Երջանկության և դժբախտության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան

 Շատ մարդիկ կարծում են, որ երբ իրենք հարստանում են, երբ հասել են փառքի, երբ իրենց գործերը հաջող ընթացք ունեն, երբ հաղթում են իրենց թշնամիներին, այնժամ Աստված իրենց հիշում է, այդ պատճառով նրանք չգիտեն, թե Աստված երբ է իրենց մոռացության մատնում: Չիմանալով Աստծո հիշելու բնույթը` նրանք չեն իմանում Նրա մոռանալու բնույթը:

 Աստծո` մեր մասին հիշելը որևէ այլ բանից չի գալիս, քան առաքինության մեջ վարժվելու ջանադիր վարքից, իսկ մեզ մոռացության մատնելը որևէ այլ բանից չի գալիս, քան մեղքի մեջ հայտնվելուց:

 Այդ պատճառով և դու, մարդ արարած, երբ գտնվում ես դժբախտության մեջ, մի ասա` Աստված ինձ մոռացել է, ընդհակառակը` Նա քեզ մոռանում է այնժամ, երբ մեղքերի մեջ ես, և հատկապես այնժամ, երբ ամեն ինչ հաջող է ընթանում: Զգաստ և արթուն հոգին ցույց է տալիս իր բարեպաշտությունը ոչ միայն այնժամ, երբ գործերը հաջող են, այլև դժբախտության դեպքում հավասարապես շնորհապարտ է Աստծուն, ամենևին չթուլացնելով իր վերաբերմունքը անգամ այն ժամանակ, երբ հանգամանքները փոխվում են:

 Ինչպես ջրառատ հոսանքը, իր մեջ ներառելով վտակի ջրերը, պղպջակներ է առաջացնում, որոնց մի մասը անմիջապես պայթում է, իսկ մյուսները, թեպետև որոշ ժամանակ ուռչում են, սակայն, ի վերջո, նույնպես պայթում, այդպիսին է նաև կյանքի իրական ծովը` ոմանց անմիջապես կուլ է տալիս, իսկ ոմանց, որոնց ուժը հերիքում է որոշ ժամանակ դիմանալ, սակայն, այնուամենայնիվ, կուլ են գնում:

 Իսկ դու ինչու՞ ես շփոթվում, երբ մեկը կյանքից հեռանում է, իսկ մեկ ուրիշը աշխարհ է գալիս: Քրիստոսին խաչեցին, իսկ ավազակ Բարաբբային խնդրեցին ազատել. մարդասպանին նախընտրեցին Փրկչից:

 Երբ վատ փոփոխություններ են կատարվում, այնժամ շողոքորթների դիմակը պատռվում է, այնժամ մերկացվում է երեսպաշտների ամբոխը և կեղծավորությունը, և բոլոր բերանները բացվում են ու ասում` արհամարհելի, գարշելի, ստորի մեկը, դու նա չէի՞ր, որ քծնում էր, դու չէի՞ր, որ լիզում էիր նրա ձեռքերը: Ասում են` այն դիմակ էր, եկավ ժամանակը, և ես դեն նետեցի դիմակը ու լեզուս բացվեց: Շատերը կարեկցում են ընկերներին, երբ դժբախտություն է պատահում, սակայն նրանց հետ ուրախանալ, երբ նրանք փառքի մեջ են, չեն կարողանում: Իսկապես, «ուրախացողների հետ ուրախանալը» ոչ միայն փոքր առաքինություն չէ, այլև շատ ավելին է, քան «լացողների հետ լալը» (Հռոմ. 12, 15) և վտանգի ժամանակ պաշտպանելը:

 Շատերը կիսում են վտանգը վտանգի մեջ հայտնվածների հետ, սակայն երջանկության մեջ հայտնվածների հետ չեն ուրախանում, այլ ընդհակառակը` նույնիսկ դառնանում են և այդպիսով ավելի դժվարին դիմանալով, անզորանում են ավելի հեշտի ժամանակ:

 Իրոք, ոչ մի բան մարդկանց այդքան անմիտ և հանցավոր չի դարձնում, որքան փառքի հետ կապվածությունը, և ոչինչ նրանց ավելի հարգարժան և հաստատակամ չի դարձնում, որքան արհամարհանքը փառքի նկատմամբ: Այդ պատճառով բավական արի հոգի է անհրաժեշտ նրան, ով ցանկանում է դիմանալ այդքան սաստիկ քամու ուժգնությանն ու ճնշմանը:

 Երբ փառքին կապված մարդը երջանկանում է, իրեն բարձր է համարում ուրիշներից, իսկ երբ հակառակը` անհաջողության է մատնվում, վշտից պատրաստ է գետինը մտնել: Երեք պատանիների նետում են հնոց, և չնայած դրան, նրանք իրենց բարեպաշտությունը չեն մոռանում: Որովհետև կրակը նրանց համար դառնում է պատ, բոցը` հագուստ, հնոցը` աղբյուր. նրանց կապկպված ընդունելով` ազատ է արձակում, ընդունում է նրանց մահկանացու մարմինները և չի դիպչում` որպես անմահների, չի ճանաչում բնությունը, բայց հարգում է բարեպաշտությունը: Չարչարողը կապում է ոտքերը, իսկ ոտքերը կապում են կրակի ուժը: Օ՜, դյութիչ հրաշք: Կալանվածներին կրակն ազատ է արձակում, իսկ ինքն այնուհետև կալանվում է կալանվածներից:

 Պատանիների բարեպաշտությունը փոխում է իրերի բնույթը, ավելի լավ է ասել` ոչ թե բնությունն է փոխում, այլ, որ ավելի զարմանալի է, բնությունը չի փոխում, դադարեցվում է նրա գործունեությունը. այն չի հանգցնում կրակը, այլ ստիպում է` վառվելով ցույց չտալ իր ուժը: Եվ որն է ամենից հրաշալի` դա պատահում է ոչ միայն սրբերի մարմինների, այլև հագուստների հետ:

 Ինչպես առաքյալների մոտ Պողոսի հագուստները վերացնում են հիվանդությունները և հալածում դևերին, և Պետրոսի ստվերը փախուստի է մատնում մահվանը, այնպես էլ այստեղ` պատանիների ոտնամանները մարում են կրակի զորությունը:

 Չգիտեմ, էլ ինչպե՞ս ասեմ, որովհետև հրաշքը գերազանցում է բոլոր բառերին: Կրակը և՛ մարում է, և՛ չի մարում: Երբ դիպչում է սուրբ պատանիների մարմիններին, մարում է, իսկ երբ հարկ է լինում արձակել հանգույցները, չի մարում, կապերն արձակում է, իսկ կրունկներին չի դիպչում:

 Տեսնո՞ւմ ես ինչքան մոտիկ է, և կրակը չի սխալվում ու չի հանդգնում կապանքներից այն կողմ անցնել: Ինչի՞ համար էր չարչարողը կապել նրանց` կրակը նետելու մտադրությա՞մբ: Որպեսզի հրաշքն ավելի փառավոր լիներ, որպեսզի նշանն ավելի զարմանալի լիներ, որպեսզի տեսածը դու չընդունեիր տեսողական խաբկանք:

 Եթե կրակը կրակ չլիներ, ապա չէր ոչնչացնի կապանքները, չէր այրի կրակի մոտ նստածներին (զինվորներին): Իսկ հիմա կրակից դուրս գտնվողներին ցույց էր տալիս իր ուժը, իսկ կրակի մեջ գտնվողներին` իր հնազանդությունը: Եվ երբ չարչարողը տեսավ, որ պատանիները ամենևին չեն վնասվում, լսիր, թե ինչպես վերափոխվեց. «Բարձրյալ Աստծու ծառանե՛ր, — ասում է, — ելե՛ք և եկե՛ք» (Դանիել, 3, 93): Մինչդեռ անմիջապես դրանից առաջ ասում էր. «Ո՞վ է այն աստվածը, որ կփրկի ձեզ իմ ձեռքից» (Դանիել, 3, 15): Իսկ ի՞նչ էր պատահել: Որտեղի՞ց այդ փոփոխությունը: Դու տեսար, թե ինչպես վախճանվեցին հնոցից դուրս գտնվողները և ձայն ես տալիս ներսում գտնվողների՞ն: Որտեղի՞ց իջավ քեզ վրա այդպիսի իմաստասիրություն: Տեսա՞ր, թե ինչ փոփոխություն կատարվեց թագավորի հետ: Հենց այդ պատճառով թույլ տվեց Աստված, որ այդ ամենը այդպես կատարվի, ինչ ցանկանում էր չարչարողը, որպեսզի ցույց տա, թե նրանց, ում Աստված պահպանում է, ոչ ոք չի կարող վնաս պատճառել:

 Նույնը Նա կատարեց Հոբի հետ: Աստված թույլ տվեց սատանային, որ սա ցույց տա իր ողջ զորությունը, և երբ նա սպառեց իր բոլոր միջոցները, և երբ խարդավանքի ոչ մի տեսակ չմնաց, ասպարեզից հանեց երանելուն, որպեսզի հաղթանակը փառավոր և անկասկածելի լինի:

 Եվ երանելի Պողոսը, որ լուսավորեց ողջ աշխարհը, առաքելություն ստանալու պահին կուրացավ, սակայն նրա կուրացումը լուսավորեց ողջ աշխարհը: Քանի որ նա վատ էր տեսնում, ապա Աստված նրան լավ կուրացրեց, որպեսզի ավելի ճշմարիտ տեսնի և որովհետև չափազանց ուժգին էր հալածում եկեղեցուն ու զորավոր և անսանձ մարդ էր, ապա նրան ուժեղ սանձ դրեց, որպեսզի նա, հրապուրված իր կրքերով, ականջալուր լիներ իրեն ասվածներին, ինչպես նաև իմանալ, թե Ում դեմ պայքարում է, չի կարող տանել ոչ միայն Նրանից ստացած պատիժները, այլև բարեգործությունը, քանի որ ոչ թե խավարն է կուրացնում նրան, այլ լույսի ուժգին պայծառությունն է նետում խավարի մեջ:

 Իսկ ի՞նչ ասեմ Պետրոսի մասին: «Նա մտավ, — ասվում է, — նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն» (Ղուկ. 5, 3): Տեսնու՞մ ես, թե ինչպես է մտնում նավ` նավի կարիք ամենևին չունենալով, որպեսզի որսի նավի տիրոջը: Իսկապես, ինչու՞ է Տերը խնդրում Սիմոնին: Ինչու՞ է Սիմոնը, ողջ գիշեր չարչարվելով և այդպես էլ ոչինչ չբռնելով, մնում անգործ: Նա չափազանց սրտնեղում էր և դատարկ ձեռքերով լվանում ուռկանը ու կարգի բերում, և քանի որ ոչինչ չէր բռնել, վշտացած էր: Այդ պատճառով Տերը, նայելով նրա տրտմած դեմքին, ասում է. «Ձկնորս, կարճ ժամանակով փոխ տուր նավակդ, որպեսզի նրա վրայից քարոզեմ ժողովրդին, որ գալիս է իմ ետևից»:

 Իսկ Սիմոնը, որ անհաջողությունից վշտացած էր, ասում է Տիրոջը. «Որտեղի՞ց հայտնվեցիր, մարդ: Ինչու՞ ես ինձ նեղություն տալիս: Ուրիշ նավակ փնտրիր, եթե կամենում ես ծովում մնալ: Չե՞ս տեսնում` ես վշտացած եմ, քանի որ ուտելու ոչինչ չունեմ, իսկ դու հացի փոխարեն խոստանում ես Աստծո խո՞սքը: Ես չգիտեմ որտեղից փող ճարեմ, որպեսզի կերակրեմ զոքանչիս և կնոջս, քեզ տամ նավակս, որ ցերե՞կը նույնպես ձեռնունայն աշխատեմ, ինչպես գիշե՞րը: Եթե տեղափոխելու համար կվճարես, մտիր նավ, իսկ եթե չես վճարելու, ապա խնդրում եմ, հեռացիր, որովհետև ինձ կերակրում է իմ արհեստը և ոչ թե խոսքը»:

«Մի տրտնջա, Սիմոն, — պատասխանում է Տերը, — ճշմարիտ եմ ասում, դու խոսում ես, ինչպես նավավար, Իմ ներկայությունը քեզ ոչնչից չի զրկի, այն քեզ ավելի շուտ լիություն կբերի, քան պակասություն»:

 Լսելով այդ և պարգև ստանալու հույսից փոքր-ինչ ուրախանալով` Սիմոնը նավ է ընդունում Տիրոջը: Իսկ Հիսուս, ասվում է, «նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին» (Ղուկ. 5, 3): Բայց Սիմոնը, լսելով քարոզը, սկսում է տրտնջալ` ինքն իրեն ասելով. «Մի՞թե դրանից պետք է վճար ստանամ: Գիշերը նույնպես անհաջողություն ունեցա, իսկ ո՞վ է նա, որին հանդիպեցի այսօր: Նա, ով խոսում է անընչաքաղցության մասին, քարոզում է, որ ոչ ոք ոչինչ չպիտի ունենա, կարո՞ղ է Նա ցանկանում է, որ ես ծախեմ նավակս, որպեսզի ամեն ինչ բաժանեմ աղքատներին: Մի՞թե նրանից հնարավոր է որևէ բան ստանալ»: Այնուհետև, մոտենալով Տիրոջը, ասում է. «Քո ասածներդ հրաշալի են, խոսքդ հաճելի է, վարդապետությունդ արժանի է հարգանքի, սակայն կատարիր մեր պայմանը»: Եվ Տերն ասում է Սիմոնին. «Ինձնից պարգև՞ ես ուզում ստանալ: Քշի՛ր տար դեպի խորերը, և ձեր ուռկանները գցեցե՛ք որսալու համար»: Իսկ Սիմոնը Տիրոջը ասում է. «Մի՞թե նորից պիտի որս անեմ, ուռկան գցեմ և նեղություն քաշեմ: Օ՜, եթե գիշերը ձեռնունայն չմնայի: Մի՞թե դու ինձանից նավարկության արվեստում ավելի փորձառու ես: Կամ ինչ-որ բան ունես անտեսանելի խորքերո՞ւմ: Կարող ես լինել ուսուցիչ, բայց մի՞թե նաև ձկնորս ես: Հեռացիր ինձանից: Տեսնում եմ, որ ոչինչ չես կարող վճարել: Ինչ է, ժամանա՞կ պիտի կորցնեմ: Այդ մասին ես սկզբից չասացի՞»: Այնժամ Տերն ասաց Սիմոնին. «Ինձ մի՛ նայիր, Սիմո՛ն, որպես ոչինչ չունեցողի, ո՛չ Իմ ձեռքերին նայիր, ո՛չ էլ ծոցիս հայացք նետիր, ո՛չ թե ձեռքերիս, այլ Իմ բերանում է քո վարձը: Քշիր դեպի խորերը, և ձեր ուռկանները գցեցեք որսալու համար»: Բայց սա պատասխանում է. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք: Բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք: Երբ այդ արեցին, ձկների մի մեծ բազմություն ներփակեցին, այնքան որ նրանց ուռկանները պատռվում էին» (Ղուկ. 5, 5-6):

 Օ՜ հրաշք: Սակայն Պետրոսին չի լքում մտահոգությունը, ուռկանները պատռվում են, իսկ նա նայում է Քրիստոսին, խորհում ձկների և խորհրդածում հրաշքի մասին: Նա անզոր է դուրս քաշել ծանրությունը և որսակիցներին օգնության է կանչում: Մյուս նավակում գտնվողները, որտեղ նաև Հակոբն ու Հովհաննեսն էին, գալիս են, սկսում հավաքել ձկները և ինչքան շատ են հավաքում, այնքան ձկները շատանում են: Ձկները, մեկը մյուսից առաջ ընկնելով, շտապում են կատարել Տիրոջ հրամանը. փոքրերը շրջանցում են մեծերին, միջինները առաջ են ընկնում ավելի խոշորներից, մեծերը թռչում են փոքրերի վրայով, նրանք չեն սպասում որսորդներին, այլ իրենք են նետվում նավակի մեջ: Ծովի հատակը դատարկվում է, ոչ մի ձուկ չի ցանկանում մնալ ներքևում և, քանի որ ուռկանները պատռվում են, որոշները իրենք են նետվում նավակ, մյուսները մնում են ուռկանների կողքին, որպեսզի բռնվեն` չուզենալով հեռանալ:

 Իսկ Սիմո՞նը: Երկու հանգամանքների` գիշերային անհաջող և Հիսուսի խոսքով կատարված ցերեկային հաջող որսի տպավորության տակ, Սիմոնը` տեսնելով այդ, Տիրոջ ծնկներին ընկավ և ասաց. «Ինձնից հեռու՛ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. 5, 8), վերջապես ես իմացա, թե ով ես Դու: Երբեք ձկների այդպիսի որս չեմ տեսել: Տե՛ր, ձկները, սովորաբար, ներփակվում են ուռկանի մեջ, իսկ ես տեսնում եմ հակառակը` երբևէ չեղած հրաշք` դրսից իրենց նետում են ուռկանի մեջ: Վերջապես դադարեցրու քո աստվածային հրամանը, ծովում գոնե երկու ձուկ թող բազմացման համար: «Ինձնից հեռու՛ գնա, Տե՛ր», այդ քե՛զ չեմ մերժում, այլ ինքս ինձ եմ համարում անարժան: «Ինձնից հեռու՛ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Իսկ Հիսու՞ս: «Մի՛ վախեցիր, Պետրո՛ս, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար» (Ղուկ. 5, 10): Օ՜ աստվածային զորություն: Օ՜ Պետրոսի խոհեմություն: Հենց որ լսեց Տիրոջ հրամանը, իսկույն հնազանդեց: Ո՛չ ձուկը վաճառեց, ո՛չ կնոջը հրաժեշտ տվեց, և նավակը ցամաք հանելով, ամեն ինչ թողեց և հետևեց Քրիստոսին:

 Այդպես և Ղազարոսին մեծահարուստը տեսավ Աբրահամի գոգում. որպեսզի ինչպես առաջինին ծանրագույն փորձության ենթարկեց նրա համար, որ նա պառկել էր մեծահարուստի դռան առաջ և տեսել ուրիշների բարիքները, այդպես և վերջինին ենթարկեց այժմ դժոխքից ավելի ծանր պատժի, որ նա տեսել էր Ղազարոսի երանությունը, որպեսզի ոչ միայն տառապանքի բնույթով, այլև Ղազարոսի պարգևի համեմատությամբ, ստանա դաժանագույն պատիժ:

 Ինչպես և Ադամին` արտաքսելով դրախտից, Աստված բնակեցրեց դրախտի դեմհանդիման, որպեսզի, դրախտը ամեն օր տեսնելով` նա կրկին ու կրկին տրտմի, ստիպի` վերստին զգալու դրախտի բարիքների կորուստը, այդպես և մեծահարուստին տեղավորեց Ղազարոսի դիմաց, որպեսզի տեսնի, թե ինչ բարիքներից է զրկվել: Սակայն ինչու՞ մեծահարուստը խնդրանքով դիմում է ոչ թե Ղազարոսին, այլ Աբրահամին: Պարզապես ամաչում և շփոթվում է, քանի որ սեփական փորձից գիտեր, որ նա անկասկած հիշում է վիրավորանքը:

 «Եթե ես, — խորհում է նա, — այդպիսի հարստության տեր եմ դարձել` առանց չարչարանքի, և արհամարհեցի ծայր աղքատության մեջ գտնվող մարդուն և նրան անգամ փշրանքի չարժանացրի, ապա առավել ևս նա, որ այդքան արհամարհված էր ինձնից, իմ նկատմամբ ներողամտություն չի ունենա»: Այդ պատճառով նա դիմում է Աբրահամին, ով, ինչպես մեծահարուստն էր մտածում, անտեղյակ էր կատարվածին` չիմանալով, որ նահապետը խոսում է ոչ թե իր անունից, այլ բարբառում է Աստծո օրենքները, և խնդրում է Ղազարոսի մատի ծայրը, մի մարդու, որին հաճախ ինքը թողել էր շների լիզանքին:

 Սակայն տես, թե ինչ ողորմած է արդարակյացը: Նա չի ասում` տմարդի, դաժան, պիղծ, ինչքան չարիքներ ես պատճառել նրան, իսկ հիմա հիշել ես մարդասիրության, ողորմածության, ներողամտության մասին: Եվ դեռ չե՞ս ամաչում և կարմրում: Ոչ մի այդպիսի բան չի ասում, այլ. «Հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները» (Ղուկ. 16, 25): Վերստին մի խռովիր հնազանդ հոգուն` ասում է նա, նրա չարչարանքները բավական են, այլևս չենք հիշելու
նրա դժբախտությունները: Ինչ կարող եմ, ասում է, այն էլ տալիս եմ քեզ, սակայն այստեղից ձեզ մոտ անցնել` մեր իշխանությունից վեր է:

 Լսենք, թե ինչ է ասում մեծահարուստը Աբրահամին. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ» (Ղուկ. 16, 24): Այսպիսով, ինչու՞ է նա խնդրում Աբրահամին և ոչ թե Ղազարոսին: Միանգամայն բնական է` աղքատին չի էլ համարձակվում նայել: Հիշելով իր անմարդկայնությունն ու խստասրտությունը Ղազարոսի նկատմամբ` կարծում է, որ նա իրեն նույնիսկ պատասխանի չի արժանացնի: Այդ պատճառով նա դիմում է ոչ թե նրան, այլ` նահապետին: Եվ չնայած դրան` ոչ մի արդյունքի չի հասնում:

 Տեսնու՞մ ես, թե ինչ պատվի և աստիճանի է արժանանում նա, ով պառկած էր դռան առաջ, արհամարհված մի մուրացկան, որ մշտապես պայքարում էր քաղցի դեմ և ծածկված էր վերքերով, որոնց լիզում էին շները: Մեծագույն հաճույքով ես մշտապես խոսում եմ այդ մասին, որպեսզի ոչ ոք, ով գտնվում է աղքատության մեջ կամ տանում է ամեն տեսակ հիվանդություններ և սով, իրեն դժբախտ չհամարի, այլ ամեն ինչ համբերությամբ և երախտագիտությամբ տանելով` սնվի բարի հույսերով և սպասի ապագա անճառելի պարգևների և ողորմածության այն նեղությունների դիմաց, որոնց մենք բոլորս կարժանանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրությամբ, Ում փառք, զորություն, պատիվ և երկրպագություն, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից.
Ամեն:

Հատված Ս. Հովհան Ոսկեբերան «ՃԱՌԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ» գրքից