Ա Թգ 3.21‐4.18։ Առ 3.11‐4.14։ Եր 2.31‐3.16։
Ա Թագաւորաց
21Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր։
4 Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։ 2Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։ 3Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ։ Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։ 4Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին։ 5Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց։ 6Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ 7Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր։ 8Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից։ Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում։ 9Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան։ Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»։ 10Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը։ Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ։ 11Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին։ 12Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել։ 13Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար։ Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց։ 14Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին։ 15Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։ 16Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»։ 17Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»։ 18Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել։
Առակներ
11Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, 12քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։ 13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։ 15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։ 18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ 21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ 24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։ 27Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ 28Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 29Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ։ 30Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։ 31Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, 32քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ։ 33Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են։ 34Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
4 Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, 2քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, 3որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։ 4Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում,պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, 5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։ 6Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ 7, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։ 8Իմաստութի՛ւն ձեռք բեր, – ահա զգօնութեան սկիզբը, – եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։ 9Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը։ 10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։ 11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։ 12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։ 15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ 16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։ 17Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, 18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։
Երեմիա
31Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը,այսպէս է ասում Տէրը.«Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞ր, որ իմ ժողովուրդն ասաց. «Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ»։ 32Միթէ հարսը կը մոռանա՞յ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ։ 33Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները։ 34Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ։ 35Դու ասացիր, թէ՝ «Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ»։ Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի։ 36Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր։ 37Այնտեղի՛ց էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես»։
3 «Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ, – ասում է Տէրը։ – 2Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր։ Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր։ 3Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը։ 4Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան։ 5«Միթէ Տէրը յաւիտեան բարկացա՞ծ պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի՞».- ահա այսպէս ասացիր դու,գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»։ 6Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ։ 7Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ «Ինձ մօ՛տ դարձիր», բայց չդարձաւ։ Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը։ 8Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ։ 9Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։ 10Այս ամենից յետոյ, – ասում է Տէրը, – նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ՝ դարձաւ ստութեամբ։ 11Իսրայէլը, – ասում է ինձ Տէրը, – արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ։ 12Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, – ասում է Տէրը։ – Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, – ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի։ 13Բայց դու գիտակցի՛ր քո անօրէնութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծու դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր, – ասում է Տէրը։ – 14Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, – ասում է Տէրը։ – Կ՚առնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին եւ ամէն ցեղից՝ երկուսին, ու կը տանեմ ձեզ Սիոն։ 15Իմ սրտին հաճելի առաջնորդներ կը տամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովուութիւն անեն ձեզ։ 16Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք, – ասում է Տէրը, – այլեւս չեն ասելու՝ «Իսրայէլի Սուրբ Ուխտի տապանակը», չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտռուելու այն եւ չի վերաշինուելու։