Ներքին ճգնաժամն ու արտաքին ընդհարումները չկարողացան ոչնչացնել քրիստոնէութիւնը: 180 թուականին, երբ Կոմմոդոսը գահ բարձրացաւ, արդէն վճռուած խնդիր էր, որ տիեզերական կրօնն իւր տեղը գրաւել էր տիեզերական պետութեան մէջ: Սակայն այս մրցումների շնորհիւ քրիստոնէութիւնն ինքը ուրիշ էր դարձել: Սրբերի մաքուր հոգևոր համայնքը, որոնց քաղաքացիութիւնը երկնքումն էր, հաւատոյ, սիրոյ և յուսոյ հաղորդակցութիւնը դարձել էր արդէն համայնքների մի միութիւն, որի նշանը երիտասարդական փոթորկալից շրջանի և առաքելական հերոսների ժամանակի յիշողութիւններն էին: Այդ համայնքների միութիւնը մեծ կամ կաթուղիկէ եկեղեցին էր, որի մէջ շնորհիւ մրցումների և ընդհարումների մի որոշ ընդհանուր գիտակցութիւն էր յառաջ եկել:
Թէև այս երևոյթը դանդաղ կերպով է յառաջ ընթացել և շատ անգամ նրա զարգացումը մեզ անյայտ է, բայց չպէտք է ուրանալ, որ որոշ համայնքների և անձնաւորութիւնների կատարած դերը շատ մեծ է եղել այս խնդրում: Հնագոյն ժամանակներում նշանակութիւն ունէր ի հարկէ շրջիկ առաքեալների, մարգարէների և վարդապետների գործունէութիւնը, այն ինչ յետոյ մեծ գործ պէտք է կատարած լինին անշուշտ մի կողմից ընդհանրապէս Փոքր Ասիայի, Գալլիայի և Հռովմի համայնքները, միւս կողմից ջատագովներից ոմանք, ինչպէս Յուստինոս և Մելիտոն, որոնք թէ հերետիկոսութեան դէմ էին կռւում և թէ պետութեան: Մի քանի անձնաւորութիւնների մասին արդէն որոշ կերպով ասել կարող ենք, որ առանձնապէս այդ ուղղութեամբ գործել են (Եւս. IV, 21): Այդ անձնաւորութիւնների թուին է պատկանում ամենից առաջ Պօղիկարպոս Զմիւռնացին, որը իւր քարոզած առաքելական աւանդութեան միութիւնն է փառաբանում (Իրեն. III, 3.), և իւր ծերութեան օրերում Փոքր Ասիայից Հռովմ է գնում քրիստոնէական խնդիրների մասին բանակցելու և հերետիկոսութեան դէմ կռուելու համար (Եւս. V, 24): Ապա նշանաւոր են իբրև աւանդութեան գաղափարի և եկեղեցական միութեան պաշտպաններ ու քարոզիչներ` Դիոնիսիոս Կորնթացին, Հեգեզիպպոսը և Իրենիոսը. առաջինն իւր այսպէս կոչուած «Կաթուղիկեայց թղթերով», իսկ միւս երկուսը շնորհիւ իրենց անձնական հաղորդակցութեան և գնոստիկականութեան դէմ գրած երկերի: Սակայն այս բոլոր յիշած անհատների մէջ ամենից նշանաւորը և ամենամեծ գործ կատարողը Իրենիոսն է: Եւ նա կոչուած էր այդ մեծ գործը կատարելու այս անցման շրջանում շնորհիւ այն հանգամանքի, որ հին եկեղեցու և նրա աւանդութիւնների հետ որոշ կապակցութիւն ունէր: Նա Փոքր Ասիացի էր, իւր երիտասարդութեան ժամանակ մօտ էր եղել Պօղիկարպոսին և նրանից լսել էր նրա մինչև Յովհաննէս առաքեալն հասնող յիշողութիւնները. «Ինչ որ ես նրանից լսում էի, ո՛չ թէ թղթի վրայ էի գրում, այլ իմ սրտիս խորքում և Աստուծոյ շնորհքի միջոցով յիշողութեանս մէջ միշտ վերակենդանացնում եմ այն (Եւս. V 20): Իրենիոսը յետագայում Լիոնի (Լուգդունում) երէց դարձաւ. մոնտանական շարժման ժամանակ մենք տեսանք նրան Հռովմում հարաւային գալլիական համայնքների կողմից իբրև ներկայացուցիչ` մեղմ վարուելու և մոնտանականութիւնը միանգամայն մերժելի չհամարելու կողմնակից: Լիոնի եպիսկոպոս Փոտինոսի մարտիրոսական մահից յետոյ (մօտ 177-ին), նա դարձաւ այնտեղի եպիսկոպոս և երկար ժամանակ ստիպուած էր կռիւ մղել Վալենտինեան գնոստիկականութեան հետ, որ մուտք էր գործել նրա համայնքի մէջ: Նրա հռչակաւոր անտիգնոստիկեան գրուածքի Գ. գիրքը յառաջ է եկել Հռովմի եպիսկոպոս Էլեւթերոսի (-189) օրով: Ինչքան էլ նա այստեղ շեշտում է եկեղեցական աւանդութեան միութիւնն ու առաքելական համայնքների, գլխաւորապէս Հռովմի նշանակութիւնը, այնուամենայնիւ նա դէմ է ելնում Հռովմի եպիսկոպոս Վիկտորի իշխանասիրական ձգտումներին, օրինակ զատկական վէճի առթիւ, և նրան յորդորում է չափաւոր լինել (Եւս. V 23): Իբրև աստուածաբան անպայման նշանաւոր հայր եկեղեցու, նա իրաւունք ունի այդ անունը կրելու նաև իւր գործի մէջ բռնած դիրքի պատճառով: Երբ է մեռել Իրենիոսը որոշ կերպով յայտնի չէ: Ամենագլխաւոր աղբիւրը նրա մասին Եւսեբիոսի Ե. գիրքն է: Նրա գրուածքների մեծ մասը կորած է. բարեբախտաբար մեր ձեռքն է հասել մի լատինական վատ, բայց ճշգրիտ թարգմանութեամբ նրա ամենագլխաւոր երկը` «Յանդիմանութիւն և վերստին եղծումն ստանուն գիտութեանն», հինգ գրքից բաղկացած մի աշխատութիւն, որ ամենակարևոր աղբիւրն է գնոստիկականութեան համար: Անցեալ 1904-ի վերջին Կարապետ վարդապետը Երևանի Կաթուղիկէ եկեղեցու ձեռագիրներից մէկում գտաւ Իրենիոսի այդ գրուածքի Դ. և Ե. գրքերի հայերէն թարգմանութիւնը, որի գոյութիւնը թէև յայտնի էր (հմմտ. Տաշեանի Ցուցակ Ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա), բայց ցարդ կորած էր համարւում: Այդ նոյն ձեռագրում Կարապետ վարդապետը գտաւ նաև Իրենիոսի մի ուրիշ նշանաւոր երկ, որն ընդհանուր քրիստոնէական գրականութեան մէջ կորած էր համարւում և որի գիւտը շատ մեծ նշանակութիւն ունի այն պատճառով, որ այդ փոքրիկ գրուածքի մէջ մենք ամփոփուած ենք գտնում հին եկեղեցու քրիստոնէական վարդապետութիւնը Բ. դարու վերջին: Գրուածքի վերնագիրն է «Ցոյցք Առաքելական Քարոզութեանն», որ արդէն հրատարակուած է գերմաներէն թարգմանութեան հետ միասին Լայպցիգում, գտնողի և սոյն գրքի հեղինակի աշխատութեամբ:
Սակայն կաթոլիկ եկեղեցու յառաջ գալը միայն մասնաւոր անհատների գործունէութեամբ բացատրել չի կարելի. այստեղ նշանակութիւն են ունեցել միանման կազմակերպութիւն յառաջ բերելու համար համայնքների միանման դրութիւնը: Մի կողմից ներքին ճգնաժամը, յատկապէս գնոստիկեանների հետ ունեցած մրցումը, միւս կողմից պետութեան ու հասարակութեան գործած արտաքին ճնշումը, ապա հին ոգևորութեան պակասելն ու նախկին ազատ շնորհների անզօր դառնալը, ստիպում են քրիստոնէական համայնքներին մի հաստատուն վարչութիւն և հեղինակութիւն ունեցող պաշտօն ստեղծել. և ահա իրերի ներքին զարգացման շնորհիւ հանդէս է գալիս իբրև քրիստոնէական եկեղեցու միութեան և աւանդութեան պաշտպան ու տարածող:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ