-Քրիստոնէական եկեղեցու ընդհանուր դրութեան համար շատ մեծ նշանակութիւն ունէր ազգերի գաղթականութեան շարժումը, որ սկսուել էր 375 թուականին, երբ Հոները Դոն գետն անցնելով դէպի արևմուտք դիմեցին: Այդ ժամանակ Հռովմէական պետութեան հիւսիսային սահմանները, Սև ծովից մինչև Հռենոս բռնել էին գերմանական ցեղերը. Դանուբի ստորին հովտում հաստատուած Գոթերը վտանգի մէջ էին և նոցա մի մասը՝ Վեստգոթերը ստիպուած եղան Դանուբն անցնել և հռովմէական ծառայութեան մէջ մտնել, այն ինչ Օստգոթերը դէպի արևմուտք քաշուեցին: Սակայն Վեստգոթերն էլ Ալարիխի առաջնորդութեամբ Դ. դարու վերջին ու Ե.-ի սկզբին սպառնում էին արևմտեան պետութեանը: 402-ին Ստիլիխօ զօրապետն ստիպուած էր Բրիտանիայից յետս կոչել Հռովմէական Լեգէոնները Իտալիան պաշտպանելու համար, Բրիտանիան Կելտերին թողնելով: Գերմանական միւս ցեղերը՝ Վանդալները, Սուեբները և Ալանները 406-ին Պաննոնիայից Գալլիա, և 409-ին նաև Սպանիա են անցնում: Նրանց յետևից Գալլիա են մտնում Ֆրանկները, Բուրգունդները և Ալամանները: Այս ձևով Հռովմէական նահանգները մէկը միւսի յետևից կտրւում էին պետութիւնից և դադարում էին այլ ևս նրա մասը լինելուց: Սպանիան 409-ին անցնում է Վանդալների, Սուեբների և Ալանների ձեռքը. իսկ երբ Վանդալները 428-ին Աֆրիկա անցան և տիրեցին այս պրովինցը, Սուէբները 446-ին երկար պատերազմներից յետոյ Սպանիայի տէրը դարձան: Գալլիան մնաց Ֆրանկների, Բուրգունդների և Ալամանների ձեռքը: Իսկ Վեստգոթերը Ալարիխի մահից յետոյ հաստատուեցան Գարոն գետից հարաւ գտնուած երկիրներում. ապա Լիոնից մինչև Ժընեվ, Հռոդանոս դետի հովտում, հաստատուեցին Բուրգունդները:
Տասնեակ տարիներ շարունակ աւարառութիւն, յափշտակութիւն ու աւերածութիւն էր տիրապետում այս երկիրներում, քաղաքներն ամայանում էին, քաղաքակրթութիւնն ընկնում էր և Հռովմէական իշխանութիւնն էլ դադարել էր գոյութիւն ունենալուց: Միայն Միջին Գալլիան էր մնացել Հռովմայեցոց ձեռքը, այն էլ շնորհիւ Աէտիոսի: Դանուբի և Ալպեան նահանգներն ևս բռնել էին գերմանական ցեղերը: Պաննոնիայի քաղաքներն աւերելուց յետոյ հաստատուել էին այնտեղ Օստգոթերը: Իտալիան ևս շուտով ենթակայ է դառնում բարբարոսների աւարառութեանը: 452-ին Հոներն են այստեղ արշաւում, 455-ին Վանդալները, որոնք իրենց աւազակային նաւատորմով ասպատակ էին սփռում ամբողջ միջերկրականի ծովեզրեայ քաղաքները: Պետութեան վերջին նեցուկը Աէտիոսն էր. բայց նա էլ, Վալենտիանոս Գ. էլ 455-ին սպանուեցին և դրանով Հռովմէական պետութիւնը բոլորովին կործանման դուռն հասաւ արևմուտքում. այնպէս որ, երբ 476-ին գերմանական վարձկան զինուորականները Օդոակրի առաջնորդութեամբ Իտալիա մտան և Հռոմուլոս Աւգուստուլոս կայսրին գահից զրկեցին, նա այլ ևս յաջորդ չունեցաւ: 489-ին Օդոակրի տեղն անցաւ Թէոդերիխը: Այսպէս Իտալիայում իսկ յառաջ եկաւ մի գերմանական թագաւորութիւն, թէև նրա ներկայացուցիչները անուամբ Բիւզանդիոնի կայսեր տեղապահներն էին:
Նիւթապէս էլ արևմտեան Հռովմէական պետութիւնը բացարձակ կերպով քայքայման դուռն էր հասել. այնպէս որ ազգերի գաղթի ժամանակ Հոնորիոս և Վալենտինիանոս Գ. կայսրները կամենում են եկեղեցուց և կղերականներից առնել այն արտօնութիւնները, որ նոքա հետզհետէ ձեռք էին բերել, դրանով պետութեան նիւթական վիճակը ապահովելու համար: Բայց նրանց այդ առթիւ գրած օրէնքները անհետևանք մնացին մինչև անգամ պետութեան ձեռքը մնացած նահանգներում, և միայն մի անգամ էլ պարզեցին եկեղեցու ձեռք բերած մեծ սոցիալական հեղինակութիւնն ու նշանակութիւնը՝ մանաւանդ քաղաքներում: Հին կայսրների ժամանակից քաղաքները ինքնավարութեան արտօնութիւն ունէին: Դիոկղետիանոսի և Կոստանդին Մեծի ժամանակներից հին արիստոկրատների տեղը բռնել էին ինքնավարութեան մէջ պաշտօնեաները, կալուածատէրերն ու ազնուականները: Այժմ այդ բոլորի գլուխը կանգնած էր բնականաբար եպիսկոպոսը իւր հոգևորականութեան հետ միասին. մի կողմից նրա սոցիալական նշանակութիւնը, միւս կողմից եկեղեցու օրէցօր աճող հարստութիւնը պատճառ պիտի դառնային անշուշտ նրան քաղաքի պետը դարձնելու: Հետզհետէ բարձր հոգևորականութեան և ազնուականութեան մէջ շահերի միութիւն է ստեղծւում.-ազնուականները մեծ ազդեցութիւն են ձեռք բերում եպիսկոպոսների ընտրութեան մէջ և աշխատում են միշտ իրենց միջից ընտրել, այնպէս որ սերունդներ շարունակ երբեմն միայն մի ընտանիքից էին ընտրւում եպիսկոպոսները:
Եպիսկոպոսի այսպիսի հեղինակաւոր դիրքը պետութեան քայքայման ժամանակ ամենամեծ նշանակութիւնն ստացաւ: Շատ քաղաքներ արշաւանքների ժամանակ կտրուել էին պետութիւնից և կառավարւում էին քաղաքային վարչութեամբ, որի գլուխը եպիսկոպոսն էր: Իւր հովուական պաշտօնի և սիրոյ գործունէութեան հետ եպիսկոպոսն այժմ ստիպուած էր կատարել նաև պետութեան, նրա պաշտօնէութեան և զօրքի գործը: Նա է պաշտպանում նիւթական շահերը, նա է պաշտպանում քաղաքը բարբարոսների յարձակումների դէմ: Միայն եպիսկոպոսական դատաւարութիւնն է շարունակում գոյութիւն ունենալ: Այն ինչ մի կողմից խզւում են պետութեան կապերը գաւառների հետ, եկեղեցին ընդհակառակը աւելի զօրաւոր միութեան կապ է դառնում: Նրա շնորհիւ միայն Հռովմէական օրէնքն ու լատին լեզուն մնում են քաղաքներում, այն ինչ գիւղերում օտար լեզու ու կարգ է իշխում: Հռովմէականութեան միակ կապը բարբարոսների տիրած երկիրներում եկեղեցին էր. և նա էր հաստատուն պահել տալիս այն հաւատը, թէ Հռովմէական պետութիւնը դեռ ևս վերջնականապէս կործանուած չէ: Քրիստոնեայ եկեղեցու աստուածաբաններին վաղուց յայտնի էր, որ համաձայն Դանիէլ Է. և Բ. Թեսաղ. Բ. 6 այդ պետութիւնը մինչև Նեռի գալը պիտի մնայ: Եկեղեցին ուրեմն միայն ժամանակաւոր կերպով էր բռնում նրա տեղը: Սակայն Օգոստինոսի գաղափարը Աստուածային պետութեան մասին երկրի վրայ սկսում է իրականանալ:
Եպիսկոպոսների իրաւունքը՝ ազատ կերպով գործածելու եկեղեցու հարստութիւնը, ինչպէս ասացինք, նոյնպէս շատ մեծ չափով նպաստում է նրա հեղինակութեան բարձրանալուն: Նա կարելի է ասել անսահման տէր է այդ հարստութեան: Ե. դարու վերջից սկսած միայն որոշւում է եկեղեցու բոլոր եկամուտների մի քառորդը եպիսկոպոսին յատկացնել, մի քառորդը կղերականութեան, որի վարձատրութեան լլիակատար իրաւունքը դարձեալ եպիսկոպոսին էր պատկանում, մի քառորդը եկեղեցու կառավարութեան և մի քառորդն էլ աղքատների խնամատարութեան: Բացի այն որ բոլորի կարգադրիչը դարձեալ եպիսկոպոսն է, պէտք է նկատել նաև, որ այս շրջանում հսկայական չափերով է մեծանում եկեղեցու հարստութիւնը: Ազգերի գաղթի ժամանակ շատ հին և յայտնի Հռովմէական ընտանիքներ անհետանում են և նոցա լայնատարած կալուածների ու մեծ հարստութեան բնական ժառանգը եկեղեցին է դառնում, այդպիսով ազատելով այն գոնէ բարբարոսների ձեռքից: Այդ միջոցով եկեղեցին հաստատուն հիմք է բռնում նաև գիւղերում. եպիսկոպոսներն ու կալուածատէրերը իրենց կալուածներում կառուցանում են բազմաթիւ մատուռներ, վանքեր և եկեղեցիներ, այնտեղի քրիստոնեաների (հռովմէական, կելտական և իբերական) կրօնական պահանջներին բաւարարութիւն տալու համար: Որտեղ որ գերմանները ոտք դրին, այնտեղ բնիկ ազգաբնակութիւնը դադրեց հռովմայեցիներին ատելուց և մտաւ նրա, որ այս շրջանում նշանակում է եկեղեցու պաշտպանութեան տակ:
Կաթոլիկ Հռովմէականութեան կողքին քաղաքներում հաստատւում են արիոսական գերմանները գիւղերում: Բոլոր արևելեան գերմանական ցեղերը, այժմ նաև Բուրգունդները շնորհիւ Վեստգոթերի արիոսական են դառնում: Կրօնի և քաղաքակրթութեան այս հակառակութիւնը պատճառ է դառնում ազգային առանձնայատկութիւնների անփոփոխ պահպանութեան: Սակայն Հռովմայեցիք ազատ էին իրենց հաւատի և եկեղեցական կազմակերպութեան մէջ: Միայն Աֆրիկայում, սոցիալական և քաղաքական պատճառներից դրդուած, սաստիկ հալածւում են կղերականները և ոչնչացւում է եկեղեցական կազմակերպութիւնը: Պակաս չէին եկեղեցական շրջաններից իսկ ձայներ, որոնք գովում էին այդ կատարեալ համբերատարութիւնը և յայտնում, որ աւելի հեշտ է այս նոր իշխանութեան ձեռքի տակ ապրելը, քան թէ նախկինի, մանաւանդ փոքր մարդկանց համար: Միայն յետոյ, երբ հին սոսկալի սիստեմը տեսած սերունդը անհետացաւ, թէ հռովմէական և թէ կաթոլիկ գիտակցութիւնը արթնացաւ և նոքա սկսեցին իրնց ճնշուած զգալ, որ բարբարոսներն ու հերետիկոսները պիտի իշխեն իրենց վրայ:
Արիոսական եկեղեցիների մի ընդհանուր կազմակերպութիւն կաթոլիկականի նման գոյութիւն չունէր դեռ ևս: Իւրաքանչիւր պետութիւն ունէր իւր սեպհական եկեղեցին: Կղերականների կրթութիւնը բոլորովին տարբեր էր կաթոլիկականից. այսինքն մաքուր ազգային գերմանական էր, անխառն դեռ ևս հին աշխարհի եկեղեցական և աշխարհական քաղաքակրթութիւնից: Այնուամենայնիւ բոլոր քրիստոնէական վկայութիւնների համաձայն բարքերն ու բարոյականութիւնը արիոսական գերմանների մէջ շատ աւելի բարձր էին, քան թէ կաթոլիկ րոմանների մէջ: Եւ այդ բնական էր. գերմանները հակառակ րոմանների մի դեռ ևս առողջ և մաքուր ժողովուրդ էին, առանց փչացած քաղաքակրթութեան ազդեցութեան: Վանականութիւնը գոյութիւն չունէր այստեղ: Գերմանները ո՛չ մի առիթ չունէին հին արիոսականների դժկամութիւնը ճգնաւորական կեանքի դէմ իրենց մէջ յաղթահարելու: Ճգնաւորական կեանքը միշտ էլ եղել է ազգայնութեան և ամբողջ ազգի բարոյական ոյժի անկման նշանը:
Սակայն երկար ժամանակ չկարողցան գերմանական եկեղեցիները արիոսական մնալ: Մի քանի տասնեակ տարիներում բոլոր գերմանական ցեղերը ստիպուած եղան թողնել արիոսականութիւնը և դառնալ կաթոլիկ եկեղեցու գիրկը: Այս խնդրում ամենամեծ նշանակութիւնն ունեցաւ ֆրանկների կաթոլիկ-քրիստոնեայ դառնալը Խլոդովեխ երիտասարդ թագաւորի ժամանակ ու նրա առաջնորդութեամբ 486-ից սկսած: Այս թագաւորն ինքն էր աշխատում միանալ Հռովմէական տարրի ու եկեղեցու հետ. և նրա պետութիւնը, քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ, միանգամից դարձաւ բոլոր կաթոլիկ հռովմայեցիների յուսոյ առարկան: Խլոդովեխը օգտուեց այդ հանգամանքից, հովանաւորեց կաթոլիկ եկեղեցին իւր պետութեան մէջ և մինչև անգամ իւր պատերազմներին Բուրգունդների ու Վեստգոթերի դէմ նա կրօնական գոյն ու բնաւորութիւն տուեց: Այդ էր պատճառը, որ ամեն տեղ հռովմէական ազգաբնակութիւնը ապստամբելով նախկին իշխանութեան դէմ, նրա կողմն էր անցնում և այդպիսով հեշտացնում նրա գործը:
Գերմանական պետութիւնների կաթոլիկացնելու գործն այնպէս արագ է առաջ գնում, որ Զ. դարու վերջին Գերմանացիների մէջ արիոսականութիւնը ոչնչացած կարելի է համարել. միայն Լանգոբարդների պետութեան մէջ կարճ միջոցով դարձեալ յաղթող է հանդիսանում արիոսականութիւնը: Թէև այս բոլոր պետութիւնների մէջ հոգևոր իշխանութիւնը կամաց կամաց հռովմայեցիներից գերմաններին է անցնում, այնուամենայնիւ եկեղեցու լեզուն ու քաղաքակրթութիւնը մնում են հռովմէական:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ