Երբ որ մարդու հոգին դուրս գա մարմնից, այդժամ կկատարվի մեծագույն մի խորհուրդ:
Քանզի, եթե այն մեղապարտ է, ապա գալիս են դեւերի բազմություններ եւ չար հրեշտակներ, եւ խավար ուժեր, բռնում են այդ հոգին եւ տանում են իրենց սեփական տիրույթը:
Եվ ոչ ոք չպետք է զարմանա դրանից, քանի որ եթե հոգին, գտնվելով այս կյանքում, գտնվելով այս աշխարհում, ենթարկվել եւ հպատակվել է նրանց, եւ եղել է նրանց կամակատարը, ապա առավել եւս պահվում է նրանցից եւ նրանց իշխանության տակ է մնում, երբ ելնում է աշխարհից: Իսկ ինչ վերաբերում է բարի վախճանին, ապա դու պետք է պատկերացնես, որ գործն այսպես է: Աստծո սուրբ ծառաների կողքին արդեն այստեղ լինում են Հրեշտակները, եւ սուրբ հոգիները նրանց շրջապատում եւ պահպանում են: Եվ երբ հեռանում են մարմնից, այդժամ Հրեշտակաց դասերը, ընդունելով նրանց հոգիները իրենց սեփական տիրույթի` լուսավոր կյանքի մեջ, տանում են Տիրոջ մոտ:
Իսկական մահը ներսում է` սրտում, եւ այն գաղտնածածուկ է, դրանով մեռնում է ներքին մարդը: Այդ պատճառով էլ, եթե մեկը մահից անցել է սրբազան կյանք, ապա նա իսկապես կապրի հավիտյան եւ չի մեռնի:
Ինչպես հեռուներից դարձող վաճառականը, իր բազմապատկած շահույթներն ուղարկում է տնեցիներին, որպեսզի գնեն նրա համար տներ, այգիներ եւ անհաժեշտ հանդերձանք, երբ վերադառնում է հայրենիք, բերում է իր հետ մեծ հարստություն, տնեցիները եւ հարազատները մեծ ցնծությամբ են ընդունում նրան: Այդպես լինում է եւ հոգեւոր կյանքում: Եթե ոմանք գտնում են երկնային հարստություն, ապա համաքաղաքացիները, այսինքն` սուրբ Հրեշտակների հոգիները, իմանում են այդ մասին եւ զարմանում են` ասելով. «Մեծ հարստություն ձեռք բերեցին մեր եղբայրները, որոնք երկրում են»: Այդպիսիք, իրենց ելքի ժամանակ, ունենալով Տիրոջն իրենց հետ, ցնծությամբ ելնում են երկնաբնակների մոտ, եւ Տիրոջ հետ եղողներն ընդունում են նրանց, պատրաստելով նրանց համար այնտեղ օթեւանն եր, այգիներ, լուսաճաճանչ եւ թանկարժեք հանդերձներ:
Որովայնում հղանալով, կինն իր մեջ կրում է իր մանկանը խավարում, այսպես ասած, եւ անմաքուր տեղում: Եվ երբ, ի վերջո, մանուկը ելնում է որովայնից համապատասխան ժամանակին, տեսնում է նա երկնքի, երկրի եւ արեգակի համար նոր արարած, որպիսին երբեք չի տեսել, եւ այդժամ բարեկամները եւ հարազատները հրճվանքով գրկում են մանկանը: Իսկ եթե ինչ-որ անկարգության պատճառով պատահում է, որ մանուկը մեռնում է որովայնում, ապա կանչված բժիշկներին հարկ է դիմել սուր գործիքների եւ այդժամ մանուկն անցնում է մահվանից մահ, խավարից` խավար: Նույնը կիրառիր հոգեւորի նկատմամբ: Իրենց մեջ Աստվածային սերմն ընդունածներն իրենց մեջ այն կրում են անտեսանելի կերպով, եւ իրենց մեջ ապրող մեղքի պատճառով` մութ եւ սարսափելի տեղերում: Դրա համար էլ, եթե պահեն իրենց եւ պահպանեն սերմը, ապա համապատասխան ժամանակին կծնեն այն հայտնապես, եւ ի վերջո մարմնից բաժանվելուց հետո, Հրեշտակները եւ ողջ երկնային դասերն ուրախ դեմքերով կընդունեն նրանց: Իսկ եթե արիաբար մարտնչելու համար Քրիստոսի զենքն իր վրա վերցրածը թուլանա, ապա շուտով կհանձնվի թշնամիներին, եւ մարմնից բաժանվելուց հետո, իրեն այժմ պահող խավարից կհայտնվի մի այլ, ավելի սարսափելի խավարի եւ մահվան մեջ:
Այդպես բոլոր աստվածասեր հոգիների, այսինքն` ճշմարիտ քրիստոնյաների համար կա առաջին ամիսը Ապրիլ անվանումով. եւ դա հարության օրն է: Արդարության Արեգակի այդ զորությամբ էլ բխեցվում է ներսից Սուրբ Հոգու փառքը` Սրբերի մարմինները ծածկող եւ զգեստավորող, այդ նույն փառքը, որ նրանք ունեին իրենց հոգիներում ծածուկ կերպով:Քանզի, արդ ինչ ունի հոգին իրենում, դա էլ ի հայտ կգա մարմնում: Այս ամիսը, ասում եմ, թող տարվա առաջին ամիսը լինի (Ելից, 12, 2), այն տալիս է բոլոր արարածներին ցնծություն, այն ճեղքելով երկիրը, հագուստով զգեստավորում է մերկացած ծառերը, այն ուրախություն է տալիս բոլոր կենդանիներին, այն պարգեւում է բոլորին խնդություն, այն քրիստոնյաների առաջին ամիսն է: Քսանֆիկը, այսինքն` հարության ժամանակը, երբ կփառավորվեն նրանց մարմինները անճառելի լույսով, այստեղ նրանց մեջ ծածուկ, այսինքն` Հոգու զորությամբ, Որը կլինի այն ժամանակ նրանց հագուստը, կերակուրը, ըմպելիքը, ուրախությունը, խնդությունը, խաղաղությունը, հանդերձանքը, հավիտենական կյանքը: Քանզի Աստծո Հոգին, որին այստեղ արդեն արժանացել են ընդունել իրենց մեջ, այնժամ նրանց համար կդառնա երկնային պայծառության եւ գեղեցկության վայելչություն:
Ուստի եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի եւ ջանա եռանդագին վարժեցնել իրեն բոլոր առաքինությունների մեջ, հավատա եւ խնդրի Տիրոջից, որպեսզի ներքին մարդը դեռեւս այստեղ դառնա այդ փառքին հաղորդակից եւ հոգին հաղորդ լինի Հոգու սրբությանը, եւ որպեսզի, մաքրվելով ախտերի գարշությունից, հարության ժամին ինչ-որ բան ունենանք մեր հարություն առած մերկ մարմիննները զգեստավորելու, դրանով ծածկելով դրանց ամոթը, որպեսզի կենդանություն եւ հավիտենական հանգիստ ստանան Երկնային Արքայության մեջ, քանի որ ըստ Սուրբ Գրոց, Քրիստոսը գալու է երկնքից եւ հարություն է տալու Ադամի ողջ սերունդին, աշխարհի սկզբից ի վեր բոլոր ննջեցյալներին եւ բաժանելու է նրանց երկու մասի, եւ որոնք ունեն Նրա ուրույն նշանը, այսինքն` Հոգու կնիքը, նրանց հռչակելով որպես Իրենը` կկանգնեցնի Իր աջ կողմում: Քանզի ասում է` Իմ ոչխարները Իմ ձայնը լսում են. (Հովհ., 10, 27), եւ Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից (Հովհ., 10, 14): Այդ ժամանակ էլ նրանց մարմինները բարի գործերի համար զգեստավորվում են Աստվածային փառքով, եւ իրենք էլ կլցվեն այն հոգեւոր փառքով, որը դեռեւս այստեղ արդեն ունեին իրենց հոգիներում: Եվ այդ կերպ Աստվածային լույսով փառավորվելով եւ հափշտակվելով ու երկինք տարվելով Տիրոջն ընդառաջ օդում, ըստ գրվածի, մշտապես Տիրոջ հետ կլինենք (Ա Թես. 4, 17), Նրա հետ թագավորելով անվախճանորեն հավիտյանս հավիտենից: Արդջանանք կանխավ ունենալ մեզ վրա Տիրոջ նշանը եւ կնիքը, քանի որ դատաստանի ժամին, երբ Աստված կկատարի բաժանումը եւ հավաքված կլինեն երկրի բոլոր սերունդները` Ադամն ամբողջությամբ, երբ Հովիվը կկանչի Իր հոտը, այդժամ իրենց վրա նշան ունեցողները բոլորը կճանաչեն իրենց Հովվին, եւ Հովիվը կճանաչի Իր սեփական կնիքն իրենց վրա ունեցողներին եւ կհավաքի նրանց բոլոր ժողովուրդներից. կլսեն Նրա ձայնը յուրայինները եւ կգնան Նրա հետեւից: Երկու մասի կբաժանվի աշխարհը. մի մասը կլինի խավար հոտը, որը կմատնվի հավերժական կրակին, իսկ մյուսը` լույսով պարուրված հոտը, կբարձրանա երկնային վիճակի: Արդ, ինչ-որ շահեցինք մենք մեր հոգիներում, այդ նույնն էլ կշողշողա այնժամ եւ փառքով կզգեստավորի մարմինները:
Ինչպես Տիրոջ մարմինը, երբ Նա բարձրացավ լեռը, փառավորվեց եւ պայծառակերպվեց Աստվածային փառքի եւ անհատնում լույսի, այդպես եւ Սրբերի մարմինները փառավորվում են եւ դառնում են ճաճանչափայլ: Քանզի, ինչպես Քրիստոսի ներքին փառքը այդ չափով տարածվեց եւ ճառագում էր Քրիստոսի մարմնի վրա, այդպես էլ Սրբերի ներսում ներկա Քրիստոսի զորությունը այն օրը կհեղվի եւ կսփռվի նրանց մարմինների վրա, քանի որ նրանք դեռեւս այստեղ իրենց մտքով հաղորդ են Քրիստոսի էությանը եւ Քրիստոսի բնությանը: Քանզի գրված է` նա, որ սրբացնում է, եւ նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկի՛ց են. (Եբր., 2, 11), նաեւ` Եւ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու Ինձ տվեցիր (Հովհ., 17, 22): Ինչպես մի կրակով լուցանվում են բազում կանթեղներ, այդպես պարտ է եւ Սրբերի մարմիններին` Քրիստոսի այդ անդամներին, մեկ դառնալ Իր` Քրիստոսի հետ:
Աշխարհում ոմանք մարդասպաններ են, ուրիշները` շնացողներ, մյուսները` կողոպտիչներ, իսկ ոմանք էլ հավասարապես բաժանում են իրենց սեփական ունեցվածքն աղքատներին: Տերը նայում է եւ՛ նրանց, եւ՛ մյուսներին, եւ բարիք գործողներին տալիս է հանգիստ եւ պարգեւներ. կա չափի լիություն եւ չափի սակավություն, եւ հենց լույսի մեջ եւ փառքի մեջ էլ կա զանազանություն: Գեհե-նում եւ պատժի մեջ կան թունավորողներ, եւավազակներ, եւ փոքր բաներում մեղանչածներ: Իսկ ովքեր պնդում են, որ մեկ է արքայությունը եւ մեկ է դժոխքը եւ աստիճաններ չկան, նրանք սխալվում են: Հիմա ինչքան աշխարհիկ մարդիկ կան, որոնք տարված են հանդիսություններով եւ այլ անառակություններով: Եվ ինչքան էլ դեռ կան հիմա այնպիսիները, որոնք աղոթում են Աստծուն եւ երկյուղում Նրանից: Աստված նայում է եւ՛ նրանց, եւ՛ մյուսներին, եւ որպես արդար Դատավոր պատրաստում է ոմանց հանգիստ, մյուսներին` պատիժ:
Թարգմ. ռուսերենից` Ա. Գ. Ալեքսանյանը
Աղբյուր «Սյունյանց կանթեղ N 44»