Համբերության մասին

Եղբայրնե՛ր, երանյալ է նա, ով համբերության տեր է լինում, քանզի համբերության մեջ հույս կա, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում (Հռոմ. 5, 5): Հիրավի երանյալ և երիցս երանյալ է նա, ով համբերություն ունի. ով մինչև վերջ համբերի, նա պիտի կփրկվի (Մատթ. 10, 22): Եվ ի՞նչն է ավելի լավ այդ ավետիսից: Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են նրան (Նաում 1, 7):

 Եղբայրնե՛ր, արդյոք գիտե՞ք, թե որքան է գնահատվում համբերությունը: Թե՞ այդ առթիվ էլ հարկ է, որ խոսքեր փնտրեմ ձեզ վկայելու համար: Համբերությունն առանձին չի լինում. նրա պահանջը կա բազում առաքինություններում: Համբերողը հասնում է ամենայն առաքինության: Վշտերի մեջ նա բերկրում է, կարիքների մեջ իրեն բարեվայելուչ է պահում, գայթակղությունների մեջ սքանչանում է: Նա պատրաստ է հնազանդության, զարդարված է երկայնամտությամբ, լցված է սիրով:

 Վիրավորանքների համար նա օրհնում է, վեճերի մեջ խաղաղ է լինում, մնջանքի մեջ արի է, սաղմոսերգության մեջ ծույլ չէ, պահքերին պատրաստ է, աղոթքներում համբերատար է, գործերի մեջ անխոտոր է, պատասխանների մեջ ուղղամիտ է, հանձնարարությունը կատարելիս բարեհնազանդ է, կյանքում փութաջան է, ծառայություններ մատուցելիս սիրալիր է, վարվեցողության մեջ առինքնող է, միաբանական համակեցության մեջ հաճելի է, խորհրդակցելիս քաղցրաբարո է, հսկումների մեջ մռայլ չէ, թափառականներին խնամելիս ջանադիր է, անկյալներին խնամելու մեջ պատրաստակամ է, դժվար կացության մեջ առաջին օգնականն է, միտքը սթափ է, ամենայն բանում բարի է:

 Համբերություն ձեռք բերողը հույս է ձեռք բերում: Քանզի նա զարդարված է ամենայն բարի գործով: Այդ պատճառով էլ համարձակորեն ձայնում է Աստծուն՝ ասելով. համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ և լսեց իմ աղոթքը (Սաղմ. 39, 2):

 Համբերություն չունեցողների մասին

 Ձախավեր և խղճուկ է նա, ով համբերության տեր չի լինում: Այդպիսիներին Սուրբ Գիրքը սպառնում է վշտով: Վա՜յ, ձեզ, – ասում է,– որ կորցրել եք համբերությունը (Սիրաք 2, 16): Եվ հիրավի վա՜յ նրան, ով համբերություն չունի: Նա այս ու այն կողմ է թռչում քամուց քշված տերևի պես և վիրավորանքները չի տանում, վշտերի մեջ անհոգության է մատնվում: Նրան հեշտ է ներքաշել վեճերի մեջ:

 Որտեղ հարկ է համբերել, այնտեղ տրտնջում է:
Որտեղ հնազանդություն է պետք, այնտեղ հակաճառում է:
Աղոթքների մեջ ծույլ է, հսկումներում տկար է, պահքերում մռայլ է, ժուժկալության մեջ անփութաջան է, պատասխանների մեջ դանդաղկոտ է, գործերի մեջ անճշտապահ է, խորամանկության մեջ անկոտրում է, զբաղմունքն երի մեջ` ինքնակամ, վիճելիս արի է, մնջանքի մեջ` անուժ:

  Խրախուսանքի արժանի մարդկանց նա հակառակորդ է և առաջադիմողներին` մրցակից:

 Համբերություն չունեցողը բազում զրկանքների է ենթարկվում և ի զորու չէ առաքինի դառնալու: Քանզի համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ (Եբր. 12, 1): Համբերություն չունեցողը զուրկ է ամենայն հույսից: Ուստի և ամեն ոք, ով ինձ նման անհամբեր է, պաղատում եմ, որ համ- բերության տեր լինի, որպեսզի փրկվի:

Հատված Սուրբ Եփրեմ Ասորու «Խրատներ» գրքից