Նոր տարվա խորհուրդը

Հետաքրքիր կլինի իմանալ, թե մարդիկ երբվանից սկսեցին Նոր տարին կամ Ամանորը նշել հունվար ամսին, և ի՞նչպես էին վարվում դրանից առաջ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Նոր տարին սկսեց տոնվել հենց բաբելոնյան աշտարակաշինությունից հետո։ 72 ազգերը ցրվեցին ամեն մեկն իր երկիրը, և յուրաքանչյուրը սկսեց տարեմուտ անել այն օրը, երբ մտան իրենց հատկացված աշխարհը։ Նույնը տեսնում ենք նաև Աստվածաշնչում։ Աստված հրահանգում է հրեաներին, որ Եգիպտոսից դուրս ելնելու ամիսը համարեն առաջին ամիսը: «Այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք 12.2),- ասում է Աստված։ Երբ 72 ազգերից յուրաքանչյուրը հասավ իրեն սահմանված երկիրը, այդ ամիսը համարվեց ամիսների և տարվա սկիզբ։ Ահա այսպես հրեաների տարվա սկիզբը եղավ նիսան ամիսը, հռոմեացիներինը` հունվարը, հայերինը` նավասարդը և այլն։ Սակայն քրիստոնեությունից հետո եկեղեցական Հայրերը որոշեցին նոր տարվա սկիզբը տոնել հունվարին, որը ձմռանն էր, և ըստ քրիստոնեական ուսուցումների` դրա մեջ կարելի էր հատուկ խորհուրդ տեսնել։ Սակայն մինչ դրա բացատրությանն անցնելը, նախ տեսնենք, թե որտեղից է առաջացել հունվար ամսվա անունը։ Հեթանոսության շրջանում հռոմեացիները մի աստված ունեին Յանուս անունով, որը երկու դեմք ուներ, մեկը նայում էր դեպի ետ, իսկ մյուսը նայում էր դեպի առաջ։ Սա խորհրդանշում էր անցյալը և ապագան, անցնող և գալիք տարիները։ Եվ ահա հենց սրա անունով էլ կոչվել է այդ ամիսը։ Ձմռանը Նոր տարին նշում են հիմնականում քրիստոնյաները, և սրա խորհուրդը հետևյալն է։ Ձմռանն ամեն ինչ մեռնում է, և դա է ցույց տալիս նաև այդ անվան նշանակությունը` ձմեռ կամ ձյունամեռ, այսինքն` ձյունից ամեն ինչ մեռնում է` բույսերը չորանում են, ծառերը մերկանում, ջրերը սառչելով պաղում, և երկիրը դադարում է ծննդից։ Նույնպես և մեղքով մեռած հոգիները պաղում են Աստծո սիրուց։ Եվ այս տեսանկյունով տարվա սկիզբը քրիստոնյա Հայրերը ձմռանը դրեցին, որպեսզի մենք մեր մեղքերի զազիր գործերը հիշելով` զղջանք մեր հոգում։ Ձմեռը նաև մեզ հուշում է մեր ելքը այս կյանքից, սակայն քանի որ այն իր մեջ նաև ապագա հարության խորհուրդն ունի, ապա մեզ նաև հիշեցնում է հավիտենական կյանքի մասին։ Իսկ ինչու՞ է այդ մեկամյա ժամանակամիջոցը կոչվում տարի: Տարի է կոչվում, որովհետև տարավ մեր կյանքի մի մասը, և ժամանակը տարավ ու տանում է ամեն բան, և մեզ ոչինչ չի մնալու։ Հետևաբար, չպետք է հոգանք միայն անցողիկ կյանքի, նյութական իրերի համար, այլև հոգևորի և հավիտենականի համար:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)