Քրիստոնէութեան թողած ազդեցութիւնը ժողովրդի վրայ բնական է, որ տարբեր լինէր: Մի կողմից համոզման այս հաստատութիւնը, որ հեթանոսները տեսնում էին քրիստոնեաների մէջ, այն եռանդուն բարոյականութիւնը, որով նոքա առաջնորդում էին տանն ու դուրսը, այն հերոսութիւնը, որ նրանք ցոյց էին տալիս հալածանքների ժամանակ, պէտք է որ գրաւիչ լինէին հեթանոսների համար. մինչև անգամ մտածող հեթանոսների համար, որովհետև նոքա պիտի տեսնէին, որ իրենց զբաղեցնող խնդիրներն են այստեղ վճռւում: Սակայն միւս կողմից շատ բան էլ կար քրիստոնէութեան տարածուելուն հակառակ կանգնած. նախ՝ Հռոմայեցու հպարտութիւնն իրեն վիրաւորուած էր զգում այս կրօնի բարբարոսական սկիզբն ունենալուց և նրա անդամների հայրենասիրութեան պակասութիւնից: Բ. հեշտասէր բարձր դասակարգին գայթակղութիւն պիտի պատճառէր հարկաւ նոր կրօնի աշխարհատեցութիւնը և նրա անդամների սոցիալական ցած դիրքը: Գ. կրթուածները միայն կարճամիտ յանդգնութիւն պիտի տեսնէին քրիստոնեաների այն համոզման մէջ, թէ նոքա բացարձակ ճշմարտութիւնն են գտել: Դ. անպատկեր աստուածպաշտութիւնը և կռիւը զանազան աստուածների պաշտամանց դէմ վնաս էր շատ շրջանների առևտրական զբաղմունքներին. ուստի բնական է, որ վերջիններս հակառակ լինէին քրիստոնէութեան: Ե. քրիստոնէական ժողովների քաշուած և խորհրդաւոր բնաւորութիւնը առիթ էր տուել զանազան թշնամական առասպելների յառաջ գալուն, որոնք առաջ հրէից մասին էին պատմում. օրինակ՝ իբր թէ քրիստոնեաներն իրենց խորհրդաւոր հացկերոյթների ժամանակ մանուկներ են զոհում կամ թէ էշ են պաշտում:
Թէ ինչ էր քրիստոնէութիւնը 170 թուականին մի կրթուած և աշխարհասէր հեթանոսի համար, ցոյց է տալիս թափառական հռետոր Սամոսատցի Լուկիանոսը: Նրա համար քրիստոնէութիւնը մի նոյնպիսի անմտութիւն է, ինչպէս հեթանոսական առասպելաբանութիւնը: Քրիստոնեաների մահն արհամարհելն աւելի քան տարօրինակ յիմարութիւն, խաչեցեալ սոփեստին երկրպագելը աբսուրդ է թւում: Էպիկտետը թէև մի կողմից քրիստոնեաների և հրէաների «Տէր ողորմեայի» մէջ անվայել երկիւղի և հիւանդոտ կրօնականութեան ճիչ է նկատում, բայց միւս կողմից փիլիսոփաներին իբրև օրինակ է ներկայացնում Գալիլիացիների մահն արհամարհելը:
Նկատելի է արդէն, որ փիլիսոփայական կրթութիւն ստացած մարդկանց աչքը աւելի յաճախ սկսում է օտարոտի երևոյթի վրայ ընկնել և կամաց կամաց այն գիտակցութիւնն է յառաջ գալիս, որ պէտք է այդ երևոյթի հետ ունենալիք յարաբերութիւնները որոշել: Ամենից առաջ քրիստոնէութեան վրայ յարձակուել է հաւանօրէն Մարկոս Աւրելիոսի ուսուցիչ հռետոր Ֆրոնտոն, համարելով այն ամբոխի անմտութիւն, լի զզուելի յանցագործութիւններով: Յուստինոս փիլիսոփայի հակառակորդ Կրեսցենսն ևս գիտակցական կերպով հանդէս եկաւ իբր քրիստոնէութեան հակառակորդ: Սակայն քրիստոնէութեան առաջին ընդարձակ գրական հերքումը Կելսոսը գրեց: Նորա մօտ 178-ին գրած logoz alhqhz kata Cristanwn (Բան Ճշմարիտ ընդդէմ Քրիստոնէից) գրուածքը դժբախտաբար կորած է, բայց փոքր ի շատէ կարելի է այն վերականգնել շնորհիւ Օրիգենէսի նրա դէմ գրած Kata Kelsou (Ընդդէմ Կելսոսի) վերնագրով հերքման, որովհետև Օրիգենէսն աշխատել է նրա առարկութիւնները ջրել մանրամասն, հետևելով նրա գրածին քայլ առ քայլ և մեծ կտորներ յառաջ բերելով: Կելսոսը մի բազմակողմանի կրթութիւն ստացած մարդ էր, ծանօթ ժամանակի փիլիսոփայական դպրոցներին և Հռովմի պետութեան մէջ եղած կրօններին: Քրիստոնեաների հետ էլ վիճաբանութիւններ է ունեցել նա և ծանօթ է քրիստոնէական, նաև գնոստիկական գրականութեան: Նրա գրուածքի բովանդակութիւնը հետևեալն է եղել: Քրիստոնեաները մի հակաօրինական և գաղտնի ընկերութիւն են կազմում, նրանց վարդապետութիւնը բարբարոսական է և չի կարելի այն Յիսուսի հմայութիւններովու հրաշքների ապա-ցուցանել: Նրանք չեն հետևում բանականութեան, այլ միայն կոյր հաւատին և արհամարհում են իմաստութիւնը: Կելսոսը նախ մի հրեայ է հանդէս բերում քրիստոնէութիւնն հերքելու համար, և սա սկսում է հրէական զրպարտութիւնները Յիսուսի մասին, որ իբր թէ անառակութեան զաւակ է նա և սնուած է եգիպտական իմաստութեամբ. ի՞նչպէս կարող էր նա աստուածային դիրք ունենալ, քանի որ խեղճ էր այս աշխարհում և խայտառակ մահով էլ վերջացրեց իւր կեանքը: Ինչո՞ւ նրա յարութիւնը միայն իրեն հետևողներին յայտնի եղաւ, եթէ ճիշտ է այն: Կելսոսը ինքը անմտութիւն է համարում Աստուծոյ կամ Աստուծոյ որդու, այլ էլ խաչուած Աստուածորդու ներքև իջնելու միտքը, անհնարին պատմական փրկութեան վարդապետութիւնը՝ իբրև հակառակ Աստուծոյ արդարութեան և անկողմնակալ սիրոյ: Բնական կարգաւորութիւնն անփոփոխ է և այդ պատճառով անմտութիւն է աշխարհի վերջի, դատաստանի, յարութեան վարդապետութիւնը: Թողութեան և փրկութեան վարդապետութիւնները հակասական են, որովհետև ոչ ոք չի կարող բնութիւնը փոխել. Աստուած պէտք է արդարներին և ոչ թէ մեղաւորներին առաւելութիւն տայ: Ոչ միայն քրիստոնեաների կողմից սխալ հասկացուած փիլիսոփայութիւնն է համեմատաբար աւելի լաւ, քան թէ քրիստոնէութիւնը, այլև նոյն իսկ հեթանոսական կրօնը, որը գիտունների կողմից մերժւում է:
Սակայն Կելսոսի հետաքրքրութեան գլխաւոր առարկան հռովմէական պետութիւնն է. նա կրօնական մարդ է, որովհետգ պետութեանը կրօնը պէտք է: Որովհետև քրիստոնէութիւնը հռովմէական պետութեան ամենավտանգաւոր թշնամին է երևում նրան, այդ պատճառով էլ չափազանց խիստ է նրա յարձակումը քրիստոնէութեան վրայ: Քրիստոնէութեան մէջ լի են հակասութիւններ. հերձուածներն ուրիշ բան են ասում, եկեղեցին ուրիշ. առաքեալներն այլ բան են քարոզում, քան թէ Քրիստոսը և մինչև անգամ Ս. Գրքի բնագիրը որոշ չէ. տարբեր րեցենզիաներ կան: Նա չի խնայում մինչև անգամ Քրիստոսին. նրա վարդապետութեան լաւագոյն կտորները փոխ են առնուած յոյն փիլիսոփաներից. իսկ մնացածը, ինչ որ նրա սեպհականութիւնն է, մոլորութիւն է և խաբեբայութիւն, կամ միանգամայն անպէտք առասպել: Առաքեալները խաբուած խաբեբաներ են, որոնք անմտութիւնը միայն աւելացրել են. յարութեան հաւատը հիմնուած է մի խելագար կնոջ վկայութեան վրայ: Քրիստոնէութիւնը ամենավատ տեսակի անթրոպոմորֆական առասպել է, քրիստոնէական նախախնամութեան վարդապետութիւնը մի անզգամութիւն է Աստուծոյ դէմ: Գորտերի մի խումբ նստած է ճահճի մէջ և կրկռում է, թէ «Աշխարհը ստեղծուած է մեզ համար»:
Բայց չնայելով այս դատապարտութեանը, Կելսոսի գիրքը վերջանում է մի ջերմ դիմումով դէպի քրիստոնեաները՝ ընդհանուր կարգից դուրս չգալ և օգնել միահամուռ ուժով, որ կայսրը պետութեան իդէալական բարիքները պահպանել կարողանայ: Պարզ կերպով կարդալ կարելի է տողամիջում. առանձին դրութիւն մի՛ ստեղծեք ձեզ համար պետութեան կողքին, և մենք համբերատար կլինինք դէպի ձեր կրօնը: Կելսոսի «Ճշմարիտ Խօսքը» իսկապէս մի քաղաքագիտական գրուածք է, որը հազիւ թէ ծածկել է կարողանում իւր հաշտութեան առաջարկը քրիստոնէութեան հետ: Այս նշանաւոր գրուածքը, որի մէջ առարկայական լրջութեամբ այն փաստերն են քննւում, որոնք այնուհետև քրիստոնէութեան դէմ հազար անգամ կրկնուել են, մի լաւ ապացոյց է «այս ամբոխի փիլիսոփայութեան» թողած ազդեցութեան թէ ամբոխի և թէ փիլիսոփաների վրայ: Կարո՞ղ էր պետութիւնը հանդուրժել այն:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ