ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 Հինգ զգայարաններիդ չափազանց շատ ես վստահում, եւ եթե հոգիդ ընդդիմանում է, հոգիդ ես մերժում: Ե՞րբ պիտի դադարես միայն զգայարաններով առաջնորդվելուց ու հասնես հոգու ազատագրմանը:

 Հավատում ես միայն նրան, ինչը տեսնում ես աչքերովդ, լսում ականջներով կամ շոշափում ձեռքերով: Մնացած ամեն ինչը կասկածի տակ ես առնում: Ի՞նչն է սրա պատճառը… Պատճառը պարզապես այն է, որ դեռ ապրում ես մարմնի մեջ եւ վստահում մարմնին ու նրա զգայարաններին:

 Երբ շուրջդ նայելով տեսնում ես, որ ականատես չկա, անում ես բաներ, ինչը կխուսափեիր անել ուրիշների ներկայությամբ: Բայց իսկապե՞ս կարծում ես, թե քեզ ոչ ոք չի տեսնում: Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում: Դու այդ աչքերը չես տեսնում, քանի որ դեռ ապրում ես մարմնի մեջ: Այդ աչքերը, որ միշտ հետեւում են քեզ, Աստծունն են: Եթե Հոգու մեջ լինես, քո թերի զգայարանների գերությունից ազատագրված, այնժամ Եղիա մարգարեի հետ միասին կկարողանաս ասել. «Կենդանի է զորությունների Տերը, որի առջեւ կանգնած եմ…» (Գ Թագ. 18; 15):

 Երբ շրջապատված ես լինում վտանգներով եւ աջ ու ձախ նայելով համոզվում ես, որ մենակ ես, սարսափում ես… Իրականում Աստված քո աջ կողմում է, որպեսզի չսասանվես (Գործք 2; 25): Դու Նրան չես տեսնում, քանի որ աչքով ամեն ինչ չես տեսնի, աչքերդ նյութական լինելով, չեն կարող տեսնել հոգեւորը: Թանկագին եղբայր, ես ցանկանում եմ, որ դու ազատագրես քո հոգին այս մարմնավոր զգայարանների գերությունից: Հոգիդ «…քննում է ամեն ինչ, նույնիսկ` Աստծու խորունկ ծրագրերը» (Ա Կոր. 2; 10):

 Ուրեմն, ճախրիր դրանցից ազատագրված, որպեսզի Աստծուն տեսնես քո աջ կողմում եւ ուրախությամբ շշնջաս. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 2; 5):

 Խեղճ Գեեզին, Եղիսեի ծառան, տեսնելով մոտակայքում թշնամու անթիվ-անհամար զորքը, շատ վախեցավ: Իրադրությունն անհույս էր: Բայց Եղիսեն, որ հոգով էր ապրում, հաստատ էր: Նա հոգով տեսնում եւ լսում էր այնպիսի բաներ, որոնք ոչ մի աչք չէր կարող տեսնել եւ ոչ մի ականջ չէր կարող լսել: Եվ խղճալով երիտասարդին, աղոթեց, որ Տերը բացի նրա աչքերը: «Տերը բացեց նրա աչքերը, եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով» (Դ Թագ. 6; 17): Այսպես ծառան քաջալերվեց:

 Մի վստահիր քո զգայարաններին, քանի որ նրանք ի զորու չեն ընկալել հոգեւորը: Սիդոնի Սարեփթա քաղաքի այրին մարմնավոր աչքերով միայն մի բուռ ալյուր էր տեսնում սափորում եւ մի քիչ յուղ՝ կժի մեջ: Նա կարծում էր, որ դրանք որդու եւ իր համար միայն մեկ հաց թխելու կբավարարեն, որից հետո իրենք սովամահ կլինեն: Բայց Աստծո մարդը` Եղիան, հոգով ավելին էր տեսնում. նա տեսնում էր, որ ոչ սափորի ալյուրը եւ ոչ էլ կժի յուղը չեն վերջանա, ինչքան էլ որ օգտագործվեն: Իրականում այսպես էլ եղավ, ինչպես տեսնում ենք Գ Թագ. 17.14-16 տներում:

 Եղիսեն կանգնած էր Հորդանան գետի ափին: Նրա մարմնավոր աչքերը տեսնում էին սովորական մի գետ, որը եթե փորձես քայլելով անցնել՝ կխեղդվես: Բայց իր հոգու աչքով ավելին տեսավ. տեսավ, որ Հորդանանի վրայով կարելի է անցնել, ինչպես գետնի վրայով: Եվ Եղիսեն վերցրեց Եղիայի վերարկուն, որն ընկել էր նրա վրայից հրեղեն կառքով երկինք վերանալու ժամանակ, ու հարվածեց ջրին: Ջրերն իրարից հեռացան, եւ Եղիսեն անցավ գետը (Դ Թագ. 2; 14): Մարմնավոր աչքը Եղիայի վերարկուն կընկալեր որպես սովորական մի վերարկու, սակայն Եղիսեն հոգով տեսավ, որ այն ոչ թե լոկ հասարակ հագուստ է, այլ Աստծուց տրված մեծ զորություն:

 Թանկագին բարեկամ, քո աչքերը բավական չեն նույնիսկ նյութականը տեսնելու համար, որովհետեւ կան բաներ, որոնք չես տեսնում: Աչքն անկարող է տեսնել դրանք, թեեւ նյութեղեն են եւ երեւում են մանրադիտակի օգնությամբ:

 Եթե ձեռքիդ տակ մանրադիտակ չկա, կժխտե՞ս դրանց գոյությունը միայն այն պատճառով, որ անզեն աչքով չես տեսնում: Եվ եթե նյութականը տեսնելն է այսպես դժվար, էլ ո՞ւր մնաց հոգեւորը: Ուրեմն, հոգեւորին նախապատվություն տուր, թող հոգիդ քեզ առաջնորդի, եւ մի ստիպիր, որ այն ընկրկի մարմնի առաջ: Թող հոգիդ ճախրի ազատորեն եւ թեւածի աստվածայինի աշխարհում, ինչպես ասված է. «Երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան» (Հովհ. 20; 29):

 Անշուշտ, սիրելի՛ եղբայր, լսել ես տեսիլքների մասին, երբ հոգին թեւածում է հրեշտակների եւ սրբերի աշխարհում ու տեսնում է այն, ինչ ոչ մի մահկանացու չի կարող տեսնել: Նման դեպքերում հոգին ազատագրվում է մարմնի ազդեցությունից եւ մարմնի անդամներն օգտագործում միայն հոգեւոր վերելքի համար: Հետեւաբար զգայարաններն են ենթարկվում հոգուն եւ ոչ թե հոգին` զգայարաններին: Մի օր մեկն ինձ ասաց, որ լսել է, թե ինչ-որ եկեղեցում Ս. Գեւորգն է հայտնվել, բայց ինքը դրան չի հավատացել: Գնացել է, որպեսզի անձամբ տեսնի եւ փաստի, որ դա պարզապես կեղծ սնահավատություն է: Գնացել է եւ ոչինչ չի տեսել:

 Չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ այս պատմությանը, բայց իմ կարծիքով նա եւ իր նմանները չեն կարող որեւէ տեսիլք տեսնել իրենց տկար հավատքի պատճառով: Նրանք ցանկանում են հոգեւորը ենթարկել մարմնի զգայարաններին, մինչդեռ Աստված միայն հոգեւորներին է հայտնում Իր Արքայության խորհուրդները:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)

Շենուդա Պատրիարք

Անգլերենից թարգմանեց
Սեդա Ստամբուլցյանը