեան իսկական հիմնաւոր իրաւունքը, որ Կիպրիանոսը ստիպուած է զգում իրեն ճշմարտութեան յաւիտենական իրաւունքին ապաստանել, ասելով՝ «Սովորութիւնը առանց ճշմարտութեան միայն մի հին մոլորութիւն է» (Նամականի՝ 74):
Այսպիսով տեսնում ենք, թէ ինչպէս եկեղեցու մէջ արիստոկրատական և միապետական սկզբունքները մրցում են: Թէև վերջինը տրամաբանօրէն աւելի ուղիղ և կատարեալ կերպով է արտայայտում միութեան գաղափարը, բայց առաջնին մեծ ոյժ են տալիս պետութեան զանազան մասերի ազգային տարբերութիւնները, ինչպէս յունական Արևելք և լատինական Արևմուտք, այստեղ՝ Աֆրիկան ու Իտալիան, իսկ այնտեղ՝ Յունաստանը, Ասորիքը և Եգիպտոսը: Կեսարիայի Ֆիրմիլիանոս եպիսկոպոսի նամակը Հռովմի Ստեփանոս եպիսկոպոսի «յանդգնութեան և անզգամութեան» մասին (Կիպրիանոսի Նամականի՝ 75) ցոյց է տալիս, թէ ինչպիսի անդունդ էր բաժանում այդ մի կաթուղիկէ եկեղեցին: