-Աղէքսնադրիայի և Անտիոքի դպրոցների տարբեր հասկացողութիւնների ու արևելեան պատրիարքութիւնների փառասիրական մրցման պատճառով յառաջ եկած այս վէճի նիւթը իսկապէս շարունակութիւն էր այն դաւանական վճռի, որ Նիկիայում տրուեց: Հայրն ու Որդին նոյն բնութիւնն ունին, ասուած էր այնտեղ. բայց դեռ անորոշ էր մնացել այն հարցը, թէ ինչ յարաբերութիւն ունին միմեանց հետ մարդկային մարմին առած Լոգոսն ու մարդկային բնութիւնը: Ուրեմն առաջը դրուած խնդիրն էր՝ Քրիստոսի բնութիւնը քանի՞ է. մէ՞կ, թէ երկու. ի՞նչ տարբերութիւն ունին նոքա: Խնդիրը բացուեց Կ.Պօլսի եպիսկոպոս Նեստորի անզգուշութեան առթիւ: Նեստորը ծննդեամբ Գերմանիկիայից էր (Ասորիքում) և իւր կրթութիւնն ստացել էր Անտիոքում, թերևս աշակերտելով նշանաւոր Թէոդոր Մոպսուեստացուն, և այստեղ իսկ դարձել էր նախ վանական և ապա երէց: Նա մեծ համբաւ էր վայելում իբրև փայլուն ճառախօս. այնպէս որ երբ 428-ին Կ.Պօլիս կանչուեց իբրև եպիսկոպոս, շատերն սպասում էին մի երկրորդ Ոսկեբերան տեսնել յանձին նորա: Սակայն նրա անզգոյշ ընթացքը մեծ յուզում յառաջ բերեց մայրաքաղաքում և շատերին գրգռեց նրա դէմ: Նա իւր գործունէութիւնն սկսեց մի հալածանքով՝ ուղղուած ո՛չ միայն Արիոսականների, Մակեդոնեանների և ուրիշների, այլ և շատերին սիրելի Նովացիանականների դէմ (Սոկր. VII 31): Միւս կողմից Հռովմի կողմնակիցներին նա իրեն հակառակորդ դարձրեց, ընդունելով իբրև ուղղափառների արևմուտքից փախած ու այնտեղ բանադրուած Պելագեան հերձուածողներին: Մի խօսքով այս մարդը կարծես կոչուած էր նաև ուղղափառ ազգաբնակութեան մէջ արդէն փայլփլող վէճը մի հրդեհ դարձնելու և դրանով իրենից դժգոհներին միջոց տալու իրեն կործանելու համար: Սոկրատէսի VII, 32) և իւր տուած տեղեկութիւնների հիման վրայ, նրանից առաջ կար արդէն Կ.Պօլսում այն վէճը, թէ պէ՞տք է արդեօք Մարիամի համար Աստուածածին () արտայայտութիւնը գործածել. բայց Նեստորը յանձնարարեց իւր հետ բերած Անտիոքացի երէց Անաստասիոսին հերքել Մարիամի Աստուածածին լինելը. և երբ վերջինս փոխանակ վէճը մեղմացնելու, միայն աղմուկն աւելի շատացրեց, այն ժամանակ քարոզչական ամբիոնը բարձրացաւ Աստուածածին արտայայտութեան դէմ խօսելու համար նաև ինքը Նեստորը: Իսկոյն նրա դէմն ելաւ Կիւզիկոսի եպիսկոպոս Պրոկղոսը, նրա մտքերը իւր իսկ ներկայութեամբ հերքելու համար: Նեստորը սրան ևս անպատասխան չթողեց, այլ մի շարք քարոզներով աշխատեց նրա առարկութիւնները ջրել: Այդ քարոզներից պարզ երևում են նրա շարժառիթները. նա կամենում էր Աստուծոյ բարձրութիւնը մաքուր պահպանել հեթանոսների առաջ. նա չէր ուզում չափազանց պատիւների արժանացնել Մարիամին և նրա պատճառով յաւիտենական Բանը այնքան ցած իջեցնել, որ նա արարածականին հաւասար դառնայ: Նոյն ժամանակ, երբ Նեստորը այսպիսի անզգոյշ եղանակով յօգուտ իւր հակառակորդների էր աշխատում, մենք տեսնում ենք, որ նա տեղեկութիւն տալով Հռովմի Կեղեստինոս եպիսկոպոսին նոր հերետիկոսութեան մասին, նրան էլ է վէճի մէջ քաշում և միւս կողմից էլ Աղէքսանդրիայի եպիսկոպոս Կիւրեղի հետ վիճաբանական գրագրութեան մէջ է մտնում:
Այդ ժամանակից սկսած վերջին եկեղեցականի սուր անձնաւորութիւնն է մէջ տեղ գալիս, իրեն այնպէս նոյնացնում վէճի պատմութեան հետ, որ նրա աստուածաբանութիւնն ու կեանքը այստեղ նոյն դերն են կատարում, ինչ որ Աթանասինը արիոսական վէճերի մէջ: Նա իսկոյն հասկացաւ վէճի նշանակութիւնը իբրև սկզբունքի խնդրի և Անտիոքի վարդապետութեան դէմ դրեց Աղէքսանդրիայի քրիստոսաբանութիւնը: Սակայն այս »երկրորդ Աթանասը«, ինչպէս նրան արդէն իւր իսկ ժամանակակիցները կոչեցին, շատ յետ մնաց առաջին Աթանասից, մանաւանդ ինչ որ շարժառիթների մաքրութեանն է վերաբերում: Մի կրքով բռնուած իշխանական բնաւորութիւն էր սա, որ իւր եպիսկոպոսական աթոռի համար մեծամեծ աշխարհային նպատակներ ունէր (Սոկրատ VII 7): Կարծես թէ իւր հօրեղբօր և նախորդի Թէոփիլոսի իշխանասիրական ոգին էր իջել նրա վրայ. և նա որոշել էր այն ամբողջ իշխանութիւնը, որ հօրեղբայրն էր թողել իրեն, Աղէքսանդրիայի զօրութիւնը մեծացնելով գործադրել յօգուտ և ի փառս իւր աթոռի:
Կիւրեղի մանկութեան մասին ոչինչ յայտնի չէ. այսքանը գիտենք, որ նա Աղէքսանդրացի էր, որոշ ժամանակ անապատի հայրերի մօտ ապրած: Նա ներկայ էր 403-ին Կ. Պօլսում, իւր հօրեղբօր անպատուաբեր գործունէութեանն ու ոտնձգութիւններին Ոսկեբերանի դէմ, և այնտեղ սովորեց վաղ ըմբռնել ժամանակի ոյժերն ու իւր սեպհական նպատակը: Երբ նա իւր հօրեղբօր մահից 3 օր յետոյ 412-ին, հակառակ պետական իշխանութեան կամքին, Աղէքսանդրիայի եպիսկոպոս ընտրուեցաւ, սկսեց իւր գործունէութիւնը մի յայտնի հալածանքով Օրէստէս կուսակալի դէմ. յառաջ բերելով ամբողջ եկեղեցական մոլեռանդութիւնը այդ նպատակի համար, որին զոհ գնաց միանգամայն անմեղ և ազնիւ կին փիլիսոփայ Հիւպատիան 415 թուին, հաւանօրէն ոչ առանց Կիւրեղի մեղսակցութեան:
Այնուամենայնիւ կայսերական պալատը նրա կողմն էր և Ռեգենտուհի Պուլխերիան 418-ին դարձեալ նրա իշխանութեան ենթարկեց հիւանդապահների խումբը, այսպէս կոչուած Պարաբոլաններին, որոնք Կիւրղի ձեռքում միևնոյն ժամանակ գործիք էին նրա նպատակների համար և որոնք սպանել էին Հիւպատիային:
Կիւրեղ Աղէքսանդրացու քրիստոսաբանական դրութիւնը նոյնն է իւր գլխաւոր գծերով, ինչ որ Աթանասինն ու Կապադովկացիներինը: Քրիստոսը հոմոուզիոս է մեզ հետ, բայց նրա մէջ Աստուածային ու մարդկային բնութիւնները միացած են անայլայլելի և անխառն կերպով և կազմում են մի անձնաւորութիւն, որի մէջ առաջնորդող դերը կատարողն ու անձնաւորութիւն կազմողը Աստուածային բնութիւնն է: Երկու բնութիւնների միութիւնը այնպէս է, որ իսկապէս միայն մարդեղութիւնից առաջ կարելի է այդ բնութիւնների բաժան լինելը նկատել.-նրանից յետոյ մարդկայինը մի միութիւն է կազմում Աստուածայինի հետ: Այդ պատճառով էլ Կիւրեղը շարունակ գործ է ածում Ապօլինարիստական բանաձևերը-»Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացեալ« և »Մի բնութիւն յերկուց բնութեանց« (Mia fusuz tou qeou logou sesarkwmenh, և ek duo fusewn eiz): Պարզ է որ Կիւրղի վարդապետութիւնը զուտ միաբնակական է և երևութական. միայն բանաձևերի միջոցով է նա ծածկում այդ հանգամանքը. աւելի խորը տեսնողները նրա »անչարչարելին չարչարեալ« գաղափարի մէջ պիտի բնականաբար Ապոլինարի վարդապետութիւնը տեսնէին: Իւր այս գաղափարները Կիւրեղը ամենից առաջ Նեստորի դէմ արտայայտեց 429 թուի զատկական նամակի մէջ, և ապա եգիպտական վանականներին գրած ա. թղթի մէջ, եկեղեցական ըմբնռնման արտայայտութիւնը տեսնելով »Աստուածածին« խօսքի մէջ: Երբ վերջին թուղթը Նեստորի ձեռքն ընկաւ, երկու պատրիարքները մի յուզուած գրագրութիւն սկսեցին, բայց չափը դեռ պահպանւում էր:
Դրութիւնը աւելի ծանրացաւ այն պատճառով, որ ինչպէս Ոսկեբերանի ժամանակ, այնպէս էլ այժմ Աղէքսանդրացի եկեղեցականներ փախչելով Պօլիս, Նեստորի մօտ, գանգատուեցին իրենց հովուապետի վրայ և Նեստորը նրանց սիրալիր ունկնդրութիւն շնորհեց: Աղէքսանդրացին այժմ կարևոր համարեց կրկին յարաբերութեան մէջ մտնել Կ. Պօլսի պատրիարքի հակառակ կուսակցութեան հետ և իւր սեպհական լրտեսների միջոցով մանրամասն տեղեկութիւններ սկսեց ստանալ Կ.Պօլսից: Կիւրեղը մի նոր վիրաւորական թուղթ գրեց Նեստորին, կամենալով նրան ուղղափառութիւն ուսուցանել. բայց Նեստորը նրա այս թղթին շատ բարձրից պատասխանեց, միևնոյն ժամանակ սպառնական հեգնութեամբ շնորհակալութիւն յայտնելով նրա աւելորդ հոգսերի մասին մայրաքաղաքի գործերի նկատմամբ:
Շատ նշանակալից էր արևելեան երկու մեծ պատրիարքների վէճի առթիւ Հռովմի բռնած դիրքը: Մենք տեսանք, որ Ոսկեբերանը իւր ժամանակ Հռովմի համակրութիւնն էր վայելում. այժմ երկու կողմն էլ ձգտում են Կեղեստինոս պապին իրենց կողմն անցկացնել, բայց Նեստորը այստեղ ևս անզգոյշ է վարւում: Այն ինչ Նեստորը միայն տեղեկութիւն է տալիս պապին նոր հերետիկոսութեան մասին, չնայելով որ նրա վրայ առանց այն էլ արևմուտքում կասկածանքով էին նայում Պելագեանների հետ ունեցած մօտիկ յարաբերութեան պատճառով, որոնց մասին նա նոյն նամակով տեղեկութիւն է խնդրում, կարծես նրանք վաղուց նզովուած չլինէին, Կիւրեղ Աղէքսանդրացին խելօք հեզութեամբ գործը յանձնում է Հռովմի վճռին և խնդրում է ուսուցանել ճշմարտութիւնը բաժան բաժան եղած արևելքին: Ամենևին զարմանալի չէ, որ չնայելով արևմուտքի տարբեր հասկացողութեան, պապը 430-ի մի Հռովմէական ժողովով սպառնաց Նեստորին բանադրել, կատարումը Կիւրեղին յանձնեց և արևելքի եպիսկոպոսներին ու Նեստորի համայնքին այդ վճռի մասին տեղեկութիւն տուեց: Կիւրեղը որ դրան էր սպասում, Աղէքսանդրիայում անմիջապէս մի ժողով գումարեց և այնտեղ վճռել տուեց, որ Նեստորը անպայման պիտի բանադրուի, եթէ նա բացարձակ կերպով չդատապարտէ իւր նախկին ըմբռնողութիւնը. ժողովի թղթին կցեց 12 անաթեմաներ, որոնց Նեստորը պիտի համաձայնէր: Դորան ի պատասխան Նեստորը հրատարակեց12 հակառակ անաթեմաներ, և այժմ նրա կողմն անցան Անտիոքի Յովհաննէս եպիսկոպոսը, որ առաջ անօգուտ կերպով աշխատում էր միջնորդի դեր կատարել երկուսի մէջ, Սամոսատի Անդրէաս եպիսկոպոսը և Կիւրոսի Թէոդորէտ եպիսկոպոսը, Կիւրղի դէմ գրելով: Ամբողջ Անտիոքի դպրոցը ոտքի կանգնեց և երկու կողմն էլ հրատարակեցին իրենց ծրագիրները:
Աղէքսանդրացու դրութիւնը այժմ աւելի լաւ էր, քան Ոսկեբերանի վէճի ժամանակ. եթէ յաջողուէր միայն կայսրին էլ իրենց կողմն անցկացնել, որին արդէն Կ.Պօլսի վանականները գրգռել էին իւր պալատական պատրիարքի դէմ, այն ժամանակ կարելի էր յուսալ Նեստորին էլ, Ոսկեբերանի նման, առանց մի մեծ ժողովի գահընկեց անել: Այդ գործն յաջողցնելու համար Աղէքսանդրացին դարձեալ յոյսը դրել էր կանանց օժանդակութեան վրայ, աշխատելով այժմ ազդել նրանց ուղղափառութեան ու ճգնական զգացմունքների վրայ. այդ նպատակով նա ներկայացրել էր կայսերն ու կայսրուհուն, նաև կայսեր մատաղահաս քոյրերին Նեստորի դէմ գրուածքներ: Սակայն նրա հաշիւը այս անգամ սխալ դուրս եկաւ, և նա դրանով միայն կայսեր բարկութիւնը շարժեց, որովհետև վերջինս համարեց այդ մի յանդուգն և անտակտ մուտք կայսերական տան անդամների սերտ յարաբերութիւնների մէջ: Նեստորն այժմ աւելի ամուր էր նստած իւր տեղում, քան թէ վէճի սկզբում, և կայսրը վերջապէս հաճեց տեղի տալ այդ գործը մի տիեզերական ժողովով վճռելու խնդիրներին: Նա Կիւրեղին էլ հրամայեց մի շատ անողոք թղթով, որի մէջ նա Աղէքսանդրիայի պատրիարքին ասում էր, թէ »Դու քո փառասիրութեամբ, խորամանկութեամբ ու յանդգնութեամբ եկեղեցին պղտորում ես, և այժմ էլ կայսերական տան անդամներին ես ուզում իրար հետ կռուացնել«, ներկայանալ այդ տիեզերական ժողովին և նրա առաջ պատասխան տալ: Կայսրը ուրեմն ամենևին մտադիր չէր Ոսկեբերանի ողբերգութիւնը կրկնել տալ, ընդհակառակը նա կամենում էր դրա առաջն առնել. և թւում էր թէ Աղէքսանդրացին գործը տանուլ էր տուել: Սակայն գործի յետագայ զարգացումը հակառակը ցոյց տուեց:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ