Մինչ քրիստոնէութիւնն սկսել էր այս աշխարհում վերջնական կերպով բնակութիւն հաստատելու մասին մտածել և թողել էր Քրիստոսի երկրորդ գալստեան յոյսը, յանձին Մոնտանականութեան յառաջ եկաւ ամենամեծ թափով նախնի քրիստոնէութեան մի վերջին րէակցիա: Այդպիսով Մոնտանականութիւնը գնոստիկականութեան հակառակ ծայրն էր, քանի որ վերջինս Աւետարանի մի խիստ հելլենացումն էր: Բայց միևնոյն ժամանակ մոնտանականութիւնը հակառակ էր նաև ամբողջ եկեղեցական զարգացման, որի անհրաժեշտ հետևութիւնը պէտք էր համարել գնոստիկականութիւնը: Այս նոր շարժումը կամենում էր նախնի ոգևորուած ժամանակների կենցաղավարութեան եղանակները, հին համայնական իդէալները և հին մարգարէութիւնը բռնի կերպով վերանորոգել ու պահել, և հալածանքի սարսափների ազդեցութեան տակ տեսնում էր պարզ աչօք վախճանի նշանները: Իւր նպատակին հասնելու համար, նա ստիպուած էր այլ կերպ դարձած ժամանակներում, նոր ուղղութեան դէմ, նոր ոյժեր առաջ բերել: Այսպիսով մոնտանականութիւնը ո՛չ թէ միայն նախնի քրիստոնէութեան վերանորոգումն էր, այլ և հին իդէալների զօրեղացումը՝ շնորհիւ վերջին և ամբողջացնող յայտնութեան: Այդ պատճառով էլ մոնտանականութիւնը առաջին ֆանտաստիկական շարժումը կարելի է համարել եկեղեցու պատմութեան մէջ:
Բ. դարու կիսից ոչ շատ յետոյ հանդէս եկաւ Փռիւգիայում, Միւզիայի սահմանների վրայ, մի նորադարձ նախկին հեթանոսական քուրմ, Մոնտանոս անուամբ, իբրև մարգարէ: Մարգարէական շնորհք ունեցող կանայք, ինչպէս Պրիսկա կամ Պրիսկիլլա և Մաքսիմիլլա, այլև ոգևորուած հետևողների մի մեծ բազմութիւն միացան նրա հետ: Թէև սոքա ընդունում էին առաքելական շնորհների, այլև մարգարէների յաջորդական շարքի գոյութիւնը սկսած Ագաբոսից (Գործք ԺԱ. 28. ԻԱ. 10.) և Փիլիպպոսի դուստրներից (Գործք ԻԱ. 9) մինչև իրենց ժամանակը, այնուամենայնիւ նոքա իրենցը համարում էին «Նոր և ամենաբարձր մարգարէութիւն.: Յովհաննու Աւետարանի խոստումները Մխիթարչի մասին, կատարուած պէտք էր համարել այս մարգարէութեան մէջ. նրա (մխիթարչի) շնորհիւ Հայրն ու Որդին բնակութիւն են հաստատում հաւատացեալների մէջ: Այդ գործողութիւնը կատարւում է էքստազի և տեսիլքի միջոցով. մարդը ննջում է, իսկ հոգին հսկում:
Մոնտանոսի մէջ Մխիթարիչը յայտարարում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը շատ մօտ է և որ երկնային Երուսաղէմը պիտի իջնի Փռիւգիայի Պեպուզա քաղաքի մօտ. այդ պատճառով Մոնտանոսը հաւատացեալներին համոզում է այս աշխարհից դուրս գալ և ժողովուել նոր արքայութեան համար. նա մինչև անգամ կարողանում է նիւթական միջոցներ գտնել այդ նոր թագաւորութեան կազմակերպութեան և իւր քարոզիչների ապրուստի համար (Եւս. V. 18), և սկսում է աշխարհից փախչող հաւատացեալների կազմակերպութեան գործը: Մխիթարիչի ամենաբարձր յայտնութեան համապատասխան են նաև նրա պահանջները «հոգևոր քրիստոնեաներից». խոստացրած ճգնականկեանք, կուսութիւն, ամուսնաթողութիւն կամ առ նուազն երկրորդ ամուսնութեան կատարեալ մերժումն, պահքի խստացումն և կանոնաւորութիւն, որ եկեղեցու մէջ դեռևս քիչ էր մտել: Խիստ էր մանաւանդ ապաշխարութիւնը վերջին օրերի պատճառով: Մարդկային թուլութեան մասին ոչինչ լսել անգամ չէր ցանկանում այն և միանգամ ընկածը այլևս չէր կարող նորից ընդունուել եկեղեցական համայնքի մէջ: Ուր որ այսպիսի մարգարէներին լսում էին իբրև Աստուծոյ անմիջական օրգանների, այնտեղ նոքա, կամ աւելի ճիշտ նոցա մէջ բնակուած Հոգին կատարեալ հեղինակութիւն պիտի ճանաչուէր ի հարկէ, հաւասար առաքեալներին, մինչև անգամ նրանցից էլ աւելի. որովհետև նոքա հոգու վերջին յայտնութիւնն են, որի մօտ պիտի լռէ մարդկային ամեն հեղինակութիւն:
Այս շարժումը գրաւեց Փոքր Ասիայի եկեղեցու մեծ շրջաններ, ամբողջ համայնքներ անցկացրեց իւր կողմը, Թրակիայում էլ սկսեց արմատ բռնել և այսպիսով նաև հակառակութիւն հանեց իւր դէմ: Մոնտանականների պատճառով և նրանց դէմ են եղել առաջին եկեղեցական ժողովները, որոնց մասին տեղեկութիւն ունինք: Հակառակ մարգարէութեան վերահսկողութեան չենթարկուող հեղինակութեան, պահանջ յառաջ եկաւ՝ եկեղեցու կազմակերպութեան միջոցով մի յենակէտ ստեղծել և Սուրբ Գրքի հաստատուն խօսքը դարձնել օբյեկտիւ կանոն, այդ մարգարէական հոգու ընդունելի և անընդունելի լինելը քննելու համար: Վաղուց արդէն կասկածամիտ, այժմ սկսեցին այս էքսատիկական մարգարէութեան մէջ ո՛չ թէ աստուածային, այլ մի դէմոնական ոգևորութիւն տեսնել. և հէնց նոյն Փոքր Ասիայում սկսուեց գրաւոր հակառակ հոսանք սոցա դէմ եկեղեցու առաջին ջատագովների կողմից, ինչպիսիք են՝ Միլտիադէս և Կլաւդիոս Ապոլինարիս: Մոնտանիստներին շատ հակառակ է ըստ Իրենիոսի (III 11) մի խումբ, որ բացարձակ կերպով անընդունելի համարելով Մոնտանիստների մարգարէութիւնը, մերժում է նաև Յովհաննու աւետարանը, որովհետև վերջնիս մէջ է հանդէս գալիս Մխիթարիչը: Այս խումբը եկեղեցական հաղորդակցութիւնը կտրում է Մոնտանիստների հետ: 170-ական թուականների վերջերից սկսած Մոնտանականութիւնը կրկին յետ է քշւում դէպի իւր հայրենիքը. և վերջապէս երկարատև մաքառումներից յետոյ, օրինակ շնորհիւ Անտիոքի եպիսկոպոս Սերապիոնի և մի Ապոլլոնիոսի, որ 40 տարի Մոնտանոսի հանդէս գալուց յետոյ, ուրեմն մօտ 196թ. էր գրում (Եւս. V. 18), դուրս է մղւում եկեղեցուց և դառնում է միայն մի հերձուածողական համայնք, այլ ևս անվտանգ եկեղեցու համար, իւր պատրիարքների և եպիսկոպոսների իշխանութեան ներքոյ:
Նոր մարգարէական շարժումը սկսեց նաև աւելի հանդարտ կերպարանք ստանալ իւր հայրենիքում այն պարզ պատճառով, որ նրա քարոզած «վախճանը» երևան չեկաւ: Բայց այնուամենայնիւ այս շարժումը դարձաւ, մանաւանդ Արևմուտքի համար, ո՛չ թէ մի կոչ մի հովուի իշխանութեան ներքոյ մի հօտ դառնալու, այլ մի կոչ բոլոր քրիստոնեաների խղճին՝ լապտերները պատրաստ և գօտիները կապած ունենալու համար: Այդպիսի մի կոչ չէր կարող ի հարկէ առանց ուշադրութեան անցնել, քանի որ հէնց 180-ական թուականներին էր, որ Մարկոս Աւրելիոսի օրով ամբողջ եկեղեցու մէջ հալածանքները սաստկացան և մասնաւորապէս Փոքր Ասիայում, Մոնտանիստների մէջ ևս անշուշտ, խիստ կերպարանք ստացան: Այսպիսի հանգամանքներում ամենալուրջ և հաւատարիմ քրիստոնեաները չէին կարող չհամակրել այս շարժմանը: Այդ բանը ամենալաւ կերպով տեսնում ենք հարաւային Գալլիայի համայնքների սերտ յարաբերութիւնից Փոքր Ասիացիների հետ: 177-ին նոքա իրենց կրած տանջանքների ու հալածանքների մասին մի տեղեկագիր ուղարկեցին Փոքր Ասիա և Փռիւգիա և իրենց երէց, յետագայի եպիսկոպոս, Իրենիոսին ուղարկեցին նոյն խնդրի պատճառով Հռովմ (Եւս. V. 2-4): Նոցա կարծիքը մոնտանական շարժման մասին վատ չէր. ընդհակառակը կարող ենք պնդել, որ խիստ մեղմ էր: Նոքա չէին կամենում նոր մարգարէների չափազանցութիւնների պատճառով «վերջին ժամանակում մարդկային ազգի վրայ թափուած Հոգւոյ շնորհը» (Իրեն. III. 11) մերժած լինել: Իրենիոսը մինչև անգամ պաշտպանում է նրանց կանանց մարգարէութիւնը, յենուելով Պօղոսի և Ա. Կորնթ. թղթի վրայ: Աւելի անկայուն էր Հռովմի եպիսկոպոսների դիրքը դէպի մոնտանականութիւնը: Սոտերը (166-173) յայտարարեց իրեն բացարձակ հակառակ այս շարժման. իսկ Էլեւթերոսը միայն մեղմ կերպով հռչակեց իւր անհամաձայն լինելը և պատրաստ էր նրանց հետ եկեղեցական հաղորդակցութիւն պահպանելու: Միայն Փոքր Ասիացի Պրաքսէասը Հռովմ գալով, բաց արեց մոնտանականութեան վտանգաւոր կողմերը եկեղեցու համար և ստիպեց նոր պատրաստած հաշտութեան թղթերը յետ վերցնել: Թէև մոնտանականութիւնը Հիւսիսային Աֆրիկայում այնուհետև աւելի բարեյաջող հող գտաւ և իւր ամենամեծ գրաւումն արեց, Տերտուլիանոսին իւր կողմն անցկացնելով, բայց սրանով նրա վիճակն արդէն որոշուած էր նաև Արևմուտքի համար:
Մոնտանական գաղափարները սակայն միայն իրենց համայնքների մէջ չէին ապրում, այլև չափաւորած ձևով նաև եկեղեցու մէջ՝ իբրև մի ուժեղ ստորին հոսանք: Առաքելական իդէալը սրբերի և մաքուրների համայնքի մասին դեռ իւր երկար պատմութիւնն ունի: Բայց մոնտանականների պաշտօնական արտաքսմամբ եկեղեցին կամենում էր յայտնել, որ ինքը այս աշխարհի մէջ մնալ և ապրել է կամենում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ