Ա. Օգոստինոսը իւր հանգիստը գտաւ Աստուծոյ մշտական շնորհաց մէջ, բայց նա միևնոյն ժամանակ կարողացաւ ազատուել այն անորոշութիւնից, որ նրանից առաջ իշխում էր մեղքի էութեան նկատմամբ: Նա ճանաչեց իւրաքանչիւր մեղք իբրև յանցանք Աստուծոյ դէմ, յանցանքի ծանրութիւնը չափեց Աստուծոյ նկատմամբ և կարևորութիւն չտուեց առանձին բարի գործերին: Մեղքը, յանցանքը իբրև մի ամբողջութիւն պատկերացաւ նրա առաջ իբրև հեռացումն Աստծուց, եսականութեան, զգայականութեան և հպարտութեան մի ոյժ: Նա ամբողջ մարդուն և ամբողջ մարդկութիւնն է իւր ցանցերի մէջ առել, այդ պատճառով չի կարող ոչնչանալ առանձին բարի գործերով, ո՛չ էլ կամաւորապէս մտքի ու սրտի ուղղութիւնը փոխելով, այլ դա կարող է լինել միայն Աստուծոյ մի ամենազօր փրկիչ գործով, որը մարդու շղթայած կամքն է ազատում և նրան հաղորդութեան մէջ դնում Աստուծոյ հետ: Քրիստոնէի երջանկութիւնն է ուրեմն զգալ, որ ինքը շնորհաց միջոցով ազատուած է մեղքի թշուառութիւնից և այժմ կանգնած է նրանից բարձր, Աստուծոյ հետ հաղորդակցութեան մէջ: Այս հաւատի ոյժն ու հաստատութիւնը նրան մի կողմից եկեղեցու հեղինակութիւնն է տալիս, միւս կողմից գլխաւորապէս Քրիստոսի անձնաւորութեան պատկերացումը: Նրա մարդանալը Աստուծոյ ամենամեծ սիրոյ ապացոյցն է դէպի մեզ. և նրա անձնաւորութիւնը, որ է »հեզութեան պակեր վեհութեան մէջ և ինքնուրաց միշտ տանջուող սէր«, յաղթահարում է մեր եսականութիւնն ու հպարտութիւնը: Նրա պատկերի և Աստուծոյ շնորհաց մեծութեան, այլ և մեր պարտականութեան անհունութեան առաջ ոչնչանում է մարդու սեպհական կարողութիւնը և գործը:
Բ. Այս Պօղոսեան վարդապետութեան համաձայն կազմուած կրօնականութեան զուգընթաց գնում է մի այլ գիծ, որ յառաջ է գալիս նոր պղատոնականութիւնից և այնպէս է միանում նախորդի հետ, որ քրիստոնէական-Պօղոսեան գաղափարները նոր պղատոնական, մետաֆիզիքական-էստետիքական զգեստով են հանդէս գալիս: Աստուած այստեղ ներկայանում է իբրև կատարեալ գերբնական վերացականութիւն, միևնոյն ժամանակ իբրև բացարձակ պատճառականութիւն և բացարձակ կատարելութիւն ու գեղեցկութիւն: Ամեն բարի և գեղեցիկ բան յառաջ է գալիս նրանով և հաղորդակցութեան մէջ է նրա հետ: Որքան հեռու է նրանից մի բան, այնքան անկատար, չնչին և զզուելի է երևում այն. այդ պատճառով մեղքը չէութիւնն է (անգոյութիւնը) և տգեղութիւնն ինքը: Նոր պղատոնականութեան կրօնական մեթոդներն էլ չեն պակասում Օգոստինոսին: Աստուած բացարձակ նպատակ է, և բոլոր արարածների նպատակակէտը. հոգին դէպի նա է ձգտում, բարձրանալով աշխարհի զանազան սֆերաների, գլխաւորապէս իւր սեպհական ներքինի միջով. բազմութիւնից դէպի միութիւնը ժողովելու ու համախմբելու միջոցը ամենից առաջ ճգնութիւնն է. իսկ նպատակն է ամեն արտաքինից, ժամանակաւորից, պատմականից, այլ և մարմնաւոր Քրիստոսից՝ Քրիստոս Լոգոսին բարձրանալը, Աստուծոյ տեսութիւնը վայելելու համար:
Եկեղեցու նշանակութիւնը Օգոստինոսը նոյնպէս վճռական կերպով իւր անձնաւորութեան վրայ է զգացել: Նա գիտէ ի հարկէ, որ կայ մի եկեղեցի, հին քրիստոնէութեան մտքով, իբրև փրկութեան և ընտրեալների մի անտեսանելի համայնք, որն այս աշխարհից չէ: Սակայն նա գիտէ նաև մի հիերարխական (նուիրապետական) փրկութեան դպրոց դարձած եկեղեցի, որ հեղինակութեան և խորհուրդների տէրն է: Միայն նա ունի առանձին անհատներին անհասանելի ճշմարտութիւնը: Նա պահանջում է ուրեմն հաւատ իբրև ենթարկումն, և ազատում է հաւատացողին պատասխանատւութիւնից: Նա մինչև անգամ բռնութիւն գործ դնելու իրաւունք ունի իւր անհնազանդ անդամների դէմ: Նրա ձեոքին են, շնորհիւ Սուրբ Գրքի, իրեն խորհուրդների և իւր ամբողջ կառավարութեան, այն միջոցները, որոնցով շնորհքը առանձին անհատներին հասնել կարող է:
Մի այնպիսի ժամանակ, երբ պետութիւնը արտաքուստ քայքայւում, իսկ ներքուստ նրա կազմակերպութիւնը եկեղեցու կազմակերպութիւնից վտանգւում էր, և այնպիսի եկեղեցականներ, ինչպէս Ամբրոսիոսն էր, իշխում էին պետութեան վրայ, գրեց Օգոստինոսը իւր նշանաւոր »Յաղագս քաղաքին Աստուծոյ (De civitate Dei. 412-426) երկը, որի մէջ նա եկեղեցու տեղն է որոշում տիեզերական պատմութեան և Աստուծոյ կազմած տիեզերքի նախագծի մէջ: Հելլենիստական և գնոստիկ-օրիգենիստական տիեզերական կռիւը բանականութեան և զգայականութեան մէջ, դառնում է նրա մօտ մի մարտ Աստուծոյ արքայութեան և մեղքի թագաւորութեան մէջ: Այս երկուսն էլ իրենց սկիզբն ունին արտաքոյ աշխարհի և մտել են մարդկութեան մէջ դրսից: Նրանց լուծումը պատրաստւում է շնորհիւ Քրիստոսի գալուն, իսկ բոլորովին կկատարուի Բ. գալստեամբ: Երկուսն էլ անտեսանելի իսկապէս, մէկը ամեն բարի, միւսը ամեն չար բան իւր մէջ ունենալով՝ աշխարհի մէջ ներկայանում են սակայն տեսանելի մեծութիւնների միջոցով. մէկը սկզբում անտեսանելի, ապա նուիրապետական կազմակերպութիւն ստացած եկեղեցու, միւս աշխարհային պետութիւնների՝ ամենավերջը Հռովմէական պետութեան միջոցով: Պետութեան սկիզբը բռնութիւնն ու ճնշումն է, ուրեմն սկզբնապէս սատանայական – իսկ եկեղեցու սկիզբը Աստծուց է անմիջապէս: Պետութիւնը կարող է իւր Աստծուց ստացած նպատակը, այն է՝ արդարութիւնը պաշտպանել, միայն այն ժամանակ ի կատար ածել, եթէ նա եկեղեցու տուած ցուցումների համաձայն վարուի և իւր միջոցները, ինչպէս օրինակ իւր ոյժը նրա տրամադրութեան տակ դնէ: Առանց սորա նա միշտ կմնայ մի բռնապետութիւն: Այս կապակցութեան մէջ եկեղեցու ապագայ պատմութիւնն է նկարագրում նա. մի հազարամեայ թագաւորութիւն. որի ժամանակ եկեղեցին պիտի իշխէ բոլոր ազգերի և պետութիւնների վրայ: Եւ այդ բանը նա սպասում է մեր այժմեան աշխարհում: Այսպիսով նա վերջ է դնում նախնի քրիստոնէական էսխատոլոգիական տրամադրութեան և առաջ է բերում մի նոր տրամադրութիւն, որի համար միայն մի նպատակ գոյութիւն ունի.-ամեն անհատական և հասարակական կազմակերպութիւն պիտի միանայ եկեղեցու հետ, եկեղեցու մէջ եղած Աստուածային ոյժերով լցուի, սրբուի, փոփոխուի և նրա մէջ իշխող Աստուածային օրէնքով կառաւարուի: Մի խօսքով այդ միակ նպատակը եկեղեցու տիեզերական իշխանութիւն վարելու միտքն է:
Օգոստինոսի աստուածաբանական ուսումը մեղքի և շնորհքի մասին կազմուել է իւր անձնական կրօնական զգացմունքների, Ս.Գրքի, գլխաւորապէս Պօղոս առաքեալի ուսումնասիրութեամբ, արևմուտքի եկեղեցական աւանդութիւնների, և վերջապէս նոր-պղատոնականութեան շնորհիւ, և այդ պատճառով էլ մի միութիւն չէ կազմում այն: Մեղքի ընդհանուր իշխանութիւնը փորձում է նա Ադամի անկմամբ բացատրել: Ադամի մէջ միացած են բոլոր նրա սեռին պատկանողները, ուրեմն նրա մեղքն էլ վերաբերում է բոլորին. Ադամի յանցանքի շնորհիւ զգայական ցանկութիւններն են թագաւորում, մանաւանդ սեռական ձգտումը, եսականութիւնը, կամքի թուլութիւնը և մահուան օրէնքը, որոնք ժառանգաբար սերնդէ սերունդ են անցնում. այդ իսկ պատճառով այժմեան մարդկութիւնը չար է և անընդունակ բարին գործելու ( ժառանգական մեղք): Շնորհքը իսկապէս ոչ մի զիջումն չի գտնում մարդու կողմից, նա պէտք է ընդհակառակը, իբրև մի աւելի զօրաւոր բնական ոյժ, ոչնչացնէ կամքի յանցաւոր ուղղութիւնը, ազատէ շղթայած կամքը և նրան դէպի բարին ուղղէ: Միայն այս գործը կատարելուց յետոյ կարող է շնորհքը գործակից լինել մարդուն, բայց այնպէս որ նա այնուհետև էլ բարին գործելու անհրաժեշտ պայմանն է: Այս գործողութիւնը կատարում է շնորհքը սակայն մարդկանց մի որոշ թուի նկատմամբ, որոնց համար Աստուած անքննելի ողորմածութեամբ ի յաւիտենից անտի սահմանել է փրկուել. մնացած մարդկութիւնը Աստուած կորստի է մատնում իւրեանց սեպհական յանցանքների պատճառով (նախասահմանութեան գաղափարը կամ Praedestination):
Օգոստինոսի նշանակութիւնը արևմտեան եկեղեցու համար ամեն տեսակէտից էլ դարագլուխ կազմող է: Ամենից առաջ նա արևելքից արևմուտք անցկացրեց նոր պղատոնականութեան փիլիսոփայութիւնը, գլխաւորապէս նրա Աստուծոյ գաղափարը և այդպիսով նաև ամբողջ աստուածաբանական գիտութիւնը ընդհանրապէս, այլ և շնորհաց ըմբռնումն իբրև բնական զօրութիւն: Այնուամենայնիւ նա ամուր կերպով պահեց արևմուտքի առանձնայատկութիւնները արևելքի նկատմամբ. այդպէս նա գիտութեան և իմաստութեան կրօնական արժէք ունենալը մերժեց և նոցա միայն կողմնակի տեղ տուեց կրօնի իսկական բովանդակութեան կողքին: Նա վերացրեց շնորհքի և փրկութեան ֆիզիքական ըմբռնումը (անմահութիւն) և նրա տեղ դրեց բարոյական-կրօնական ըմբռնումը (մեղքի յաղթահարուիլը և բարոյական ազատութիւն Աստուծոյ հետ ունենալիք հաղորդակցութեան մէջ): Ո՛չ թէ մարդկային բնութեան հետ միացող Լոգոսը նրա համար փրկութեան և հաւատոյ կենդրոնն էր կազմում, այլ Քրիստոսի պատմական անձնաւորութիւնը և նրա գործը. յատկապէս մարդ-Յիսուսն էր նրա համար միջնորդ Աստուծոյ և մարդկանց մէջ: Նա սովորեցրեց ճգնաւորութիւնը ո՛չ թէ միայն զգայականութիւնը ոչնչացնելու միջոց նկատել, այլ գլխաւորապէս Քրիստոսին նմանելու ձգտումն: Նա եկեղեցին դարձրեց ո՛չ թէ մի սուրբ տեղ աշխարհի մէջ, այլ բոլոր կրօնական ուժերի տիրականը և ամեն գործողութեան նպատակը. այդ պատճառով էլ բոլոր ուրիշ հասարակական կազմակերպութիւնները նրա մէջ պիտի մտնին: Վանականներին ևս նա նպատակ դրեց ո՛չ միայն իրենց անձնական կատարելութեան մասին մտածել աշխարհից հեռու, հայեցողութեան մէջ, այլ ծառայել եկեղեցուն և նրա մեծ նպատակների իրագործման համար: Օգոստինոսի ամենամեծ վաստակներից մէկն էլ այն է, որ նա իսկապէս հիմք դրեց արևմտեան կաթոլիկութեան. որովհետև նա ճանաչում է միայն մի աշխարհային եկեղեցի, բոլոր խորհուրդների տէր, նուիրապետական կազմակերպութիւն ստացած կաթոլիկականը: Վերջապէս նա դեռ աւելի յառաջ է գնում քան թէ այս կաթոլիկութիւնը՝ յանձին մի քանի կրօնական գաղափարների, որոնք նրա հայեացքների ամբողջութեան մէջ տեղ ունենալ չեն կարող և պիտի խեղդուէին նորա մէջ. այդպէս նրա Պօղոսեան հասկացողութիւնը հաւատոյ մասին՝ իբրև ամբողջ քրիստոնէութեան գումարը, փրկութեան անկախութիւնը ամեն տեսակ հաստատութիւններից (ուրեմն նաև եկեղեցուց)-դրանից յառաջացած ազատութիւն աւանդութեան ժխորի մէջ և հաստատուն անկախութիւն նաև արտաքին հեղինակութիւնների հանդէպ:
Այս վերջին հանգամանքն է պատճառը, որ հետևեալ 12-13 դարերում կաթոլիկ եկեղեցու մէջ յառաջացած բոլոր խորին կրօնական և աստուածաբանական շարժումները Օգոստինոսի շնորհիւ են յառաջ եկել կամ շատ անգամ խորապէս ազդուել նրանից. և այդ պատճառով է, որ եկեղեցու տիրող կարգերի դէմ եղած հակառակ շարժումները իրենց ասածները Օգոստինոսի վրայ են հիմնում, և մինչև անգամ 16-րդ դարու կրօնական մեծ վերանորոգումը Լութերի միջոցով նրան իւրայինների շարքն է դասում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ