Ինչպէս որ Նեստորականութիւնը Նեստորի անկմամբ չվերջացաւ, այլ երկար ժամանակ գոյութիւն ունէր ու ծաղկեալ դրութեան էլ հասել էր և քարոզչութեամբ էր պարապում Ասորիքից սկսած մինչև Չինաստան, այնպէս էլ Քաղկեդոնի ժողովից ու նրան հետևող կռիւներից յետոյ միաբնակութիւնը չվերջացաւ: Ամբողջ արևելքում կազմուեցան միաբնակ ազգային եկեղեցիներ, ինչպէս Եգիպտոսում Կոպտականը, և Ասորականը Անտիոքի պատրիարքութեամբ. վերջինս երկու մեծ խմբի էր բաժանուած՝ Յուլիանիտների և Սևերեան կամ Յակոբիկ ասորիների, Յակոբ Բարադէոսի կամ Ծանծալոսի անուամբ, որը 541-ին կամ 543-ին եպիսկոպոս ձեռնադրուելով, ամբողջ Ասորիքը անդադրում շրջում էր ու կազմակերպում միաբնակ համայնքները, քահանաներ ձեռնադրում, կարիքներն հոգում և այլն: Նրա մինչև 578 թուականն հասնող գործունէութիւնը ծատ արդիւնաւոր էր միաբնակութեան համար. նրա ջանքերի շնորհիւ անշուշտ յառաջ եկաւ Ասորիքում, չնայելով երկարատև հալածանքներին, կենսունակ և զօրեղ Յակոբիկների եկեղեցին:
Այստեղ պէտք է յիշել նաև Հայոց եկեղեցին, որի կաթուղիկոս Քրիստոփոր Ա-ն էլ (Զ. դարու 30-ական թուականներին) միաբնակութեան համար յաջողութեամբ գործել է, ճանապարհորդել է Ասորիք, եպիսկոպոսներ է ձեռնադրել միաբնակների համար և այլն: Հայոց եկեղեցու ընդհանուր դիրքը դաւանական խնդրում հետևեալն էր. 505/506-ին Բաբգէնի ժողովով Դուինում ամենայն հաւանականութեամբ Հայոց եկեղեցին ընդունել է Զենոնի Հենոտիկոնը և իւր համապոհութիւնը յայտնել Ասորի միաբնակներին, մերժել Նեստորականներին, հաւանօրէն Նեստորականութիւն համարելով նաև Քաղկեդոնականութիւնը: Բացարձակ կերպով մերժուել է Քաղկեդոնի ժողովը Զ. դարու կիսին Ներսէս Բ. կաթուղիկոսի ժամանակ (547/8-556/7), երբ հայերը համաձայնութիւն են յայտնել Ասորիքից եկած Յուլիանիտներին և նրանց համար եպիսկոպոս են ձեռնադրել եռանդուն Աբդիշոյին: Այնուհետև, չնայած յոյների բոլոր փորձերին, Հայոց եկեղեցին մնացել է միաբնակ, երբեմն շեղուելով սկզբնական խիստ մոնոֆիզիտական ճանապարհից ու անցնելով աւելի մեղմ միաբնակների՝ Սեւերեան Յակոբիկների կողմը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ