Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն:
Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:
Սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը՝ 11-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում, Խաչվերացի տոնն է: Թեպետ խաչը ուրբաթ օրը ներկվեց Տիրոջ Արյամբ, սակայն խաչի փառքը կիրակի օրը հայտնի դարձավ: Մինչև Հարության կիրակին խաչը որպես մահվան գործիք էր դիտվում, իսկ այդ օրը որպես Կյանքի ծառ երկրպագվեց: Այդ պատճառով էլ Խաչվերացը կիրակի օրն ենք տոնում:
Իսկ շարժական են՝ Առաջավորաց բարեկենդանը, Բուն բարեկենդանը, Զատիկը, Համբարձումը, Հոգեգալուստը և Վարդավառը: Նշված շարժական տոները տեղափոխվում են Ծննդյան տոնի նկատմամբ, սակայն անշարժ են Զատկի տոնի նկատմամբ, և որոշելով տվյալ տարում Զատկի տոնի օրը՝ որոշում ենք նաև Զատկին համընթաց տեղափոխվող տոների օրերը:
Մինչև Նիկիայի տիեզերական ժողովը քրիստոնյաները Զատիկը տոնում էին հրեաների հետ միասին, նույն օրը, երբ լուսինը լինում էր 14 օրական: Հետագայում Կոստանդիանոս բարեպաշտ արքան, չկամենալով Զատիկը տոնել տիրասպան ազգի հետ նույն օրը, խնդրեց սուրբ հայրապետներին, որպեսզի Զատիկը տոնելու համար նոր կարգ սահմանեն, և այն տոնվի միայն կիրակի օրը, երբ Քրիստոս հարություն առավ: Թեպետև շաբաթվա մեկ այլ օր Զատիկը տոնելը հակառակ չէր աստվածադիր օրենքին, սակայն բարեպաշտ արքայի խնդրանքով, Նիկիայի տիեզերական ժողովում սահմանվեց տոնել կիրակի օրը, որով և առանձնացանք Հին Ուխտի հետևորդներից:
Զատկի օրը որոշելու համար պետք է հաշվի առնել օրվա պատկերը և ոչ՝ ամսաթիվը, ինչպես Ծննդյան դեպքում է: Զատիկը տոնելու օրը պետք է որոշել առաջինը գարնանային գիշերահավասարով: Սա այն օրն է, երբ գիշերվա և ցերեկվա ժամերը հավասար են, և դա այդպես է լինում մարտի 22-ին: Գիշերահավասարն անհրաժեշտ պայման է Զատկի օրը որոշելու համար, քանի որ արարչության օրերին գիշերահավասար էր, և հրեաների զատիկը եղավ գիշերահավասարից հետո՝ նիսանի 14-ին: Եվ դարձյալ՝ գիշերահավասարից հետո՝ նիսանի 14-ին, Քրիստոս Վերնատանը ընծայեց Իր Մարմինն ու Արյունը (տե՜ս Ղուկ. ԻԲ 17-20):
Երկրորդ պայմանն է, որ լինի լիալուսին, այսինքն՝ լուսինը լինի տասնչորս օրական, քանի որ արարչության օրը լուսինը տասնչորս օրական ստեղծվեց: Թեպետև այդ օրը լուսինը տակավին մեկ օրական էր, սակայն այնպես ամբողջական էր երևում, ինչպես տասնչորս օրական ժամանակ, քանզի լուսնին վայել չէր թերի և կիսակատար լինել իր լինելության օրը: Եվ բոլոր արարածներն էլ լի ու կատարյալ ստեղծվեցին, ինչպես և բույսերն իրենց արարման օրը ոչ թե ծիլեր էին, այլ կատարելապես հասունացած էին և պտղալից: Իսկ մարդը երեսնամյա հասակով ստեղծվեց, թեպետ դեռևս մեկ օրական էր: Լուսինը տասնչորս օրական էր նաև հրեաների զատկի և Տիրոջ չարչարանքների օրը:
Երրորդ պայմանն է, որ Զատիկը կիրակի օրը լինի, քանի որ արարչության սկիզբը կիրակի օրն է: Այնուհետև այս օրը եղավ Օրենքի տվչությունը, և Տերը կիրակի օրը հարություն առավ: Այս պայմաններից ելնելով՝ Զատիկը տոնվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը:
Քանի որ Զատիկը շարժվում է երեսունհինգ օրերի միջև (մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը), այդ պատճառով նրանից կախված տոներն էլ են շարժվում, որի պատճառով տեղաշարժվող և անշարժ տոների միջև եղած ժամանակահատվածները, որոնք կոչվում են ՙ«միջոց ուտիք»-ներ, կարճանում են կամ երկարում: Այսպես՝ Ծնունդից մինչև Առաջավորաց բարեկենդան եղած ժամանակահատվածը՝ միջոց ուտիքը, տատանվում է 6-ից մինչև 41 օր, Վարդավառից մինչև Վերափոխում՝ 2-ից մինչև 7 շաբաթ, Վերափոխումից մինչև Խաչվերաց՝ 4-ից 5 շաբաթ, Վարագա Խաչից մինչև Հիսնակաց բարեկենդան՝ 7-ից 8 շաբաթ, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնից մինչև Սուրբ Ծնունդ՝ 12 -ից 18 օր:
Սրբոց տոները մեծամասամբ խմբերով են կարգված և հիմնականում շարժական են: Այս խմբերը խիստ որոշակի հերթականությամբ հաջորդում են կամ նախորդում տերունի տոներին և վերջիններիս տեղափոխմանը զուգընթաց՝ իրենք էլ են տեղափոխվում: Տոնական խումբը իրենից ներկայացնում է մեկ օրացուցային շաբաթը, որի տոներն են այդ շաբաթվա չորս օրվա՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, սրբոց տոները, որոնք իրենց խմբում անշարժ են:
Սակայն այս խմբերից մի քանիսը, որոնք միջոց ուտիքների վերջին մասում են բաշխված, տվյալ տարում իրենց միջոց ուտիքի փոքրանալու պատճառով տեղափոխվում են մեկ այլ միջոց ուտիք, որն այդ տարի մեծանում է, և այդտեղ տոնվում, այսինքն՝ տվյալ խումբն այդ տարի հաջորդում է մեկ այլ տերունի տոնի: Այսպիսով՝ սրբոց տոների մի մասը տեղափոխվում է և՜ Ծննդյան տոնի նկատմամբ, և՜ Զատկի: Այդ խմբերն են՝ Աստվածհայտնության տոնին հաջորդող «ապայից» կոչվող տոները, Վարդավառի վերջին երկու շաբաթվա տոները և Վերափոխման չորրորդ շաբաթվա տոները:
Սրբոց տոներից անշարժ են միայն Ավագ տոները, քանի որ սրանք կարգվել են որպես Աստվածհայտնության տոնի նախատոնակ: