Քանի որ քրիստոնէութիւնը դեռ ևս Պաղէստինի հողի վրայ էր և հրէական երկրում, առանձին աստուածպաշտութիւն յառաջ գալ չէր կարող, մանաւանդ որ հրէայ քրիստոնեաները յաճախում էին տաճարը և հրէական ժողովարանները. եթէ փորձ էլ լինէր առանձին աստուածպաշտական ժողովներ ունենալու, ի հարկէ ըստ մեծի մասին Սինագոգի նմանութեամբ պիտի լինէր: Առանձին անկախ աստուածպաշտութիւն կարող էր յառաջ գալ այն օրուանից, երբ քրիստոնէութիւնն հաստատուն հիմք բռնեց հեթանոսական հողի վրայ, թէև այստեղ էլ պէտք է նկատել, որ հրէական ժողովարաններն ու հեթանոսական աստուածպաշտական ծէսերը դարձեալ ազդած կարող են լինել: Քրիստոնէութիւնն ամենից առաջ մի բան ընդհանուր ունէր հրէութեան հետ. երկուսի համար էլ Հին Կտակարանը Սուրբ Գիրք էր: Սակայն քրիստոնեաների համար կար նաև մի նոր բան – այդ Սուրբ Գրքի կատարելութիւնն ու լրումը` Յիսուս Քրիստոս: Քրիստոնէական գումարումները ըստ այդմ երկու տեսակ էին – մէկը քարոզութեան և խօսքի համար, միւսը սիրոյ կամ Տիրոջ ճաշերի համար: Խօսքի համար եղած ժողովներում կարդում էին Հին Կտակարանից կտորներ Եօթանասնից թարգմանութեան համաձայն, և այդ ընթերցմանը հետևում էր մեկնաբանական խօսակցութիւն: Իւրաքանչիւր ոք ազատ էր խօսելու քրիստոնեայ համայնքի մէջ` ճիշտ այն ձևով, ինչպէս և հրէական ժողովարաններում (Գործք Առ. ԺԳ. 15., Ը. 4. ԺԱ. 19 շար. համեմատ. Յակովբ. Գ. 1): Այդ ազատութիւնն այնտեղ է հասնում, որ սկսում են զեղծումներ յառաջ գալ և Պօղոս առաքեալն ստիպուած է լինում «լեզուներ խօսելուն» երկրորդական նշանակութիւն տալ և հասկացնել, որ նրա նպատակը պիտի լինի համայնքի շինութիւնը ( oikodomh. Ա. Կորնթ. ԺԴ):
Հարց է, թէ արդեօք քրիստոնեաները նաև հրէական տօներ իրենց համար պարտադի՞ր են համարել ու կատարել, թէ ոչ. օրինակ հրէական շաբաթը: Հրէայ քրիստոնեաներն ամենայն հաւանականութեամբ պահած կլինին հրէական տօներն իրենց ազգակիցների հետ միասին. բայց մի ընդհանրական, բոլորի համար պարտադիր օրէնք դժուար թէ եղած լինի, որովհետև այն հակառակ է Պօղոս առաքեալի սկզբունքներին (Հռովմ. ԺԴ. 5 շար. Գաղ. Դ. 9. շար., Կողոս. Բ. 16 շար): Շատ կարելի է սակայն, որ քրիստոնեաներն ևս կարիք զգային շաբաթուայ մի օրը տօն հռչակելու. և որովհետև յետ-առաքելական շրջանում շաբաթուայ ա. օրը իբրև Տիրոջ յարութեան օր տօնելը բոլորովին ընդհանուր է (Knriakh hmera), այդ պատճառով այդ անուան յիշատակութիւնը Յայտնութեան Ա. 10. մեզ համար մեծ կարևորութիւն է ստանում, և Ա. Կորնթ. ԺԶ. 2. Գործք Ի. 7 հմմտ. Յովհ. Ի. 26 թէև բացարձակ կերպով ապացուցանել չեն կարող, բայց վճռական նշանակութիւն ունին: Հրէական տօներից քրիստոնեաներին ամենից մօտը Պասսայի տօնն էր (Ա. Կորնթ. Ե. 7). բայց այստեղ մէջ բերուած այլաբանութիւնը ցոյց է տալիս, որ քրիստոնեաներն այն գիտակցութիւնն ունին, թէ Պասսայի տօնը չեն կատարում:
Քրիստոնէական գումարումների Բ. տեսակը տեղի էր ունենում Տէրունական ճաշերի համար. այդ ճաշերը պիտի յիշեցնէին Տիրոջ վերջին ընթրիքը և մի տեսակ կապ լինէին քրիստոնէական համայնքի անդամների մէջ: Սկզբում ընտանիքներում, ապա համայնքի մեծանալուց յետոյ արդէն առանձին սրահներում էր լինում այս «Տիրոջ յիշատակը», և ինչպէս Գործք Առ. Ի. 7 մակաբերել կարելի է, թերևս այս յիշատակը կատարելու համար քրիստոնեաները կարիք զգացին շաբաթուայ օրերից մէկը տօն ընդունել: Բաժանւում էր անդամներին օրհնեալ հաց և գինի, որոնք Նոր ուխտի նշանն էին: Շատ վաղ սկսել էր քրիստոնէութեան մէջ զեղծում նաև այս աստուածպաշտական գումարման նկատմամբ. օրինակ Կորնթոսում, երևի հեթանոսական սովորութիւնների ազդեցութեամբ, դարձել էր այն նման հեթանոսական երեկոյթների, ուր իւրաքանչիւրը իւր ուտելիքը հետը բերում էր, այնպէս որ աղքատները միշտ զրկուած էին մնում սիրոյ ճաշերից: Ուստի Պօղոս առաքեալը այս զեղծումներին վերջ տալու համար հաստատուն և անփոփոխ կերպարանք տուեց քրիստոնէական սիրոյ ճաշերին և զեղծումներից ազատեց այն (Ա. Կորնթ. ԺԱ. 22. 23.):
Քրիստոնէութեան մէջ ընդունում էին մարդկանց նախօրօք մկրտելով ի Քրիստոս (Հռովմ. Զ. 3. Գաղ. Գ. 27): Մկրտութեամբ քրիստոնեան թաղում է իւր հին մարդը, այժմ ի նորոյ ապրելու վերածնեալ կեանքով (Հռովմ. Զ): Անձնական հաւատը պայման էր ի հարկէ քրիստոնէութեան մէջ ընդունուելու համար, և միայն հասունացած մարդիկ կարող էին ընդունուել: Մանկանց մկրտութիւնը այս շրջանում անկարելի է ապացուցանել ո՜չ ըստ Գործք Առ. Բ. 39. ԺԶ. 15. 33 շար. Ա. Կորնթ. Ա. 16-ի, ո՜չ էլ այլ կերպ: Ա. Կորնթ. Է. 14-ի համաձայն այդ ընդհանրապէս անհաւանական է. և եթէ մանկանց մկրտութիւնը առաքելական շրջանում ընդհանուր սովորութիւն լինէր, միանգամայն անհասկանալի կլինէր յետոյ Տերտուլիանոսի նման անձնաւորութեան հակառակութիւնը այդպիսի մկրտութեան դէմ (Վասն Մկրտ. ԺԸ):
Հրէայ քրիստոնէական և հեթանոս քրիստոնէական համայնքները սկզբում պահպանում էին իրենց անկախ դիրքը: Բայց հէնց նախնական ժամանակներից սկսած պահանջ պիտի յառաջ գար նոցա մէջ որևիցէ կերպով միութիւն հաստատել: Այդ կարող էր լինել ի հարկէ փոխադարձ զիջողութեամբ, և այն էլ երկար հակառակութիւններից յետոյ: Միութիւն կազմելուց յետոյ էլ այնուամենայնիւ հրէայ քրիստոնեաները շատ կէտերում կեանք էին վարում հրէական օրէնքների համաձայն: Միւս կողմից հեթանոս քրիստոնեաները սովորութիւններ էին իրենց հետ բերել, որոնք թէ իսկական հրէաների և թէ երկիւղած Պրօզելիտների համար գայթակղութեան քար էին: Այդ պատճառով Պօղոս առաքեալի գլխաւոր նպատակներից մէկն էր` ազդել ՚Կարողՙների վրայ և հասկացնել նոցա, որ պէտք չէ «Թոյլերին» գայթակղեցնել: Վերջիններս պահանջում էին, օրինակ Կորնթոսում, դատապարտել նաև, երբ մէկը անտեղեակ զոհի միս էր կերել (Ա. Կորնթ. Ժ. 25 շար.): Իսկ Հռովմում արգելել էին կամենում ընդհանրապէս մսի և գինու գործածութիւնը (Հռովմ. ԺԴ. 21): Պօղոս յորդորում է համբերատար լինել և յարգել ուրիշի համոզմունքը: Նոցա մէջ միութիւն կազմողը ոչ թէ այդպիսի սովորութիւնները պիտի լինին, այլ ընդհանրութեան հաղորդակցութիւնը Քրիստոսի հետ (Ա. Կորնթ. ԺԲ):
Այդ հաղորդակցութեամբ է, որ նոքա մի համայնք են կազմում յանուն Քրիստոսի, միացած են միմեանց հետ իբրև սրբեր և եղբայրներ: Քրիստոնեաներն իբրև Աստուծոյ ընտրեալներ և լուսոյ որդիք են ապրում այս խաւարի մէջ ընկղմուած աշխարհում, օտարների նման, առանց տուն ու տեղի, որովհետև նոքա երկնքի քաղաքացիներ են (Եփ. Ե. 8., Եբր. ԺԳ. 14 և Փիլիպպ. Գ. 20.): Նոքա սպասում են լրջութեամբ Տիրոջ գալստեան արշալոյսին. «Բայց զայս ասեմ եղբարք, եթէ ժամանակս կարճեալ է այսուհետև. զի որ ունիցին կանայս` որպէս թէ չունիցին. և որ լայցենն` որպէս թէ ոչ լայցեն. և որ խնդանն` որպէս թէ չխնդայցեն. և որ գնենն` որպէս թէ չունիցին. և որ վարենն զաշխարհս` որպէս թէ չվայելիցեն. զի անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ (Ա. Կորնթ. Է. 29 շար.)»:
Քրիստոնէական համայնքի այս տրամադրութիւնից հետևում է, թէ ինչ պէտք է լինէր նոցա դիրքը ժամանակի սոցիալական և քաղաքական կարգերի նկատմամբ: Որովհետև այդ բոլոր կարգերը շուտով պիտի անցնին, քրիստոնեաները ամենևին չեն էլ մտածում նոցա փոփոխութեան մասին: Պօղոս պահանջում էր, որ իւրաքանչիւրը իւր կոչման մէջ մնայ (Ա. Կորնթ. Է. 17) հակառակ շատերի կարծիքի, թէ պէտք է աշխարհային զբաղմունքներն արհամարհել (Ա. Թեսաղ. Դ. 10) կամ խառն պսակները լուծել (Ա. Կորնթ. Է. 12): Քրիստոնեայ դառնալը պատճառ չպէտք է լինէր նախկին ազգակցական և հասարակական կապերը վերացնելու (Ա. Կորնթ. Ե. 10., Ժ. 27 շար.), եթէ մինչև իսկ թշնամութիւն և կռիւ լինէր հեթանոս ազգականների կողմից (Ա. Թեսաղ. Բ. 14): Մօտակայ վախճանի յոյսը անշուշտ մեծ չափով պիտի ազդէր նաև ճգնաւորական գաղափարների զարգացման վրայ, որոնք հէնց նախնական ժամանակներից և եթ հեթանոսութիւնից մտել էին քրիստոնէութեան մէջ (Ա. Կորնթ. Է.):
Իշխանութեան նկատմամբ սկզբունք է ընդունւում անպայման հնազանդութիւնը: Հռովմայեցւոց թղթի ԺԳ. գլխում իրաւական դրութիւնը համարւում է մինչև անգամ Աստծուց դրուած, որին հակառակել քրիստոնեան չէ կարող: Այնուամենայնիւ Պօղոս անհաճոյ և աննպատակ է համարում քրիստոնեաների մէջ առաջ եկած երկպառակութիւնների համար աշխարհիկ դատաւորներին դիմելը (Ա. Կորնթ. Զ. 1 շար.): Քրիստոնէական համայնքի մէջ եղբայրութիւնը, և ո՜չ թէ իրաւունքը պէտք է թագաւորէ, և ամեն դատաստան աւելորդ պիտի դառնայ:
Չնայելով այս եղբայրութեան, սոցիալական տարբերութիւնները չեն վերանում: Բայց միշտ թելադրւում է յարգել մարդու և քրիստոնէի պարտքը (Ա. Կորնթ. Է. 21 և Փիլեմոն 16 շար.): Համայնքի մէջ չկան շատ իմաստուններ և երևելի անձնաւորութիւններ (Ա. Կորնթ. Ա. 26) ստրուկները, գործաւորները և առհասարակ բանուորները մեծամասնութիւնն են կազմում, բայց կրթուածներն ու երևելիներն էլ բոլորովին չեն պակասում. գլխաւորապէս կանայք, որոնք իրենց կարողութեան չափով ծառայութին էին մատուցանում համայնքին: Կանանց համար ևս մի նոր դիրք էր ստեղծուած քրիստոնէութեան մէջ (Գաղ. Գ. 28. Չիք խտիր.): Քրիստոնէական սիրոյ հոգին, որ աւելի գին ունի, քան թէ ամեն գիտութիւն ու ամեն հրաշք (Ա. Կորնթ. ԺԳ.), պէտք է լինի քրիստոնէի կեանքի ուղղեցոյցը: Այդ սէրն է, որ խաղաղութեան կապով միացնում է բոլոր քրիստոնէական համայնքներին և հարկադրում հեթանոս քրիստոնեաներին հոգալ Երուսաղէմի հրէայ քրիստոնէական համայնքի աղքատների համար:
Այսպէս ձգտում են քրիստոնեաները հասնել այն գաղափարական դրութեան, որ Պօղոս առաքեալն է գծում նոցա առաջ (Փիլիպպ. Բ. 15). «Զի եղիջիք ամբիծք և անարատք, որդիք Աստուծոյ, անմեղք ի մէջ կամակոր և խեղաթիւր ազգին, յորոց երևիցիք իբրև լուսաւորք յաշխարհի»:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ