Ընտանիքն Արարչագործության համատեքստում. ընտանիքն Աստծո դրախտում

Yntaniqi masin 1 - Ընտանիքն Արարչագործության համատեքստում.  ընտանիքն Աստծո դրախտում

 «Ընտանիքը հասարակության բյուրեղն է» (Հյուգո ):
«Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը» (Բալզակ):

 Աստվածաշունչը, որպես յուրօրինակ ու ինքնատիպ-հեղինակավոր աղբյուր, բավական հիմնարար ու համակողմանի տեղեկություն է տալիս «ընտանիք» հասկացության մասին: Աշխարհի, ավելին՝ երկնքի և երկրի արարումը հանգում է մարդ ստեղծելու նպատակին, ինչպես բացատրում է Ս. Գրիգոր Լուսավորիչը. «Յայսոսիկ երեւի Աստուծոյ սէրն ի մեզ, զի վասն մեր արար զերկինս եւ զերկիր եւ որ ի նա արարածք» ( Հաճ. Ա.)։ Միաժամանակ անուրանալի է, թե՛ այն, որ առանց Աստծո նախախնամ տեսչության ոչ մի արարած չի՛ կարող գոյություն ունենալ (Իմաստ., ԺԴ 3. ԺԷ 2 Մատթ., Զ 25-34. Ղուկ., ԺԲ 22-30), և թե՛ այն, որ մարդու՝ բնությանը տեր լինելու (Ծննդ. Ա 28. Թ 1-3, Սաղմ. Ը 7, Իմաստ. Թ 1-3, Սաղմ. ՃԺԳ 24) բնական կոչումն ու հաղորդակցությամբ Աստծո արարչական կամքի միջնորդ լինելն աշխարհում (Հաճ., Դ 190, 172) հիմնված է «ընտանիքի տիպարի» վրա: Ընտանի՛քն է, այն դարբնոցը, որը կոչված է կենսականացնելու Աստծուց պարգև տրված արարչագործելու շնորհն ու շարունակական իմաստով ապահովելու հոգևոր անվտանգություն (Ծննդ. Բ 21, Ե 3, Սաղմ. ԾԱ 7, Հովհ. ԺԶ 21, Եփես. Ե 33): Առավել հստակ՝ երբ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք», «ընտանիք»-ը նկատի՛ ուներ. «Ժառանգական մարմնավոր ու հոգևոր առանձնահատկությունք ազգերի, ընտանիքների ու ցեղերի մեջ պարզապես ցույց են տալիս, որ ծննդաբերությունը հիմնական պայմանն է այս խնդրում։ Սակայն, որովհետև մարդն Աստուծո պատկերն է և առանց աստվածային կամաց ու հաղորդակցության նա դառնում է սոսկ մարդու պատկեր» (Ծննդ. Ե 3), (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Ընտանիքը (հմմտ. Մատթ. Ե 48, Զ 7-8, Գործք ԺԷ 26, 29, Ա Պետ. Ե 7) սկզբնավորվում է Աստծո օրհնությունից. «Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: ….«Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց»: (Ծննդ. Ա 26-28, Ե 1-2 ). հետևապես նաև ու հատկապես Աստծո’ համար է (հմմտ. Հեսու ԻԴ 15-24, Եսայի Ա 19-20, Կողոս Ա 16), և առաքելություն ունի ապահովելու ինչպես հոգևոր-բարոյական կրթություն, հարևնման հանրային կյանքում եկեղեցու ունեցած գործառույթի, այնպես էլ դաստիարակություն առ սիրով պայմանավորված միությունն ու հոգատարությունը. (Մատթ. ԺԹ 8, հմմտ. Բ Տիմ. Ա 5): «Ըստ այսմ` ընտանիքը թե՛ սիրո արտաքին իրականացումն է և թե՛ իրականացուցիչը։ Իբրև սիրո իրականացուցիչ` ընտանիքը թե՛ սիրո կապերն է բազմացնում և ընդարձակում և թե՛ ինքը սիրո վարժարան է դառնում` բնականապես սովորեցնելով մարդկանց և գործնականապես վարժեցնելով սիրո զգացմանց համեմատ գործունեության մեջ։ Այդպիսի վարժությունը սկսվում է նախ` երկու ամուսինների, ապա` ծնողաց ու որդիների, հետո` եղբայրների ու քույրերի, այնուհետև ամուսինների և ազգականների, ընտանիքի և ազգականների մեջ և այլն, և այլն, այնքան ընդարձակությամբ, որքան նպաստում են հանգամանքների ու հարաբերությանց բարդությունները…»(Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Համաձայն Սուրբ Գրքի, ընտանիքի առաջին օրինակը, կամ նախօրինակը տեսնում ենք հենց դրախտում. «…Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն… Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը… Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ». այսու, Աստվածաշնչի հենց առաջին գրքից, բավական առարկայական կերպով երևան է գալիս ընտանիքի մի ողջ համապատկեր. հոր և մոր, տղամարդու և կնոջ, ինչպես նաև երեխաների մասին ծանուցումներով: Ըստ որում, նկատելի են կենսական ու աշխատանքային այնպիսի բնութագրական մանրամասներ, մասնավորաբար մշակելն ու պահպանելը, կնոջը միանալու համար՝ հորն ու մորը թողնելը, ամուսնուն ենթարկվելը, հառաչանքներն ու ցավերով երեխաներ ունենալը, ինչպիսիք անմերժելիորեն վերաբերում են մարդկությանն ու մասնավորապես ընտանիքին ցայսօր (տե՛ս, Ծննդ. Ա 28, Բ 15, 21, 24, Գ 16): Այն Աստծո օրհնությամբ, երկուսի՝ տղամարդու և կնոջ ազատ կամքով ստեղծված ինքնավար միությունն է, աստիճանակարգության, սերնդագործության և դաստիարակության վեմի վրա. «…Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց… երկուսը մէկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.ԺԹ 4 6, հմմտ. Մարկ. Ժ1-12): Այս տրամաբանությունը հիմնական իմաստով պահպանվում է թե՛ Հին Կտակարանի մյուս գրքերում (Գ Թագ. ԺԱ 2, 15, Երկր. Օր. Դ 4, Հեսու ԻԳ 18-22 , և թե՛ անուրանալի է ուղիղ փոխկապակցվածությունը Նոր Կտակարանի հետ ( Մատթ. ԻԵ 1, Մարկ. Բ 19): «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի… Ահա ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի՝ կմտնեմ նրա մոտ» (Մատթ. ԺԸ 3, ԺԹ 9, Հայտն. Գ.20 ):

 Խրիմյան Հայրիկը, ընտանիքը համեմատելով եկեղեցու հետ և բնորոշելով որպես խորան, համարելով կենսականության աղբյուր և կարևորելով բարոյական դաստիարակությունը, իրավացիորեն ընտանիքը նմանեցնում է թագավորության, որտեղ առաջնորդողը սերն է, իսկ ոգևորության աղբյուրը՝ ծնողների կենդանի օրինակը:
«Տուն եւ ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է. որոյ
նահապետական աթոռին վերայ կընստին ծնողք. հայր իբրեւ թագաւոր, եւ մայրն իբրեւ թագուհի. եւ կը կառավարեն հպատակ ընտանիքը։ Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ, ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւազան այլ ամենուն տեղ հայրական սէր եւ մայրական գորովն է.
դաստիարակ եւ խրատ` ծնողաց կենդանի օրինակն է։ Այսօրինակը այնչափ բարի ու տպաւորիչ է, որ գիտես թէ լուսարուեստին պէս թափանցիկ կերպով ծնողաց
պատկերը նոյնատիպ կը հանէ իւր զաւակաց վերայ եւ զաւակները այդ
սկզբնական տիպարն առնելով կը մտնենժողովուրդին եւ ընկերութեան մէջ։
Ժողովուրդը եւ ազգերը միայն հացով չեն ապրիր. թագաւորութեամբ եւ
ազատութեամբ չեն բարձրանար, այլառաւել բարոյական կեանքով. եւ այդ կենսական կեանք տուողը ընտանիքն է… Ժողովուրդը եթէ կը յառաջադիմէ` իւր առաջին քայլը ընտանեաց սրահէն կառնու. եթէ կը լուսաւորի, իւր լոյսը ընտանեկան
ճրագէն է. եթէ կը միանայ, իւր ոգին եւ կապն ընտանիքն է. եթէ կը զօրանայ իւր
ուժ եւբազուկն ընտանիքն է…եթէ դրախտի գետերը կը վազեն իւրհրապարակը`
աղբիւրը դրախտի ընտանիքն է … եթէ երկրէս յետոյ երկինք եւս ժառանգելկուզէ` պահելով իւր հայրենի կրօն, հաւատ եւ եկեղեցին, այո՛ այդ սուրբ
աւանդները անեղծ անկորուստ պահելու խորանն ընտանիքն է։ Զի այդ
գանձը եւ Աւետարանի անգիւտ մարգարիտը աշխարհիս
շահավաճառութեան հրապարակին մէջ, կառավարութեանց դահլիճներու
մէջ, գիտութեանց ճեմարանաց մէջ անկորուստ չեն պահուիր, այ միայն
դորա հաւատարիմ աւանդապահ ընտանիքն է…»
(Խրիմեան Մկրտիչ, «Դրախտի ընտանիք):

 «Հայոց հայրիկը», քաջ գիտակցելով քիրստոնեական կյանքի համամարդկային ու ազգային, հոգևոր-բարոյական առավելությունները, համադրելով երկինքն ու երկիրը եկեղեցու և «հայրենի կրոնի» հետ, վկայակոչում է Ս. Գրքի նահապետական տների փորձառությունն ու հատկորոշում Աստծուց տրված զանազան շնորհների և գիտության օգտակարությունը. միաժամանակ զատորոշելով ընտանիքի և մասնավորապես նահապետական կամ ավանդապահ ընտանիքի անկորնչելի վաստակը. «Նահապետական ընտանեաց մէջ շատ նշանաւոր էր ծնողաց յարգանք ու որդւոց պատկառանք. երանի՜ թէայս վսեմ առաքինութեան օրինակը եւ յիշատակը Յաբեթի տան անցեալ եւ ներկայ որդիներ անմոռաց պահէին միշտ ընկերական կեանքին մէջ, զոր չի մոռնար Մովսէս պատմել Սուրբ Գրոց կարգին հետը.
ցոյց տալով թէքանի՞պատկառանաց ու համեստութեան շնորհ կը փայլէր Նահապետաց
ընտանեկան կեանքին մէջ» (Խրիմեան Մկրտիչ, «Դրախտի ընտանիք):

 Խոսուն փաստերով ու փաստարկներով բնորոշվում և ուղեգծվում է մի կողմից՝ ընտանիքի եկեղեցական բնույթը, իսկ մյուս կողմից՝ տուն, ցեղ, գերդաստան լինելու բովանդակությունը: Ինչպես նաև միանգամայն ուշադրության է արժանի, ընտանիքի՝ որպես սրբազան ավանդության կրողի ու փոխանցողի գործառույթը, ինչը մեկ անգամ չէ, որ բավական ինքնահատուկ կերպով սահմանում է հայ ժողովրդի ու հատկապես Եկեղեցու նվիրյալ զավակ Արշակ Տեր-Միքելյանը. «Հայաստանյայց Ս. Եկեղեցին թե՛ օրհնությամբ և թե՛ օրինակով հաստատում է սիրո արտաքին իրականացումը կամ ընտանիքը, որ ներկայացնում է յուր մեջ մարդկային սիրո ամենասերտ կապակցությունը։ Սակայն ընտանիքը միմիայն յուր գոյությամբ չէ ծառայում սիրո նպատակին, այլև յուր գործունեությամբ։ Ինչպես որ Եկեղեցին ընտանիքով է պատկերացնում սիրո արտաքին իրականացումը, այնպես էլ ընտանիքի միջոցով է ընդարձակվում սիրո շրջանը» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Ընտանիքը, նախևառաջ անձնական, ապա ընկերային ու համամարդկային ա՛յն վայրն է, որտեղ երջանկանալու և երջանկացնելու գործառույթը կամ դիպուկ խոսքով՝ նախախնամական առաքելությունը, ամեն բանից առաջ խարսխված է սիո և վստահության, խոնարհության ու Արարչին փոխադարձ ծառայություն մատուցելու հիման վրա: Այս մասին է Առաքյալի այնքան նախանձախնդիր ու նվիրական անդրադարձը. «Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց… Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը: Պատուի՛ր քո հօրն ու մօրը,- որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով,- որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ: Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Հռոմ. Ա 18-23, Եփես. Զ 1- 4): Տեղին ենք համարում հիշատակել նաև Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանի հայտնի միտքը. «Աստված, ստեղծելով մարդուն, նրան նվիրել է բնական օրենքը»: Բնական օրենքը, ըստ էության, պայմանավորված է ազատ կամքով, բխում է ընտրության հնարավորությունից և ենթադրում է վերը նշվածը:

 Ս. Գրիգոր Աստվածաբանի վկայությամբ՝ Աստծո մասն է, որ մարդուն իսկապես մարդ է դարձնում, փոխանցելով՝ արարչագործելու շնորհը. «Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»: Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին… Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր» (Ծննդ. Դ 1, Ե 3-4):

 Ընտանիքը հավասարապես սիրո և հավատքի տաճար է, որտեղից մարդ ներգրավվում է հանրությանը, «առաջի՛ն եկեղեցին» և ա՛յն լուսառատ միջավայրը, որտեղ երաշխավորվում է թե՛ մարդկության ապագան ու հոգևոր անվտանգությունը, թե՛ դրա շարունակականությունը (Գործք. Բ 42, Գաղատ. Ե 22-23): Այլ խոսքով՝ ընտանիքն Աստծո «ռազմավարությունն է» կամ այն գործիքակազմը, որը հնարավորություն է ընձեռում ճանաչելու և պահպանելու Աստծո պատվիրանները. «որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի: Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց… ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի աւազանի մաքրութեամբ…» (Եփես. Ե 23- 29, տե՛ս նաև Ծննդ. Բ 20, 23-24): Եվ ուրեմն, ինչպես ավելի առաջ էլ նկատեցինք, առանց ընտանիքի մարդու կենսագործունեության «բնական օրենքը» խախտվում է, ինչի մասին է Պողոս առաքյալի հետևյալ մտածումը. «…Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում…» (Գաղ. 16-25):

 Ամուսնական միության՝ ընտանիքի, բազմաճյուղ ու նվիրական լինելու և հոգևոր- բազմաբովանդակ կարևոր անհրաժեշտության մասին է Արշակ Տեր-Միքելյանի հաջորդ անդրադարձը. «Այնպես որ, ամուսնության մեջ մարմնականը չպետք է նպատակ լինի, այլ` հոգևորը, սիրո իրականացումը, ինչպես որ առաքյալն է ասում. «Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին» (Ա Կոր., Է 29Վաս նորո և Ս. Պողոս առաքյալը, խոսելով ամուսինների ճշմարիտ սիրո վրա, շեշտում է ամուսնական կապակցության մեծ նշանակությունն` ասելով. «Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի» (Եփ., Ե 32), այսինքն նման է և փոքրիկ պատկեր է այն սերտ միության, որ կա երկնավոր փեսա Քրիստոսի և երկրավոր հարսն եկեղեցու մեջ։ Ըստ որում և այս մարմնավոր հարսանիքս է խորհուրդ հոգևոր հարսանյացն և «միավորութեան Հոգւոյս առ Աստուած, որպէս ասէ առաքեալն», գրում է Ս. Գրիգոր Տաթևացին։ Այդ է պատճառն, որ բարձր առաքինության ձգտող հոգևորականը նվիրվում է Քրիստոսին և կուսակրոն կյանքով կապվում Հայաստանյայց Ս. Եկեղեցու հետ, վասնզի, ինչպես ասացինք, ընտանիքը սիրո իրականացումն է, որով Աստուծո արքայության համար սպասավորվում է կա՛մ որդիք պարգևելով, կա՛մ սիրահորդոր գործունեությամբ և կա՛մ այդ կրկին արդյունքով» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Յուրաքանչյուր մեկը, անձնական մղումներից զատ, սուրբ պարտականություն ունի Աստծո, ինքն իրեն, ընտանիքի և այն հասարակության նկատմամբ, որտեղ կենսագործում է: Սա ևս տեղավորվում է ընտանիքի, Աստծո պատվիրանները ճանաչելու և պահպանելու համապատկերում. «Աստված սեր է, և մեր երանությունը իրագործվում է սիրով Աստուծո հետ միանալով, հետևաբար չկա սեր, չկա երանական միություն այնտեղ, որտեղ չկա Աստուծո օրհնությունը։ Իսկ միությունն, որ սիրո և ճշմարտության միություն չէ, չի կարող Աստուծո արքայության իրականացման տարր կազմել այս աշխարհում, չի կարող Հայաստանյայց Ս. Եկեղեցու հիմնական պատկերը դառնալ։ Ինչ անհատ խորթ է Աստուծուց կամ Քրիստոսի հետ միացած չէ ու Քրիստոսի մարմինը չէ, նա կտրված է Եկեղեցուց, նա կանգնած է առանձնակի իբրև եսապաշտ, որ դեռ կարոտ է Աստուծո ընդհանուր նախախնամության դաստիարակության»։ (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Ուստի ընտանիքի աստվածաշնչային չափորոշիչների անտեսումն ու մերժումն ուղիղ մարտահրավեր է Աստծուն, Եկեղեցուն ու մարդկությանը (Ծննդ. Բ 24, հմմտ. Երկր. Օր.Դ 4, Առակ. Ժդ 11): Ինչպես նաև չափազանց կարևոր է ճշմարտությունը սիրողի և Աստծո Արքայությունը փնտրողի (ըստ որում պակաս նշանակություն ունի ամուսնացած լինելը կամ չլինելը) համար ընտանիքի կարևոր դերակատարության գիտակցությունը . «Ըստ այսմ` ինչպես որ Քրիստոս վերջնականապես ճշտեց ու սրբագործեց այն բոլոր ճանապարհներն, որոնցով պետք է մտնենք Աստուծո արքայությունն, այնպես էլ հաստատուն, սուրբ և աստվածադիր հիմունքների և սկզբունքների վրա հաստատեց այն ուխտն, որտեղից պետք է Աստուծո արքայության համար երկյուղած ու ճշմարտասեր հավատացյալք, առաքինի և աշխատասեր անձինք, Աստուծո որդիներ ելնեն. և կամ թե, որ պետք է ներկայացնե Եկեղեցու տարր կազմող պատկերը` սիրո արտաքին իրականացումը» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

Հոդվածը պատրաստեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը