ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ

Arshak eps Xachatryan 356 640x660 - ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ

 ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ

5 հունվար, 2019 թ.

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ ավետիս

Քրիստոս սիրեաց զմեզ,
եւ մատնեաց զանձն իւր վասն մեր պատարագ
եւ զենումն Աստուծոյ ի հօտ անուշից»:

«Քրիստոս սիրեց մեզ
և ինքն իրեն մատնեց մեզ համար որպես պատարագ
և որպես անուշահոտ զոհ Աստծուն»: (Եփես. Ե 2)

Սիրելի քույրեր և եղբայրներ,

 Շուրջ երկու հազարամյակ քրիստոնյա աշխարհը տոնախմբում է Քրիստոսի Ծնունդը, ունկնդրում հրեշտակների օրհնաբանությունը. ՙՓառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն՚: Հոգու հայացքով ճեղքում ենք դարերի պատնեշը, հովիվների հետ վկաները դառնում Հիսուս Մանկան Ծնունդին, արևելյան մոգերի հետ ընծաներ մատուցում Նրան: Զգում ենք, կարծեք, կույս Մարիամի երկունքի ցավերը, վերապրում Հովսեփի հայրական սրտի տագնապները, այնպես, ինչպես զավակի ծննդյան սպասող ամեն մի ծնող:

 Ծնունդ է սա, իսկական մի ուրախություն: «Երկինքը ցնծում էր և երկիրն ուրախանում»,- ինչպես կասեր շարականագիրը:

 Մարդկային հայացքը ոչինչ, բացի ուրախությունը, չի կարող տեսնել Ծնունդի մեջ: Ծնունդը մարդկային կյանքի շարունակությունն է, նրա կատարելագործման ու զարգացման հնարավորությունը: Այսպես է կյանքի բնական ու օրինաչափ ընթացքը: Այսպիսին է բնական մարդկային արձագանքը նաև Քրիստոսի Ծննդյան:

 Բայց արդյո՞ք մարդկանց միայն երկրավոր ուրախություն պարգևելու համար եկավ Քրիստոս, Ծննդյան սովորական մի ուրախություն:

 Քրիստոսի Ծնունդը պատկերավորությամբ ասված, Աստվածային ծանր ու հոգեմաշ մի որոշման արդյունք էր: Ծնվելու էր ոչ թե ընդամենը մի մարդ, որ անհայտությունից բացվում է, այլ Ինքը Աստված` նույն Ինքը, Ով ստեղծել է մարդկանց, Ով Տերն է Ծնունդի ու մահվան և Նա կամավորաբար մուտք է գործում մի հովիտ, ուր պիտի հաղթահարվի տառապանքն ու տագնապը, ուր մահն է տիրակալ և ուր մարդկային մեղքերի հեղձուցիչ մթնոլորտում անհետացել է երջանկությունը, ալեկոծվել խաղաղությունը և արժեզրկվել համերաշխությունը:

 Քրիստոսի Ծնունդը… Ահա: Այն, ինչ ընծա է մարդկանց աչքերով, զոհաբերություն է Աստծու աչքերում: «Քրիստոս սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար, որպես պատարագ և անուշահոտ զոհ»,-ինչպես ասում է առաքյալը: Շատեր մտածում են, որ Հիսուսի զոհաբերությունը սկսվում է Իր մատնությունից, շարունակվում չարչարանքներով և վախճանին հասնում Գողգոթայի վրա` խաչելությամբ ու մահվամբ: Բայց միթե զոհաբերություն չէ Անսահմանափակի ինքնասահմանափակումը մարդկային մարմնի մեջ, միթե զոհաբերություն չէ ինքնաազատազրկումը Նրա, Ով Ազատության իրական Կրողն ու Պարգևողն է:

 Իսկ ինչո՞ւ հանձն առավ Քրիստոս այս զոհաբերումը: Արդյոք Քրիստոս մարդկանց Իր Ամենազորությամբ տպավորելու ցանկությա՞մբ էր տարված, թե՞ կարիք ուներ փորձելու մարդկային զգայական կյանքի վայելքները:

 Ինչու. այս է ամբողջ հարցը:

 Քրիստոսի ծննդյան առերևույթ ուրախությունը հաճախ խանգարում է պատասխանել այս հարցին: Ուրախանում ենք այնքան, մինչև, կարծեք, մոռանում ենք ուրախության բուն պատճառը: Մինչդեռ ամենից մեծ ուրախությունն այն է, որ Նա ծնվեց մեզ փրկելու համար: Սա հերթական ծնունդ չէ, այո, Նա ծնվեց մեզ փրկելու համար:

 Բայց ի՞նչ է փրկությունը` կհարցնեն ոմանք Պիղատոսի ամենագիտության համարումով: Ինչի՞ց պետք էր փրկել մարդուն: Մարդուն պետք էր փրկել նույն ինքը մարդուց` այն մարդուց, ով ուտում է իրեն չպատկանող ծառի պտղից, ով ամբարտավանում ու հպարտանում է իր ունեցած ու չունեցած արժանիքներով, ով նախանձում է դիմացինի ոչ միայն առավելություններին, այլև անգամ հիվանդությանն ու չքավորությանը: Պետք էր փրկել այն մարդուց, ով Աստծուց բարիքն առնելով` ծառայեցնում է սատանային: Պատկերացրեք մի ամբողջ աշխարհ մեղքի ու անհնազանդության պատճառով բանտարկված տառապանքի խուցերում և Քրիստոսի փրկագործությամբ ազատված դժոխքից: Պատկերացրեք մարդուն, որ անհայտությունից մարմին առնելով, ամեն անգամ տագնապով է նայում կյանքին, որ ամեն օրվա հետ քայլ առ քայլ մոտեցնում է նրան իր վախճանին: Եվ հանկարծ Քրիստոս լուր է բերում մեզ, որ մենք Անհայտությունից դեպի Անհայտություն չենք գնալու: Նա Իր Ծնունդով խաղաղություն է պարգևում մեզ` կյանքի իմաստի ու նպատակի մասին Իր ուղերձով:

 Նա բացում է մահվան սոսկալի ու սև վարագույրները, պարզում է մահվանից անդին ձգվող չսպառվող կյանքի պարգևը:

 Այս է Քրիստոսի Ծնունդի, Նրա իրական զոհաբերության արժեքը: Այս է անսպառ ու անտխրական ուրախության, խնդության աղբյուրը: Էմմանուել է Նրա անունը, որ նշանակում է Աստված մեզ հետ է:

 Աստված մեզ հետ է- ինչ կա ավելի հուսադրող, քան այս հավատքը:

 Սիրելի քույրեր և եղբայրներ,

 Այո, Աստված մեզ հետ է:

Ս ուրբ Ծնունդի այս տոնակատարությունը ևս մեկ առիթ է, որ մենք` մարդիկս, ևս լինենք Աստծու հետ: Աստված բացահայտեց մեզ հետ լինելու Իր կամքը` Իր զոհաբերությամբ` Իր կամավոր ազատազրկումով, Իր խոնարհումով, Իր Խաչի տառապալից ճանապարհով:

 Ոչ, Նա մեզնից զոհեր չի պահանջում Իր համար: Նա ասում է. ողորմություն եմ կամենում, ոչ թե զոհ: Նա ասում է. չեմ ուզում առնել ձեր ողջակեզների հոտը, ուզում եմ տեսնել ձեր զղջման արցունքը, ձեր մաքրված հոգին, կարիքավորների համար ցավացող ձեր սիրտը, հալածվածներին աջակցող ձեր ոգին, սրբությունների հանդեպ ձեր նախանձախնդրությունը:

 Ուրեմն, Սուրբ Ծննդյան տոնի մեր խորհրդածության առանցքը դարձնենք Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, Նրա կամավոր աննման հանձնառությունը:

 Ուրախանանք, հոգով ուրախանանք, որ մենք այնչափ թանկ ու կարևոր ենք Աստծու համար, որ Նա եկավ դարձավ մեզ նման:

 Ուրախ լինենք, որ ճանապարհ ունենք գտնելու Կյանքի իմաստն ու նպատակը։

 Եվ ուրախ լինենք, որ գտել ենք երջանկության գաղտնիքը:

 Սուրբ Ծննդով բացվող այս Նոր Տարին դիմավորենք հաշտության հոգով, հրաժարվենք թշնամանքից ու հակառակությունից: Քրիստոսի Սուրբ Ծնունդով բացվող հոգիներում տեղ չի մնում մրցակցությանը ու նախանձին: Կյանքն ապրենք որպես պարգև ու զոհ` ընծայված Աստծուն: Վերադարձնենք Աստծուն այն, ինչ պատկանում է Իրեն և աղոթենք. «Ով Աստված, զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք. Ամէն»:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ ավետիս