Հրամայուած էր ժողովը գումարել 431-ի Հոգեգալստեան տօնին Եթեսոսում. տեղի ընտրութիւնն արդէն անյաջող էր Նեստորի համար, որովհետև վերջինիս կողմնակիցները, Ասորիքի եպիսկոպոսները, բոլորն էլ ցամաքի ճանապարհը պիտի ընտրէին և նեղութիւններ կրելով ուշանային. այն ինչ Կիւրեղը իւր մարդկանցով նաւով ժամանակից էլ առաջ տեղ հասաւ: Կիւրղի համար նպաստաւոր էր մանաւանդ այն հանգամանքը, որ տեղական եպիսկոպոս Մեմնոնը բոլորովին նրա կողմն էր: Դորա փոխարէն Նեստորը, որ դեռ Եգիպտացիներից էլ առաջ էր տեղ հասել, վայելում էր ամբողջ կայսերական հովանաւորութիւնը. նրան առաջնորդում էր կոմս Իրենէոսը, իսկ մի երկրորդ կոմս՝ Կանդիդիան անուամբ յանձն էր առել հսկել ժողովի վրայ: Չնայելով այս պետական կոմիսսարի և դեռ ևս փոքրամասնութիւն կազմող հակառակ կուսակցութեան բողոքներին, չնայելով որ Հռովմի ներկայացուցիչները դեռ չէին եկել, իսկ Ասորիքի եպիսկոպոսների գալուստը ամեն օր սպասւում էր, Կիւրեղը ժամանակից առաջ բաց արեց ժողովը և Նեստորին ատեան հրաւիրեց: Վերջինս չներկայացաւ, որովհետև մի դատապարտեալը միւսին էր կանչում: Կիւրեղը կրքով բռնուած շտապով ի մի հաւաքելով միակողմանի ցուցումները և հայրերի վկայութիւնները, դատապարտել տուեց Նեստորին, որի նզովմանը Կիւրղի կողմնակիցներն իսկոյն ստորագրեցին: Այս ամբողջ գործողութիւնը կատարուեց մի օրում, Յունիսի 22-ին: Կիւրեղը իւր ժողովին տիեզերական բնոյթ տուեց, մէջ տեղ բերելով Հռովմի եպիսկոպոսի նախկին ժողովը և իւր օգտին բացատրելով աֆրիկացիների մի միանգամայն չէզոք գրութիւն:
Հազիւ մի քանի օր անցած, այս դէպքերից յետոյ, տեղ հասաւ Ասորիքի եպիսկոպոսների հետ Անտիոքի Յովհաննէս եպիսկոպոսը, որը երկու կռուող պատրիարքներից յետոյ ամենանշանաւորը լինելով, ամենայարմար մարդը պիտի համարէր իրեն՝ վէճը դադարեցնելու և վճիռ տալու համար: Նա տեղ հասնելուն պէս ըմբռնեց դրութիւնը և իւր կողմից մի ժողով կազմեց մասնակցութեամբ իւր եպիսկոպոսների և կայսերական պաշտօնեայի և աւելի շտապ վարուելով քան Կիւրեղը, վերջնիս ու Մեմնոնին առանց մինչև անգամ ատեան կանչելու, իբրև խռովարարների և եկեղեցական օրէնքը խանգարողների, վճռել տուեց զրկել իրենց աթոռներից, իսկ միւս եպիսկոպոսների հետ եկեղեցական հաղորդակցութիւնը կտրեց: Դրանից յետոյ Կիւրեղի ժողովը, որին այժմ մասնակցում էին արդէն Հռովմի նուիրակները, ցանկանալով իւր կողմն ունենալ ձևական իրաւունքը, Յովհաննէսին և իւրայիններին 3 անգամ ատեան հրաւիրեց. և երբ վերջիններս չերևացին, վճռուեց եկեղեցական հաղորդակցութիւնից զրկել թէ Յովհաննէս Անտիոքացուն, և թէ նրա 35 եպիսկոպոսներին: Ուրեմն երկու իրար դատապարտող ժողովներ, երկուսն էլ տիրեզերական և օրինական համարուելու յաւակնութեամբ, մէկը բաղկացած Հռովմից ու եպիսկոպոսների մեծամասնութիւնից, իսկ միւսն իւր կողմն ունենալով պետութեան պաշտօնեային: Կայսրը, որին մնացել էր վերջին խօսքն ասելը, վատ դրութեան մէջ էր. և որովհետև Նեստորի ազդեցութիւնն այլ ևս չկար Կ.Պօլսում և ուրիշներն էին ազդում կայսեր վրայ, վերջինս ստիպուած եղաւ զիջանել Կիւրղի ստիպմունքներին: Նա տեղեկութիւն էր ստացել իւր պաշտօնեայից ժողովի անկարգութեան մասին և մինչ մի զայրացկոտ նամակով հրամայում էր բոլոր եպիսկոպոսներին Եփեսոս մնալ և սպասել նոր պաշտօնէի գալուն, որը նորից պիտի ժողով գումարէր և գործը վերստին քննութեան ենթարկել տար, Կիւրեղի կողմնակիցները – Եգիպտոսից եկած եպիսկոպոսները, նաւաստիներն ու վանականները, միացած իրենց կողմն անցկացրած գիւղացի ազգաբնակութեան հետ, ահաբեկում էին ամբողջ Եփեսոսն ու մինչև անգամ մայրաքաղաքում էլ մեծ յուզում էին յառաջ բերել, ուղարկելով այնտեղ մի աղքատի հետ մի թուղթ՝ փաթաթուած եղէգնի մէջ, ժողովի մասին, որովհետև պաշտօննեաները զինուորական միջոցներով աշխատել էին թոյլ չտալ մայրաքաղաք լուրեր ուղարկելուն: Մի ահագին ցոյց սկսուեց Կ.Պօլսում կայսեր դէմ վանականների կողմից, որոնց գլուխն էր անցել ամենից յարգուած վանահայր Դալմատիոսը: Կայսրը անվճռական դրութեան մէջ որոշեց մի թղթով ընդունել երկու ժողովի վճիռներն էլ, այսինքն՝ զրկել աթոռից թէ Նեստորին և թէ Կիւրեղին ու Մեմնոնին: Սակայն մինչ Նեստորն համաձայնուեց իւր նախկին վանքը քաշուել Անտիոքի մօտ և արևելցիք էլ պատրաստ էին նոր ժողով անելու և իրենց հաւատոյ դաւանանքն էլ աւելի մեղմացրին, Կիւրղի գործակիցները օրըստօրէ աւելի վստահացած իրենց յաղթանակի վրայ, դիմադրեցին այդ բոլորին և թոյլ չտուին, որ միութիւն յառաջ գայ: Վերջապէս կայսրն հրամայեց, որ երկու ժողովից էլ ներկայացուցիչներ գան մայրաքաղաք իրեն հաշիւ տալու համար: Սակայն մի կողմից մեծ չափով կաշառքը, միւս կողմից ազգաբնակութեան օրէցօր աւելացող յուզումը վանականների շնորհիւ, ապա Կիւրղի անձնական ազդեցութիւնը, որ փախել էր բանտարկութիւնից, վերջապէս Պուլխերիայի, կայսեր քրոջ, ազդեցութիւնը ստիպեցին տատանուող կայսրին, հակառակ իւր կամքին ու համոզմունքին, Կիւրեղի կողմը բռնել: Ասորիքի եպիսկոպոսներին արգելւում է մայրաքաղաք մտնելը: Նեստորի անունն անգամ չէ ուզում լսել կայսրն այժմ, այն ինչ Կիւրղի կողմնակիցները մայրաքաղաքին մի նոր հովուապետ են տալիս յանձին Մաքսիմիանի և նրան պաշտօնի մէջ են դնում: Ձմեռը մօտենում էր, երբ վերջապէս կայսրը մի հրամանագրով »վերացրեց« Եփեսոսի ժողովը: Այդ տարօրինակ գրուածքի մէջ յայտնւում է ժողովի ապարդիւնութիւնը, արևելցիների (իմա՛ Ասորիքից եկած եպիսկոպոսների) անյողդյողդ ուղղափառութիւնն է շեշտւում, բայց միևնոյն ժամանակ թոյլ է տրւում, որ Կիւրեղն ու Մեմնոնը իրենց տեղերը վերադառնան և իրենց պաշտօնները ստանձնեն նորից: Իրողութիւնն այն էր, որ կայսրը խոստովանում էր իւր թուլութիւնը, իւր հրաւիրած ժողովը չեղած համարում և Կիւրեղին վկայական էր տալիս, որ նա իւր ցանկութիւնը Նեստորի նկատմամբ արդէն կատարել էր: Միւս կողմից սա Աղէքսանդրիայի յաղթանակն էր կայսեր և հակառակորդների դէմ, որ Կիւրղի կեանքի գագաթնակէտն էր կազմում:
Եփեսոսի ժողովը միայն այն հետևանքն ունեցաւ, որ հակառակորդներն այժմ ո՛չ թէ Աղէքսանդրիայի ու Կ.Պօլսի պատրիարքներն էին, այլ Աղէքսանդրիայի և Անտիոքի: Թէև Ասորիքի եպիսկոպոսները թուլացել էին, կորցնելով մայրաքաղաքում իրենց ունեցած դիրքը, բայց նրանց օգուտն էր, որ վէճը կորցրեց իւր քաղաքական բնաւորութիւնը և կրկին եկեղեցական աստուածաբանական դարձաւ: Նոքա մերժեցին պաշտօնական կերպով Նեստորի արտաքսմանը համաձայնել և պահանջեցին, որ Կիւրղի 12 նզովքները դատապարտուին, որոնց ապոլինարիստական լինելը վկայում էր Ապոլինարի ժամանակակից, և նրա մասին եղած Հռովմի ժողովի մասնակից, Ասորիքի Բերոյայի 110 տարեկան Ակակիոս եպիսկոպոսը: Գրական կռիւը ժողովի ժամանակ էլ, նրանից յետոյ էլ շարունակուեց. Աղէքսանդրիայի ներկայացուցիչը միշտ Կիւրեղն էր, իսկ Անտիոքացիների բանավարը հետզհետէ Կիւրոսի եպիսկոպոս Թէոդորէտը դարձաւ (ծնուած 390. 423-ից սկսած եպիսկոպոս):
Որովհետև բաժանումն էր սպառնում ամբողջ արևելքին, շատ եկեղեցական թեմեր անտիոքացիների հետ էին և չէին ուզում ճանաչել Կ.Պօլսի նոր պատրիարքին, այդ պատճառով էլ կայսրը, որ անձնապէս ամենևին համոզուած չէր Անտիոքացիների անարդարութեան մէջ, որոշեց 432-ին մի անգամ էլ միջնորդի դեր կատարել, բայց այս անգամ մասնաւոր խորհրդակցութիւններ սարքելով և պետութեան կողմից էլ ճնշումն գործ դնելով: Հռովմի նոր եպիսկոպոս Սիքստոսը նրան օգնեց այս գործում, աշխատելով Կիւրեղին յորդորել Յովհաննէս Անտիոքացու նկատմամբ աւելի քիչ պահանջկոտ լինել: Կայսեր կողմից ուղարկուած պաշտօնեային յաջողուեց, համոզելով և սպառնալով, յորդորել նախ Ասորիքի եպիսկոպոսներին, գլխաւորապէս Յովհաննէսին ու Ակակիոսին, բանակցութիւնները նորից սկսել. ապա Կիւրեղին, որպէսզի նա իւր 12 նզովքները մի քիչ աւելի մեղմ կերպով բացատրէ: Երբ Կիւրեղն այդ քայլն արեց, Յովհաննէս Անտիոքացին նրան ներկայացնել տուեց Էմեսսայի զառամեալ եպիսկոպոս Պօղոսի ձեռամբ, 433-ի վերջին, մի միութեան թուղթ, ստորագրելու համար. այդ թուղթը յիրաւի մեղմացնում էր աւելի Անտիոքացիների վարդապետութիւնը, բայց չէր վերացնում այն: Խոստացւում էր, իբրև փոխադարձ զիջումն ստորագրելու դէպքում, մերժել Նեստորին, նզովել նրա նորմուծութիւնը և ճանաչել նրա յաջորդին: Կիւրեղը, ծանր դրութեան մէջ, ստիպուած եղաւ ստորագրելու այն, ինչ որ նա չէր կարող ստորագրել, եթէ ազնւութեամբ վարուէր. իսկ Պօղոս Էմեսսացին նզովեց Նեստորին և ընդունուեց, իբրև առաջինը Ասորիքի եպիսկոպոսներից, Կիւրղի կողմից եկեղեցական հաղորդակցութեան մէջ: Որ Կիւրղին ստիպել էին ստորագրելու, այդ ցոյց է տալիս այն օգնութեան աղաղակը, որ նրա սարկաւագը Կ.Պօլիս է ուղարկում Մաքսիմիանին, յորդորելով նրան աւելի եռանդուն միջոցներ ձեռք առնել ազդելու Պուլխերիայի, ներքինիների, պետական պաշտօնեաների և պալատական տիկնանց վրայ. որոնց բոլորին էլ ընծաներ տալով Կիւրեղը սնանկացրել էր իւր եկեղեցին, այլ և վանականների վրայ, ինչպէս էին Դալմատիոսն ու Եւտիքէսը:
Կիւրեղը մի մեծ թղթով ուղղուած արևելցիներին կրկնեց իւր համաձայնութիւնը, իսկ Անտիոքի պատրիարքը իւր կուսակիցների կողմից միւս 3 պատրիարքներին (Հռովմ, Աղէքսանդրիա, Կ.Պօլիս) մի թուղթ ուղղեց, որի մէջ նա հանդիսաւոր կերպով հակառակ Նեստորի ընդունեց Եփեսոսի »Սուրբ Ժողովի« որոշումները: Թւում էր թէ եկեղեցին միացել էր կրկին.-երկու բնութիւն, մի Քրիստոս, էր այդ միութեան հիմքը. ուրեմն այն, ինչ որ 381-ին Կ.Պօլսում էլ արդէն յայտնի էր:
Սակայն այդ միութեան թուղթը Կիւրեղի յետ կանգնելն էր նշանակում իւր սկզբունքներից և ապացուցանում էր, »որ բոլոր եկեղեցւոյ պետերը մատչելի են դառնում, երբ նոցա իշխանութեանն ու ազդեցութեանը վտանգ է սկսում սպառնալ«. և յիրաւի իսկական Աղէքսանդրեան մտքով բարեպաշտները խիստ բարկացած էին Կիւրղի վարմունքի վրայ. գոհ չէին նաև աւելի հետևողական անտիոքացիները. մի կողմից Կիւրեղին չէին հաւատում սոքա, միւս կողմից չէին կամենում Նեստորին մերժած լինել: Բայց Յովհաննէս Անտիոքացին այժմ միացաւ Կայսեր և մայրաքաղաքի նոր եպիսկոպոս, Նեստորի նախկին հակառակորդ, Պրոկլի հետ (434-ից) միութիւնը ուժով գլուխ բերելու և Նեստորականութիւնը ոչնչացնելու համար (435-ին): Հակառակորդների մեծ մասը տեղի տուեց, ամենից յամառները քշուեցին. Նեստորը նախ Պետրա աքսորուեց Արաբիայում, այնտեղից Եգիպտոս, ուր նա այնքան դէս ու դէն տարուեց, որ անյայտութեան մէջ և անյայտ ժամանակ մեռաւ: Ոսկեբերանի ողբերգութիւնը կրկնուած էր ուրեմն հակառակ շատերի կամքին:
Մինչ այս մինչ այն Կիւրեղն աշխատում էր որքան կարելի է իւր դրութիւնը լաւացնել. թէև Կիւրեղեանների փորձը Նեստորականութեան իսկական հայրերին՝ Թէոդոր Մոպսուեստացուն և Դիոդոր Տարսոնացուն իրենց մահից յետոյ հերետիկոս հրատարակելու անյաջող անցաւ, բայց Կիւրեղը յաջողութեամբ աշխատում էր ցոյց տալ, որ Անտիոքացիները իսկապէս համաձայնել են իւր ժողովի բոլոր որոշումներին: Այսպիսով առաջ եկաւ այն տարօրինակութիւնը, որ Կիւրղի Եփեսոսի ժողովը, շնորհիւ նրա հակառակ Նեստորական ժողովի հանգանակի, ընդհանրական բնաւորութիւն և իբրև 3-րդ տիեզերական ժողով պատշաճ հեղինակութիւն ձեռք բերեց: Լևոն ԺԳ. պապը մեր օրերում Կիւրղին հրատարակեց վերջապէս եկեղեցու վարդապետ (=doctor ecclesiae): Քանի գնում աստուածաբանական և բարոյական հասկացողութիւնները աւելի խառնաշփոթւում էին. զարմանալի չէ, որ կարճ ժամանակից յետոյ վէճերը նորից սկսուեցին և այժմ բնականաբար աւելի անհաճոյ ձևերով:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ