Նախնի եկեղեցու մէջ արդէն այն հարցը պիտի յառաջ գար, թէ ի՞նչ խոստովանութեան և ինչպիսի հայեացքների հիման վրայ պէտք էր թոյլ տալ մէկին մկրտուելու, կամ ի՞նչը պէտք լինէր աստուածպաշտութեան ժամանակ լինելիք ընթերցումների չափը: Շուտով պիտի սկսուէր թէ հանգանակ կազմուել (որի ամենապարզ ձևն ունինք Մատթ. ԻԸ. 19), և թէ ընթերցանելի գրքերի ժողովածու յառաջ գալ:
Սակայն ամեն ինչ անորոշ էր մնացել մինչև Գնոստիկեան շարժումը: Սոցա հետ ունեցած մրցումը ստիպեց քրիստոնէական եկեղեցուն որոշ կերպով ձևակերպել իւր հաւատոյ խոստովանութիւնը. և որովհետև բնականաբար այն համայնքների խոստովանութեանն և ձայնին պիտի նայէին բոլոր քրիստոնեաները, որոնք առաքելահաստատ էին և հին, այդ պատճառով էլ վերջիններս մկրտութեան ժամանակ պահանջած խոստովանութիւնը և նրանց սիրած ընթերցանելի գրքերի ժողովածուն պիտի համարուէր առաքեալների ժամանակից մնացած: Ինչ որ կաթոլիկական էր, այն էր առաքելականը (Իրեն. I. 10) և եպիսկոպոսները նորա պաշտպանն էին: Ինչպէս որ Իգնատիոսը մի եպիսկոպոսական պաշտօնի իդէալն է փառաբանում, այնպէս էլ Իրենիոսը ողջունում է եկեղեցական աւանդութեան միութիւնը մի նոր հաւատոյ ոգևորութեամբ. «Ինչպէս արեգակ լուսաւորում է նա ամեն մարդու, որ ուզում է ճշմարտութիւնը ճանաչել. միևնոյն զօրութիւնն ունի մինչև աշխարհի սահմանները, որովհետև եկեղեցին մի տուն է, ունի մի սիրտ, մի հոգի և խօսում է մի բերանով. ո՛չ ամենաստորին քարոզիչը կարող է պակասեցնել այն, ո՛չ ամենաբարձրը կատարելութեան հասցնել, որովհետև ո՛չ ոք վարդապետից մեծ չէ» (Իրեն. I. 10):
Հռովմի համայնքը այստեղ մեծ դեր է կատարել. հռովմէական և կաթոլիկական արդէն սկզբից և եթ սերտ յարաբերութեան մէջ էին և համարեա հոմանիշ մտքեր էին արտայայտում: Հռովմի մկրտութեան խոստովանութիւնը (յայտնի 2 դարու կիսից առաջ), որը Վալենտինի և Մարկիոնի հետ ունեցած մաքառումների շնորհիւ այնտեղի համար հաւատոյ հանգանակի նշանակութիւն էր ստացել, դառնում է նաև Արևմուտքի այլ նահանգների համար ճշմարտութեան կամ հաւատոյ սահման (kanwn thzalhqeiaz): Ամենից յարմարն էր այնտեղից, ուր երկու Մեծ առաքեալների գերեզմաններն էին և որտեղից կայսեր հրամաններն էին դուրս գալիս, ընդունել առաքելական վարդապետութիւնը. և մենք տեսնում ենք, որ մօտաւորապէս 200-ին Արևմուտքը չնչին փոփոխութիւններով ընդունել էր Հռովմի մկրտութեան խոստովանութիւն իբրև հաւատոյ հանգանակ: Այդ հանգանակի ընդհանուր բովանդակութիւնն է` հաւատ առ մի Աստուած, արարիչ ամեն բանի, առ Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ, առ նորա գերբնական ծնունդը, չարչարանքը, յարութիւնը, համբարձումը և վերստին գալուստը բոլոր մարմինները յարուցանելու և դատելու համար, և վերջապէս հաւատ առ Սուրբ Հոգին: Այսպիսով Իրենիոսն ասել կարող էր հաւատոյ հանգանակի մասին, թէ այն է ճշմարտութեան անփոփոխ կանոնը, որ քրիստոնեան ընդունում է մկրտութեան ժամանակ (I, 9. 10. III, 2): Արևելքում դրութիւնը մի քիչ աւելի անորոշ էր, թէև այնտեղ էլ առաքելական ճանաչուած աւանդութեան ուղն ու ծուծը սկզբից և եթ յայտնի էր, և միանգամայն նման էր Հռովմի հաւատոյ հանգանակին:
Նոյն եկեղեցական աւանդութեան միութեան համոզումն է, որ ստիպում է քրիստոնէական եկեղեցուն Նոր Կտակարանի կանոնը կազմել: Քրիստոնէական եկեղեցին երբէք առանց կանոնի չէ եղել, որովհետև նա սկզբից և եթ ընդունեց հրէից կանոնը` Հին Կտակարանը, իբրև սուրբ գիրք: Բնական էր սակայն, որ այն ժամանակուանից սկսած, երբ դադարեց Տիրոջ Բ. անմիջական գալստեանն սպասելու ոգևորութիւնը, պահանջ յառաջ գար կլասիկ անցեալի գրական երկերի վրայ ուրիշ աչքով նայելու և նրանց իբրև «կատարման» գրուածքներ դնելու «խոստման» գրուածքների կողքին: Այդպիսով որոշ գրուածքներ յառաջ են քաշւում իբրև սիրելի ընթերցանութեան գրքեր արդէն գնոստիկեան շարժումից էլ առաջ. օրինակ` մեր այժմեան աւետարանները, Պօղոսի թղթերն ու Յովհաննու Յայտնութիւնը, որ Հին Կտակարանի մարգարէութեան յաւելումն էր նկատւում: Այսպէս կարելի է ուրեմն ասել, որ առանց գնոստիկականութեան ու մոնտանականութեան էլ Նոր Կտակարանի կանոնն յառաջ կգար, միայն պէտք չէ ուրանալ, որ ներքին ճգնաժամը արագացրեց այդ գործը և մեծ ազդեցութիւն թողեց նրա վրայ: Միւս կողմից աննշան չէր նաև հեթանոսների և հրէաների հետ ունեցած արտաքին մաքառումների ազդեցութիւնը: Յուստինոսը, որ հեթանոսների, գնոստիկեանների և հրէաների դէմ գրել է, չունի Հին Կտակարանի կողքին նաև մի Նոր կտակարանի Ս. Գրքերի ժողովածու, բայց նա շեշտում է աւետարանների գոյութիւնն իբրև անպայման վստահելի աղբիւրների, և նրանցից վկայութիւն է բերում: Ուրեմն Հին Կտակարանին ամենից առաջ կցուել են աւետարաններն իբրև մի ամբողջութիւն, Փոքր Ասիայի և Հռովմի եկեղեցիներում («Գրեալ է յաւետարանի». Յուստինոս): Քրիստոսից յետոյ բնականաբար առաքեալները պիտի գային և Գ. աւետարանի հեղինակն արդէն Գործք Առաքելոց է գրում, այդպիսով Նոր Կտակարանի կանոնի մէջ մտնելու ճանապարհ հարթելով նաև առաքեալների թղթերի համար:
Այս խնդրում ևս առանձին նշանակութիւն ունեցաւ Գնոստիկեանների հետ ունեցած մաքառումը: Գնոստիկեանները շեշտում էին, որ իրենք գաղտնի բանաւոր աւանդութիւններ ունին. դրա դէմ քրիստոնեաները հիմնւում էին ընդհանուր առաքելական մկրտութեան խոստովանութեան և առաքելական գրուածքների վրայ: Գնոստիկեանները նոր գրուածքներ էին ստեղծում հին նիւթից, աւետարաններ էին կազմում, եղածը եղծելով և այլն. դրա դէմ քրիստոնէական եկեղեցին իւր գործածած գրուածքների հաւատարմութիւնն էր պնդում, աւետարանների թիւը լրացնում, և այդպիսով պատնէշ կառուցանում արտաքին նորամուծութիւնների դէմ: Ամենամեծ ազդեցութիւնն ունեցաւ այն հանգամանքը, որ Մարկիոնը հիմնուեց միայն Պօղոս առաքեալի հեղինակութեան վրայ, մերժելով 12 առաքեալներին. նա մաքրեց և իւր պիտոյքներին յարմարեցրեց Պօղոս առաքեալի գրուածքները, դարձնելով այն իւր համայնքի համար կանոն, այդպիսով եկեղեցու դէմ դնելով մի Նոր Կտակարանի կանոն, որ բաղկացած էր աւետարանից և առաքելական թղթերից: Այս Պօղոսեան ժողովածուի (Corpus Paulinum) դէմ կռիւ մղել կարելի էր միայն բոլոր առաքեալների գրուածքների ժողովածուով (Corpus catholicum omnium apostolorum): Այդ նախնական եկեղեցական ժողովածուի մէջ էին մտնում 4 աւետարանները, Գործք Առաքելոց և Կաթուղիկեայց թղթերը` Պօղոս առաքեալի թղթերի կողքին: Իսկ որովհետև Մարկիոնը ամբողջ քրիստոնէական եկեղեցին էր կամենում բարեփոխել և իւր կանոնն էլ ամբողջ քրիստոնէութեան համար էր կազմել, այդ պատճառով էլ քրիստոնէական եկեղեցին իւր կանոնը հրատարակեց ամբողջ ընդհանրական կամ կաթուղիկէ եկեղեցու համար պարտադիր. և դարձեալ եպիսկոպոսներն էին այս շարժման գլխաւոր գործոնները:
Զարմանալի կլինէր, եթէ Հռովմն այստեղ ևս մեծ դեր կատարած չլինէր. և իսկապէս Նոր Կտակարանի գրքերի ամենահին ցուցակը մեզ դէպի Հռովմ է տանում. այդ ցուցակը այսպէս կոչուած Մուրատորիի կանոնն է, որ կազմուել է մօտ 180-ին: Իրենիոսն էլ ազդուած է Հռովմի աւանդութիւնից և մենք տեսնում ենք, որ նա 4 աւետարաններից, Գործք առաքելոցից, Պօղոսի թղթերից, Ա. Պետրոսի թղթից, Ա. և Բ. Յովհաննու թղթից ու Յայտնութիւնից օգտւում է գոնստիկեանների դէմ կռուելու համար, ուրեմն ամբողջ Նոր Կտակարանը միասին ունի: Սակայն չպէտք է մոռանալ, որ ամեն ինչ դեռ ևս անկայուն դրութեան մէջ է, որ այս ժամանակ է հանդէս գալիս ու ընդունելութիւն գտնում Տատիանոսի Դիատեսսարոնը, և որ Մոնտանականութիւնը յանդգնում է դէմ ելնել այս ամբողջ շարժմանը, կամենալով հին աւանդութիւնը պսակել նոր մարգարէութեամբ: Իւր բռնած այդ դիրքով Մոնտանականութիւնը միայն հակումն առաջ բերաւ կլասիկ ժամանակի Կոդեքսը շուտով փակել:
Միևնոյն ժամանակ յառաջ է գալիս սուրբ հեղինակների ներշնչման գաղափարը. նոքա միայն Ս. Հոգու օրգաններն են եղել գրքերը գրելու ժամանակ: Արդէն Իրենիոսը ներշնչման վարդապետութիւնը Հին Կտակարանից Նոր Կտակարանին է փոխանցում և համարում է մինչև անգամ բառերը ներշնչուած: Այդ ժամանակուանից սկսած հոգին փակուած է մի անօթի մէջ. բայց այդ անօթը պահպանեց եկեղեցու համար կլասիկական հիմնադրութեան ամենաազնիւ կրօնական գաղափարներն ու պատմական աղբիւրները: Սուրբ Գիրքն ու բանաւոր աւանդութիւնը այժմ դառնում են միջոց առաքելական քարոզութիւնն ըմբռնելու համար: Այսպիսով առաջին անգամ որոշուած էր քրիստոնէական շրջանը. ով որ ընդունում էր այն, ունէր ուղիղ հաւատը. կաթոլիկականն էր ուրեմն ուղղփառը, իսկ հերձուածը իբրև անհատական ընտրուած կարծիք մոլար հաւատ էր, ուրեմն հերետիկոսութիւն: Այդ հաւատոյ գանձը պահպանւում էր ընդհանրական եկեղեցու միանման առաքելական-կաթոլիկական եպիսկոպոսութեան միջոցով: Այդ տեսանելի, էմպիրիկական եկեղեցու մէջ էր Աստուծոյ Հոգին: Ubi ecclesia, ibi et spiritus Dei. Ով դուրս է եկեղեցուց, այնպիսին մասն չունի նրանից (Իրեն. III 24):
Այսպիսով յառաջ եկաւ մի, սուրբ, առաքելական, ընդհանրական եկեղեցին իբրև Աստուծոյ պետութիւն երկրիս վրայ, իւր հիմունքներով պատրաստ Բ. դարու վերջին: «Ընդհանրական եկեղեցի» զգեստի մէջ այնուհետև զարգանում է քրիստոնէութիւնը` տիեզերական կրօն դառնալու տիեզերական պետութեան մէջ:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ