Ինքս կստորագրեմ մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, բայց անհասկանալի է վերջնագրային ոճը. եպիսկոպոսը՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո ներկայացրեց մանրամասներ և նշեց, որ Կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ:

«Մենք ինքներս ունենք մտահոգություններ, որոնց մասին ևս բարձրաձայնեցինք: Նրանք մտահոգություններից բացի ներկայացրեցին մի շարք մեղադրանքներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, որոնց վերաբերյալ ես որևէ փաստական նյութ չտեսա: Ես ինքս կարող եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, բայց նաև կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր»,-ասաց նա և տարօրինակ համարեց, որ առկա խնդիրների լուծելու համար միակ և երաշխավորված ճանապարհը իրենք տեսնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի մեջ:
«Ինձ համար անհասկանալի է այն վերջնագրային ոճը, դրան ուղեկցող ոճը և տոնայնությունը, որով ներկայացվում են այդ մտահոգությունները։ Չի կարող խնդիրը ունենալ մի լուծում, և այդ մի լուծումն էլ հայտնված լինի սահմանափակ թվով մարդկանց մոտ»,-ասաց նա և նշեց, որ չի կարելի հանդես գալ ամբողջ հավատացյալ հոտի անունով, որքան էլ «նախանձախնդրությունը առատ լինի»:

«Փաստերը ներկայացվում են, որ Կաթողիկոսը հայհոյանքներ է օգտագործում աշխատողների նկատմամբ, զբաղվում է տարատեսակ բիզնեսներով, ներկրումներով»,-ասաց նա և նշեց, որ դրանք մամուլի հրապարակումների, բամբասանքների ժանրից էին և փաստեր չկային։

Նա հարց բարձրացրեց, թե ով է բացարձակ սիրված ժողովրդի կողմից, և բերելով Վազգեն Առաջին Կաթողիկոսի օրինակը՝ ասաց, որ նա ևս անընդունելի վերաբերմունքի արժանացավ 88 թվականին:

Նա չբացառեց, որ բողոքի ակցիաներին կարող է մասնակցում են մարդիկ, ովքեր մտահոգված չեն եկեղեցու ապագայով:

Ինչ վերաբերում է նրան, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են դիմել վարչապետին, ապա եպիսկոպոսն ասաց, որ եկեղեցին կրոնական կառույց է և կարծում է, որ քաղաքական իշխանությունները ձեռնպահ կմնան ներեկեղացական խնդիրների միջամտելուց:

Ըստ նրա՝ եկեղեցու հասարակությունից օտարված լինելու գնահատականը կողմնակալ է:

«Եկեղեցին ներքաղաքական պայքարի գործընթացների մեջ, երբ պայքար է մղվում իշխանության համար, չի կարող այլ դերակատարություն ստանձնել, քան բախումների, փոխադարձ վիրավորանքի մթնոլորտի բացառումը»,-ասաց նա։

tert.am