Քրիստոսի ժամանակ հրէաները գտնւում էին Հռովմի գերիշխանութեան տակ: Ալէքսանդր Մեծի օրերից սկսած արդէն յոյները լցուել էին նաև Պաղէստին և սկսել հրէաներին հելլենացնելու գործը: Սակայն հրէական ժողովուրդը այնքան էլ հեշտ ու շուտ չէր ցանկանում թողնել հայրենական աւանդութիւնները և աշխատում էր իրեն որչափ կարելի է հեռու պահել յոյներից: Բանն այնտեղ հասաւ մինչև իսկ, որ Անտիոքոս IV. Եպիփանէսը՝ ձանձրացած հրէաների անվերջ կամակորութիւնից, վճռեց զէնքի ուժով հելլենացնել նրանց, –170 թուին առաւ Երուսաղէմը և Տաճարը պղծեց: Այդ անմիտ քայլի հետևանքն այն եղաւ, որ հրէաները հերոսաբար մաքառել սկսեցին իրենց նեղիչների հետ և ապստամբութեան դրօշը բարձրացրին –167-ին, այսպէս կոչուած Մակաբայեցիների առաջնորդութեամբ: -142-ին Սիմոն Մակաբայեցու օրով յաջողւում է ազգային ազատութիւն ձեռք բերել և նոր արքայական հարստութիւն հիմնել: Արիստոբուլոսը արդէն թագաւորական տիտղոսն է ընդունում, իսկ զօրաւոր Հիւրկանի օրով սկսում են հրէաները նաև նուաճումներ անել (135-ից սկսած) և յիրաւի յաջողութիւն գտնում են: Ո՜չ միայն Սամարիան է անցնում նրանց ձեռքը շատ քաղաքների հետ, այլ և Իգումէան և Իտուրէան: Սակայն այս ոգևորութեան արդիւնք յաջողութիւնները երկար ժամանակ չեն տևում. շուտով սկսում են ներքին ընտանեկան երկպառակութիւններ Մակաբայեցիների կամ Հասմոնէական հարստութեան մէջ և ժառանգութեան համար եղած կռիւները այն աստիճան զօրանում են, որ առիթ են տալիս Հռովմին միջամտելու և խաղաղութիւնը վերականգնելու: –63 թուին Երուսաղէմը նուաճում են Հռովմայեցիք և ամբողջ հրէական երկիրը գնում են Ասորիքի կառավարչի իշխանութեան տակ: Հերովդէս Մեծին, մի Իգումէացու յաջողում է 37-4 թիւը Ք. ա. իւր ձեռքն առնել թագաւորութիւնը, սակայն նրա մահից յետոյ տէրութիւնը բաժանւում է իւր որդիների մէջ:
Ազգային անկախ իշխանութիւն ունեցան ու կորցրին հրէաները, բայց նրանց պահողը իրենց կրօնական համոզումները եղան: Այս շրջանում վաղուց արդէն սառել էին հին մարգարէների կրակոտ կրօնական զգացումները: Աստուծոյ անմիջական յարաբերութիւնը իւր ընտրեալ ժողովրդի հետ այլ ևս չէր զգացւում և այս շրջանի հրէաները կարծես միջնորդների էին կարօտ իրենց Աստուծոյ հետ կենդանի յարաբերութեան մէջ մտնելու համար. այսպիսի միջնորդներ ստեղծում էին նոքա յանձինս հրեշտակների: Իւրաքանչիւր ազգ ունէր ժամանակակից կարծիքով իւր պահապան հրեշտակը, որը շարունակ մաքառման մէջ էր այլ ազգերի հրեշտակների հետ: Մի ազգի հրեշտակի պարտութեան անմիջական հետևանքն էր լինում այդ ազգի պարտութիւնը: Աստուած որովհետև շատ հեռու է և այնքան սուրբ, որ մինչև իսկ նրա անունն անգամ տալը արգելւում է (հրէաներն սկսած այս շրջանից ո՜չ թէ Աստուծոյ իսկական անունը՝ Եահուէ են գործածում, այլ Ադոնայ=Տէր են անուանում Աստծուն), այդ պատճառով շատ մեծ նշանակութիւն է ստանում Նրա օրէնքը, որը այնուհետև բոլոր սրբութիւնների տեղն է բռնում:
Հրէական ժողովրդի կրօնական կեանքն այդպիսով դառնում է օրէնքի գործադրութիւնը: Այդ օրէնքը, լինելով ժողովրդի միակ ապաւէնն ու յոյսը, շուտով սկսւում է տառացի ճշտութեամբ կատարուել և այդպիսով յառաջ է գալիս հրէական յայտնի տառակերութիւնը: Իսկական արդարը ոչ թէ նա է, ով որ իւր ոգու ուղղութեամբ և ամբողջ բնաւորութեամբ է արդար, այլ նա, ով որ օրէնքի իւրաքանչիւր տառն է լրութեամբ կատարում: Այս տեսակէտից կրօնը դառնում է օրէնք, և իբրև օրէնք կաշկանդում ամէն մտածմունք և խափանում իսկական կրօնական զգացումներն ու ոգևորութիւնը: Քանի գնում այս տառակերութիւնն օրէնքի նկատմամբ զարգանում է շնորհիւ Փարիսեցիների կուսակցութեան, որոնք և ամբողջ ժողովուրդն իրենց կողմն ունէին. այն ինչ սրանց հակառակորդ Սադուկեցիները, որ հին աւանդութիւնների ջերմ պաշտպաններ չէին և աւելի տրամադիր էին հելլենացման, ժողովրդի մէջ համակրութիւն ամենևին չէին վայելում:
Բացի օրէնքից՝ կար նաև մի այլ խնդիր, որ հրէական ժողովրդի կրօնական կեանքի հիմնաքարերից էր. այդ Մեսիայի գալստեան յոյսն էր:
Երբ Իսրայէլի ժողովուրդը աքսոր տարուեց դէպի Բաբելոն, այդ յոյսը անհետացել էր կամ անհետանալ էր սկսել: Յուսահատ էին ամէնքը. սակայն Մակաբայեցիների ապստամբութիւնը և ունեցած անսպասելի յաջողութիւնները Մեսիային սպասելու յոյսը վերստին կենդանացրին և նրա ծաղկելուն մեծ զարկ տուին. այնպէս որ մինչև իսկ մի սեպհական գրականութիւն ստեղծուեց՝ այսպէս կոչուած յայտնութեան գրականութիւնը, որի ամբողջ զբաղման նիւթը ապագայի գործերն ու գալիք իրողութիւններն են: Սակայն այդ գալիք դէպքերն էլ այլ ևս շատ անգամ երկրի վրայ չեն կատարում, այլ երկնքում: Դանիէլի գիրքը այս տեսակի գրականութեան մէջ դարագլուխ է կազմում: Յուսոյ առարկան այլ ևս յաղթող մի թագաւոր չէ, որ Իսրայէլի թշնամիներին յաղթում և Իսրայէլի թագաւորութիւնը ամենայն փառօք վերականգնում և կառավարում է, այլ մի Աստուածային դատաստան երկնքում, որ ներկայի իշխաններին միանգամից ոչնչացնելու է և Իսրայէլի ժողովրդին յաւիտենական իշխանութիւն, մի անանց և տիեզերական պետութիւն շնորհելու: Այդ պետութեան և փառքերին մասնակցելու են նաև անցած ժամանակների արդարները, իսկ մեղաւորներն ու ամբարիշտները յաւիտենական ամօթ ու նախատինք պիտի կրեն իբրև դատապարտութիւն: Փրկութիւնը ուրեմն ո՜չ թէ ամբողջ ազգին է պատկանում, ինչպէս էր հնումը, այլ այստեղ անհատն է սկսում նշանակութիւն ստանալ և մինչև անգամ վաղուց մեռածները կարող են գալիք փառքին ու անպատւութեանը մասնակից լինել: Օրէնքը կատարելն է արդարութեան չափը և այդ պատճառով Իսրայէլի ժողովրդի անդամներից կարող են այնպիսիները լինել, որ ապագայ փառաւորութեանը անարժան կլինեն, իսկ հեթանոսներից ոմանք արժանի կլինին վարձատրութեան: Մեսիայի դերը տիեզերքի դատաստանի մէջ փոխւում է բոլորովին: Դանիէլի մօտ, օրինակ, նա ոչինչ չունի անելու, իսկ յետոյ նա արդէն դատաստան անողն է դառնում և ՚Որդի Մարդոյՙ անունն ստանում, որ Դանիէլի մօտ ՚սուրբ համայնքիՙ համար է ասուած: Այդ պատճառով էլ Մեսիան համարւում է յաւիտենական նախագոյութիւն ունեցող: Ամբողջ տիեզերքի դատաստանը մի դրամա է հետևեալ գործողութիւններով:
1. Սկիզբն վախճանի. մի ամենածանր չարչարանքներով և ընդհանուր խառնակութեամբ լի ժամանակ:
2. Մեսիայի հանդէս գալը և նրա կռիւը թշնամի միացեալ զօրութիւնների հետ (այժմ հռովմէական պետութիւնը):
3. Այդ թշնամիների խորտակումը Մեսիայի կամ Աստուծոյ միջոցով. նոքա կամ պարտութիւն են կրում, կամ դատապարտւում են և կամ ոչնչանում նրա բերանի շնչով:
4. Նոր Երուսաղէմի իջնելը երկրի վրայ, որ մինչև այդ ժամանակ երկնքումն էր պահուած:
5. Ցրուածների համախմբումը, արդարների յարութիւնը և երկնքի ու Աստուծոյ արքայութեան սկիզբը: Այս արքայութիւնը ամփոփում է իւր մէջ ամբողջ տիեզերքը, բայց նրա կենդրոնը Ս. երկիրն է:
6. Այս պետութեան վերջը՝ 400, 1000 կամ աւելի տարիներից յետոյ. աշխարհի կործանումը և վերջին դատաստան:
Այս էր Պաղէստինի հրէաների կրօնական կեանքն ու հասկացողութիւնը: Սակայն կային բացի սոցանից մեծ թուով հրէաներ նաև Պաղէստինից դուրս՝ Փոքր Ասիայում, Հիւսիսային Ասորիքում, Եգիպտոսում և այլն, նաև Հռովմում ու Միջերկրական ծովեզերքի երկիրներում ու քաղաքներում: Այս հրէաները իրենց առանձին համայնքն էին կազմում ամէն տեղ և շատ առանձնայատուկ արտօնութիւններ էին վայելում. այդ պատճառով էլ նաև շատ ուրիշ արևելցիներ ցանկութիւն էին յայտնում մտնել հրէական համայնքի մէջ: Այդպիսով ստեղծուել էր մի լայնածաւալ քարոզչական գործունէութիւն հրէաների համար: Այս դրսի հրէաներն ի հարկէ աւելի շուտ սկսեցին համակերպել յունական կեանքին, յունական գիտութեանն ու փիլիսոփայութեանը, այնպէս որ վերջինս սկսել էր մեծ չափով ազդել հրէական կրօնի և բարոյական սկզբունքների վրայ:
Սակայն այս հրէաներն ևս կապը չեն կտրում իրենց ժողովրդի յուսոյ և ակնկալութիւնների հետ: Այնպէս որ սրանց կրօնական համոզումները հետևեալ կերպարանքն են ստանում. Աստուած յայտնուել է Իսրայէլի ժողովրդին և ընտրել է նրան. Իսրայէլին է պատկանում տիեզերական իշխանութիւնը. Աստուած հոգի է և միայն մէկ է. նա աշխարհի ստեղծողն է և նրան միայն հոգւով կարելի է պաշտել: Բարոյականութիւնը շատ զարգացած էր այս հրէաների մօտ և սոքա ևս նոյն ձևով սպասում էին Մեսիային ու նրա դատաստանին, ինչպէս Պաղէստինի հրէաները: Կրօնական և բարոյական գրականութիւնը երկուսի համար էլ միևնոյնն էր. Հին Կտակարան, Յայտնութիւներ, Նոր Առակաց գրքեր (Յեսու Սիրաք), լեգենդաներ: Սակայն դրսի հրէաներն ունին նաև իրենց սեպհական արտադրութիւնները. այդպէս՝ մեր այժմեան տարականոն գրքերը, Իմաստութիւն Սողոմոնի ևլն:
Հելլենական հրէաների մտաւոր ամենամեծ ներկայացուցիչը Քրիստոսի ժամանակակից Աղէքսանդրացի Փիլոնն է: Այս մարդու ամենամեծ վաստակն այն է, որ նա յունական փիլիսոփայութեան տուած միջոցներով աշխատեց թէ իւր ժողովրդի և թէ ուրիշների համար դարձեալ նշանակալից դարձնել իւր ազգի գրականութիւնն ու հայրենական աւանդութիւնները: Սակայն այդ հնար եղաւ անել միայն այլաբանական բացատրական եղանակով: Հին գրուածներին, որոնք մեռած ու անհասկանալի էին դարձել ժողովրդի համար, նա նոր կեանք պարգևեց, այդպիսի բացատրութեան շնորհիւ նրանց մէջ գտնելով այն, ինչ որ ժամանակակից մարդոց հետաքրքրութեան առարկան էր, այսինքն` հելլենական գաղափարներ ու մտքեր: Հելլենական գաղափարներն ու մտքերը այս ձևով Ս.Գրքի կամ յայտնութեան պաշտպանութիւնն սկսեցին վայելել ի հարկէ: Հելլենական փիլիսոփայութիւնը միանում է հրէական կրօնի հետ և փիլիսոփայութիւնն էլ կրօնական և յայտնութեան կարօտ է դառնում: Քրիստոնէական կրօնի համար ապագայում խիստ մեծ և կարևոր նշանակութիւն է ստանում փիլիսոփայութեան և Հին Կտակարանի կրօնի շաղկապումը միմեանց հետ:
Իւր այս հարուստ կրօնական բովանդակութեամբ հրէութիւնը մեծ ազդեցութիւն էր գործում շրջապատի վրայ և դէպի հրէութիւն դարձողների թիւը քանի գնում մեծանում էր: Այս դարձողների մի մասը ընդհանրապէս կատարում էր ամբողջ հրէական օրէնքը, մինչև իսկ թլփատութիւնը, և այդպիսով լիովին հրէայ դառնում: Մեծ մասը սակայն միայն որոշ օրէնքներ յանձն էր առնում կատարել: Առաջինները կոչւում էին եկուորներ (պրոզելիտներ), իսկ վերջինները աստուածավախ հեթանոսներ: Վերջինները սովորաբար պիտի Սինագոգը այցելէին, շաբաթը սուրբ պահէին և կերակուրների մէջ խտրութիւն դնէին, իսկ ընդունելութեան ժամանակ պիտի մկրտուէին ջրով՝ մաքրուելու համար: Ս. երկրում ապրող օտարների համար պարտադիր էր միայն ՚Նոյի որդւոց օրէնքներըՙ. այսինքն՝ Եահուէ անուան ս. պահելը, կռապաշտութիւնից, անառակութիւնից, սպանութիւնից, աւազակութիւնից և արիւնոտ մսից հրաժարուելը:
Հրէական կրօնը սկսեց այսպիսով մեծ նուաճումներ անել ամէն դասակարգերի, գլխաւորապէս կանանց մէջ: Հեթանոսների վրայ ամէնից աւելի ազդեցութիւն թողնողը ի հարկէ հրէից մէջ պահուած Հին Կտակարանի կենդանի կրօնի մնացորդն էր՝ միաստուածութեան բարձր ըմբռնումը, անպատկեր և հոգևոր աստուածպաշտութիւնը, մաքուր բարոյականութիւնը և հատուցման հաստատուն յոյսը: Կարևոր նշանակութիւն ունէր նաև այն հանգամանքը, որ այս յայտնութեան կրօնի աղբիւրները դեռ կային և այնպիսի ժամանակի ծնունդ էին, երբ ո՜չ մի յունական կամ հռովմէական աւանդութիւն գոյութիւն չունէր: Կրթուած հեթանոսների երկար դարերից ի վեր որոնած հոգևոր կրօնը ունէր այս ժողովուրդը ըստ իւր յայտարարութեան ի վաղուց հետէ, և այն էլ շատ աւելի կատարեալ կերպով. ո՜չ թէ առանձին ընտրեալ անհատների սեպհականութիւն, ինչպէս յունական փիլիսոփայութիւնն էր, այլ մատչելի բոլորին, նաև ամենապարզ մարդուն:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ