Ա. Քրիստոնէութեան երկարատև հալածանքների պատճառով, սկսած Դիոկղետիանոսի օրերից, դարձեալ բազմացել էին անկեալները և սուր կերպարանք էր ստացել նրանց խնդիրը: Ահագին խռովութեան պատճառ էին եղել նոքա Կոստանդնի միապետ դառնալուց էլ առաջ Հռովմում՝ Մարկելլոս (307-309) և Եւսեբիոս (309) եպիսկոպոսների ժամանակ: 309 թուին Մաքսենտիոսը Եւսեբիոսին էլ, նրա հակառակորդ Հերակլիոսին էլ աքսորեց, խաղաղութիւնը վերականգնելու նպատակով:
Շատ խառն էր դարձել դրութիւնը նաև Աղէքսանդրիայում. այստեղ Պետրոս եպիսկոպոսը 306-ին մի շրջաբերական թղթով մեղմ սկզբունքներ էր յայտարարել անկեալների համար և խոհեմութիւն էր համարել նրանց իսկոյն և եթ ընդունել համայնքի մէջ, խորհուրդ տալով առհասարակ խոյս տալ վտանգներից և չդիմել նահատակութեան: Նորա դէմ դուրս եկաւ Լիւկոպոլսոյ Մելետիոս եպիսկոպոսը, նպատակ ունենալով գլխաւորապէս Աղէքսանդրիայի մետրապոլտական իշխանութեան դէմ մաքառել: Մեծ յուզումն էր տիրում այդ պատճառով Աղէքսանդրիայում. և այդ խտովութիւնը երկար տևեց, մինչև Նիկիայի ժողովը վերստին հաստատեց Աղէքսանդրիայի մետրապոլտական իշխանութիւնը և լռեցրեց Մելետիոսին:
Սակայն ամենամեծ ծաւալն ստանում և սկզբունքի խնդիր է դառնում ամբողջ վէճը դարձեալ Աֆրիկայում, Տերտուլիանոսի և Կիպրիանոսի հայրենիքում: Շնորհիւ այդ երկու նշանաւոր մարդկանց հեղինակութեան՝ Աֆրիկայի եկեղեցին սկզբից և եթ առանձին դիրք ունէր արևմուտքում, և պահպանել էր նաև շատ առանձնայատուկ սովորութիւններ: Օրինակ՝ Աֆրիկայի ամենագլխաւոր եպիսկոպոսի՝ Կարթագենի եպիսկոպոսի ընտրութեանը մասնակցում էին ո՛չ միայն, ինչպէս սովորութիւն էր ընդհանրական եկեղեցու մէջ, քաղաքի համայնքը իւր հոգևորականութեամբ ու նահանգի եպիսկոպոսներով, այլ և Նումիդիացիք, որոնց Պրիմասի (աւագագոյն եպիսկոպոսի) իրաւունքն էր ձեռնադրութիւնը: Բացի այդ՝ հակառակ Հռովմում իշխող սկզբունքների, Աֆրիկացիք առ ոչինչ էին համարում հերձուածողների մկրտութիւնը, և հերետիկոսութիւնից ընդհանրական եկեղեցու գիրկը դառնալ ցանկացողներին կրկին մկրտում էին: Աֆրիկացիների համոզմամբ մահացու յանցանք գործած եպիսկոպոսը, մանաւանդ հալածանքների ժամանակ ուրացողը, ո՛չ մի կերպ արժանի չէր ճանաչուելու այլ ևս պաշտօնավարութեան. նրա կատարած խորհուրդները վաւերական համարուել չէին կարող, այն ինչ Հռովմի Կալլիստոս և Ստեփան եպիսկոպոսները այդ խիստ սկզբունքները մերժել էին:
Այս առանձնայատկութիւնները մեծ նշանակութիւն ստացած Դոնատեան վէճերի առթիւ: Արդէն հալածանքների ժամանակ Կարթագենում մեծ դժգոհութիւններ կային խիստ զգուշաւոր և ամեն կրօնական տարօրինակութիւնների հակառակ Մենսուրիոս եպիսկոպոսի դէմ: Վերջնիս մահից յետոյ († 311) նրա համակիրները առանց Նումիդիացւոց եպիսկոպոսների մասնակցութեան, միայն աֆրիկացիների հետ, ընտրեցին Ցիցիլիանոս սարկաւագին եպիսկոպոս և վերջինս իւր ձեռնադրութիւնն ստացաւ ո՛չ թէ նումիդական Պրիմասից, այլ Ապտունգայի եպիսկոպոս Ֆելիքսից: Այս անկանոնութիւնը թելադրեց հակառակ կուսակցութեան, Տիգիզիսի Սեկունդուս Պրիմասի առաջնորդութեամբ Ցիցիլիանի եպիսկոպոսութիւնը առ ոչինչ հրատարակել և Լեկտոր Մայորինին եպիսկոպոս ձեռնադրել: Վերջինս համակիրներ ունէր ո՛չ միայն Նումիդիայում, այլ և մնացեալ Աֆրիկայում. այնպէս որ այս ձևով Աֆրիկայի եկեղեցու երկպառակութիւնը կատարեալ էր:
Սակայն խնդիրը միայն Աֆրիկայի սահմաններում չմնաց. հին եկեղեցական սովորութեան համաձայն նոր եպիսկոպոսի ձեռնադրութիւնից յետոյ միւս մեծ համայնքների եպիսկոպոսները պիտի յայտնէին թէ արդեօք երկուսից որի՞ հետ են կամենում եկեղեցական հաղորդակցութիւն պահպանել: Այդ մեծ համայնքների եպիսկոպոսները ինչքան յայտնի է, օրինաւոր էին ճանաչել Ցիցիլիանին, համարելով նրա ընտրութիւնը ընդհանուր եկեղեցու օրէնքների համաձայն կանոնաւոր: Եւ յիրաւի Ցեցիլիանի ընտրութիւնը հակառակ էր միայն Աֆրիկայի եկեղեցու որոշ առանձնայատուկ սովորութեանը:
Գործը ծանր կերպարանք ստացաւ, երբ Կոստանդինը յաղթելով Մաքսենտիոսին, տիրեց նաև Աֆրիկային և Կորդուբայի Հոզիոս եպիսկոպոսի խորհրդով այն ամեն առաւելութիւնները, որ վայելում էր կաթոլիկ եկեղեցին պետութեան մէջ, Ցեցիլիանին շնորհեց, և նրան պետութեան օգնութիւնը խոստացաւ իւր հակառակորդների դէմ (312): Այս առթիւ հակառակ կուսակցութիւնը դիմեց կայսեր և յայտնեց, որ Ցեցիլիանը, որպէս մեղքերի տէր մարդ, եպիսկոպոսական իշխանութիւն վարելու իրաւունք պիտի չունենայ: Կոստանդինը քննութիւն նշանակեց, գործը յանձնելով 19 Իտալական և Գաղղիական եպիսկոպոսների, որոնք Հռովմում ժողով կազմեցին (313 Հոկտ.) և Ցեցիլիանին բոլորովին արդար դուրս բերին: Հակառակորդները դիմեցին կրկին կայսրին, միևնոյն ժամանակ բողոքելով և յայտնելով, որ Ցեցիլիանի ձեռնադրութիւնն անընդունելի է հէնց միայն այն պատճառով, որ նրան ձեռնադրող Ապտունգայի Ֆելիքս եպիսկոպոսը անկեալ (Lapsus) է եղել, ուրեմն և եպիսկոպոսական իշխանութիւն վարելուց (այսինքն ձեռնադրելու իրաւունքից) զուրկ: Այս բողոքն ևս անարդար դուրս եկաւ: Այնուամենայնիւ կայսրը ժողովի հրաւիրեց արևմտեան եպիսկոպոսներին Արելատում, որոնց վճիռը սակայն դարձեալ նոյնն եղաւ, ինչ որ նախկին ժողովինը: Այս ժողովը որոշեց միևնոյն ժամանակ Աֆրիկայի առանձնայատկութիւններից մի քանիսը ոչնչացնել.- այդպէս՝ հերետիկոսների կրկին մկրտութիւնը, այն սկզբունքը թէ մի մահացու մեղաւորի կամ ուրացողի ձեռքով կատարած ձեռնադրութիւնը ընդհանրապէս անընդունելի է (Կան. 8 և 13): Որոշուեց նաև վերացնել Աֆրիկայի այն սովորութիւնը, որ Կարթագենի եպիսկոպոսին միայն Նումիդացիների Պրիմասը ձեռնադրել կարող է: Այսպիսով Աֆրիկացիների մի մասը թողեց իւր առանձնայատուկ սովորութիւնները և միացաւ մնացեալ արևմուտքի հետ: Դոնատիստները – այսպէս անուանուած Մայորինի յաջորդ Դոնատոս մեծի (316-ից սկսած) անուամբ – դարձեալ բողոքեցին կայսրին, բայց վերջինս տուեց իւր անձնական որոշումը կրկին յօգուտ Ցեցիլիանի: Դոնատիստները վճռեցին չհնազանդել կայսեր, և խռովութիւնը քանի գնաց մեծացաւ: Եպիսկոպոսների մեծագոյն մասը, մանաւանդ Նումիդիայում, ինչպէս երևում է Դոնատիստներ են եղել, այնպէս որ Ցեցիլիանը համակրութիւն էր վայելում Հռովմէական ազգաբնակութեան մէջ միայն, և այդ իսկ պատճառով շատ դժուար էր նրա համար կարևոր հոգևորական կուսակցութիւն ստեղծել Դոնատիստների դէմ:
Այսպիսով սկզբնական անձանց խնդիրը հետզհետէ դարձաւ սկզբունքի և այնուհետև ցեղային խնդիր, որի առաջ նահանգական առանձնայատուկ կազմակերպութեան խնդիրն ևս յետ մղուեցաւ: Դոնատիստները համարում էին իրենց Աֆրիկայի հին ընդհանրական եկեղեցու իսկական ժառանգորդները և այդ պատճառով էլ ցանկանում էին կաթոլիկ անունն իրենց վրայ ունենալ: Ցեցիլիանիստներին նոքա Սակրամենտներից (Ս. խորհուրդներից) զուրկ հրատարակեցին և նրանցից իրենց համայնքի գիրկը դարձողներին կրկին մկրտում էին: Իրենց սեպհական եկեղեցին նոքա սուրբ էին համարում այն պատճառով, որովհետև իրենց հոգևորականութիւնը մահացու մեղքերից ազատ էր: Սորա փոխարէն Ցեցիլիանիստները իրենց կաթոլիկ լինելը նրանով էին ապացուցանել աշխատում, որ իրենք միացած էին ամբողջ երկրի վերայ տարածուած ընդհանրական եկեղեցու հետ:
Դրութիւնն այնպէս էր դարձել, որ միութիւն առաջ բերելու փորձերը ի զուր էին: 318-ից կամ 319-ից սկսած պետութիւնը սկսեց բռնութիւն գործ դնել Դոնատիստների վրայ, նրանց եկեղեցիները գրաւելով: Սակայն այս հանգամանքը կրքերը աւելի գրգռեց, այնպէս որ Կոստանդինը ստիպուած եղաւ 321-ին հալածանքը դադարեցնել և եկեղեցական միութիւնը զոհ բերել նահանգի խաղաղութեանը: Աքսորուած Դոնատիստները իրաւունք ստացան կրկին վերադառնալ և նրանց եկեղեցին բոլորովին ազատութիւն ստացաւ: Կայսերական քաղաքականութիւնը ուրեմն այս խնդրում իւր նպատակին հասնել չկարողացաւ:
Կոստանդինի որդի Կոստանցիոսը սակայն չհետևեց իւր հօր քաղաքականութեանը, այլ իսկոյն հալածանքը նորոգեց և դրանով պատճառ դարձաւ խնդրի աւելի կնճռոտուելուն: Նրա հալածանքի հետևանքն այն եղաւ, որ բոլոր անապատականները, ստրուկները և անբաւական մարդիկ Դոնատիստների կողմն անցան և վերջիններիս կողմից սիրով ընդունելութիւն գտան: Այսպիսով կազմուեց մի սոցիալական կուսակցութիւն, որի մէջ իբրև սկզբունք ընդունել էին կամենում քրիստոնէական եղբայրութիւնն ու մարդկանց հաւասարութիւնը: Նոքա ստիպում էին մեծամեծներին կատարել ստրուկների գործերը. և առհասարակ համամիտ էին ամեն տեսակ ծայրայեղ արարքների. այդպէս նոքա սկսեցին յարձակուել կաթոլիկ եկեղեցիների վրայ, այնպէս որ պետութիւնը ստիպուած եղաւ ապստամբութիւն համարել նոցա վարմունքը պետական կարգերի դէմ և 354 թուականին զէնքի ոյժով անկարգութիւնների առաջն առաւ:
Եկեղեցական բաժանումը մնաց սակայն այնուամենայնիւ նոյն դրութեան մէջ, որքան էլ այն տհաճ լինէր կայսեր համար: Կոստանցիոսը փորձեց փողի զօրութեամբ Դոնատիստներին իւր կողմն անցկացնել, սակայն այդ էլ չյաջողուեց նրան, շնորհիւ Դոնատոս մեծի լուրջ բողոքների և եռանդուն գործունէութեան, այնպէս որ այդ առթիւ ծագած խռովութիւններն ևս կայսրը ստիպուած եղաւ զէնքի ոյժով դադարեցնել: Այսպէս մնաց դրութիւնը մինչև Յուլիանոս կայսրը: Վերջինս շնորհեց Դոնատիստներին կատարեալ ազատութիւն, այնպէս որ նոքա առանց խոչընդոտների յառաջ գնալ և աճել կարող էին. և մինչև անգամ Գրատիանոս կայսեր արգելքները (377) նրանց վնասել չկարողացան ամենևին:
Ե. դարու սկզբում պետութեան դիրքը դէպի Դոնատիստները կրկին շատ խստացաւ, և մտաւոր ասպարիզում էլ նրանց դէմ ելաւ Օգոստինոսը, որը ընդունելով եկեղեցին իբրև Քրիստոսի սիրով տոգորուածների համայնքը, յայտարարեց, որ Դոնատիստները կաթոլիկ եկեղեցուն չէն պատկանում, որովհետև նոքա մերժել են այդ սէրը և հեռացել, բաժանուել են ընդհանուր եկեղեցուց: Օգոստինոսի նման մի նշանաւոր փիիլիսոփայի հետ մրցող ոյժ չունեցան Դոնատիստները և այդ պատճառով մտաւոր ասպարիզում յաղթահարուեցան:
Սակայն նոյն Օգոստինոսի դրդմամբ պետութիւնը սկսեց նաև վարչական խիստ միջոցներ ձեռք առնել Դոնատիստների դէմ: Հոնորիոս կայսեր օրով 411-ին Կարթագենում մի ժողով եղաւ Դոնատիստների հետ վիճաբանելու և արդարութիւնը որոշելու համար: Բայց կայսեր ներկայացուցիչները 3 օրուայ վիճաբանութիւններից յետոյ որոշեցին բնականաբար, թէ Դոնատիստները յաղթուած են: Սկսուեցին նոր խիստ հալածանքներ նոցա դէմ. 415-ից սկսած մահուան պատիժ նշանակուեցաւ Դոնատիստների ժողովներին մասնակցողների համար, իսկ 419-ից սկսած ամբողջ Դոնատեան հերձուածը հրատարակուեց բոլոր իրաւունքներից զրկուած:
Քաղաքականութիւնը այնուհետև երկար ժամանակ չփոխուեց և Դոնատիստները քանի գնացին թուլացան. սակայն հալածանքներն անկարող եղան միանգամայն ոչնչացնել նոցա, ինչպէս որ հալածանքներով ընդհանրապէս անկարելի է մարդկանց ազատ մտածող միտքը կաշկանդել և ազատ խիղճն ու համոզմունքը խեղդել: Միայն Վանդալների և արաբների արհաւիրքները կարող եղան իսպառ բնաջինջ անել Դոնատիստներին:
Բ. Յատկապէս սկսում են ուշք դարձնել »հին հերձուածների« ոչնչացման վրայ. և այդ գործում մեծ ծառայութիւն է մատուցանում Կիպրոսի Կոնստանցիա (Սալամիս) քաղաքի եպիսկոպոս, և դրանով նաև ամբողջ Կղզու մետրոպոլիտ, Եպիփանը: Սա ծնուած էր մօտ 315 թուականին Հրէաստանում Էլեւթերոպոլսի մօտ, և իբրև ճգնական կեանք վարող սուրբ անձնաւորութիւն շատ մեծ հռչակ ունէր: Թէև նա հինգ լեզու գիտէր, մի հազուագիւտ երևոյթ այս շրջանում (յունարէն, ասորերէն, եբրայեցերէն, կոպտերէն և մի քիչ լատիներէն), բայց և այնպէս փոքր մարդ էր, չնչին ընդունակութիւնների տէր և առանձնապէս չէր սիրում ուրիշների իրաւունքը ճանաչել, մանաւանդ հաւատոյ խնդիրներում: Յատկապէս նա կռիւ էր մղում Օրիգենէսի դէմ. և այդ պատճառով էլ Աղէքսանդրիայի Թէոփիլոս եպիսկոպոսի դրդմամբ խառնուեց »Ոսկեբերանի վէճին«, ուր նա ստիպուած եղաւ իւր անզօրութիւնը ճանաչել և հայրենիք վերադառնել, որի ժամանակ 403-ին մեռաւ:
), ուր »դեղեր« են (Panarion) Նրա ամենագլխաւոր գրուածքն է »Դեղերի արկղիկը« ( զետեղուած 80 հերետիկոսութիւնների դէմ: Գրուածքը առաջ է եկել 374-377 թուականը, և թէև լի է խառնաշփոթութիւններով, ուղիղ դատողութիւնն էլ պակասում է, բայց այնուամենայնիւ մի թանգագին աղբիւր է հերետիկոսութիւնների պատմութեան համար, որովհետև ուրիշը չունինք:
Արևմուտքում Եպիփանի օրինակին էր հետևում մի աւելի աննշան անձնաւորութիւն, Բրեսճիայի եպիսկոպոս Փիլաստրիոսը: Յիշելի է նաև Բոստրայի եպիսկոպոս Տիտոսը († 374), Արաբիայի մետրոպոլիտը, որ իւր գրուածքներով յատկապէս կռիւ էր մղում Մանիքէականութեան դէմ, որը քանի դէպի արևմուտք էր անցնում, այնքան արտաքինով աւելի քրիստոնէական էր դառնում:
Քրիստոնէական եկեղեցու մարտի հետևանքը այս զանազան հերձուածների դէմ այն եղաւ, որ պետութիւնն ևս օրէնքներ սահմանեց նրանց դէմ: Արդէն 372 թուին Վալենտինիան Ա.-ի օրով արգելւում են նրանց ժողովները. եթէ մէկը այնուամենայնիւ մասնակցէ այդ ժողովներին, այդպիսին 381-ից սկսած զրկւում է կտակելու իրաւունքից: Գրատիանոսի 378 թուի համբերատարութեան հրովարտակից նոքա դուրս մնացին ծայրայեղ արիոսականների հետ: 382-ի մի օրէնք վտանգաւոր Մանիքեցիներին մահ է սպառնում, իսկ 389-ից սկսած արգելում են նրանց Հռովմում ապրել, մահուան պատժի սպառնալիքով: Թէև 407 թուականից սկսած Մանիքեցիք յանցագործների շարքն են ընկած և բոլորովին իրաւազուրկ են, այնուամենայնիւ օրինակ Աֆրիկայում նրանք իրենց գոյութիւնը պահեցին մինչև Վանդալների արշաւանքը. իսկ Հռովմում միայն Լևոն Մեծը կարողացաւ նրանց Վալենտինիան III-ի օրով (425-455) արմատախիլ անել:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ