Ծննդոց 3-րդ գլխում մենք հանդիպում ենք մարդու մեղսագործության բոլորիս քաջածանոթ պատումին, որտեղ նկարագրվում է, թե ինչպես առաջին կինը՝ Եվան, խաբվեց օձից և մեղանչեց: Այս դրվագը եղել և մնում է Աստվածաշնչի դժվարըմբռնելի տեղիներից մեկը, որի վերաբերյալ դարեր շարունակ բազմաթիվ մեկնություններ են գրվել:
Պատումի խնդրահարույց գործող դեմքերից մեկն օձն է, որը գրեթե միշտ նույնացվում է սատանայի հետ և համարվում չարի մարմնավորում: Օձի կերպարի, վարքի, հարցադրումների և պատասխանների մեջ իրոք ինչ-որ սատանայական բան է նկատվում, սակայն, եթե այս դրվագն ընթերցենք ամբողջ արարչագործության համատեքստում, ապա կբախվենք մի դժվարին խնդրի: Այսպես՝ Ծննդոց գրքի առաջին գլխում նկարագրվում է, թե ինչպես է Աստված ստեղծում բոլոր կենդանիներին, թռչուններին, ձկներին ու զեռուներին և վերջում ասում. «Եվ Աստված տեսավ, որ ամեն բան բարի է» (Ծննդ. Ա 31): Այսպիսով՝ Աստված բոլոր կենդանիներին, այդ թվում նաև օձին բարի և լավ է կոչում: Այդ դեպքում ինչպե՞ս է այդ բարի կենդանին երկու գլուխ անց ներկայանում որպես չարի մարմնավորում, որը դրդում է մարդուն Աստծու դեմ դուրս գալ և մեղանչել: Ծննդոց գրքի այս նկարագրությունը մարդու մոտ առաջին իսկ հայացքից հակակրանք է առաջացնում օձի հանդեպ, և ընթերցողը կամա թե ակամա կասկածի տակ է դնում Աստծո արարչագործության ամբողջական բարի լինելը: Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչո՛ւ Ծննդոց գրքի հեղինակը հենց օձին է ընտրել չարի կերպարը մարմնավորելու համար:
Ամբողջ խնդիրը մերձավորարևելյան կրոնական պատկերացումների մեջ է, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Աստվածաշնչի ձևավորման վրա: Մերձավորարևելյան գրեթե բոլոր կրոններում օձը հանդիսանում է գլխավոր աստվածությունների հակառակորդ: Առասպելական տեսարանների պատկերագրության մեջ նույնպես հակառակորդ ուժերից չարը մշտապես ներկայացվում էր օձի կերպարանքով (օրինակ՝ Զևսը և Տիֆոնը, Ապոլոնը և Պիթոնը, Օսիրիսը և Սեթը, արծվի և օձի մենամարտի տեսարանները): Այս շարքը կարող են շարունակել պարսկական, եգիպտական, ացտեկների, մայաների ավանդությունները, որոնցում օձը ներակայացվում է որպես չարի խորհրդանիշ:
Ընդհանրացնելով տեսնում ենք, որ գրեթե ամենուր օձը դիտարկվել է որպես չարի մարմնավորում, որը պայքարում է բարի աստվածության դեմ: Ըստ Աստվածաշնչի հնագիտության հիմնադիր 20-րդ դարի ամերիկացի գիտնական Ուիլյամ Օլբրայթի՝ օձն իր այդ համբավն ստացել է մարդուն առօրյայում ամենից շատ վնաս ու մահ պատճառելու համար: Օլբրայթի հաշվումներով տարեկան մոտ 40 000 – 50 000 մարդ մահանում է օձի խայթոցից, և դա է պատճառը, որ այդ կենդանին գրեթե բոլոր կրոններում խորհրդանշում է մահվան իշխանությունը կամ անդրաշխարհի թագավորությունը:
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 7-րդ համարից
Պատրաստեց Տիգրան Այունց Հակոբյանը