ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 11.25‐32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.22‐36։
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ
25եւ ապա ամբողջ Իսրայէլը կը փրկուի, ինչպէս գրուած էլ է. 26Աւետարանիս համաձայն նրանք թշնամիներ են ձեր օգտի համար, բայց ընտրութեան տեսակէտից, սիրելիներ՝ իրենց հայրերի պատճառով, 27քանզի Աստծու պարգեւը եւ կոչը անդառնալի են. 28արդարեւ, ինչպէս դուք էլ մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն եւ հիմա ողորմութիւն գտաք նրանց անհնազանդութեամբ, 29նոյնպէս եւ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր այդ ողորմութեան պատճառով, որպէսզի իրենք էլ իրենց հերթին ողորմութիւն գտնեն. 30քանի որ Աստուած բոլորին էլ արգելափակեց անհաւատութեան մէջ, որպէսզի բոլորին էլ ողորմի։ 31Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները։ 32Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամէն բան։ Նրան փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։ 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։ 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ 25Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։ 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին։ 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»։ 28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ 29Եւ նա ասաց՝ արի՛։ Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։ 30Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ։ Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց։ 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»։ 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։ 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին։