Պես-պես ախտերի մասին

 Աստված արարեց մարդուն և նրան դրեց փափկության դրախտում` իր բնության մեջ ողջ ունենալով բոլոր զգայությունները: Երբ մարդը լսեց նրան, ով խաբեց իրեն, այնժամ առավ բոլոր ախտերը և իսկույն դուրս եկավ իր մեծ ու չքնաղ փառքից, որպեսզի ճանաչի, որ կան ախտեր, որոնք իրեն հեռացնում են Աստծուց, և որպեսզի աղաչի բարերար Աստծուն, որ օգնի իրեն, և ապա միայն կկարողանա իրենից հեռու վանել բոլոր ախտերը:
Մարդու մեջ գտնվող այս բոլոր վերքերն են, որ քակում  բաժանում են նրան Աստծուց:

Երանի նրանց, ովքեր իրենց հոգին և մարմինը սրբում են բոլոր ախտերից ու բոլոր պղծություններից, քանզի բանական ոչխար, Աստծուն ընդունելի զոհ են նրանք և լսում են այն ձայնը, որ ասում է.«Բարի և հավատարի’ մ ծառա, այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, ե’ կ, մտի’ր քո Տիրոջ ուրախության մեջ՚ » (Մատթ. ԻԵ 21): Իսկ նրանք, ովքեր կամենում են կատարել իրենց մարմնի կամքը և չեն կամենում բժշկել իրենց սուրբ առաքինությունների բժշկությամբ, անհրաժեշտ ժամին սուրբ պատվիրանից մերկ կլինեն և կընկնեն արտաքին խավարը, որտեղ սատանան է և կապվածները:

 Պղծությունների պատմուճանները սրանք են` պոռնկություն, արծաթասիրություն, չարակնություն, բանսարկություն, նախանձ, փառասիրություն, հպարտություն. սրանք և սրանց նման բաները:

 Ի՞նչ է պոռնկությունը` ցանկություն, որկրամոլություն, քնից հագեցում, անշգործություն, դատարկախոսություն, մարմնի զարդարանք, ծաղրանք, անամոթություն, թուլություն, ծուլություն:

 Ի՞նչ է արծաթասիրությունը. փողասիրություն, անհավատություն, անհուսություն, անգթություն, անողորմություն, ագահություն, արհամարհանք, անբարի ստություն, ինքնահավանություն և Աստծու պատվիրանների անտեսում:

 Ի՞նչ է չարակնությունը. չարակնությունը չարախոսություն է, նախանձ, մարդահաճություն, եսասիրություն, տգիտություն, ստություն և սուտ վկայություն:

 Ի՞նչ է բարկությունը. բարկությունը սեփական կամքը պարտադրելն է, հակառակությունը, վեճը, նենգությունը, սուտ գիտությունը, կարճամտությունը, նեղսրտությունը, ձանձրույթը, թշնամանքը մտքից չհեռացնելը, չարի փոխարեն չարով հատուցելն ու վրեժ առնելը:

 Ի՞նչ է նախանձը. նախանձը ատելություն է, ընկերոջ փառքը չտանելն ու ընկերոջը գայթակղելը:

 Ի՞նչ է փառասիրությունը. փառասիրությունը անզգամություն է, այս աշխարհը և նրանում եղած ամեն բան սիրելն է, մարդկանց մեջ անվանի լինելը սիրելն է և հանդգնաբար սեփական կամքը կատարելը:

 Ի՞նչ է հպարտությունը. հպարտությունը խստասիրություն է, ոչ ոքի հնազանդ չլինելը և իր զորությանը վստահելը, իրեն իմաստուն համարելով` մշտապես իր կամքը կատարելը, ընկերոջն արհամարհելը և իրեն իմաստուն կարծելը, իրեն ոչնչի կարոտ չհամարելը:

 Այս ամենը գործում են մարդու մեջ, մինչև որ բաժանում են նրան Աստծուց: Այս [ամենն] են, որ իր վրա առավ Ադամը, երբ կերավ այն ծառի պտղից և ընկավ մահվան ոտքերի տակ:

ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ, գրառումը Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Աստվածածին Մալաթիա» ֆեյսբուքյան էջից