Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)

24 3 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)

Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ուրախությամբ հաստատեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են սերտանալ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նմանօրինակ բարձր մակարդակի այցելություններն  իրենց նպաստն են բերում երկու պետությունների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորեց նաև հայ-մոլդովական միջխորհրդարական բարեկամության խմբի առաքելությունը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ դեռևս 6 դար առաջ Մոլդովայում հաստատված հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ իրենց կարևոր ներդրումը բերելով երկրի զարգացման գործում: Անդրադառնալով հայ համայնքի ներկայիս կյանքին և Մոլդովա կատարած իր հովվապետական այցի տպավորություններին՝ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Մոլդովայի իշխանություններին համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար՝ կարևորելով նաև հայ համայնքի դերը երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում: Վեհափառը ձևավորված հայ-մոլդովական բարեկամության իբրև վկայություն նկատեց պատվիրակության կազմում Մոլդովայի հայ համայնքի նախագահ և Խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանի ընդգրկումը։

Իր հերթին Մոլդովայի Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին ջերմորեն արտահայտվեց երկու ժողովուրդների բարեկամության և բազմադարյա առնչակցությունների մասին։ Խորհրդարանի նախագահը կարևորեց երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատքի դերակատարությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել նաև երկու պետությունների փոխգործակցության խորացմանը: Տիկին Զինաիդա Գրեչանին Նորին Սրբությանը ներկայացրեց երկրում հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքի զարգացմանն ի նպաստ Մոլդովայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս հաստատեց, որ երկու ժողովուրդների կողմից դավանվող միևնույն արժեհամակարգը կարևոր հիմք է Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման։

Վերջում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր օրհնության ներքո պահի Մոլդովայի բարեսեր ժողովրդին՝ պարգևելով առաջընթաց և բարօր կյանք:

24 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)24 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)24 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)24 4 Zinaida Greceanîi - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)24 5 Lena Nazaryan - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)24 6 Hayk Vardanyan - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)