Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով:
Նրանք խոսում էին մեկ լեզվով:
Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:
Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:
Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն [Ծն. 11.1-9]:
Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: