Ս. ՍՏԵՓԱՆՈՍ` ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍ

 Ստեփանոսը մեկն էր այն 7 այրերից, որոնք Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ եւ Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլեւ զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը եւ հաստատակամությունը գրգռում էին փարիսեցիներին ու դպիրներին, եւ նրանք Ստեփանոսին, որպես հայհոյիչի եւ հերձվածողի, դատապարտեցին մահվան:

 Երբ նա վկայում էր ատյանում, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում է հրեշտակի դեմքի պես: Եվ մինչ նա խոսում էր, նայեց երկինք ու տեսավ Աստծո փառքը եւ Հիսուսին ու ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված եւ Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործ. 7.55): Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնելով նետվեցին նրա վրա եւ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին:

 Ստեփանոսը դարձավ Եկեղեցու առաջին վկան եւ նահատակը: Նրա նահատակության վայրը Երուսաղեմի արեւելյան դարպասն էր, որը հետագայում կոչվեց Ստեփանոսի դուռ: