Մի կայսեր կարգադրութիւնը պարտադիր չէր միւսի համար և օրէնքի զօրութիւն չունէր, այդ պատճառով պէտք է առանձին ի նկատի առնել իւրաքանչիւր կայսեր բռնած դիրքը: Դեկոս կայսրից առաջ քրիստոնէութեան մասին պետական էդիկտ չի հրատարակուել:
1. Սպանացի Տրայանոսը (98-117) իւր բարեկամ Բիւթինիայի կուսակալ Պլինիոս կրտսերի հետ ունեցած նամակագրութեան մէջ պարզում է իւր քրիստոնէութեան նկատմամբ ունեցած քաղաքականութեան սկզբունքները: Կայսեր պատուիրանի համաձայն Պլինիոսը խստացրել էր զանազան ընկերութիւնների նկատմամբ եղած ոստիկանական կանոնները մի հրամանով, և այդ պատճառով ստիպուած էր գործ ունենալ նաև քրիստոնեաների հետ, որոնց մատնել էին և որոնք իրենց քրիստոնէութիւնը յամառ կերպով պաշտպանում էին: Պլինիոսը սկզբում Հռովմի քաղաքացիներին Հռովմ էր ուղարկում դատուելու, իսկ միւսներին ինքն էր պատժում, շատ անգամ մահով, ոչ թէ նրանց կրօնական հասկացողութիւնների, այլ գլխաւորապէս նրանց յամառ հակառակութեան համար: Սակայն դատաւարութեան ընթացքում նա կամաց կամաց կասկածի մէջ է ընկնում, թէ արդեօք պետք չէ՞ տարբերութիւն դնել նախ՝ ըստ հասակի և ըստ սեռի. և ապա՝ պէ՞տք է արդեօք պատժել նաև նրանց, որոնք յետ են կանգնում քրիստոնէութիւնից և զոհում են աստուածներին և կայսեր: Այս կասկածները նրա մէջ ամրանում են այն պատճառով, որ պարզ կերպով տեսնում է, որ գործ ունի մի «սնապաշտութեան» հետ, որի մասին պատմուած զզուելի առասպելները բոլորն էլ սուտ են և շինծու, և որը ո՛չ մի քաղաքական կամ բարոյական գայթակղեցուցիչ բան չունի իւր մէջ: Այդ պատճառով մի նոր կասկած է ընկնում նրա սիրտը և միայն քրիստոնեայ լինելը առանց որևիցէ յանցանք գործած լինելու արդեօք բաւակա՞ն է մէկին խիստ պատիժների ենթարկելու համար: Իւր այս կասկածները փարատելու համար նա դիմում է Տրայանոս կայսեր և վերջնիցս ստանում իւր հարցերի պատասխանը: Կայսրը նրան գրում է, թէ միայն քրիստոնեայ լինելը, եթէ այդ հաստատուի իւր վկայութեամբ կամ այլ կերպ, և պաշտօնեայի առաջ զոհելուց հրաժարուելը արդէն բաւարար պատճառ է նրանց դատի ենթարկելու և պատժելու համար: Միայն այսչափ զիջում է անում կայսրը, որ պատուիրում է նախ՝ քրիստոնեայ գտնելու յետևից չընկնել. Բ. Ներել առանց ի նկատի առնելու անցեալը նրանց, որոնք ուրանում են քրիստոնէութիւնը և կրկին զոհում: Գ. չընդունել ամենևին անանուն մատնութեան ցուցումներ. այդ վարմունքը անպատուաբեր է ժամանակի ոգու համար:
Տրայանոսի ժամանակ 106/07թ. 120 տարեկան ծերունի Սիմէօնը իբրև Քրիստոսի ազգական և Դաւթի ցեղից ընդունում է մարտիրոսութեան պսակը: Իգնատիոս Անտիոքացին ևս սրա ժամանակ է մարտիրոսանում: Անտիոքում մի հալածանք է սկսւում քրիստոնեաների դէմ, որոնք բռնւում են, զանազան տանջանքների ենթարկւում և ապա Հռովմ ուղարկւում. նոցա հետ և Իգնատիոսը, ուր նա իբրև քրիստոնէութեան վկայ մեռնում է:
2. Ադրիանոս կայսրը (117-138) որոշ քաղաքականութիւն չի ունեցել քրիստոնեաների նկատմամբ, թէև նրա օրով էլ անշուշտ մասնակի հալածանքներ եղել են:
3. Նոյն անորոշ դրութիւնն էր իշխում նաև Ադրիանոսի յաջորդ և նրա հոգէորդի Անտոնինոս Պիոսի (138-161) ժամանակ: Սրա օրերում է կատարուել Պտղոմէոսի և իւր երկու ընկերների նահատակութիւնը Հռովմում Ուրբիկոս քաղաքագլխի ժամանակ (144-ի — 160-ի մէջ): Այս անցքը առաջին անգամ մի որոշ պատկեր է տալիս, թէ ինչպէս էին դատում քրիստոնեաներին, այդ պատճառով էլ հետաքրքիր է այն: Մի Հռովմայեցի գանգատւում է իւր կնոջ վրայ, վերջնիս քրիստոնեայ դառնալու պատճառով. այդ առթիւ ձերբակալւում է Պտղոմէոսը իբրև մոլորեցուցիչ մի հարւիրապետի ձեռքով, որ իւր աշակերտուհու ամուսնու բարեկամն էր, ի հարկէ վերջնիս դրդմամբ: Պտղոմէոսի խոստովանութիւնը, թէ ինքը քրիստոնեայ է, հարիւրապետը բաւական է համարում նրան ոչ միայն իսկոյն ձերբակալելու, այլ և երկար տանջելու համար. վերջապէս Պտղոմէոսին յանձնում է նա քաղաքագլխի դատաստանին: Քաղաքագլխի հարցին. թէ յիրաւի նա քրիստոնեայ է, դրական պատասխան է տալիս Պտղոմէոս, և երկու այլ ներկայ քրիստոնեաներ էլ միանում են նրա հետ: Միայն այս խոստովանութեան հիման վրայ, առանց ուրիշ որևիցէ յանցանքի, որոշւում է երեքին էլ սպանել: Ուրեմն Պլինիոսի բռնած դիրքը տեսնում ենք, որ Հռովմում ևս հանդէս է գալիս: «Նոյն ձևով կատարւում է ամեն տեղ իշխանութեան կողմից, բանականութեան հակառակ», ասում է Յուստինոսը:
Անտոնինոս Պիոսի ժամանակ է կատարուել, հակառակ Եւսեբիոս Կեսարացու վկայութեան, նաև Զմիւռնայի զառամեալ եպիսկոպոս Պօղիկարպոսի նշանաւոր նահատակութիւնը 155 թուականի փետրուարի 23-ին: Զմիւռնիայում ժողովրդական խաղերի ժամանակ 11 կամ 12 Փիլադելփիացի քրիստոնեաներ նահատակւում են՝ կամ գազանների առաջ ձգուելով կամ այրուելով. այդ առթիւ ժողովուրդը պահանջում է ամֆիտեատրոնների վրայից Պօղիկարպոսի մահը. համարեա 100 տարեկան, վերջինս թոյլ է տալիս իրեն փախցնելու գիւղերը, բայց հեթանոսներն հոտն առնում են և նրան կրկին քաղաք բերում. կուսակալը կամենում է նրան փրկել, խորհուրդ է տալիս զոհել, աշխատում է համոզել, բայց ամեն փորձ ի զուր է անցնում: «36 տարի է ծառայում եմ Քրիստոսին և նա ինձ մինչև այժմ ոչ մի ցաւ չէ պատճառել. ի՞նչպէս կարող եմ ես հայհոյել իմ թագաւորին, որ ինձ փրկեց», պատասխանում է Պօղիկարպոսը և ժողովրդի պահանջի համաձայն այրւում: Նրա մահով հալածանքը համայնքի դէմ դադարում է:
Համաձայն Եւս. Կեսարացու վկայութեան (IV. 23) ծանր հալածանքի ենթարկուեցին այս ժամանակ նաև Աթէնքի քրիստոնեաները. այստեղ առաջ եկաւ առաջին մեզ հասած քրիստոնէութեան ջատագովութիւնը (Արիստիդէս): Որովհետև զանազան նահանգների իշխանները չափը անց էին կացրել, կայսրը մի առանձին րէսկրիպտով ուղղուած՝ Աթէնք, Լարիսսա, Թեսաղոնիկ և «բոլոր միւս յոյներին», պատուիրում է քրիստոնէութեան նկատմամբ հին քաղաքականութիւնը պահպանել, որ գործ էր դրւում Տրայանոսի ժամանակից սկսած:
4. Մարկոս Աւրելիոս փիլիսոփայ կայսեր կարծիքով (161-180) քրիստոնէութիւնը մի անմտութիւն էր, իսկ քրիստոնեաների մեռնելու ցանկութիւնը միայն յամառութիւն. թէև աւելի ցաւալի մի երևոյթ, բայց միևնոյն ժամանակ պատժի արժանի, իբրև յանցանք կայսեր ու պետութեան դէմ: Այս հակասական վճռի համաձայն էլ նրա ժամանակ կատարուած նահատակութիւններն են, որոնցից ամենանշանաւորը քրիստոնէական փիլիսոփայ Յուստինոսի և նրա աշակերտների նահատակութիւնն է Հռովմում, հաւանօրէն 165 թուականին: Աթենագորասի և Մելիտոն Սարդէսցու ջատագովութիւնները ցոյց են տալիս, որ սրա օրով հալածանքներն ու պատիժները խստացել են. առանձնապէս Փոքր Ասիայի համար երևում է, որ նա հրապուրել է մատնել քրիստոնեաներին, խոստանալով մատնիչներին բաժանել քրիստոնեաներից գրաւած կայքերը: Պերգամոնում նահատակւում են Կարպոս, Պապիւլոս և Ագաթոնիկէն: Եւ նոյն ժամանակ 177-ին մի մեծ հալածանք է սկսւում հարաւային գալլիական համայնքների դէմ, որոնք կենդրոնացած էին գլխաւորապէս Լուգդունումում (Լիոն) և Վիեննում և որոնք իրենց այս ծանր հալածանքի մասին Ասիայի և Փռիւգիայի համայնքներին գրաւոր տեղեկութիւն են տալիս (Եւս. Եկ. պատմ. V. 1. շար.):
Երևում է, որ քրիստոնեաներն աշխատել են ցոյց տալ, թէ պաշտօնեաների վարմունքը իրենց դէմ հակառակ է կայսեր կամքին: Այդպիսի տրամադրութեան արդիւնք է Մարկոս Աւրելիոսին վերագրուած մի նամակ, որ նա պէտք է գրած լինի 174-ին Սենատին և յայտնած թէ ինքը իւր զօրքով վտանգաւոր դրութեան մէջ է եղել Գերմանների դէմ կռուելիս, և միայն քրիստոնեաների աղօթքի միջոցով զօրքը ազատուել է ծանր դրութիւնից և զովացել ծարաւից, իսկ Գերմանները ստիպուած են եղել վախենալ կրակից: Այդ պատճառով կայսրը իբրև շնորհակալութիւն ազատ է համարում քրիստոնէութիւնն հալածանքից և մատնողներին ծանր պատիժներ է սպառնում: Պատմական է Մարկոս Աւրելիոսի և հռովմէական զօրքի մի բնական երևութի միջոցով հրաշալի կերպով ազատուելն ու Սենատին տեղեկութիւն գրելը. բայց այս անցքի և քրիստոնէութեան կապը կասկածելի է և անորոշ. յամենայն դէպս Տերտուլիանոսին յայտնի է արդէն այս դէպքի քրիստոնէական ձևի պատմութիւնը:
5. Մարկոս Աւրելիոսի էդիկտով խստացրած քաղաքականութեան հետևեց սկզբում նաև նրա արիւնըռուշտ և զգայական որդին Կոմմոդոսը (180-192): Նրա գահ բարձրանալու տարին սկսուեց Աֆրիկայի եկեղեցու առաջին հալածանքը և Յուլիսի 17-ին, որ Աֆրիկայի եկեղեցու առաջին ժամանակագրական յիշատակութիւնն է, նահատակուեցին մի շարք Նումիդիացի քրիստոնեաներ: Սակայն նաև Հռովմում նոյն խստութիւնները շարունակւում էին. քրիստոնեաներին ուղարկում էին Սարդինիայի հանքահորերը աշխատեցնելու, կամ սպանում էին: 180-185-ի մէջ նահատակւում է այդպէս մի փիլիսոփայական կրթութիւն ստացած Հռովմայեցի՝ Ապոլլոնիոս անուամբ, որի վկայաբանութիւնը սկզբում միայն հայերէն կար (1878-ին Վենետիկում հրատարակուած), բայց որի յունարէնը թէև շատ վատ պահուած, 1895-ին գտնուեց:
Արևելքում ևս նոյն խստութիւնները, ինչ որ Մարկոս Աւրելիոսի օրով սկսուած էին, շարունակւում են: Թէոփիլոս Անտիոքացին այժմ գրում է իւր ջատագովութիւնը և յայտնում, որ Փռիւգիայում ու Կապադովկիայում ամբոխը իրեն մեծ յանցագործութիւններ է թոյլ տալիս քրիստոնեաների դէմ: Տերտուլիանոսի վկայութեան համաձայն Ասիայում քրիստոնեաներին հալածում է ծանր կերպով՝ ընդհանրապէս շատ սիրուած կուսակալ Արրիոս Անտոնինոսը (184/185): Սակայն քրիստոնեաների մեռնելու ոգևորութիւնը աւելի էր, քան թէ պաշտօնեաների նրանց պատժելու ցանկութիւնը: Ամբողջ քրիստոնէական համայնքը ներկայանում է կամաւորապէս կուսակալ Արրիոս Անտոնինոսին մեռնելու ցանկութեամբ, բայց վերջինս միայն մի քանիսին է բռնում, իսկ միւսներին ասում է. «Յիմարնե՛ր, պարաններ ու անդունդներ մի՞թէ չկան, եթէ մեռնել էք ուզում»:
Սակայն առաջին անգամ Կոմմոդոսի օրով սկսւում է խաղաղութիւն տիրել նաև քրիստոնէութեան համար, որովհետև մի կողմից մեծ հակումն է առաջ գալիս հեթանոս ժողովրդի մէջ դէպի արևելքի հարուստ աստուածպաշտութիւնը, իսկ միւս կողմից քրիստոնէական երէց Հիացինթոսից կրթութիւն ստացած և քրիստոնեաներին շատ համակիր գեղեցիկ Մարցիան դառնալով կայսրուհի, միջոց է տալիս քրիստոնէութեանն ազդեցութիւն ունենալու մինչև իսկ կայսերական կաբինետում: Ճգնաժամն անցած էր:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ