«Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու պատմության դասերը. պատմում է տեր Թովմա քահանա Անդրեասյանը (Տեսանյութ)

Ter Tovma - «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու պատմության դասերը. պատմում է տեր Թովմա քահանա Անդրեասյանը (Տեսանյութ)

 Եվրոպական պետություններում կրոնական կրթությունը սերտորեն կապված է աշխարհիկության սկզբունքի հետ։ Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից 44-ում հանրակրթական դպրոցներում կան կրոնական կրթության դասաժամեր, իսկ 25 երկրներում այդ դասաժամերը պարտադիր են։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոցներ 2003-2004թթ ուսումնական տարվանից` 2002թ կառավարության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ 2005-ին ներառվել է պարտադիր առարկայացանկ` 4-10-րդ դասարանների համար։

 «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի մասին Aysor.am-ը զրուցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ։

 «Սովորաբար ասում են, որ Վարդանանք բարոյական հաղթանակ տարան։ Բայց նրանք միայն զուտ բարոյական հաղթանակ չտարան։ Նրանց սխրանքը նրանում էր, որ իրենց նահատակությամբ ժողովրդի մեջ դրեցին սերմը միաբանության, սիրո ու Աստծո առաջնորդության», — պատմում է տեր Թովման ու ներկայացնում եկեղեցու պատմություն առարկայի կարևորությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում։

Տեր Թովման ասում է, որ մարդը չի կարող ամբողջական պատկերացում կազմել սեփական ժողովրդի պատմության մասին առանց եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու։

«Ինչո՞ւ մենք հաղթանակ տարանք Սարդարապատում, իսկ ինչո՞ւ դրանից հետո չստացվեց», — հարցեր է բարձրացնում տեր Թովման։ «Եկեղեցու պատմություն առարկան կարևոր է նաև երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելու տեսանկյունից», — ասում է տեր Թովմա Անդրեասյանը ու ավելացնում, որ «չոր» պատմությունը սերտելով հնարավոր չէ պատկերացնել հայոց պատմության բոլոր դասերը ու ողջ հարստությունը։

Մանրամասն՝ տեսանյութում: