Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)

4 7 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)

 Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:

 Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:

 Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարեց առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատեց մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:

 Տոնական այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգևել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի պայծառությանը:

 «Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության:

 Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաև բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաև հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների և ձեր հանդեպ հարգանքի ու վստահության», — նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

 Այս կապակցությամբ Նորին Սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքը փոխանցեց հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր Եկեղեցիների առաջնորդներին և հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում:

 Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո և միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ Հայրապետը հորդորեց հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգևոր և ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով և նվիրական մեր հայրենիքով:

 Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը  բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր և Տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արևշատ կյանք և ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատություն եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր և Տիկին Խանջյաններին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

 Հիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց հոգևոր դասին, որոնք անխոնջ խնամում և հսկում են մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ինչպես նաև եկեղեցական վարչականներին և Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:

4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)4 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց  նորակառույց առաջնորդարանի բացումը (նկարներ)