Հայաստանի հանրակրթական շուրջ 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով որպես պարտադիր դպրոցական ծրագիր ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դժգոհությունների առիթ է դարձել: Շուրջ երկու տարի առաջ ներդրված ծրագրին ներկայումս մասնակցում է մոտավորապես 3000 աշակերտ: Նշենք, որ 2003-2004 ուսումնական տարվա ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց 4-րդ և 5-րդ դասարաններում, իսկ 2005-ին 7 տարի պարտադիր դասավանդվող առարկա դարձավ 4-10-րդ դասարանների համար: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է եկեղեցու պատմություն առարկայի ներմուծման նպատակահարմարության, դասավանդման մեթոդների հարցը: Որոշ փորձագետներ այդ առարկայի դասավանդումը դպրոցներում որակում են իբրև քարոզչություն:
«Իրատեսի» զրուցակիցը ՀՀ կրթութան և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ է:
-Պարոն Մկրտչյան, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դարձյալ քննարկումների կիզակետում է հայտնվել: Հիմնականում մամուլում շրջանառվում են սոցիալական մանկավարժ, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանի տեսակետները: Որքանո՞վ են հիմնավորված դեմ արտահայտվող փորձագետների մեկնաբանությունները, և ո՞վ է Արմինե Դավթյանը:
-Արմինե Դավթյանին ես շատ լավ եմ ճանաչում, նա բավականին լուրջ հետազոտություններ է արել եկեղեցու պատմության դասագրքերի ներմուծման, բովանդակության հարցերով: Նույնիսկ փորձեց պաշտպանել ատենախոսություն` երեխաների դաստիարակության, մասնավորապես դասագրքերի վերլուծության թեմայով: Ասել, որ մակերեսային հետազոտություն է արել, չի կարելի: Սակայն նրա մոտեցումները կողմնակալ էին, և դա էր պատճառը, որ որոշ եզրահանգումներ հիմնավորված չէին: Արդեն նախնական դիրքորոշում ուներ այդ հարցերի վերաբերյալ, և հետազոտություններն ավելի շատ նպատակաուղղված էին իր դիրքորոշումը հիմնավորելուն, քան ավելի խոր, անհասկանալի հարցեր պարզաբանելուն:
Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նախապատմությանը, երկար տարիներ քննարկվել է այդ առարկայի ներմուծման նպատակահարմարությունը: Եղել են դատողություններ` հոգեբանական, մանկավարժական, կրոնական, քաղաքական տեսանկյուններից: Այս հարցերը բավական լուրջ մակարդակով այնքան են քննարկվել, և այնքան հարցեր են փակվել, որ եթե որևէ մեկը նորից է դրանց անդրադառնում, նշանակում է, որ անտեղյակ է: Ինձ համար ոչ թե տարօրինակ, այլ անօգուտ է նորից վերադառնալն այդ հարցին: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արդեն պատմություն ունի, ամրագրել ու հաստատել է իր տեղն ու նշանակությունը:
-Բարձրացված բազմաթիվ հարցերի հիմքում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով որպես պարտադիր դպրոցական ծրագիր ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է, որ կարող է ներդրվել բոլոր դպրոցներում: Արմինե Դավթյանն ընդգծում է, որ դասագիրքը պատրաստել են հապշտապ ու ներմուծել դպրոց առանց մանկավարժա-հոգեբանական, իրավական հիմքերի ուսումնասիրության: Իհարկե, վեր է հանվում ոչ միայն դասագրքերի բովանդակության, այլև դրանց հնարավոր ազդեցության խնդիրը: Եվ «մտահոգ» անձինք պահանջում են նախ կասեցնել դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, ապա այդ դասագրքերը գիտական և հասարակական համակողմանի քննարկման առարկա դարձնել: Ի՞նչ կասեք այս մասին:
-«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 2-4-րդ դասարաններում ներմուծելու հարցը առաջ եկավ որոշ դպրոցների խնդրանքով: Խնդիր առաջացավ, քանի որ այդ տարիքի երեխաների դասավանդման համար ոչ միայն մեթոդիկան, այլև բովանդակությունը դեռևս ճշգրտված չէ: Դա կամավոր է, պարտադիր չէ, և փորձարարական կարգով անցնում են որոշ դպրոցներում: Որպեսզի ծրագիրը հաստատվի` երկար ու նույնպիսի քննարկումների կարիք կա: Մենք պետք է փորձ ունենանք, վերլուծենք դասագրքերի, ծրագրի, բովանդակության և այլ հարցերը: Աղմուկ բարձրացնելն անտեղի է, իսկ եթե ոմանք ասում են` պետք է քննարկվեն, տարօրինակ է, որովհետև քննարկվում են շատ ակտիվ, և ամեն տարի, և շատ անգամներ, և տարբեր աուդիտորիաներում:
-2013-ին ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովն առաջարկել էր վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը: Խոսքը մասնավորապետ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին էր: Հայոց եկեղեցու պատմության դպրոցական առարկան որևէ կերպ խախտո՞ւմ է փոքրամասնությունների իրավունքը մեր երկրում: Մանավանդ որ Դուք մի առիթով նշել եք, որ այս ծրագրի նպատակը կրոնի քարոզչությունը չէ, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցումը:
-Դա կապ չունի եկեղեցու պատմության հետ, ուղղակի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ավելի հեշտ է թիրախավորել: Նմանապես կարող են ասել` ինչո՞ւ ենք մենք անցնում հայոց պատմություն, կամ ասել` մաթեմատիկան ազգային առարկա չէ, ընդհանուր առարկա է, ինչո՞ւ եք խնդիրներում, տեքստերում օրինակները բերում միայն հայկական անուններով:
-Կա դժգոհություն առ այն, որ «Եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու քարոզչությունը, դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել և այլն: Ի՞նչն է առիթ տալիս նման դատողությունների:
-Մի փոքր անդրադառնամ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բովանդակությանը, դասավանդման արդյունավետությանը, որակին: Պետք է հասկանանք, որ դա արդեն հանրակրթության պարտադիր առարկաներից մեկն է: Մենք ունենք մոտ 1500 դպրոց, այսինքն, տեսեք` քանի դասարան ունենք, քանի ուսուցիչ: Եվ ինչպես «Մաթեմատիկան», «Աշխարհագրությունը», «Հայոց լեզուն», այնպես էլ «Հայոց եկեղեցու պատմությունը» տարբեր մակարդակներով են դասավանդվում: Կան ուսուցիչներ, որոնք առարկան դասավանդում են շատ լավ, իր իմաստին, բովանդակությանը մոտ, և կան ուսուցիչներ, որոնք պետք է դեռ բավականին լուրջ վերապատրաստում անցնեն: Նույնը վերաբերում է դասագրքերին: Մենք անչափ շատ ենք քննարկել դասագրքերի բեռնաթափման, որակը բարձրացնելու հարցը, ինչը վերաբերում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Այսինքն` ես հակված չեմ համարելու, որ այս առարկայի դասագրքերի, ծրագրերի, դասավանդման որակն այն աստիճանի կատարյալ է, որ մենք այստեղ այլևս անելիք չունենք: Բայց պետք է ասեմ նաև, որ այս առարկայի հարցը համեմատաբար ավելի լավ վիճակում է, այսինքն` հաջողված դեպք է: Սա` հարցի այս կողմը:
Վերջերս առիթ եղավ խոսելու «ի՞նչ է հայրենասիրությունը» հարցի շուրջ: Իմ կարծիքով` հայրենասիրությունը քո հայրենիքին բնորոշ առանձնահատկությունները պահպանելն ու հատկապես` պաշտպանելն է: Մենք շատ ենք ցավում, որ ունեցել ենք տարածքներ, որոնք այժմ մերը չեն, ուզում ենք վերադարձնել, պաշտպանել, անհանգստանում ենք, որ մեր որոշ մշակութային արժեքներ ոչնչանում են: Մեր հավատը ևս մեր հայրենիքի, մեր ազգի էության մի մասնիկն է, խոսքը ոչ թե 70, 100 տարվա, այլ դարերի ու հազարամյակների պատմության մասին է, և պետք է ոչ միայն պահենք, այլև պաշտպանենք այն: Ա՛յ, այդ պաշտպանելը հայրենասիրության հարցը քննարկելիս մոռանում են:
-Պարոն Մկրտչյան, քանի որ այս առարկան անհամեմատ խնդրահարույց է, հաշվի առնո՞ւմ ենք այլ երկրների փորձը:
-Ես կողմնակից եմ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, բայց ոչ հաշվի առնելու պարտադրությամբ: Չեմ կարծում, որ կրթության ոլորտում, հատկապես երբ հարցը վերաբերում է բովանդակությանը, մեթոդներին, կա երկրների փորձ, որ մենք կարող ենք վերցնել, կիրառել ու միանգամից ունենալ մեծ հաջողություններ: Բայց ես կարող եմ ավելին ասել. եթե այլ երկրների փորձը հաշվի առնեինք, ապա ավելի կոշտ քաղաքականություն կվարեինք: Երկրներ կան, որոնց օրինակ են բերում որպես ժողովրդավարական, զարգացած, օրինակելի երկրներ, բայց նրանք իրենց ազգային, հավատի հարցերով շատ կոշտ քաղաքականություն են տանում: Մենք մի քիչ ավելի մեղմ ենք այդ հարցերում:
-Իսկ ահա եկեղեցու պատմությանը դեմ արտահայտվողները մատնանշում են Ռուսաստանի օրինակը, որտեղ «ՈՒղղափառ եկեղեցու պատմությունը» փոխարինվել է «Կրոնների մշակութաբանություն» և «Կրոնների պատմություն» առարկաներով: Նաև ոչ պարտադիր դասընթացներ են մտել՝ քրիստոնեական և մուսուլմանական դաստիարակություններ, ու երեխան ինքն է ընտրում, թե դրանցից որին մասնակցի: Այս մոդելը մեր երկրում որքանո՞վ է կիրառելի:
-Ռուսաստանը մեծ, բազմազգ, վարչական կազմով բարդ կառուցվածք ունեցող երկիր է: Ռուսաստանի որոշ մարզերում ապրում են մուսուլմանական ազգեր, բնական է, որ նրանք էլ իրենց կրոնի պատմությունը պետք է ուսումնասիրեն: Այսինքն` ոչ թե ազատություն է տրված, այլ հնարավորություն:
-Մենք այդ խնդիրը չունե՞նք, չնայած կան փոքրամասնություններ:
-Այնտեղ էլ կան փոքրամասնություններ: Եթե Կազանում որոշեն պարտադիր կարգով ուսումնասիրել իրենց կրոնի պատմությունը, այնտեղ մեծ թվով հայեր կան, որ պետական դպրոցներում են սովորում, բնական չէ՞, որ իրենք էլ պետք է ուսումնասիրեն:
-Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով: Այսինքն, ինքներս էլ կարող ենք այս ոլորտում ունեցած մեր փորձը փոխանցել այլ երկրների:
-Այո, շատ մեծ կազմով ներկայացուցիչներ եկան Վրաստանից, ուզում էին ուսումնասիրել մեր փորձը: Նրանց մոտ ավելի բարդ է իրավիճակը, քան Հայաստանում: Այլ բան է, երբ դասարանում կա մեկ-երկու այլ ազգի ներկայացուցիչ, և բոլորովին այլ է, երբ մի ամբողջ տարածաշրջան ներկայացված է կոնկրետ ազգով: Վրաստանն այդպիսի երկիր է, նրանք փոքր մոդելով, բայց ավելի նման են Ռուսաստանին: Իսկ առհասարակ, նախկին խորհրդային հանրապետությունները շատ ակտիվ փորձի փոխանակում են կատարում: Կրթության ոլորտի մի շարք հարցերով մեզ մոտ եկել են նաև Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից: Չպետք է կարծել, որ մենք բարեփոխումների, նորարարությունների իմաստով կուրորեն առաջ ենք գնում: Կան երկրներ, որոնք գնահատելով մեր փորձը` ծանոթանում են մեր մոտեցումներին` իրենց մոտ ներդնելու նպատակով: Եվ դա ոչ թե ես եմ ասում, այլ նրանք, ովքեր գալիս են, հետաքրքրվում մեր կրթական ծրագրերով:
-Տպավորություն կա, որ եկեղեցու պատմություն առարկայի մասին բացասաբար են արտահայտվում այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն դեմ են մեր եկեղեցուն: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀԺ-ին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տված հարցազրույցն է, որտեղ նա քննադատել էր Հայ առաքելական եկեղեցու անցյալն ու ներկան` չշրջանցելով նաև հավատին, եկեղեցաշինությանը, եկեղեցու պատմության առարկային առնչվող հարցերը:
-Սամվել Կարապետյանին ես անձամբ չեմ ճանաչում, բայց հեռակա գիտեմ, հաղորդումներին եմ հետևում: Ինձ վրա նա լուրջ մասնագետի տպավորություն է թողել և իր մասնագիտության շրջանակներում հիմնավորված դատողություններ է անում: Ձեր նշած հոդվածում արտահայտված էր մակերեսային, զգացմունքային վերաբերմունք, ինչը անսպասելի էր ինձ համար: Սամվել Կարապետյանը հեղինակավոր անձնավորություն է, նշանակում է` շատերը վստահում են նրա կարծիքներին, շատերը նույն կարծիքին են, եթե նույնիսկ չեն բարձրաձայնում: Ես չէի ցանկանա վիրավորել որևէ մեկին, սակայն որոշ դեպքերում մարդը, անկախ իրենից, թույլ է տալիս մեծամտություն: Գիտե՞ք ինչ, ամեն ինչ էլ եղել է մեր պատմության մեջ, բայց մեր ամբողջ պատմությունը հարուստ է անհատներով, որոնք համամարդկային մակարդակով պայծառ դեմքեր են: Մենք ունեցել ենք խոշոր բնագետներ, աշխարհով մեկ հայտնի գիտնականներ, նրանք ի՞նչ է` կուրորեն կամ վախի՞ց են հավատացել: Մեր ամբողջ պատմությունն աղքա՞տ է խոշոր մտածողներով, լուրջ վերլուծաբաններով: Չի կարելի մտածել, որ 4-րդ, 12-րդ, 15-րդ դարերում մարդիկ կույր են եղել ու մեր ազգը տարել են կործանման:
-«Եկեղեցաշինության գումարներով կունենայինք ամենաարդիական զենքով զինված բանակ». ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:
-Չէի ուզենա նման հարցեր քննարկել: Նախ մենք եկեղեցի կառուցում ենք ոչ թե պետական բյուջեով, այլ հովանավորի շնորհիվ, ով ինքն է որոշում իր գումարը որտեղ ներդնել: Քննադատողները վստա՞հ են, որ երբ հովանավորը ինչ-որ քանակի միջոց ծախսում է եկեղեցի կառուցելու համար, մի քանի անգամ ավելի միջոց չի տրամադրում դպրոցների կառուցմանը, բանակը զենքով համալրելուն: Ի տարբերություն եկեղեցաշինության, երբ գրվում է հովանավորի անունը, այստեղ չի կարելի բարձրաձայնել: Եթե նման խորհուրդ ես տալիս, նախ առաջինը դու քո փողերն այդպես վերաբաշխիր. աշխատավարձի մի տոկոսը տուր բանակին, մի տոկոսը դպրոցին, եկեղեցուն էլ ոչ մի բան մի տուր, եթե չես ցանկանում:
-Սամվել Կարապետյանը նախ խորհուրդ է տալիս չաղոթել, հիշեցնելով, որ մենք երրորդ հազարամյակում ենք: Այս օրերին կարելի է նաև էլեկտրոնային մամուլում հանդիպել «Դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել» վերտառությամբ հոդվածների: Թեև հարցն այստեղ այլ հարթության մեջ է:
-Եկեք տարանջատենք հարցերը: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ներդրումը, եկեղեցաշինությունը այլ հարցեր են, աղոթքը հավատի հարց է: Եթե դեմ է աղոթքին, թող ինքը չաղոթի, բայց նման ինտելեկտի տեր անձնավորությունը, եթե փորձում է որևէ հարցի մասին արտահայտվել, պետք է նախ ուսումնասիրի այն: Աղոթքը հասարակ երևույթ չէ, եթե նա ուսումնասիրություն է կատարել, խորացել է աղոթքի ծագումնաբանության, իմաստի, նշանակության մեջ, այդ դեպքում կարելի է լրջորեն քննարկել: Պարտադրանք չկա, բայց ես անձամբ ողջունում եմ, երբ մարդիկ աղոթում են: Կարող է լինել այլ վերաբերմունք: Բայց չի կարելի այդքան հեշտ, ձեռքի հետ արտահայտություն անել` թե այս ո՞ր դարն է: 20-21-րդ դարի խոշոր բնագետներ կան, որոնք շատ լուրջ հավատացյալներ են, քրիստոնյաներ, և չի կարելի մտածել, որ լինելով մեծ գիտնականներ, այդքան խաբված են: Կամ այնպես չէ, որ գիտությունը 21-րդ դարում այնքան բան է հայտնաբերել, որ չկար 7-րդ կամ 10-րդ դարերում, և Շիրակացին, Դավիթ Անհաղթը գիտության պակասի պատճառով են հավատացյալ դարձել: Ի դեպ, խորհուրդ կտայի նորից ուսումնասիրել Դավիթ Անհաղթի «Սահման իմաստության» գործը: Կամ ծանոթանալ «Ռուբիկոն» ամսագրում (2-րդ համար, 2006 թ.) զետեղված Էյնշտեյնի «Գիտություն և կրոն» հոդվածին, հայտնի Էյնշտեյնի, որին դժվար թե հարցին կուրորեն մոտենալու մեջ կասկածեն: Այդ հոդվածում անդրադարձ կա նաև կրթության, աղոթքի հարցերին: Թարգմանված է անգլերենից, որպեսզի կասկած չլինի, թե թարգմանիչը խեղաթյուրել է հոդվածը, հետաքրքրվողները կարող են բնագիրը կարդալ:
-Վերադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, կարո՞ղ ենք ասել, որ դեմ արտահայտվողները դրսից են ուղղորդվում` զուգահեռ հրամցնելով եվրոպական կասկածելի «արժեքները»:
-Այդքան պարզ չպետք է մոտենալ այս հարցին: Անկասկած, կան մարդիկ, որոնք առիթից օգտվում են, դրամաշնորհ են ստանում, պարտավորություններ ունեն, տարբեր տեսակի շահերից ելնելով են անպատասխանատու, սակայն նպատակաուղղված այդ հարցերը բարձրացնում: Կան մարդիկ, որ ուղիղ հակառակը. նրանք և պայքարում են նման երևույթների դեմ, գերված չեն արտասահմանով, բայց ունեն շատ խիստ, կոշտ դիրքորոշում հավատի, քրիստոնեության վերաբերյալ, ու նրանք պակաս հայրենասեր չեն:
Բայց երբեմն այդ մարդիկ կուռք դարձնելով գիտությունը` մոլորվում են հավատի հարցերում: Ես գիտեմ, որ նրանք իմ հասցեին ուղիղ հակառակը կմտածեն, որ ես եմ մոլորված: Ես ֆիզմաթ եմ սովորել, գիտությամբ եմ զբաղվել, մաթեմատիկոս եմ դարձել, եղել եմ անհավատ, զրուցել եմ հավատքի մարդկանց հետ, որ նրանք իրենց մոլորությունից վերադառնան: Բայց աստիճանաբար ինքս եմ դարձի եկել ու դարձել հավատացյալ անձնավորություն: Իհարկե, իմ հավատի աստիճանը ես չեմ որոշում, խոսքը իմ պահվածքի մասին չէ, բայց բավականին ուրիշ վերաբերմունք ունեմ քրիստոնեության հանդեպ: Ես լրջորեն եմ ուսումնասիրում այդ բոլոր հարցերը: Այնպես որ, եթե ինձ կասեն մոլորյալ, ես իսկապես եղել եմ այդպիսին, բայց երիտասարդ տարիներին:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աղբյուր՝ irates.am