Քարոզ Սուրբ Հոգու Գալստյան մասին

Այդ օրը Իսրայելը ստացավ օրենքը աստվածագիր տախտակներով. եւ նույն օրն էլ Սուրբ Հոգին գրեց նոր օրենքը առաքյալների սրտերում, ինչպես ասված էր մարգարեի միջոցով. «Այսուհետեւ Իմ օրենքը կդնեմ նրանց ներսում եւ կգրեմ նրանց սրտերում՝ քարեղեն տախտակների փոխարեն»: (Երեմ. 31; 33, Բ Կորնթ. 3; 3:)
Քանզի առաքյալների սըրտերը Աստծով սրբագործվեցին ու նորոգվեցին, եւ սա՝ երեք պատճառով: Նախ՝ որպեսզի ցույց տրվի, որ նույն Աստվածն է, Ով տվեց հին եւ նոր պատվիրանները:
Ուստի ինչպես որ այնտեղ Սինա լեռան վրա Նա հայտնվեց հրով, որոտմամբ ու փայլատակումներով, այնպես էլ այստեղ, Սիոն լեռան վրա՝ վերնատանը, Սուրբ Հոգին հայտնվեց որոտով, փայլատակմամբ ու հողմով եւ լցրեց ողջ տունը, ուր նստած էին առաքյալները, եւ հրեղեն լեզուների բաժանված նստեց նրանց վրա (Գործ. 2; 2-3):
Երկրորդ՝ ինչպես որ այնտեղ ծածկապես Իրեն հայտնեց մարգարեներին, այնպես էլ այստեղ առաքյալներին բացահայտեց Երրորդությունը:
Երրորդ՝ քանի որ մարդիկ չէին կարող արդարանալ հին օրենքով, քանզի նրանց սրտերը հիվանդ էին, Նա մեր սրտերին տվեց նոր օրենքը, որը կարող է արդարացնել ժողովուրդներին ու հեթանոսներին՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն:
Ինչու՞ Սուրբ Հոգին առաքյալների վրա իջավ երրորդ ժամին:
Նախ՝ որովհետեւ Ադամից ու Եվայից այդ ժամին վերցվեց Հոգու շնորհը՝ կենդանության շունչը, որ Աստված փչել էր Ադամի երեսին (Ծննդ. 2; 7). քանզի նա, պատվիրանը խախտելով, զրկվեց շնորհից, ինչպես ասում են վարդապետները. «Երրորդ ժամին օձը հյուծեց ու խաբեց նախամայր Եվայի միտքը»: Ուստի նույն ժամին էլ առաքյալներին պիտի տրվեր նույն Հոգին, որ վերցվեց նախաստեղծից:
Երկրորդ՝ Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին (Մարկ. 15.25): Եվ քանի որ Սուրբ Հոգին խաչի պարգեւն է (ինչպես ս. Հովհաննես ավետարանիչն է ասում՝ խաչն իբրեւ Հիսուսի փառք համարելով. «Տակավին չկար Հոգին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7; 39), երբ որ կանգնեցվեց խաչը, եւ Քրիստոս փառավորվեց, այդ ժամին էլ պիտի տրվեր խաչի պարգեւը՝ Սուրբ Հոգին: Այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքը՝ հիշելով Սուրբ Հոգուն, քանզի Նա խաչով պարգեւվեց եւ այժմ էլ խաչով է իջնում մեզ վրա:
Երրորդ՝ առաքյալների վրա Սուրբ Հոգու իջնելը երրորդ ժամին՝ խորհրդանշում է այն, որ Սուրբ Հոգին մեզ տրվում է երեք պահերի: Նախ՝ երբ ի սրտե զղջում ենք մեղքերի համար, Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա: Երկրորդ՝ երբ խոստովանում ենք մեր մեղքերը, Նա իջնում եւ քավում է դրանք: Եվ երրորդ՝ երբ ապաշխարության գործեր ենք կատարում, Սուրբ Հոգին զորացնում է մեզ ու մեր գործերը հաճելի դարձնում Հայր Աստծուն՝ աղոթքի ընթացքում մեզ համար բարեխոս լինելով անմռունչ հեծությամբ (Հռոմ. 8; 26): Այսպես եւ բոլոր մյուս գործերում Սուրբ Հոգին զորացնում է եւ օգնում, քանզի Աստված է, որ հաջողում է մեր մեջ ամեն ինչ՝ կամենալն ու կատարելը, ըստ Իր հաճության (Փլիպ. 2;13):
Չորրորդ՝ այս ժամը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Ինչպես որ արարչագործության սկզբում արեգակի ստեղծվելուց 3 օր առաջ լույսի գոյանալը (Ծննդ. 1; 3; 14-19) խորհրդանշում էր պարզ եւ իմանալի Սուրբ Երրորդությունը, այնպես էլ Սուրբ Հոգու իջնելը երրորդ ժամին խորհրդանշում է Սուրբ Երրորդության 3 անձերը՝ Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն: Սկզբում Հայրը բացահայտվեց մարգարեներին, որոնք ճանաչեցին Նրան, իսկ Որդուն՝ նվազաբար. եւ երբ Որդին մարմնացավ, Նրան ճանաչեցին հայտնապես, իսկ Սուրբ Հոգուն՝ նվազաբար. իսկ երբ Քրիստոս համբարձվեց, եւ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, այնժամ հայտնապես ճանաչվեցին Սուրբ Երրորդության անձերը: Ուստի Տերը հրամայեց. «Գնացեք մկրտեցեք նրանց Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28;19): Եվ մենք, երբ փառք ենք տալիս Աստծուն, ասում ենք. «Փառք Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն»:
Ահա այս է խորհրդանշում երրորդ ժամը, երբ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա:

Գրաբարից փոխադրեց
Տիգրան Խաչատրյանը

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ