Մարկիոնը Պոնտացի է և գնոստիկականութեան մէջ առանձին կարևոր դիրք ունի: Եկեղեցին նրան ճանաչում է իբրև իւր ամենանշանաւոր հակառակորդը: Պօղիկարպոսը անուանում է նրան Հռովմում «Սատանայի անդրանիկ որդի» (Իրեն. III 3): Յուստին փիլիսոփան, Կորնթոսի Դիոնիւսիոս եպիսկոպոսը, Թէոփիլոս Անտիոքացին և Մելիտոն Սարդէսցին, մի խօսքով՝ համարեա բոլոր եկեղեցական հայրերը Մարկիոնի դէմ գրել են: Յիրաւի Մարկիոնը վտանգաւոր էր եկեղեցու համար, որովհետև նորա վարդապետութեան ուղղութիւնը ոչ թէ վերացական աստուածաբանական էր, այլ գործնական կրօնական. որովհետև նա ոչ թէ առանձին դպրոց էր ուզում կազմել, այլ մտադրութիւն ունէր ամբողջ եկեղեցին բարեփոխել. և որովհետև նա քրիստոնէական գաղափարները աւելի խոր կերպով էր ըմբռնում:
Աստուծոյ փրկիչ սէրը դառնում է Մարկիոնի համար ամենից կարևորը քրիստոնէութեան մէջ, միակ նոր բանը, որ մինչև այդ ժամանակ ծածկուած էր. իսկ Պօղոսը դառնում է միակ ճշմարիտ առաքեալը: Հին Կտակարանը նա ամենևին չի ընդունում: Պօղոսի թղթերի մէջ եղած հակասութիւնը օրէնքի և աւետարանի մէջ, նա դարձնում է հակառակութիւն ստեղծող Աստուծոյ և բարձրագոյն Աստուծոյ մէջ: Այնուամենայնիւ Մարկիոնը իւր բոլոր գաղափարներով ամենից մօտ էր քրիստոնէութեանը: Աւանդութիւնը պատմում է, որ նա իւր կեանքի վերջին օրերը ցանկացել է նորից եկեղեցու գիրկը դառնալ:
Նա ծնուած է Սինոպում — Անտոնինոս Պիոս կայսեր ու Հռովմի Պիոս պապի ժամանակ, 140 ական թուականների սկիզբներին, Հռովմ էր եկել, թերևս այստեղ քրիստոնեայ դարձել ըստ Տերտուլիանոսի Հռովմի եկեղեցուն մի մեծ գումար նուիրաբերել: Ուրիշ աւելի պակաս վստահելի տեղեկութիւններ պատմում են, թէ նա Սինոպի եպիսկոպոսի որդին էր, եկեղեցու հաղորդակցութիւնից արտաքսուել էր՝ այնտեղ մի կոյսի պատիւ արատաւորած լինելու պատճառով: Հռովմում Մարկիոնն ընկաւ ասորական գնոստիկ Կերդոնի ազդեցութեան տակ, որ Հռովմի Հիւգին եպիսկոպոսի ժամանակ (136-140) Հռովմ էր եկել, և շատ շուտով գայթակղութեան առիթ դարձել համայնքի մէջ. Մարկիոնը իւր համադրութիւնը ամենայն հաւանականութեամբ Կերդոնից պիտի փոխ առած լինի: Կերդոնի հետ միանալուց յետոյ Մարկիոնը գժտուեց Հռովմի համայնքի հետ, որը նրան յետ դարձրեց նուիրած գումարը:
Իրենիոսի վկայութեան համաձայն, նորա վարդապետութիւնը ծաղկած դրութեան մէջ էր Հռովմում մինչև Անիկէտ պապի ժամանակները (155-166): Հին Կտակարանի Աստուածը, ըստ Մարկիոնի, ո՛չ միայն մի դաժան, միայն արդարութեամբ ղեկավարուող բարկացկոտ Աստուած է, որ հաճոյք է զգում պատերազմների մէջ և ինքն իրեն հակասում է իւր որոշումներով, այլ նա մինչև անգամ չար բաների ստեղծողն է: Եթէ մարդ Հին Կտակարանը այլաբանօրէն չբացատրի, Սիրոյ Աստուծոյ յայտնութիւններից ոչ մի հետք չի գտնի այնտեղ: Այնուամենայնիւ այս հրէական – օրէնքների Աստուածը իբրև միանգամայն չարի սկզբունք չի ներկայանում բարձրագոյն բարի Աստուծոյ յանդիման, այլ միայն փոքր և աւելի սահմանափակ մէկը, իբրև Kosmokratwr: Նա միացած է եղել Հիւլէի հետ, որից աշխարհն է ստեղծում (համաձայն Եղնիկի այդ Հիւլէն իգական տիեզերաբանական սկզբունքն է): Երկուսն ևս ենթարկուում են բարձրագոյն բարի և աներևոյթ Աստուծուն, որը բնակուում է մի աւելի բարձր երկնային աշխարհի մէջ: Յանկարծ առանց նախապատրաստութեան ուղարկում է բարի և ողորմած Աստուածը իւր որդի Քրիստոսին մի երևութական մարմնի մէջ դէպի երկիր, ուր նա Հրէաստանում Պիղատոսի օրերում յայտնուում է և հրաշքների միջոցով իւր ով լինելը բացատրում: Որովհետև նա քանդում է օրէնքը և մարգարէները և աշխարհի արարչի բոլոր գործերը, այդ պատճառով այս աշխարհի իշխանութիւնը (Ա. Կորնթ. Բ. 8) նորան խաչ է հանում, որ նորան, իբրև անմարմին էակի, ոչինչ անել չէր կարող: Նա քարոզում է հակառակ աշխարհի արարչի օրէնքների, սիրոյ և ազատութեան կրօնը: Այն հաւատացեալները, որոնց բարի Աստուածը յայտնուում է, պէտք է իրենց հեռու պահեն այս աշխարհի բարիքներից և վայելքներից, որովհետև մարմինը ոչ մի բաժին չունի փրկութեան մէջ: Մարկիոնին հետևողը պիտի հաւատ ունենայ դէպի Աստուծոյ սէրը. այդ պատճառով էլ դժոխք իջնող Փրկիչը ազատում է Կայէնին և բոլոր Հին Կտակարանի չարագործներին, ինչպէս և հեթանոսներին, որովհետև նոքա բոլորն էլ հաւատով դէպի նա են ձգտում. այն ինչ Հին Կտակարանի բարեպաշտները դժոխքի մէջ են մնում. որովհետև նոքա չեն կարողանում հաւատալ Փրկչի քարոզութիւններին:
Եթէ Մարկիոնը ուզում էր եկեղեցին բարեփոխել, նա պիտի ամենից առաջ եկեղեցական աւանդութիւնը մաքրէր: Այդ պատճառով նա ամենից առաջ մաքրեց Ղուկասի աւետարանը, ջնջեց այնտեղից Յիսուսի ծննդեան պատմութիւնը, և այն բոլոր կտորներն, որտեղ աշխարհի ստեղծողը Յիսուսի Հայր է ներկայանում: Նոյն ձևով սրբագրեց նաև Պօղոսի 10 թղթերը, և այսպէս կազմեց իւր աւետարանն ու առաքելականը կամ Ապոստոլոսը: Այսպիսով Մարկիոնի հիմնածը հաւատոյ մի համայնք էր. աւելի եկեղեցի, քան թէ դպրոց: Նրա աշակերտները, սակայն, թէև գործնական կրօնական ուղղութեան տեսակէտից համաձայն էին նրա հետ, այնուամենայնիւ տարբեր ճանապարհներ գնացին աստուածաբանական հասկացողութիւնների տեսակէտից: Ամենանշանաւոր աշակերտն էր Ապելլէս անունով մէկը, որի առանձնայատկութիւնն այն է, որ հին ստեղծող Աստծուն համարում է բարձրագոյն Աստուծուց բղխած մի հրեշտակ, որը երկնային աշխարհի նմանողութեամբ, բայց ի հարկէ անկատար կերպով, տեսանելի աշխարհն է ստեղծել: Այս Ստեղծողից տարբեր է համարում Իսրայէլի Աստուծուն, որին նա վերագրում է հոգիներին բարձրագոյն աշխարհից դէպի զգայական աշխարհը հրապուրելը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ