Մի երիտասարդ անհամբեր կերպով աջ ու ձախ գնում-գալիս է մի եկեղեցու մոտ:
Քահանան մոտենում է ու հարցնում.
-Ի՞նչ է պատահել .
-Երեկ այստեղ Աստծուն հանդիպեցի: Ասաց, որ խնդրանքս կկատարի և այսօր հենց այստեղ կուղարկի իմ պահապան հրեշտակին, որպեսզի ինձ տանի իմ երազանքների հեռավոր քաղաքը,- պատասխանում է մեծ սպասումներով լի երիտասարդը:
Մի քանի րոպե անց ճռճռալով, դանդաղորեն մի սովորական սայլ է մոտենում: Այն կանգնում է: Աչքի չընկնող հանդերձանք հագած սայլապանն ասում է.
-Ի՞նչու ես անտարբեր ու շշմած կանգնել. ես եմ այդ հրեշտակը, որ քեզ պիտի տանեմ երազանքներիդ հեռավոր քաղաքը:
-Բայց ես այլ բան էի սպասում…., իսկ այս սայլով բազում տարիներ են պետք, որ իմ նպատակն իրագործվի. այդ ճանապարհն այնքան հեռու է, որ միգուցե այս սայլով նույնիսկ չհասնեմ իմ երազանքների քաղաքը, – տրտնջալով պատասխանում է երիտասարդը:
Հրեշտակն ասում է.
-Այն, ինչ երազում ես և մանավանդ արագորեն իրագործել, Աստված այլ կերպ է տեսնում և ծրագրում և այժմ քեզ համբերություն, խոհեմություն և իմաստություն է սովորեցնում….

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան