Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ սատանան լինի

 Այս կապակցությամբ չորս հարցեր կան:

 Նախ՝ եթե Աստված գիտեր, որ սատանան չար է լինելու, ինչո՞ւ նրան ստեղծեց:

 Երկրորդ՝ ինչո՞ւ չկանխեց սատանայի անձնիշխան կամքը, քանի որ նրա չարության պատճառը դա եղավ:

 Երրորդ՝ ինչո՞ւ նրան անգո չդարձրեց, այլ թույլ տվեց նրան այս ամենն անել:

 Չորրորդ՝ ինչո՞ւ հետո չխափանեց նրա անձնիշխան կամքը, որպեսզի չկարողանար չար լինել:

 Նախ այն մասին, թե ինչո՞ւ ստեղծեց նրան, որը չարիքների սկիզբ էր լինելու: Աստված ոչ միայն բարի է, այլև գիտուն: Ու թեպետ գիտեր, որ նա չար է լինելու, այդուհանդերձ Աստծու իմացությունը չարգելեց բարությանը նրան ստեղծել, որովհետև Աստված բոլոր արարածներին իր բարությամբ արարեց, որպեսզի վայելեն իր բարիքները:

 Եվ դարձյալ, քանզի երկուսն էլ Աստծու բարիքներն են՝ և՛ բարությունը, և՛ գիտությունը, ապա դրանք չհակառակվեցին միմյանց, որովհետև բարիքները ներհակ չեն միմյանց, այլ օգնական: Այդ իսկ պատճառով Աստծու գիտությունը չհակառակվեց Աստծու բարությանը՝ արգելելու համար նրա ստեղծումը: Ահա թե ինչու Աստծու բարի գիտությունը թույլ տվեց Աստծու բարի կամքին բարություն անել:

 Եվ դարձյալ՝ Աստծու գիտությանը հայտնի էր, որ Աստծու բարությունը ամենքին ըստ բնության բարի է ստեղծել: Իսկ եթե որևիցե մեկը իր բնությունից դուրս, իր կամքով հոժարում է չարին, ապա անբամբասելի է բարի բնություն Ստեղծողը: Քանի որ բնությունը կամքի նկատմամբ առաջնային է, հետևաբար անհրաժեշտ է, որ կամքը հնազանդվի բնությանը, և հարկ չկա, որպեսզի բնությունը հնազանդվի կամքին: Իսկ եթե մեկն իր անձի դեմ գործում է այս մեծ հակառակությունը, այսինքն՝ բնությունը ծառայեցնում է կամքին, ապա նման դեպքում անմեղադրելի է Աստված, որ նրան բարի բնություն է տվել, որի համար Աստծու գիտությունը արգելք չի եղել Աստծու բարությանը, այլ թույլ է տվել ստեղծել նրան և նրա նմաններին՝ մարդկանց մեջ եղող չարերին:

 Երկրորդ՝ իսկ ինչո՞ւ չխափանեց նրա անձնիշխան կամքը, որը և նրա կորստյան պատճառը դարձավ, քանի որ եթե ազատ կամք չունենար, չէր կորչի:
Նախ՝ Աստված իր ամբողջ բարությունն իր ստեղծածներից չխնայեց, այլ տվեց նրանց բարություն և ազատություն, այսինքն՝ ստեղծեց բարի բնություն և տվեց անձնիշխան ազատ կամք: Աստված հակառակ չէ բարուն, որ իր ստեղծածներին զրկեր այս երկու բարիքներից, ուստի բարի բնություն և անձնիշխան կամք տվեց նրան:

 Դարձյալ՝ բնությունը բարի ստեղծեց, որովհետև բնությունն է նրան բարի լինել սովորեցնում: Իսկ անձնիշխան կամք տվեց, որպեսզի իր անձինիշխան կամքով հնազանդվի Բարի Ստեղծողին և իր Պարգևատուին և առավել վարձատրվի: Որովհետև ով կամովին չի ծառայում, չի էլ վարձատրվում: Դրա համար նրան բարի բնություն և անձնիշխան կամք տվեց:

 Երրորդ՝ այնուհետև ինչո՞ւ չխափանեց նրա անձնիշխան կամքը, որպեսզի չկարողանար չար լինել:

 Որովհետև Աստված Իր արարածներին տված բարիքները ետ խլել չի կամենում: Իսկ եթե առաջին իսկ առիթով ետ էր խլելու, ապա ինչո՞ւ էր տալիս: Մի՞թե չգիտեր, որ այդպես էր լինելու: Սրանից առաջ ասված պատճառներով է, որ այս ամենը տվեց, և այս մյուս պատճառներով է, որ նրանից անձնիշխան կամքը չխլեց, որովհետև եթե այս բոլոր բարիքներն ու ազատությունները չար եղան նրա համար, ապա եթե բարի և ազատ չլիներ, ինչպիսի՜ չարիքներ չէ՜ր կրի նա: Դրա մասին Տերն ասում է. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչափ ևս ավելի» (Մատթ. Զ 23):

 Չորրորդ՝ սատանայի գործած այս բոլոր չարիքներից հետո ինչո՞ւ նրան անգո չդարձրեց:

 Որովհետև Աստված էացուցիչ է և ոչ թե ապականիչ, և անգոյությունից բերում է գոյության և ոչ թե՝ գոյությունից անգոյության դարձնում: Որովհետև Արարող է և ոչ թե քանդող: Դրա համար է, որ այն, ինչ Իր բնության, բարի բնության և բարի կամքի գործն է, այն է Աստված անում և ոչ թե հակառակը:

 Հինգերորդ՝ ինչո՞ւ Աստված թույլ տվեց նրան փորձել մարդկանց, այսինքն՝ ինչո՞ւ է սատանան պատճառ լինում ընտրյալների ընտիր լինելուն:

 Որովհետև եթե չմարտնչեր նախավկայի հետ, ապա Երկինքը բացված և Որդուն Հոր աջ կողմում նստած չէր տեսնի: Եվ եթե մեր Լուսավորչի հետ չմարտնչեր, ապա նա աշխարհի լուսավորիչ չէր լինի, կամ Աստվածության Էջմիածին իջնելը չէր տեսնի:

 Եվ եթե Ադամի հետ չմարտնչեր, ապա Աստված մարդկային մարմնով մեր բնությունից չէր ծնվի՝ Աստվածային փառքի վերածված: Դրա մասին մարգարեն ասում է. «Մի՛ սպանիր նրանց, որպեսզի չմոռանան քո ժողովրդին, այլ ցրի՛ր և ընկճի՛ր նրանց քո զորությամբ» (Սաղմ. ԾԸ 12): Այս խոսքերը մեկ այլ խորությամբ Աստվածային խորին դատաստանն են հայտնում, որ հաստատեց մի օր, երբ տանջելու է նրան և նրա հետևորդներին՝ անանցական տանջանքներով: Դրա համար աղաչում էին նրան. «Ժամանակից առաջ մի՛ տանջիր մեզ» (Տե՛ս Մատթ. Ը 29): Եվ տանջվելու է նա իր բոլոր կամակատարներով հանդերձ: Դրա համար է ասում. «Ամբողջ չարը տանջանքի ենթակա է»:

Հատված Առաքել Սյունեցու «Ամբողջ չարը տանջանքի ենթակա է» գրքից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 1996