Նոր հրատարակություն

26 1 - Նոր հրատարակություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել  Տ.Տ. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի (1858-1865) «Հայելի աստուածային շնորհաց» աշխատության գրաբարից աշխարհաբար փոխադրությունը, որն իրականացրել է երեցկին Լիլիթ Հակոբյանը: Գրքի խմբագիրն է Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Նշյալ երկը հայ եկեղեցական մատենագրության գոհարներից է, որտեղ հստակ արտահայտված են Հայոց Հայրապետի աստվածաբանական միտքն ու յուրօրինակ մոտեցումները: Աշխատությունն իրավամբ քրիստոնեական անսասան հավատի ու հոգևոր գիտելիքների հայելի է, որտեղ արտացոլված է եկեղեցական նշանավոր հայրերի աստվածաբանությունը, միաժամանակ ներկայացված են նաև հայ ժողովրդի ծննդաբանությունն ու ազգային հարստությունները, որոնք, Հայոց Հայրապետի համոզմամբ, աստվածային առատ շնորհների արդյունք են:

Գիրքը բաղկացած է 3 պրակից: Փոխադրության ընթացքում գրքի կառուցվածքային բաժանումները որևէ փոփոխության չեն ենթարկվել և ամբողջությամբ համապատասխանում են բնագրին: