Տ. Նարեկ աբեղա Ավագյանի քարոզը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին

«Խաչ Քո եղիցի մեզ ապաւեն, Տէ՛ր Յիսուս…»,
«Տե՛ր Յիսուս, Քո Խաչ թող մեզ ապավեն լինի…»,
(Ժամագիրք, Առավոտյան ժամ):

 Սիրելիներ, այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է փրկչական Խաչին նվիրված չորս տոներից վերջինը` Վարագա Ս. Խաչի տոնը։

 Ս. Խաչին նվիրված չորս տոներից երեքը նշում են քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Ս. Խաչի տոնը հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Այն հաստատվել է 653 թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները, Աստծո ողորմությամբ Վարագա լեռան վրա գտան Քրիստոսի խաչափայտի
մասունքը:

Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասնում է սուրբ կույս Հռիփսիմեին: Սուրբ կույսն իր պարանոցից մշտապես կախած էր պահում այդ սուրբ մասունքը, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը:

Այդ ժամանակներում էր, երբ Դիոկղետիանոս կայսրը կամեցավ իրեն կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա հրաժարվելով՝ յոթանասուն կույսերի հետ միասին, իրենց քահանաներով հանդերձ, փախչում է Եգիպտոս, ապա՝ այնտեղից Երուսաղեմ և ի վերջո հասնում Հայաստան: Վասպուրական աշխարհում` Վանի հարավ-արևելյան կողմում, Վարագա լեռան լանջերին, նրանք գտնում են իրենց առաջին ապաստանը:

Լեռան գագաթին ամփոփում են սուրբ Նշանը, որպես մեծ պարգև՝ թողնելով Հայաստան աշխարհին: Եվ դա իրենց կամքով չարեցին, այլ՝ Աստծո նախախնամությամբ: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, երեք քահանաներով և քառասուն կույսերով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ, որտեղ և նահատակվեցին:

Հայոց աշխարհում գիտեին, որ Վարագա լեռան վրա է պահված սուրբ Նշանը, բայց մինչև իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկ Ռշտունու և Ներսես Շինող կաթողիկոսի հայրապետության ժամանակները չէին կարողանում գտնել այն: 653 թ. Թոդիկ անունով մի կրոնավոր, իր սրբասեր աշակերտի՝ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագա լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել էին սուրբ կույսերը: Նրանց իղձն էր գտնել սուրբ մասունքը: Երկար ճգնությունից հետո ավելի է բորբոքվում նրանց սիրտը Քրիստոսի սիրով և սուրբ Նշանի փափագով: Եվ ճգնավորներն էլ ավելի են խստացնում իրենց ճգնությունը և տասներկու օր շարունակվող ծոմապահությամբ հայցում Տիրոջից՝ տեսնել իրենց փափագածը: Եվ մարդասերն Աստված, Ով կատարում է Իրեն հավատացողների կամքը, լսում է նրանց և գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայնով նրանց նշան տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը և այնտեղ տեսնում պայծառ լույս: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը: Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը, առավել քան արեգակի լույսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:

Մինչ կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորդ ժամը, սուրբ մասունքն իր մասնատուփով հանդերձ ելնում է վեմից և լույսերի մեջ վեր բարձրանալով ու ցոլարձակելով՝ գալիս ու կանգնում է սուրբ Սեղանի վրա՝ լույս ճառագայթելով վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը: Մինչ ճգնավորները զարմանքի մեջ էին, խաչանիշ լույսից նրանց ձայն է հասնում, որն ասում է. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»: Եվ նրանք առաջ գալով՝ մեծ ահով ու դողով տեսնում են սուրբ Նշանը՝ սուրբ Սեղանի վրա լույսով պարուրված: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը՝ արտասվալից համբուրում են ու գոհանում Տիրոջից:

Այս ամենից հետո Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում:
Ահա, այսօրվա տոնի հակիճ պատմությունը: Սիրելիներ, աստվածային որևէ հրաշք ինքնանպատակ չէ, այլ ծառայում է որոշակի նպատակի, առաջին հերթին մարդու փրկությանը։ Երբ աշխարհաստեղծ Աստված կամենում է անհավատներին հավատքի բերել, իսկ թերահավատներին հավատքի մեջ հաստատել, ապա Իր ամենակարող զորությամբ, իբրև երկնային ողորմություն ու պարգև, հրաշագործում է։ Այդ հրաշքներն էլ դառնում են այն արտաքին ազդակները, որոնք ներքուստ մարդկանց մղում են դեպի ապաշխարություն, դեպի դարձ առ Աստված։

Խաչը, ինչպես Պողոս առաքյալն է ասում, հաշտության նշանն է մեր և Աստծո միջև (Կողոս. 1։19-20)։ Քանի որ խաչի մահով Հիսուս բացեց երկինքը, որը փակ էր այն օրվանից, երբ նախաստեղծները՝ Ադամն ու Եվան ճաշակեցին արգելված պտուղը և զրկվեցին աստվածային շնորհները վայելելուց և մահն աշխարհ մտավ։

Հոգևոր աշխարհի դռները բացելով, Հիսուս սկզբնավորեց հաղորդակցությունն Աստծո և մարդու միջև։ Վերցնելով մեր բնությունն ու այն գամելով խաչին Քրիստոս սպանեց մեղքը (Հռոմ. 6։6-7), Իր մահվամբ հաղթեց մահին, ապա Իր մահվամբ ու հարությամբ կենսագործեց մեր բնությունը՝ նրան տալով հավիտենական կյանք, իսկ հետո համբարձվեց՝ տարավ այն երկինք ու նստեց Հոր աջ կողմում (Եբր. 1։3)։ Այդպիսով խաչը մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի։

Իսկ այսօր, սիրելի հավատացյալներ, Վարագա Ս. Խաչի տոնի ընդմեջեն, Տերը վերահաստատում է Եկեղեցին և մեր մեջ հաստատության կնիք տպավորում, որով ինչպես Ինքը հաղթեց մահվանն ու դժոխքին, այդպես էլ մենք հաղթենք աշխարհին ու սատանային, քանի որ խաչին կաշկանդվելով կապվեց բանսարկուն և ազատվեցին բռնվածները նրա կողմից:

Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզությունը և հայրապետների դավանությունը:

Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:

Սիրելիներ, դժվար է Խաչի ճանապարհը, փշոտ ու նեղ, բայց այն մեզ դեպի փրկություն է տանում, ինչպես պատմության մեջ, երբ մեր ազգը քայլեց այդ նեղ ճանապարհով հաղթանակի ու ձեռքբերումների նշանակալի դրվագներ արձանագրեց իր կյանքի շրջագծից ներս։

Մեզ համար կենսականորեն ամենածանր և տաժանակիր ժամանակաշրջանում անգամ, հայ ազգը կարողացավ տոկալ և հարատևել, նույնիսկ ավելին՝ ապրել և ստեղծագործել և նաև կարողացավ չտրտնջալ, այլ միշտ փառք տալ աշխարհաստեղծ Աստծուն և կրելով կյանքում իրեն բաժին հասած Խաչը՝ ասել. «Տեր Աստված Դու մեզ քար և հող տվեցիր, իսկ մենք այդ քարից ու հողից Քեզ համար Տաճար ու վանք կերտեցինք և Խաչ ու խաչքար տվեցինք, Դու մեզ փայտ ու կաշի տվեցիր, իսկ մենք Քեզ մագաղաթ ու թուղթ տվեցինք»։

Եւ մի՞թե Քրիստոսի Խաչի հանդեպ ունեցած հավատքով չէր, որ մեր նախնիները կարողացան անմար պահել մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի, Արագածի կատարին զետեղված կանթեղի խորախորհուրդ լույսը, և մի՞թե Քրիստոսի Խաչի հանդեպ ունեցած հավատքով չէր, որ Օշականի Սուրբը, այբենաստեղծ ու գրագյուտ Ս. Մ. Մաշտոց վրդ-ը փրկեց մեր ազգին ձուլվելու ահասարսուռ վտանգից, և մի՞թե Քրիստոսի Խաչի հանդեպ ունեցած հավատքով չէր, որ Կարմիր Վարդանը և նրա զինակիցները կարողացան խորտակել հազկերտյան սպառնալիքը։

Սիրելի հավատակիցներ, այս ամենը մենք ունենք այսօր, որպես նախնյաց ժառանգություն, քանի որ մեր նախնիները հավատացին և կրեցին կյանքում իրենց բաժին հասած Խաչը։ Այսօր մենք՝ ապրողներս ենք կրելու այդ Խաչը, քանի որ Խաչյալի հանդեպ ունեցած մեր հավատքն ու սերը միմիայն զոհողության այդ ձևով կարող ենք արտահայտել։

Ուրեմն եկեք, միասնաբար, ամուր կառչած մնանք Տիրոջ փրկչական Խաչին, որպեսզի խաչի զորությամբ ավերենք դժողքի վերածված մեր երկրավոր կյանքը, որպեսզի խաչի վրա թափված Աստվածորդու փրկչական արյան միջոցով մուտք ունենանք դեպի դրախտ, որպեսզի խաչի օրհնությամբ երկնային շնորհներ բաշխենք մարդկության և որպեսզի խաչով սաստենք և հեռու վանենք դևերին։

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչը հանապազ պահապան և հովանի լինի մեզ, մեր բովանդակ կյանքի ընթացքում, որպեսզի երբեք չշեղվենք աստվածահաճո ճանապարհից և կարող լինենք Տիրոջ կամքը կատարել երկրի վրա՝ աղոթքով խնդրելով Աստծուն. «Տե՛ր Յիսուս, Քո Խաչ թող մեզ ապավեն լինի…»:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամեն։