Ուրախություն ամուսնու մահվան համար

 Սրբերից երկուսի մասին պատմությունը, որը հիմա ձեզ ենք ներկայացնելու, շատերիդ մեջ նախապես գուցե բողոք և մեծ զայրույթ առաջացնի: Ադրիանոսը հեթանոս զինվորական էր: Նա ամուսնացած էր քրիստոնյա մի բարեպաշտ կնոջ հետ, որի անունն էր Անատոլա կամ Նատալիա: Ադրիանոսն իր պաշտոնի բերումով ականատես էր եղել շատ նահատակությունների, զարմացել քրիստոնյաների նվիրվածության վրա, աստիճանաբար իմացել էր քրիստոնեության մասին ու հավատացել Քրիստոսին: Նա իմանում է նաև, որ հանուն Աստծո նահատակությունը համարվում է հավատքի և սիրո մեծագույն ապացույց, որը մարդուն տանում է Երկնքի Արքայության մեջ հավիտենական երանության: Եվ Ադրիանոսն իր անունը գրել է տալիս կալանավորների ցուցակի մեջ: Ատյանի առջև նա հայտնում է իր արարքի մասին, բանտարկվում և մահվան դատապարտվում: Կինը, նահատակ ամուսին ունենալու բերկրանքից երջանկացած, գնում է բանտ` իր ամուսնու շղթաները համբուրելու: Նահատակությունից առաջ Ադրիանոսը երաշխավորագրով տուն է գալիս, որպեսզի կնոջը հայտնի իր մահապատժի օրը: Անատոլան կարծում է, թե ամուսինն ուրացել է Քրիստոսին, և մերժում է դուռը բացել: Բայց երբ տեղեկանում է կատարվածի մասին, երջանկությամբ ընդունում է ամուսնուն: Մահապատժի ժամանակ կանանց թույլ չէին տալիս մոտ գտնվել: Բայց Անատոլան, տղամարդու հագուստներ հագնելով, բարձրանում է դահճի մոտ և վախով ու երկյուղածությամբ բռնում ամուսնու ոտքերը, մինչ դահիճը կիրականացներ մահապատիժը:

 «Ի՜նչ անհեթեթություն, ի՜նչ խելագարներ են սրանք,- կմտածեն շատ մարդիկ առաջին հերթին,- մի՞թե սիրող կինը կուրախանա իր ամուսնու մահվան համար, դեռ ավելին, մի՞թե կօգնի իր ամուսնուն նահատակվելու»: Հիմա խաղաղ ժամանակներ են, և նման նահատակության անհրաժեշտություն չկա, բայց նախկինում` հալածանքների շրջանում, մարդիկ ավելի լավ էին համարում հանուն Քրիստոսի մեռնել, քան թե ուրանալ ու ապրել առանց Քրիստոսի: Առաջ մահը սարսափ էր պատճառում, բայց քրիստոնեության մեջ, ինչպես նշում է Պողոս առաքյալը, մեռնելը շահ է (Փիլիպ. 1.21), որովհետև ճշմարիտ քրիստոնյային տանում է միացնելու Քրիստոսին, տանում է միացնելու Նրան, ում սիրում են ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ էությամբ: Բայց շատեր կհարցնեն՝ ինչպե՞ս կարող է սիրող կինը համակերպվել այս ամենի հետ: Ո՞րն է սերը, ամբողջովին վերցնե՞լ, թե՞ ամբողջովին տալ: Չէ՞ որ ճշմարիտ սերը առաջին հերթին ամբողջական նվիրաբերումն է և ոչ թե ամբողջական նվիրաբերում պահանջելը: Այսօրվա մարդկանց սիրո հասկացողության մեջ մեծ տեղ է գրավում եսասիրությունը: Մենք ցանկանում ենք, որ մեզ ուշադրություն դարձնեն, մենք ցանկանում ենք, որ մեզ տան, մենք ցանկանում ենք, որ մեզ երջանկացնեն, մինչդեռ իրական սիրո մեկ հատկությունը նույնիսկ սեփական տառապանքների հաշվին սիրած էակին երջանիկ տեսնելու կարողությունն է: Ահա այս իրական սերն ուներ նաև Անատոլան, ով համաձայն էր ամուսնու նահատակությանը, ամբողջ սրտով հավատալով, որ ամուսինն այդ նահատակությամբ ձեռք է բերելու հավիտենական երանություն: Նա համաձայն էր իր տառապանքների հաշվին իր ամուսնուն երանության մեջ տեսնելու: Եվ Անատոլան մի անգամ տեսիլքում տեսնում է ամուսնուն, ով նրան անվանում է մարտիրոսների քույր, որովհետև Անատոլան գնում էր բանտերը և խնամում մահվան դատապարտված քրիստոնյաներին: Անատոլան խաղաղ վախճան է ունենում: Նա իր հոգին ավանդում է աղոթելու պահին:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)