Առաքյալները կարգեցին պահել տարեկան երեք քառասունքները, ինչպես նաև չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը: Սա գալիս է Հին օրենքից, որը նրանք փոխադրեցին նորի մեջ: Ըստ Հին օրենքի՝ հրեաները պահում էին երկուշաբթի և հինգշաբթի օրերը, ինչպես փարիսեցին էր ասում. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում» (Ղուկ. ԺԸ 12): Առաքյալներն այս օրերի փոխարեն կարգեցին չորեքշաբթին և ուրբաթը: Ինչպես որ շաբաթապահքը հինգ զգայարանների սրբության համար է, որոնցով մեղանչում ենք, այդպես էլ երկու օրվա պահքը մեր հոգու և մարմնի սրբության համար է, որով գործում ենք մեղքերը:
Վարդապետներն այս պահքի համար հետևյալ պատճառներն են նշում: Նախ՝ այն, որ Մովսեսը հրամայում է պղծությունից լվանալ մարմինն ու հանդերձները և բանակից դուրս լինել մինչև երեկո (տե՜ս Թվեր ԺԹ 19):
Երկրորդ՝ չորեքշաբթին Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը՝ երբ Ադամը կերավ պտղից և ելավ Դրախտից:
Երրորդ՝ չորեքշաբթի օրը մեր Տերը հայտնեց Իր մատնության, դատաստանի, չարչարանքների, խաչելության և մահվան կենարար խորհուրդը, որի պատճառով տրտմեցին առաքյալները, իսկ ուրբաթ օրը կատարվեց այս ամենը, նաև՝ շարժվեցին արարածները, խավարեցին երկնքի լուսատուները: Այդ պատճառով պահում ենք այս օրերը, որպեսզի կցորդվենք Տիրոջ խաչին:
Չորրորդ՝ որովհետև երկու առաքինություններ ունենք՝ տեսական և գործնական: Տեսականի համար սրբվում ենք չորեքշաբթի օրը, իսկ գործնականի՝ ուրբաթ, որով սրբասեր դառնալով՝ Աստծու օգնությամբ հասնում ենք ճշմարտությանը և բարուն:
Հինգերորդ՝ որովհետև ընդունում ենք երկու օրենքներն էլ՝ և՜ Հինը, և՜ Նորը, դրա համար էլ երկու օր սուրբ ենք պահում:
Հարց. -Ինչո՞ւ Հինանց շրջանում չորեքշաբթին և ուրբաթը չենք պահում:
Պատասխան. -Քանի որ Աղուհացի օրերին պահել ենք շաբաթը և կիրակին, դրա համար Հինանց մեջ ուտում ենք նաև չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Երկրորդ՝ քանի որ հիսուն օր պահեցինք հոգու համար, հիսուն օր էլ ուտում ենք մարմնի համար:
Երրորդ՝ աղուհացն այս կյանքի խորհուրդն ունի, որի ընթացքում սգում ենք մեր մեղքերի համար, իսկ Հինունքը հարության խորհուրդն ունի, քանի որ ո՜չ սուգ է, ո՜չ տրտմություն և ո՜չ ցավ:
Չորրորդ՝ քանի որ Հինանց շրջանում առագաստի մանուկներն ենք, և Փեսան մեզ հետ է, դրա համար էլ սուգ չենք անում, մինչև որ Փեսան վերցվի, և ապա կպահենք ըստ Ավետարանի խոսքի (տե՜ս Մատթ. Թ 15): Իսկ Համբարձումից հետո պահում ենք չորեքշաբթին և ուրբաթը կամ ինն օր՝ մինչև Հոգեգալուստը:
Եվ այն, որ չորեքշաբթի և ուրբաթ օրերը ճշմարիտ պահոց օրեր են, հայտնի է հետևյալից: Նախ՝ որ առաքյալներից է ավանդված, ինչը հայտնի է առաքելական և նիկիական կանոններից:
Երկրորդ՝ սուրբ Եվագրոսն ասում է՝ պահիր չորեքշաբթի և ուրբաթ օրերն ամեն շաբաթ:
Երրորդ՝ մեծ ճգնավոր Բենեդիկտոսն ասում է, որ չորեքշաբթի և ուրբաթ օրերն անսվաղ պետք է պահել մինչև իններորդ ժամը:
Չորրորդ՝ հայտնի է և հաստատ, որ բոլոր քրիստոնյա ազգերը պահում են չորեքշաբթի և ուրբաթ օրերը. չորեքշաբթին՝ մատնության, իսկ ուրբաթը՝ խաչելության պատճառով, որովհետև սուգ է:
Հինգերորդ՝ Նիկիական ժողովում կանոն է դրված ու սահմանված, նաև հաստատված սուրբ Բարսեղ Մեծի, սուրբ Եպիփանի և այլոց կողմից, որ եթե մի անգետ անձ միս ուտի չորեքշաբթի և ուրբաթ օրերին, երեք շաբաթ թող պահի սրբությամբ՝ տնանկներին ողորմություն բաժանելով, և ապա հաղորդություն ստանա, իսկ եթե արհամարհելով առաքելական կանոնները՝ ուտի այդ օրերին, ապա երեք տարի ապաշխարի:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի